ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
7 փետրվարի 2007 թվականի թիվ 1
i
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5.1 ԵՎ 8.1 ՄԱՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը,
քննարկելով Հայաստանի բանկերի միության, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների դիմումները և հաշվի առնելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5.1 և 8.1 մասերի պարզաբանման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) պարզաբանում է.
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 5.1 մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների, որոնք տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով:
Օրենքի նույն հոդվածի 8.1 մասի համաձայն` բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով:
Օրենքի 3-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` սպառողական փոխառություն կամ սպառողական վարկ է համարվում «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սպառողական փոխառությունը կամ վարկը:
«Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սպառողական վարկի կամ փոխառության տրամադրում է համարվում այն գործարքի կնքումն ու կատարումը, որով պարտապանը տվյալ գործարքով ստացված միջոցներն օգտագործելու է բացառապես սպառողական նպատակներով, որոնք կապված չեն իր ձեռնարկատիրական գործունեության հետ:
Նման կարգավորման առկայության պարագայում բանկերն ու վարկային կազմակերպությունները Խորհրդին են ներկայացրել հետևյալ երեք հարցադրումները.
ա. հիփոթեքային վարկերը կամ փոխառությունները սպառողական են, թե ոչ,
բ. բանկերը և վարկային կազմակերպությունները կարո՞ղ են թողարկել վճարային, մասնավորապես, վարկային քարտեր, որոնցով պարտավորություններն արտահայտված են արտարժույթով,
գ. գյուղատնտեսական վարկերը կամ փոխառությունները համարվում են սպառողական, թե՞ ձեռնարկատիրական վարկեր կամ փոխառություններ:
1. Անդրադառնալով առաջին հարցին` Խորհուրդը եկավ հետևյալ եզրահանգման.
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի ֆինանսական համակարգում ի հայտ է եկել, և ֆինանսական համակարգի մասնակիցների կողմից օգտագործվում է «հիփոթեքային վարկ» անվանմամբ նոր ֆինանսական գործիքը: Թեև Հայաստանում հիփոթեքային վարկերի ծավալն էապես աճում է 1*), այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության որևէ օրենքով սահմանված չէ «հիփոթեքային վարկ» հասկացությունը 2*): Նման իրավիճակում ֆինանսական համակարգի մասնակիցներն ու նրանց հաճախորդները էապես դժվարանում են հիփոթեքային վարկերը սպառողական վարկերից տարանջատել:
-------------------------
1*) 2006 թվականի արդյունքներով հիփոթեքային վարկերի ծավալը Հայաստանում
կազմել է մոտ 25 մլրդ ՀՀ դրամ, իսկ ծավալի աճը` մոտ 110 %:
2*) Թեև մի քանի օրենսդրական ակտերում (ինչպիսին է «Բանկերի և բանկային
գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը)
օգտագործվում է «հիփոթեքային վարկ» տերմինը, սակայն չի սահմանվում
դրա հասկացությունը:
Հաշվի առնելով հիպոթեքային վարկի հասկացությունը օրենքներով սահմանված չլինելու հանգամանքը, ինչպես նաև ֆինանսական համակարգում շփոթմունք չառաջացնելու և Հայաստանում հիփոթեքային վարկերի շուկան զարգացնելու անհրաժեշտությունը` Խորհուրդը կարևորում է այս բնագավառի վերաբերյալ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրումը և օգտագործումը` մինչև դրանց հիման վրա Հայաստանում համապատասխան օրենքների ընդունումն ու ներդրումը:
Եվրամիության օրենսդրությունը ուսումնասիրելիս պարզվեց, որ գոյություն ունի սպառողական վարկերի վերաբերյալ համապատասխան ԵՄ դիրեկտիվ 3*), որը ոչ միայն տալիս է սպառողական վարկի հասկացությունը, այլև նշում է այն վարկերի տեսակները, որոնք սպառողական չեն: Մասնավորապես, համաձայն նշված դիրեկտիվի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի, այն վարկային պայմանագրերը, որոնք նպատակաուղղված են հողի կամ առկա, կամ նախագծված շենքի ձեռքբերման, կամ վերանորոգման, կամ վերակառուցման համար, չեն դասվում սպառողական վարկերի շարքին: Հաշվի առնելով, որ թե Հայաստանում և թե միջազգային պրակտիկայում «հիփոթեքային վարկ» տերմինը հիմնականում կիրառվում է անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման կամ վերակառուցման ֆինանսավորման դեպքում, կարելի է եզրակացնել, որ նշված դիրեկտիվի մեջբերված դրույթը վերաբերում է հիփոթեքային վարկերին:
Հաշվի առնելով նշվածը` Խորհուրդը պարզաբանում է, որ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերը սպառողական վարկեր 4*) չեն: Այդ իսկ պատճառով Օրենքի 7-րդ հոդվածի 5.1 և 8.1 մասերի պահանջները չեն տարածվում հիփոթեքային վարկերի վրա այնքան ժամանակ, քանի դեռ «հիփոթեքային վարկ» կամ «փոխառություն» հասկացությունը Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված չէ:
-------------------------
3*) COUNCIL DIRECTIVE of 22 December 1986 for the approximation of the
laws, regulations and administrative provisions of the Member
States concerning consumer credit (87/102/EEC):
4*) Հատկանշական է նաև, որ հիփոթեքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում
սահմանվում է որպես ուրույն ինստիտուտ:
2. Անդրադառնալով երկրորդ հարցին` Խորհուրդը եկավ հետևյալ եզրահանգման.
Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունվարի 31-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտերի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտերով գործառնությունների իրականացման կարգի» 19.2 կետի` ֆիզիկական անձ քարտապանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտով ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, մտավոր աշխատանքի արդյունքների) դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով, իսկ նույն կարգի 22.2 կետի համաձայն` իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր (այսուհետ` իրավաբանական անձ) քարտապանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության հետ կապված անկանխիկ հաշվարկների, այդ թվում` գործառնական և վարչական ծախսերով կատարված հաշվարկների դիմաց հաշվարկային, վարկային քարտերով վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով: Դա նշանակում է, որ վճարումը վճարային քարտով կատարելու դեպքում ապրանքի արժեքը գանձվում և քարտային անդորրագրի (սլիպի) վրա նշվում է բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով` անկախ թողարկված վճարային քարտի արժույթից:
Հայաստանում նման մեխանիզմի առկայության պարագայում, վճարային, մասնավորապես, վարկային և հաշվարկային քարտերով կատարվող գործարքները համապատասխանում են Օրենքի 7-րդ հոդվածի 5.1 և 8.1 մասերի պահանջներին, թեկուզև վարկային և հաշվարկային քարտերով կատարված գործարքներով քարտապանի պարտավորությունը բանկի հանդեպ և վարկային կամ հաշվարկային քարտով քարտապանին տրամադրված լիմիտը արտահայտված լինեն արտարժույթով:
3. Անդրադառնալով երրորդ հարցին` Խորհուրդը եկավ հետևյալ եզրահանգման.
Հայաստանում ներկայումս տրամադրվող գյուղատնտեսական վարկերն ու փոխառությունները հիմնականում ուղղված են գյուղական բնակավայրերում զբաղվածության և գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց եկամուտների ավելացմանը: Նման պայմաններում այն վարկերն ու փոխառությունները, որոնք տրամադրվում են գյուղատնտեսական վարկային ակումբներին, գյուղացիական տնտեսություններին կամ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց` նրանց գյուղատնտեսական գործունեության ֆինանսավորման նպատակով, չեն կարող համարվել սպառողական վարկեր կամ փոխառություններ: Այդ իսկ պատճառով Օրենքի 7-րդ հոդվածի 5.1 և 8.1 մասերի պահանջները չեն տարածվում սույն պարբերությունում նշված վարկերի ու փոխառությունների վրա: Այնուամենայնիվ անհրաժեշտ է, որ գյուղատնտեսական վարկ կամ փոխառություն տրամադրող անձինք մինչև ֆինանսավորման տրամադրումը ֆինանսավորվողից ճշտեն ֆինանսավորման նպատակը և այն նշեն ֆինանսավորման (վարկային) գործում:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ