ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՄՃՓ ԳՐՔՈՒՅԿԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Պայմանավորվող կողմերը,
ցանկանալով նպաստել ճանապարհային տրանսպորտային միջոցներով բեռների միջազգային փոխադրման պարզեցմանը,
համարելով, որ փոխադրումների պայմանների բարելավումը հանդիսանում է նրանց միջև համագործակցության զարգացման էական գործոններից մեկը,
հանդես գալով միջազգային փոխադրումների բնագավառում վարչական, մասնավորապես, սահմանային ձևականությունների պարզեցման և ներդաշնակեցման օգտին,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Ա) ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Կոնվենցիայի կիրառման ժամանակ.
ա) «ՄՃՓ գործողություն» հասկացությունը նշանակում է բեռի փոխադրում ուղարկման վայրի մաքսատնից նշանակման վայրի մաքսատուն սույն Կոնվենցիայում սահմանված ՄՃՓ ընթացակարգի պահպանմամբ,
բ) «ներմուծման կամ արտահանման տուրքեր և վճարներ» հասկացությունը նշանակում է մաքսային և բոլոր այլ տուրքերը, հարկերը, վճարները և այլ գումարները, որոնք գանձվում են ներմուծման կամ արտահանման, կամ բեռների ներմուծման կամ արտահանման հետ կապված, սակայն բացառելով գումարները և վճարները, որոնք մեծությամբ սահմանափակված են մինչև ցուցաբերված ծառայությունների մոտավոր արժեքը,
գ) «ճանապարհային տրանսպորտային միջոց» հասկացությունը նշանակում է ոչ միայն մեխանիկական ճանապարհային տրանսպորտային միջոց, այլև ցանկացած կցորդ կամ կիսակցորդ` նախատեսված այդպիսի տրանսպորտային միջոցով նրա բուքսիրավորման համար,
դ) «տրանսպորտային միջոցների կազմ» հասկացությունը նշանակում է կցված տրանսպորտային միջոցներ, որոնք ճանապարհային երթևեկությանը մասնակցում են որպես մեկ ամբողջություն,
ե) «բեռնարկղ» հասկացությունը նշանակում է տրանսպորտային սարքավորում (վանդակ, հանովի ցիստեռն կամ համանման սարքավորում).
i) որն իրենից ներկայացնում է ամբողջապես կամ մասնակիորեն փակ տարողություն` նախատեսված այնտեղ բեռներ տեղավորելու համար,
ii) որն ունի մշտական բնույթ և դրանից ելնելով բավական ամուր է, որպեսզի ծառայի բազմակի օգտագործման համար,
iii) հատուկ սարքված մեկ կամ մի քանի տրանսպորտային տեսակներով բեռների փոխադրման թեթևացման համար` առանց բեռների միջանկյալ բեռնաթափման,
iv) սարքված այնպես, որպեսզի թեթևացնի նրա ծանրաբեռնվածությունը, մասնավորապես, տրանսպորտի մի տեսակից մյուս տեսակի վրա,
v) սարքված այնպես, որպեսզի այն հեշտությամբ բեռնվի և բեռնաթափվի,
vi) որոնց ներքին ծավալը առնվազն 1 խորանարդ մետր է:
«Հանովի թափքերը» դիտվում են որպես բեռնարկղեր,
զ) «ուղարկման վայրի մաքսատուն» հասկացությունը նշանակում է Պայմանավորվող կողմի ցանկացած մաքսատուն, որտեղ ամբողջ բեռի կամ նրա մի մասի համար ՄՃՓ ընթացակարգի պահպանմամբ սկսվում է միջազգային փոխադրում,
է) «նշանակման վայրի մաքսատուն» հասկացությունը նշանակում է Պայմանավորվող կողմի մաքսատուն, որտեղ ամբողջ բեռի կամ նրա մի մասի համար ՄՃՓ ընթացակարգի պահպանմամբ ավարտվում է միջազգային փոխադրումը,
ը) «միջանկյալ մաքսատուն» հասկացությունը նշանակում է Պայմանավորվող կողմի ցանկացած մաքսատուն, որտեղով ՄՃՓ գործողության ընթացքում ներմուծվում կամ արտահանվում են ճանապարհային տրանսպորտային միջոց, տրանսպորտային միջոցների կազմ կամ բեռնարկղ,
թ) «անձ» հասկացությունը նշանակում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ,
ժ) «ծանրաքաշ կամ ծանրաշարժ բեռներ» հասկացությունը նշանակում է ցանկացած ծանր կամ ծանրաշարժ առարկա, որն իր քաշի, չափերի կամ բնույթի պատճառով սովորաբար չի փոխադրվում ճանապարհային փակ տրանսպորտային միջոցով կամ փափուկ բեռնարկղերով,
ժա) «երաշխիքային միավորում» հասկացությունը նշանակում է ՄՃՓ ընթացակարգը օգտագործող անձանց համար, որպես երաշխիք, Պայմանավորվող կողմի մաքսային մարմինների կողմից ճանաչված միավորում:
Բ) ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
ՀՈԴՎԱԾ 2
Սույն Կոնվենցիան վերաբերում է առանց միջանկյալ բեռնաթափման իրականացվող ճանապարհային տրանսպորտային միջոցներով, տրանսպորտային միջոցների կազմերով կամ բեռնարկղերով բեռների փոխադրումներին, որոնք իրականացվում են Պայմանավորվող կողմերից մեկի ուղարկման վայրի մաքսատնից մինչև մյուս Պայմանավորվող կողմի կամ նույն Պայմանավորվող կողմի նշանակման վայրի մաքսատուն մեկ կամ մի քանի սահմաններ հատելով, պայմանով, որ ՄՃՓ գործողության սկզբի և ավարտի միջև ընկած որոշակի մասը կատարվում է ավտոմոբիլային տրանսպորտով:
ՀՈԴՎԱԾ 3
Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են պայմանով, որ.
ա) փոխադրումներն իրականացվում են.
(i) ճանապարհային տրանսպորտային միջոցներով, տրանսպորտային միջոցների կազմերով կամ բեռնարկղերով, որոնց նախապես թույլ են տվել փոխադրումներ իրականացնել` 3-րդ գլխի «ա» կետում նշված պայմանների պահպանմամբ, կամ
(ii) այլ ճանապարհային տրանսպորտային միջոցներով, ճանապարհային տրանսպորտի այլ կազմերով կամ այլ բեռնարկղերով` 3-րդ Գլխի «գ» կետում նշված պայմանների պահպանմամբ,
բ) փոխադրումները երաշխավորվում են 6-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ճանաչված միավորումների կողմից և պետք է կատարվեն ՄՃՓ գրքույկի կիրառմամբ` սույն Կոնվենցիային կից 1-ին հավելվածում նշված նմուշին համապատասխան:
Գ) ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 4
ՄՃՓ ընթացակարգի պահպանմամբ փոխադրվող բեռները միջանկյալ մաքսատներում ազատվում են ներմուծման կամ արտահանման տուրքերի և վճարների գանձումից կամ դեպոզիտից:
ՀՈԴՎԱԾ 5
1. ՄՃՓ ընթացակարգի պահպանմամբ ճանապարհային տրանսպորտային միջոցներում, տրանսպորտային միջոցների կազմերում կամ բեռնարկղերում կապարակնքված փոխադրվող բեռները, որպես կանոն, միջանկյալ մաքսատներում ազատվում են մաքսային զննումից:
2. Չարաշահումների կանխարգելման նպատակով մաքսային մարմինները կարող են բացառիկ դեպքերում և, մասնավորապես, խախտումների կասկածանքների առկայության դեպքում այդ մաքսատներում անցկացնել բեռների զննություն:
ԳԼՈՒԽ 2
ՄՃՓ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 6
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է թույլատրել միավորումներին, անմիջականորեն կամ իրենց թղթակիցներ հանդիսացող միավորումների միջոցով, ՄՃՓ գրքույկներ տալ և, որպես երաշխավոր, հանդես գալ 1-ին մասի 9-րդ հավելվածում շարադրված նվազագույն պայմանների և պահանջների պահպանմամբ: Այդ թույլտվությունը գործածությունից հանվում է, եթե 1-ին մասի 9-րդ հավելվածում շարադրված նվազագույն պայմանները և պահանջները այլևս չեն պահպանվում (ECE/TRANS/17/Amend. 19, ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 17-ին):
2. Միավորումը տվյալ երկրում կարող է ճանաչվել միայն պայմանով, որ իր կողմից ներկայացված երաշխիքը ծածկում է իր կողմից այդ երկրում ստանձնած պատասխանատվությունը` կապված միջազգային կազմակերպության մեջ մտնող (որի կազմի մեջ է մտնում նաև տվյալ միավորումը) օտարերկրյա միավորումների կողմից տրված ՄՃՓ գրքույկի կիրառմամբ իրականացվող գործողությունների հետ:
3. Միավորումը ՄՃՓ գրքույկները տալիս է միայն այն անձանց, որոնց թույլ են տվել մասնակցել ՄՃՓ ընթացակարգին Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները, որոնց տարածքում տվյալ անձը մշտապես բնակվում է կամ հիմնադրվել է (ECE/TRANS/17/Amend. 19, ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 17-ին):
4. ՄՃՓ ընթացակարգին մասնակցելու թույլտվությունը տրամադրվում է միայն այն անձանց, որոնք բավարարում են սույն Կոնվենցիային կից 9-րդ հավելվածի 2-րդ մասում շարադրված նվազագույն պայմանները ու պահանջները: Առանց վնասելու 38-րդ հոդվածին, այդ թույլտվությունը հետ է վերցվում, եթե այդ չափանիշների պահպանումը չի ապահովվում (ECE/TRANS/17/Amend. 19, ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 17-ին):
5. ՄՃՓ ընթացակարգին մասնակցելու թույլտվությունը տրամադրվում է Կոնվենցիային կից 9-րդ հավելվածի 2-րդ մասում շարադրված ընթացակարգին համապատասխան (ECE/TRANS/17/Amend. 19, ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 17-ին):
ՀՈԴՎԱԾ 7
Երաշխիքային միավորումներին նրանց թղթակիցներ կամ միջազգային կազմակերպություններ հանդիսացող օտարերկրյա երաշխիքային միավորումների կողմից ուղարկվող ՄՃՓ գրքույկների ձևաթղթերը ազատվում են ներմուծման և արտահանման տուրքերի ու հարկերի վճարումից և ներմուծման ու արտահանման դեպքում չեն ենթարկվում որևէ արգելքի կամ սահմանափակման:
ՀՈԴՎԱԾ 8
1. Երաշխիքային միավորումը ստանձնում է պարտավորություն` վճարելու հասանելիք ներմուծման կամ արտահանման տուրքերը և գանձումները, ինչպես նաև ուշացման համար ցանկացած տոկոսներ, որոնք կարող են պահանջվել այն երկրի մաքսային օրենքներով և կանոններով, որտեղ հայտնաբերվել է ՄՃՓ գործողության հետ կապված խախտում: Երաշխիքային միավորումը պարտավորվում է վճարել վերոհիշյալ գումարները այն անձանց հետ համերաշխության պատասխանատվության կարգով, որոնք պետք է վճարեն այդ գումարները:
2. Այն դեպքերում, երբ այս կամ այն Պայմանավորվող կողմի օրենքներով և կանոններով չի նախատեսվում ներմուծման և արտահանման տուրքերի ու գանձումների վճարումը, ինչպես նախատեսված է վերոհիշյալ 1-ին կետում, ապա երաշխիքային միավորումը պարտավորվում է նույնանման պայմաններով վճարել ներմուծման և արտահանման տուրքերի ու գանձումների և ուշացման համար ցանկացած տոկոսների գումարին հավասար գումար:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է սահմանի գումարների առավելագույն չափը, որոնց վճարումը ՄՃՓ մեկ գրքույկով կարելի է պահանջել երաշխիքային միավորումից, վերոհիշյալ 1-ին և 2-րդ կետերի դրույթներին համապատասխան:
4. Երաշխիքային միավորումը պատասխանատու է դառնում ուղարկման վայրի մաքսատան երկրի իրավասու մարմինների հանդեպ, այդ մաքսատան կողմից ՄՃՓ գրքույկի ձևակերպման համար ընդունման պահից: Հաջորդ երկրներում, որոնց տարածքով ՄՃՓ ընթացակարգի պահպանմամբ շարունակվում է բեռների փոխադրումը, այդ պատասխանատվությունը սկսվում է բեռների ներմուծման պահից կամ, եթե ՄՃՓ գործողությունը դադարեցվում է 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներին համապատասխան, ՄՃՓ գրքույկը ձևակերպելու համար այն մաքսատան կողմից ընդունելու պահից, որտեղ վերսկսվում է ՄՃՓ գործողությունը:
5. Երաշխիքային միավորումը պատասխանատվություն է կրում ոչ միայն ՄՃՓ գրքույկում թվարկված բեռների համար, այլև ցանկացած բեռի համար, որոնք թվարկված չլինելով այդ գրքույկում, գտնվում են ճանապարհային տրանսպորտային միջոցի կապարակնքված մասում կամ կապարակնքված բեռնարկղում: Միավորումը պատասխանատվություն չի կրում որևէ այլ բեռի համար:
6. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում հիշատակված տուրքերի և գանձումների գումարների որոշման նպատակով, ՄՃՓ գրքույկում գրանցված բեռներին վերաբերող տվյալները, կճանաչվեն գործող, քանի դեռ հակառակը չի ապացուցվի:
7. Երբ գալիս է սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում հիշատակված գումարների մուծման ժամկետը, իրավասու մարմինները պետք է, ըստ հնարավորության, պահանջեն այդ գումարների վճարումը անձից կամ անձանցից, որոնք անմիջականորեն պետք է վճարեն այդ գումարները, նախքան երաշխիքային միավորման նկատմամբ հայց հարուցելը:
ՀՈԴՎԱԾ 9
1. Երաշխիքային միավորումը սահմանում է ՄՃՓ գրքույկի գործողության ժամկետը, նշելով դրա ավարտի ամսաթիվը, որից հետո ՄՃՓ գրքույկը մաքսային ձևակերպման համար չի կարող ներկայացվել ուղարկման վայրի մաքսատուն:
2. Եթե ՄՃՓ գրքույկը ձևակերպման համար ընդունվել է ուղարկման վայրի մաքսատան կողմից նրա գործողության ժամկետի վերջին օրը կամ մինչև այդ ժամկետը, ինչպես նախատեսված է սույն հոդվածի 1-ին կետում, գրքույկը գործում է մինչև ՄՃՓ գործողության ավարտը նշանակման վայրի մաքսատանը:
ՀՈԴՎԱԾ 10
1. ՄՃՓ գրքույկի մաքսային ձևակերպումը կարող է կատարվել վերապահումներով կամ առանց վերապահումների, եթե արվել են վերապահումներ, ապա դրանք պետք է վերաբերվեն ՄՃՓ գործողության հետ կապված փաստերին: Այդ փաստերը պետք է նշվեն ՄՃՓ գրքույկում:
2. Եթե այս կամ այն երկրի մաքսային մարմինները ՄՃՓ գրքույկը ձևակերպել են առանց վերապահումների, նրանք երաշխիքային միավորումից այլևս չեն կարող պահանջել 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գումարների վճարումը, բացառությամբ դեպքերի, երբ կատարված մաքսային ձևակերպման մասին վկայությունը ստացվել է անօրինական կամ խաբուսիկ ձևով:
ՀՈԴՎԱԾ 11
1. ՄՃՓ գրքույկը չձևակերպելու դեպքում, կամ եթե այդ ձևակերպումը կատարվել է վերապահումներով, իրավասու մարմինները իրավունք չեն ունենա պահանջելու երաշխիքային միավորումից 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գումարների վճարումը, եթե այդ մարմինների կողմից ձևակերպման համար սկսած ՄՃՓ գրքույկի ընդունման ամսաթվից մեկամյա ժամկետում, նրանք գրավոր չեն ծանուցել երաշխիքային միավորմանը մաքսային ձևակերպումից հրաժարվելու կամ ձևակերպումը վերապահումով կատարելու մասին: Այդ դրույթը կիրառվում է նաև անօրինական կամ խաբուսիկ ձևով կատարված մաքսային ձևակերպման դեպքում, սակայն այս դեպքում ժամկետը սահմանվում է 2 տարի:
2. 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գումարների վճարման մասին պահանջը փոխանցվում է երաշխիքային միավորմանը առնվազն երեք ամիս անց այն օրվանից, երբ այդ միավորմանը ծանուցվել է գրքույկի մաքսային ձևակերպումից հրաժարվելու, այն վերապահումով ձևակերպելու կամ անօրինական կամ խաբուսիկ ձևով կատարված ձևակերպման մասին և ոչ ուշ, քան այդ օրվանից երկու տարվա ընթացքում: Սակայն, ինչ վերաբերում է վերոհիշյալ երկամյա ժամկետի ընթացքում դատարանի վարույթին փոխանցված գործերին, ապա վճարման մասին պահանջը փոխանցվում է դատարանի վճռի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
3. Պահանջվող գումարների վճարման համար երաշխիքային միավորումն ունի երեք ամիս ժամկետ` վճարման մասին պահանջը նրանց փոխանցելու օրվանից սկսած: Վճարված գումարները կվերադարձվեն միավորմանը, եթե վճարման մասին պահանջը նրան փոխանցելու օրվանից սկսած երկու տարվա ընթացքում մաքսային մարմիններին կներկայացվեն համոզիչ ապացույցներ այն մասին, որ տվյալ փոխադրման նկատմամբ որևէ խախտում տեղի չի ունեցել:
ԳԼՈՒԽ 3
ՄՃՓ ԳՐՔՈՒՅԿԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ
Ա) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԱՐԿՂԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 12
Սույն գլխի «ա» և «բ» բաժինների դրույթների գործողության ներքո հայտնվելու համար, յուրաքանչյուր ճանապարհային տրանսպորտային միջոց, իր կառուցվածքի և սարքավորման առումով, պետք է համապատասխանի սույն Կոնվենցիայի 2-րդ հավելվածում նշված պայմաններին և փոխադրման համար պետք է թույլտվություն ստանա սույն Կոնվենցիայի 3-րդ հավելվածում նախատեսված ընթացակարգին համապատասխան: Թույլտվության մասին վկայագիրը պետք է համապատասխանի 4-րդ հավելվածում նշված նմուշ-օրինակին:
ՀՈԴՎԱԾ 13
1. Սույն գլխի «ա» և «բ» բաժինների դրույթների գործողության ներքո հայտնվելու համար բեռնարկղերը պետք է կառուցված լինեն 7-րդ հավելվածի 1-ին մասում սահմանված պայմաններին համապատասխան, և փոխադրման համար պետք է թույլտվություն ստանան այդ նույն հավելվածի 2-րդ մասում նախատեսված ընթացակարգին համապատասխան:
2. Բեռների փոխադրման թույլտվություն ստացած մաքսային կնիքներով և կապարակնիքներով բեռնարկղերը` բեռնարկղերին վերաբերող 1956 թվականի մաքսային Կոնվենցիային, Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո վերոհիշյալ Կոնվենցիայից բխող համաձայնագրերին, բեռնարկղերին վերաբերող 1972 թվականի մաքսային Կոնվենցիային կամ ցանկացած միջազգային ակտին համապատասխան, որոնք կարող են փոխարինել կամ փոփոխել այդ վերջին Կոնվենցիան, դիտվում են որպես վերոհիշյալ 1-ին կետի դրույթներին համապատասխանող և փոխադրման համար պետք է ընդունվեն ՄՃՓ ընթացակարգի պահպանմամբ, առանց նոր թույլտվության:
ՀՈԴՎԱԾ 14
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք է վերապահում չճանաչել ճանապարհային տրանսպորտային միջոցների կամ բեռնարկղերի փոխադրում կատարելու թույլտվության գործողությունը, եթե դրանք չեն համապատասխանում վերոհիշյալ 12-րդ և 13-րդ հոդվածներում շարադրված պայմաններին: Այնուհանդերձ, Պայմանավորվող կողմերը չպետք է պահեն տրանսպորտային միջոցները կամ բեռնարկղերը, երբ հայտնաբերված անսարքությունները աննշան են և մաքսանենգության համար հնարավորություն չեն ստեղծում:
2. Մաքսային կնիքներով և կապարակնիքներով բեռների փոխադրման համար նոր օգտագործումից առաջ ցանկացած ճանապարհային տրանսպորտային միջոց կամ բեռնարկղ, որոնք այլևս չեն համապատասխանում նրանց թույլտվության համար հիմք ծառայած պայմաններին, կամ պետք է բերվեն նախնական տեսքի կամ կրկին պետք է թույլտվություն ստանան:
Բ) ՄՃՓ ԳՐՔՈՒՅԿԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 15
1. ՄՃՓ ընթացակարգի պահպանմամբ բեռների փոխադրման համար օգտագործվող ճանապարհային տրանսպորտային միջոցի, տրանսպորտային միջոցների կազմի կամ բեռնարկղի ժամանակավոր ներմուծման դեպքում չի պահանջվում հատուկ մաքսային փաստաթուղթ: Ճանապարհային տրանսպորտային միջոցի, տրանսպորտային միջոցների կազմի կամ բեռնարկղի համար որևէ երաշխիք չի պահանջվում:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն խոչընդոտում Պայմանավորվող կողմին պահանջելու նշանակման մաքսատանը իր ազգային կանոնակարգերով նախատեսված ձևականությունների կատարում` ՄՃՓ գործողության ավարտից հետո ճանապարհային տրանսպորտային միջոցը, տրանսպորտային միջոցների կազմը կամ բեռնարկղը դուրս բերելը ապահովելու համար:
ՀՈԴՎԱԾ 16
Երբ ՄՃՓ գործողությունը կատարվում է ճանապարհային տրանսպորտային միջոցով կամ տրանսպորտային միջոցների կազմով, ապա դրանց վրա պետք է ամրացված լինեն «TIR» գրությամբ ուղղանկյուն ցուցանակներ, որոնք համապատասխանում են սույն Կոնվենցիայի 5-րդ հավելվածում շարադրված պահանջներին. ցուցանակներից մեկը ամրացվում է ճանապարհային տրանսպորտային միջոցի կամ տրանսպորտային միջոցների կազմի առջևի մասում, իսկ մյուս նման ցուցանակը` հետևի մասում: Այդ ցուցանակները պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի լավ տեսանելի լինեն: Դրանք պետք է հանովի լինեն կամ կառուցված և տեղադրված լինեն այնպես, որպեսզի դրանք հնարավոր լինի շրջել, ծածկել, ծալել կամ այլ կերպ ցուցադրել, որ տվյալ փոխադրումը առնչություն չունի ՄՃՓ ընթացակարգի հետ (ECE/TRANS/17/Amend. 16, ուժի մեջ է մտել 1994թ. հունիսի 24-ին):
ՀՈԴՎԱԾ 17
1. Յուրաքանչյուր ճանապարհային տրանսպորտային միջոցի կամ բեռնարկղի համար կազմվում է ՄՃՓ մեկ գրքույկ: Սակայն, ՄՃՓ միացյալ գրքույկը կարող է կազմվել տրանսպորտային միջոցների կազմի կամ մի քանի բեռնարկղերի համար, որոնք բեռնված են ճանապարհային տրանսպորտային մեկ միջոցի վրա կամ տրանսպորտային միջոցների կազմի վրա: Այդ դեպքում ՄՃՓ գրքույկի բեռնային մանիֆեստում պետք է նշվի տրանսպորտային միջոցների կազմի մաս կազմող տրանսպորտային յուրաքանչյուր միջոցի կամ յուրաքանչյուր բեռնարկղի պարունակությունը:
2. ՄՃՓ գրքույկը գործում է միայն մեկ փոխադրման համար: Այն, գրքույկը մաքսային ձևակերպման ընդունելու համար, պետք է ունենա պոկվող թերթիկների առնվազն այնպիսի քանակ, որոնք անհրաժեշտ են տվյալ փոխադրումը իրականացնելու համար:
ՀՈԴՎԱԾ 18
ՄՃՓ գործողությունը կարող է կատարվել ուղարկման վայրի և նշանակման վայրի մի քանի մաքսատների միջոցով, սակայն ուղարկման վայրի և նշանակման վայրի մաքսատների ընդհանուր քանակը չպետք է գերազանցի չորսը: ՄՃՓ գրքույկը կարող է ներկայացվել նշանակման վայրի մաքսատներին միայն այն դեպքում, եթե նրա ընդունման մասին նշումը կատարել են ուղարկման վայրի բոլոր մաքսատները (ECE/TRANS/17/Amend. 10, ուժի մեջ է մտել 1989թ. մայիսի 23-ին):
ՀՈԴՎԱԾ 19
Բեռները և ճանապարհային տրանսպորտային միջոցը, տրանսպորտային միջոցների կազմը կամ բեռնարկղը պետք է ներկայացվեն ուղարկման վայրի մաքսատանը ՄՃՓ գրքույկի հետ միասին: ՈՒղարկման երկրի մաքսային մարմինները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն` համոզվելու բեռնային մանիֆեստի ճշտության մեջ և մաքսային կնիքներ և կապարակնիքներ դնելու կամ իրավասու անձանց կողմից պատշաճ ձևով հիշյալ մաքսային մարմինների պատասխանատվության ներքո դրված մաքսային կնիքների և կապարակնիքների հսկողության համար:
ՀՈԴՎԱԾ 20
Մաքսային մարմինները իրենց երկրի տարածքով կատարվող փոխադրումների համար կարող են սահմանել փոխադրման որոշակի ժամկետ և պահանջել, որպեսզի ճանապարհային տրանսպորտային միջոցը, տրանսպորտային միջոցների կազմը կամ բեռնարկղը պահպանեն նախանշված երթուղին:
ՀՈԴՎԱԾ 21
Յուրաքանչյուր միջանկյալ մաքսատանը և նշանակման վայրի մաքսատներում ճանապարհային տրանսպորտային միջոցը, տրանսպորտային միջոցների կազմը կամ բեռնարկղը մաքսային մարմիններին ներկայացվում են հսկողության համար իրենում պարունակվող բեռի և փոխադրվող բեռին վերաբերող ՄՃՓ գրքույկի հետ:
ՀՈԴՎԱԾ 22
1. Բացառությամբ 5-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան մաքսային մարմինների կողմից կատարվող բեռների զննման դեպքերի, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի միջանկյալ մաքսատների աշխատակիցները ճանաչում են, որպես կանոն, մյուս Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինների կողմից դրված կնիքները և կապարակնիքները, պայմանով, որ դրանք վնասված չեն: Սակայն այդ աշխատակիցները կարող են լրացուցիչ դնել սեփական կնիքները և կապարակնիքները, եթե դա պայմանավորված է հսկողության անհրաժեշտությամբ:
2. Պայմանավորվող կողմերից ճանաչված մաքսային կնիքները և կապարակնիքները իրենց տարածքում օգտվում են այն նույն իրավական նորմերի պաշտպանությունից, ինչ և ազգային մաքսային կնիքները և կապարակնիքները:
ՀՈԴՎԱԾ 23
Մաքսային մարմինները միայն բացառիկ դեպքերում կարող են.
պահանջել, որ իրենց երկրի տարածքով անցնելիս ճանապարհային տրանսպորտային միջոցները, տրանսպորտային միջոցների կազմերը կամ բեռնարկղերը ուղեկցվեն փոխադրողի հաշվին,
ճանապարհին կատարել ճանապարհային տրանսպորտային միջոցների, տրանսպորտային միջոցների կազմերի կամ բեռնարկղերի բեռների ստուգումը և զննումը:
ՀՈԴՎԱԾ 24
Եթե մաքսային մարմինները ճանապարհին կամ միջանկյալ մաքսատանը կատարում են ճանապարհային տրանսպորտային միջոցի, տրանսպորտային միջոցների կազմի կամ բեռնարկղի բեռի զննում, նրանք պետք է նշում կատարեն նոր դրված կնիքների և կապարակնիքների ու կատարված հսկողության բնույթի մասին իրենց երկրում օգտագործված ՄՃՓ գրքույկի պոկվող թերթիկների, համապատասխան կազմերի, ինչպես նաև ՄՃՓ գրքույկի մնացած պոկվող թերթիկների վրա:
ՀՈԴՎԱԾ 25
Եթե մաքսային կնիքները և կապարակնիքները վնասվել են ճանապարհին այլ պայմաններում, քան նրանք, որոնք նախատեսված են 24-րդ և 35-րդ հոդվածներում կամ եթե բեռը վնասվել է կամ ոչնչացել, սակայն չեն վնասվել կնիքները և կապարակնիքները, հարկ է պահպանել ՄՃՓ գրքույկի օգտագործման վերաբերյալ սույն Կոնվենցիայի 1-ի հավելվածում սահմանված կարգը առանց վնասելու ազգային օրենսդրության դրույթների կիրառման հնարավորությանը և բացի այդ, պետք է լրացվի ՄՃՓ գրքույկում պարունակվող արձանագրությունը:
ՀՈԴՎԱԾ 26
1. Երբ ՄՃՓ գրքույկի կիրառմամբ փոխադրման մի մասը կատարվում է սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետության տարածքով, ապա ՄՃՓ գործողությունը դադարեցվում է ճանապարհի այդ հատվածում: Այդ դեպքում այն Պայմանավորվող կողմի մաքսային մարմինները, որի տարածքով այնուհետև շարունակվում է փոխադրումը, ընդունում են ՄՃՓ գրքույկը ՄՃՓ գործողության վերսկսման համար պայմանով, որ մաքսային կնիքները և կապարակնիքները և/կամ տարբերանշանները վնասված չեն:
2. Նույն դրույթը կիրառվում է երթուղու այն մասի նկատմամբ, որում ՄՃՓ գրքույկը չի օգտագործվում Պայմանավորվող կողմի տարածքում գրքույկի տիրոջ կողմից մաքսային տարանցիկ ավելի պարզ ընթացակարգերի գոյության հետ կապված, կամ երբ մաքսային տարանցիկ կարգի կիրառումը անհրաժեշտ չէ:
3. Այդ դեպքերում մաքսատները, որտեղ ՄՃՓ գործողությունը դադարեցվել է կամ վերսկսվել, կդիտվեն որպես միջանկյալ մաքսատներ, համապատասխանաբար երկիր ներմուծելու կամ արտահանելու դեպքում:
ՀՈԴՎԱԾ 27
Սույն Կոնվենցիայի և, մասնավորապես նրա 18-րդ հոդվածի, դրույթների պահպանման պայմանով, նշանակման վայրի սկզբնապես նշված մաքսատունը կարող է փոխարինվել նշանակման վայրի այլ մաքսատնով:
ՀՈԴՎԱԾ 28
Նշանակման վայրի մաքսատուն բեռի ժամանելուն պես և պայմանով, որ բեռները փոխանցվում են այլ մաքսային ռեժիմի կամ ազատվում են տուրքերից ներքին սպառման նպատակով, ՄՃՓ գրքույկի մաքսային ձևակերպումը կատարվում է անհապաղ:
Գ) ԾԱՆՐԱՔԱՇ ԿԱՄ ԾԱՆՐԱՇԱՐԺ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 29
1. Սույն բաժնի դրույթները կիրառվում են միայն ծանրաքաշ կամ ծանրաշարժ բեռների փոխադրման նկատմամբ, որոնց սահմանումը տրված է սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի «ժ» կետում:
2. Եթե կիրառվում են սույն բաժնի դրույթները, ապա ծանրաքաշ կամ ծանրաշարժ բեռների փոխադրումը ուղարկման վայրի մաքսային մարմինների որոշմամբ կարող է իրականացվել չկնքված տրանսպորտային միջոցների կամ բեռնարկղերի օգնությամբ:
3. Սույն բաժնի դրույթները կիրառվում են միայն այն դեպքում, երբ ուղարկման վայրի մաքսային մարմինների կարծիքով ծանրաքաշ կամ ծանրաշարժ բեռները, ինչպես նաև դրանց հետ միաժամանակ փոխադրվող ցանկացած առարկաները կարելի է հեշտությամբ տարբերակել շնորհիվ դրանց նկարագրության, կամ օժտել դրանք մաքսային կնիքներով և կապարակնիքներով և/կամ տարբերանշաններով այնպես, որպեսզի կանխվի առանց տեսանելի հետքերի հիշատակված բեռների ցանկացած փոխարինում կամ առկախում:
ՀՈԴՎԱԾ 30
Սույն Կոնվենցիայի բոլոր դրույթները, բացառությամբ նրանց, որոնց չպահպանելը նախատեսված է սույն բաժնի հատուկ դրույթներով, տարածվում են ծանրաքաշ կամ ծանրաշարժ բեռների փոխադրման վրա ՄՃՓ ընթացակարգի պահպանմամբ:
ՀՈԴՎԱԾ 31
Երաշխիքային միավորման պատասխանատվությունը տարածվում է ոչ միայն ՄՃՓ գրքույկում թվարկված բեռների վրա, այլ նաև այն բեռների վրա, որոնք, թեև թվարկված չեն այդ գրքույկում, գտնվում են կառամատույցի վրա կամ ՄՃՓ գրքույկում թվարկված բեռների միջև:
ՀՈԴՎԱԾ 32
ՄՃՓ գրքույկի շապիկին և բոլոր պոկվող թերթիկների վրա հաստ տպատառերով պետք է անգլերեն և ֆրանսերեն գրված լինի «ծանրաքաշ կամ ծանրաշարժ բեռներ»:
ՀՈԴՎԱԾ 33
ՈՒղարկման վայրի մաքսային մարմինները կարող են պահանջել, որպեսզի փաթեթավորման թերթերը, ֆոտոնկարները, գծագրերը և այլն, որոնք անհրաժեշտ են համարվում փոխադրվող բեռների ճանաչման համար, կցված լինեն ՄՃՓ գրքույկին: Այդ դեպքում նրանք հաստատում են այդ փաստաթղթերը. նշված փաստաթղթերի մեկ օրինակը փակցվում է ՄՃՓ գրքույկի ներքին մասին և գրքույկի բոլոր մանիֆեստներում նշում է կատարվում այդպիսի փաստաթղթերի առկայության մասին:
ՀՈԴՎԱԾ 34
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի միջանկյալ մաքսատների մաքսային մարմինները ճանաչում են մյուս Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից դրված մաքսային կնիքները և կապարակնիքները և/կամ տարբերանշանները: Սակայն նրանք կարող են, ավելացնել այլ կնիքներ և կապարակնիքներ և/կամ տարբերանշաններ. այս դեպքում նրանք իրենց երկրում օգտագործված ՄՃՓ գրքույկի պոկվող թերթիկների, համապատասխան կազմերի, ինչպես նաև ՄՃՓ գրքույկի մնացած պոկվող թերթիկների վրա նշում են կատարում նոր դրված կնիքների և կապարակնիքների և/կամ տարբերանշանների մասին:
ՀՈԴՎԱԾ 35
Եթե ճանապարհին կամ միջանկյալ մաքսատանը բեռները զննող աշխատակիցները ստիպված հանել են կնիքները և կապարակնիքները և/կամ տարբերանշանները, նրանք նշումներ են կատարում նոր դրված կնիքների և կապարակնիքների և/կամ տարբերանշանների մասին ՄՃՓ գրքույկի պոկվող թերթիկների, համապատասխան կազմերի, ինչպես նաև ՄՃՓ գրքույկի մնացած պոկվող թերթիկների վրա:
ԳԼՈՒԽ 4
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 36
Սույն Կոնվենցիայի դրույթների ցանկացած խախտում կհանգեցնի մեղավորի հանդեպ խախտումը տեղի ունեցած երկրում այդ երկրի օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցների կիրառում:
ՀՈԴՎԱԾ 37
Այն դեպքերում, երբ անհնար է պարզել, թե ինչ տարածքում է տեղի ունեցել խախտումը, համարվում է, որ այն տեղի է ունեցել այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ այն հայտնաբերվել է:
ՀՈԴՎԱԾ 38
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի սույն Կոնվենցիայի դրույթների հիման վրա, ժամանակավորապես կամ վերջնականապես օգտագործելուց զրկել ցանկացած անձի, որը մեղավոր է բեռների միջազգային փոխադրումների դեպքում կիրառվող մաքսային օրենքների ու կանոնների լուրջ խախտման մեջ:
2. Իրավունքից նման զրկման մասին մեկ շաբաթվա ընթացքում հայտնվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին, որի տարածքում տվյալ անձը հիմնադրվել է կամ մշտապես գտնվում է, այն երկրի կամ մաքսային տարածքի միավորումներին, որտեղ տեղի է ունեցել խախտումը և ՄՃՓ Գործադիր խորհրդին (ECE/TRANS/17/Amend. 19, ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 17-ին):
ՀՈԴՎԱԾ 39
Այն դեպքերում, երբ ՄՃՓ գործողությունները ճանաչված են ընդհանուր առմամբ ճիշտ կատարված.
1. Պայմանավորվող կողմերը ուշադրություն չեն դարձնում աննշան անճշտություններին, որոնք վերաբերում են նշված ժամկետների ու երթուղիների պահպանմանը:
2. Համանման ձևով, ՄՃՓ գրքույկի բեռնային մանիֆեստում նշված և ճանապարհային տրանսպորտային միջոցի, տրանսպորտային միջոցների կազմի կամ բեռնարկղի պարունակության միջև անճշտությունները ՄՃՓ գրքույկի տիրոջ կողմից չեն դիտվում որպես սույն Կոնվենցիայի խախտումներ, եթե իրավասու մարմինների ներկայացվել են բավարար ապացույցներ այն մասին, որ այդ անճշտությունները սխալների արդյունք չեն, որոնք թույլ են տրվել դիտավորյալ կամ անփութությամբ բեռի բեռնման կամ ուղարկման կամ հիշատակված մանիֆեստը կազմելու ժամանակ:
ՀՈԴՎԱԾ 40
ՈՒղարկման երկրի և նշանակման երկրի մաքսային մարմինները ՄՃՓ գրքույկի տիրոջը պատասխանատու չեն համարում այն անճշտությունների համար, որոնք կարող են հայտնաբերվել այդ երկրներում, եթե այդ անճշտությունները վերաբերում են համապատասխանաբար մաքսային ռեժիմներին, որոնք կիրառվել են ՄՃՓ գործողությունից առաջ կամ հետո և որոնց նկատմամբ նշված գրքույկի տերը որևէ առնչություն չի ունեցել:
ՀՈԴՎԱԾ 41
Եթե մաքսային մարմինները բավարար են համարում ապացույցներն այն մասին, որ ՄՃՓ գրքույկի մանիֆեստում նշված բեռը ոչնչացել է կամ անվերադարձ կորցվել է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում կամ անհաղթահարելի ուժի հանգամանքներում կամ, որ պակասորդը հանդիսանում է բեռին հատուկ պատճառների արդյունք, ապա նրանք ազատվում են սովորաբար հասանելիք տուրքերի և վճարների գանձումից:
Article 42
On receipt from a Contracting Party for a request giving the relevant reasons, the competent authorities of the Contracting Parties concerned in a TIR transport shall furnish that Contracting Party with all the available information needed for implementation of the provisions of Articles 39, 40 and 41 above.
{ECE/TRANS/17/Amend.21; entered into force on 12 May 2002}
Article 42 bis
The competent authorities, in close cooperation with the associations, shall take all necessary measures to ensure the proper use of TIR Carnets. To this effect they may take appropriate national and international control measures. National control measures taken in this context by the competent authorities shall be communicated immediately to the TIR Executive Board which will examine their conformity with the provisions of the Convention. International control measures shall be adopted by the Administrative Committee.
{ECE/TRANS/17/Amend.19; entered into force on 17 February 1999}
ՀՈԴՎԱԾ 42
Պայմանավորվող կողմից հիմնավոր պատճառների շարադրանքով հարցում ստանալով, տվյալ ՄՃՓ փոխադրման հետ առնչություն ունեցող Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները Պայմանավորվող կողմին տրամադրում են վերը շարադրված 39, 40 և 41 հոդվածների դրույթները կիրառելու համար անհրաժեշտ իրենց տրամադրության տակ եղած ողջ տեղեկատվությունը:
(ECE/TRANS/17/Amend. 21, ուժի մեջ է մտել 2002թ. մայիսի 12-ին):
ՀՈԴՎԱԾ 42 BIS
Իրավասու մարմինները, սերտորեն համագործակցելով միավորումների հետ, ՄՃՓ գրքույկների պատշաճ օգտագործումը ապահովելու նպատակով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները: Այդ նպատակով նրանք կարող են ձեռնարկել հսկողության ազգային և միջազգային համապատասխան միջոցներ: Այս իմաստով իրավասու մարմինների կողմից ձեռնարկվող ազգային հսկողության միջոցների մասին անմիջապես պետք է տեղեկացվի ՄՃՓ գործադիր խորհուրդը, որը ստուգում է դրանց համապատասխանությունը Կոնվենցիայի դրույթներին: Միջազգային հսկողության միջոցները ընդունվում են Վարչական կոմիտեի կողմից:
(ECE/TRANS/17/Amend. 19, ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 17-ին):
-----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - ՀՀ ԱԳՆ Պաշտոնական Տեղեկագրում հրապարակված Կոնվենցիայի տեքստում
բացակայում էին 42 և 42 bis հոդվածները: Հոդվածների անգլերեն
տեքստերը վերցված են ՄԱԿ-ի պաշտոնական Internet կայքից: 42 և
42 bis հոդվածների հայերեն թարգմանությունը կատարված է ԻՐՏԵԿ
ընկերության կողմից:
ԳԼՈՒԽ 5
ՊԱՐԶԱԲԱՆՈՂ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 43
6-րդ և 7-րդ հավելվածներում (մաս 3-րդ) նշված պարզաբանող գրություններում մեկնաբանվում են սույն Կոնվենցիայի և նրան կից հավելվածների որոշ դրույթներ: Այդտեղ նկարագրվում են նաև երաշխավորվող պրակտիկայի որոշ տեսակներ:
ԳԼՈՒԽ 6
ՏԱՐԲԵՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 44
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ արտոնություններ է տրամադրում շահագրգիռ երաշխիքային միավորումներին.
ա) սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից գանձվող գումարների վճարման համար անհրաժեշտ արժույթի փոխանցման վերաբերյալ, և
բ) երաշխիքային միավորումներին նրանց թղթակիցներ կամ միջազգային կազմակերպություններ հանդիսացող օտարերկրյա երաշխիքային միավորումների կողմից ուղարկվող ՄՃՓ գրքույկների բլանկների վճարման համար անհրաժեշտ արժույթի փոխանցման վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 45
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հրապարակում է ուղարկման վայրի, միջանկյալ և նշանակման վայրի մաքսատների ցուցակը, որոնք նա նախատեսում է ՄՃՓ գործողությունների կատարման համար: Պայմանավորվող կողմերի երկրները, որոնց տարածքները սահմանամերձ են, կխորհրդակցեն միմյանց հետ փոխադարձ համաձայնությամբ, սահմանամերձ մաքսատները դրանց աշխատաժամերը սահմանելու համար:
ՀՈԴՎԱԾ 46
1. Մաքսատների աշխատակիցների կողմից սույն Կոնվենցիայում հիշատակված ձևականությունների կատարումը, իրավունք չի տալիս պահանջելու գանձումների վճարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ձևականությունները կատարվում են ոչ այն ժամերին ու վայրերում, որոնք սովորաբար նախատեսված են դրանց կատարման համար:
2. Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն իրենցից կախված բոլոր միջոցները շուտ փչացող բեռների հետ կապված մաքսային գործողությունների թեթևացման համար:
ՀՈԴՎԱԾ 47
1. Սույն Կոնվենցիայի դրույթները խոչընդոտ չեն ծառայում ոչ միայն ազգային կանոններից բխող և հասարակական բարոյականության, հասարակական անվտանգության, առողջության և հիգիենայի, կամ անասնաբուժական կամ ֆիտոպաթոլոգիական կարգի վրա հիմնված սահմանափակումների և հսկողության կիրառման համար, այլ նաև այդ կանոնների հիման վրա հասանելիք վճարների գանձման համար:
2. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խոչընդոտում փոխադրումները կարգավորող ազգային այլ կամ միջազգային դրույթների կիրառմանը:
ՀՈԴՎԱԾ 48
Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի բացառում մաքսային կամ տնտեսական միություն կազմող Պայմանավորվող կողմերի իրավունքը` կիրառելու հատուկ կանոններ փոխադրումների նկատմամբ, որոնց ուղարկման կամ նշանակման վայր է հանդիսանում նրանց տարածքը կամ նրանց տարածքով տարանցիկ իրականացվող փոխադրումների նկատմամբ, պայմանով, որ նման կանոնները չեն սահմանափակում սույն Կոնվենցիայով նախատեսված արտոնությունները:
ՀՈԴՎԱԾ 49
Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խոչընդոտում ավելի լայն արտոնությունների կիրառմանը, որոնք Պայմանավորվող կողմերը տրամադրում են կամ կցանկանան տրամադրել կամ միակողմանի դրույթների հիման վրա, երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերին համապատասխան, պայմանով, որ նման արտոնությունները չեն խոչընդոտում սույն Կոնվենցիայի դրույթների կիրառմանը, և, մասնավորապես, ՄՃՓ գործողությունների անցկացմանը:
ՀՈԴՎԱԾ 50
Պայմանավորվող կողմերը, համապատասխան խնդրանքի առկայության դեպքում, փոխանակում են սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման համար անհրաժեշտ տեղեկություններ, մասնավորապես, տեղեկություններ, որոնք վերաբերում են ճանապարհային տրանսպորտային միջոցների կամ բեռնարկղերի թույլտվությանը, ինչպես նաև դրանց տեխնիկական բնութագրերին:
ՀՈԴՎԱԾ 51
Սույն Կոնվենցիային կից հավելվածները Կոնվենցիայի անբաժանելի մասն են:
ԳԼՈՒԽ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 52. ՍՏՈՐԱԳՐՈՒՄ, ՎԱՎԵՐԱՑՈՒՄ, ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՄԻԱՑՈՒՄ
1. Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետությունները, ցանկացած մասնագիտացված հաստատություն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամները կամ Միջազգային դատարանի Ստատուսի մասնակիցները, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից հրավիրված ցանկացած այլ պետություն, կարող են դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ.
ա) ստորագրելով այն` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման մասին արված վերապահման,
բ) վավերագրի, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու միջոցով վավերացման, ընդունման կամ հաստատման մասին վերապահումով ստորագրելուց հետո,
գ) միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու միջոցով:
2. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված պետությունների համար Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, Ժնևում` 1976 թվականի հունվարի 1-ից մինչև 1976 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այդ ամսաթվից հետո Կոնվենցիան բաց է միանալու համար:
3. Մաքսային կամ տնտեսական միությունները կարող են նաև, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներին համապատասխան, դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր իրենց բոլոր անդամ պետությունների հետ միաժամանակ ցանկացած պահին այն բանից հետո, երբ բոլոր նրանց անդամ պետությունները դառնան սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր: Սակայն այդ միությունները չունեն ձայնի իրավունք:
4. Վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
ՀՈԴՎԱԾ 53. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն օրվանից վեց ամիս հետո, երբ 52-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված պետություններից հինգը կստորագրեն Կոնվենցիան առանց վավերացման, ընդունման կամ հաստատման մասին վերապահման կամ ի պահ կհանձնեն վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերը:
2. Այն բանից հետո, երբ 52-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված հինգ պետություններ կստորագրեն այն առանց վավերացման, ընդունման կամ հաստատման մասին վերապահման կամ ի պահ կհանձնեն վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերը, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում մյուս բոլոր հաջորդ Պայմանավորվող կողմերի համար նրանց կողմից վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ հանձնելուց վեց ամիս հետո:
3. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին յուրաքանչյուր փաստաթուղթ, որն ի պահ է հանձնվել սույն Կոնվենցիայի ուղղման ուժի մեջ մտնելուց հետո, վերաբերվում է սույն Կոնվենցիայի փոփոխված տեքստին:
4. Ցանկացած նման փաստաթուղթ, որն ի պահ է հանձնվել ուղղումն ընդունելուց հետո, բայց մինչև դրա ուժի մեջ մտնելը, վերաբերում է սույն Կոնվենցիայի փոփոխված տեքստին, այդ ուղղման ուժի մեջ մտնելուց հետո:
ՀՈԴՎԱԾ 54. ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով:
2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից նման ծանուցում ստանալու օրվանից 15 ամիս հետո:
3. ՄՃՓ գրքույկների վավերականությունը, որոնք, մինչև չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու ժամկետը, ձևակերպման համար ընդունվել են ուղարկող երկրի մաքսատան կողմից, չի շոշափվում այդ չեղյալ հայտարարման կողմից և երաշխավորային միավորումների երաշխավորությունը ուժի մեջ է մնում սույն Կոնվենցիայի պայմաններին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 55. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Եթե սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո, Պայմանավորվող կողմեր հանդիսացող պետությունների թիվը կազմի հինգից պակաս հաջորդող տասներկու ամիսներից որևէ ժամանակաշրջանի ընթացքում, սույն Կոնվենցիան ուժը կորցնում է վերոհիշյալ տասներկու ամիսների ժամանակաշրջանի ավարտին:
ՀՈԴՎԱԾ 56. 1959 ԹՎԱԿԱՆԻ ՄՃՓ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից այն վերացնում և փոխարինում է Պայմանավորվող կողմերի միջև 1959 թվականի` ՄՃՓ Կոնվենցիան:
2. 1959 թվականի` ՄՃՓ Կոնվենցիայի պայմաններին համապատասխան, ճանապարհային տրանսպորտային միջոցների և բեռնարկղերի վերաբերյալ տրված թույլտվության մասին վկայագրերը սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմերի կողմից ընդունվում են դրանց գործողության ժամկետի կամ դրա ցանկացած երկարաձգման ընթացքում մաքսային կնիքներով և դրոշմներով բեռների փոխադրման համար, պայմանով, որ նման տրանսպորտային միջոցները և բեռնարկղերը նախկինի պես համապատասխանում են այն պահանջներին, որոնց համաձայն դրանք նախնական ձևով թույլատրվել են փոխադրումներ իրականացնելու համար:
ՀՈԴՎԱԾ 57. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
1. Սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու և ավելի Պայմանավորվող կողմերի ցանկացած վեճ պետք է, ըստ հնարավորության, լուծվի վիճող կողմերի միջև բանակցությունների կամ կարգավորման այլ միջոցներով:
2. Սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու և ավելի Պայմանավորվող կողմերի ցանկացած վեճ, որը չի կարող լուծվել սույն հոդվածի 1-ին կետում նկարագրված միջոցներով, Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքով փոխանցվում է արբիտրաժային դատարանին: Դատարանի կազմը ձևավորվում է հետևյալ կերպ. վեճի յուրաքանչյուր մասնակից նշանակում է մեկ իրավարար, իսկ այդ իրավարարները նշանակում են իրավարարի, որը դառնում է նախագահ: Եթե հարցում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում մասնակիցներից որևէ մեկը իրավարար չի նշանակել կամ իրավարարները չեն կարողացել ընտրել նախագահ, կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին` արբիտրաժային դատարանի նախագահ կամ իրավարար նշանակելու խնդրանքով:
3. 2-րդ կետի դրույթներին համապատասխան նշանակված արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր ուժ ունի վիճող կողմերի համար:
4. Արբիտրաժային դատարանը սահմանում է ընթացակարգի իր կանոնները:
5. Արբիտրաժային դատարանի որոշումները ընդունվում են ձայների մեծամասնությամբ:
6. Ցանկացած տարաձայնություն, որը կարող է ծագել վիճող կողմերի միջև արբիտրաժային որոշման մեկնաբանման և կիրառման վերաբերյալ, ցանկացած կողմ կարող է փոխանցել այն արբիտրաժային դատարանի քննությանը, որն ընդունել է այդ որոշումը:
ՀՈԴՎԱԾ 58. ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ
1. Յուրաքանչյուր պետություն կարող է սույն Կոնվենցիայի ստորագրման կամ վավերացման կամ դրան միանալու պահին հայտարարել, որ այն չի համարում իրեն պարտավորված սույն Կոնվենցիայի 57-րդ հոդվածի 2-ից 6-րդ կետերով: Մյուս Պայմանավորվող կողմերը պարտավորված չեն լինի այդ կետերով նման վերապահում կատարած Պայմանավորվող կողմի նկատմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, վերապահում արած յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այդ վերապահումը` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով:
3. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված վերապահումների, որևէ այլ վերապահում սույն Կոնվենցիայի վերաբերյալ չի թույլատրվում:
ՀՈԴՎԱԾ 58 BIS. ՎԱՐՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ
Սույնով հիմնադրվում է Վարչական կոմիտե, որի կազմի մեջ են մտնում բոլոր Պայմանավորվող կողմերը: Նրա կազմը, գործառույթները և ընթացակարգի կանոնները շարադրված են 8-րդ հավելվածում (ECE/TRANS/17/Amend. 19, ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 17-ին):
ՀՈԴՎԱԾ 58 TER. ՄՃՓ ԳՈՐԾԱԴԻՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Վարչական կոմիտեն հիմնադրում է ՄՃՓ գործադիր խորհուրդը, որպես օժանդակ մարմին, որն իր անունից կկատարի Կոնվենցիայի և Կոմիտեի կողմից նրա վրա դրված խնդիրները: Նրա կազմը, գործառույթները և ընթացակարգի կանոնները շարադրված են 8-րդ հավելվածում (ECE/TRANS/17/Amend. 19, ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 17-ին):
ՀՈԴՎԱԾ 59. ՍՈՒՅՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. ՈՒղղումները սույն Կոնվենցիայում, այդ թվում դրա հավելվածում կարող են կատարվել ցանկացած Պայմանավորվող կողմի առաջարկությամբ սույն հոդվածում սահմանված ընթացակարգին համապատասխան:
2. Սույն Կոնվենցիայում առաջարկված ցանկացած ուղղում քննության է առնվում բոլոր Պայմանավորվող կողմերից բաղկացած Վարչական կոմիտեի կողմից 8-րդ հավելվածում շարադրված ընթացակարգի կանոններին համապատասխան: Վարչական կոմիտեի նիստում քննության առնված կամ մշակված և Կոմիտեի նիստին ներկա գտնվողների և քվեարկողների երկու երրորդի մեծամասնության կողմից հավանություն ստացած ցանկացած նման ուղղում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվում է Պայմանավորվող կողմերի ընդունման համար (ECE/TRANS/17/Amend. 19, ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 17-ին):
3. Բացառությամբ 60-րդ հոդվածում նախատեսված դեպքերի, նախորդ կետին համապատասխան ուղարկված ցանկացած ուղղում բոլոր Պայմանավորվող կողմերի համար ուժի մեջ է մտնում առաջարկվող ուղղման մասին ծանուցման օրվանից հետո տասներկուամսյա ժամանակաշրջանից երեք ամիս հետո, եթե այդ ժամկետի ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Պայմանավորվող կողմ հանդիսացող որևէ պետությունից չի ստացել առաջարկված ուղղման դեմ որևէ առարկություն:
4. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթներին համապատասխան ներկայացված առաջարկված ուղղման դեմ առարկության դեպքում, ուղղումը համարվում է չընդունված և դրա հետ կապված չի ընդունվում որևէ միջոց:
ՀՈԴՎԱԾ 60. 1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ, 4-ՐԴ, 5-ՐԴ, 6-ՐԴ, 7-ՐԴ, 8-ՐԴ ԵՎ 9-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հավելվածներում առաջարկված ցանկացած ուղղում, որը քննության է առնվել 59-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, ուժի մեջ է մտնում դրա ընդունման ժամանակ Վարչական կոմիտեի հաստատած ժամկետում, եթե նույն ժամանակ Վարչական կոմիտեի կողմից հաստատած ավելի վաղ ժամկետից առաջ, Պայմանավորվող կողմեր հանդիսացող պետությունների մեկ հինգերորդը կամ հինգը, ընդ որում նկատի է առնվում այդ թվերից պակասը, չի տեղեկացնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այն մասին, որ նրանք առարկում են ուղղման դեմ: Սույն կետում հիշատակված ժամկետների սահմանումը Վարչական կոմիտեի կողմից իրականացվում է ներկա գտնվողների և քվեարկողների երկու երրորդի մեծամասնությամբ (ECE/TRANS/17/Amend. 19, ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 17-ին):
2. Վերոհիշյալ 1-ին կետում շարադրված ընթացակարգին համապատասխան ընդունված ցանկացած ուղղում ուժի մեջ մտնելու դեպքում բոլոր Պայմանավորվող կողմերի համար փոխարինում է ցանկացած նախկին դրույթ, որին վերաբերում է այդ ուղղումը:
ՀՈԴՎԱԾ 61. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը տեղեկացնում է սույն Կոնվենցիայի 52-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված բոլոր Պայմանավորվող կողմերին բոլոր առաջարկությունների, հաղորդումների կամ առարկությունների և յուրաքանչյուր ուղղման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին, որոնք կատարվել են վերոհիշյալ 59-րդ և 60-րդ հոդվածներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 62. ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
1. Պայմանավորվող կողմ հանդիսացող ցանկացած պետություն կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հղված ծանուցման միջոցով խնդրել համաժողով հրավիրել սույն Կոնվենցիան վերանայելու նպատակով:
2. Վերանայման համաժողովը, որտեղ հրավիրվում են բոլոր Պայմանավորվող կողմերը և 52-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված բոլոր պետությունները, հրավիրում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, եթե Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցման օրվանից վեց ամսվա ընթացքում Պայմանավորվող կողմեր հանդիսացող պետությունների առնվազն քառորդը տեղեկացնում են նրան այդ խնդրանքի հետ իրենց համաձայնության մասին:
3. Վերանայման համաժողովը, որտեղ հրավիրվում են բոլոր Պայմանավորվող կողմերը և 52-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված բոլոր պետությունները, հրավիրում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը` նման խնդրանք ստանալով Վարչական կոմիտեի կողմից: Վարչական կոմիտեն որոշում է ընդունում այն մասին, արդյոք կարելի է դիմել նման խնդրանքով Կոմիտեի նիստին ներկա գտնվողների և քվեարկողների մեծամասնությամբ:
4. Եթե սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան համաժողով է հրավիրվում, ապա Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ծանուցում է այդ մասին բոլոր Պայմանավորվող կողմերին և դիմում է նրանց խնդրանքով եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, որոնց քննարկումը համաժողովում ցանկալի է նրանց համար: Համաժողովի բացումից առնվազն երեք ամիս առաջ Գլխավոր քարտուղարը հաղորդում է բոլոր Պայմանավորվող կողմերին համաժողովի նախնական օրակարգը, ինչպես նաև այդ առաջարկությունների տեքստերը:
ՀՈԴՎԱԾ 63. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
Բացի 61-րդ և 62-րդ հոդվածներում նախատեսված ծանուցումներից ու հաղորդումներից, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ծանուցում է 52-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին.
ա) ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման և միանալու մասին, 52-րդ հոդվածին համապատասխան,
բ) սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ժամկետների մասին, 53-րդ հոդվածին համապատասխան,
գ) չեղյալ հայտարարումների մասին, 54-րդ հոդվածին համապատասխան
դ) սույն Կոնվենցիայի գործողության դադարեցման մասին, 55-րդ հոդվածին համապատասխան
ե) 58-րդ հոդվածին համապատասխան արված վերապահումների մասին:
ՀՈԴՎԱԾ 64. ՆՈՒՅՆԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐ
1976 թվականի դեկտեմբերի 31-ից հետո սույն Կոնվենցիայի բնօրինակը ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը պատշաճ ձևով հաստատված պատճենները փոխանցում է Պայմանավորվող կողմերից և 52-րդ հոդվածի 1-ին կետում նշված Պայմանավորվող կողմեր չհանդիսացող պետություններից յուրաքանչյուրին:
Ի վկայություն որի, պատշաճ ձևով դրա համար լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ժնև քաղաքում 1975 թվականի նոյեմբերի 14-ին, մեկ բնօրինակով` անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի հունիսի 8-ից: