ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
4 մայիսի 2007 թվականի
i
«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն, կամավոր աուդիտը կարող է իրականացվել այլ հիմունքներով (այլ ստանդարտներով և այլն), եթե աուդիտի արդյունքները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող օգտագործողների համար: Օրենքի կիրառման ժամանակ տարաբնույթ ընկալման տեղիք է տալիս այն հանգամանքը, թե օտարերկրյա կամ միջազգային հաշվապահական ստանդարտներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև այլ հիմունքներով (այլ ստանդարտներով) իրականացված աուդիտները կարող են արդյոք իրականացվել առանց Հայաստանի Հանրապետությունում որակավորում ունեցող մեկ աուդիտորի պարտադիր մասնակցության:
Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն, աուդիտորական ծառայությունները (աուդիտը և/կամ աուդիտորական դիտարկումը) պետք է իրականացվեն առնվազն մեկ աուդիտորի կողմից: Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, Օրենքի իմաստով «աուդիտոր» հասկացությունը նշանակում է աուդիտորի որակավորում ստացած ֆիզիկական անձ և Օրենքով որևէ բացառություն սահմանված չէ, որ օտարերկրյա կամ միջազգային հաշվապահական ստանդարտներով կազմված ֆինանսական հաշվետվությունների աուդիտը կարող է իրականացվել առանց որակավորված աուդիտորի մասնակցության: Հետևաբար, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի «ա» կետը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.
Այն աուդիտին, որոնք Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան իրականացվում են այլ հիմունքներով (այլ ստանդարտներով և այլն), կամ օտարերկրյա կամ միջազգային հաշվապահական ստանդարտներով կատարված ֆինանսական հաշվետվությունների աուդիտներին կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետությունում որակավորում չունեցող մեկ կամ մի քանի աուդիտորներ, սակայն այդ աուդիտին պետք է պարտադիր կարգով մասնակցի առնվազն մեկ որակավորված աուդիտոր, որը պարտադիր ստորագրում է աուդիտորական եզրակացությունը, իսկ աուդիտի աշխատանքներին ներգրավված որակավորում չունեցող այլ աուդիտորների ստորագրությունն աուդիտորական եզրակացության վրա պարտադիր չէ (ստորագրելու անհրաժեշտության հարցը կարող է որոշել աուդիտորական կազմակերպությունը):