ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
21 նոյեմբերի 2006 թվականի թիվ 3
i
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը, քննարկելով «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության դիմումը և հաշվի առնելով «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պարզաբանման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.
«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետի համաձայն` բանկերը կարող են ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի սպասարկումը և վարումը ինքնուրույն լիցենզավորման ենթակա գործունեություն չէ, բանկերը կարող են այդ գործառնության կատարումը պայմանագրով հանձնել այլ անձի, մասնավորապես, անձանց վարկարժանության տեղեկատվական համակարգ վարող և սպասարկող կազմակերպության (այսուհետ` վարկային բյուրո): Սույն պարբերության մեջ նշված պայմանագրով նախատեսված աշխատանքները պատշաճ կերպով կատարելու համար վարկային բյուրոյին անհրաժեշտ է լինելու բանկից ստանալ բանկի հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, մշակել դրանք և պատրաստել վարկային պատմությունների զեկույցներ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը ընդունում է այն հանգամանքը, որ վարկային բյուրոն չի կարող վարել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ, այսինքն` պատշաճ կերպով կատարել պայմանագրով նախատեսված աշխատանքները` առանց հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ բանկից ստանալու:
«Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` բանկին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ բանկի համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին տվյալ բանկի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը, պայմանով, որ դա անհրաժեշտ է տվյալ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար, և որ այդ անձինք և կազմակերպությունները պարտավոր են ձեռնպահ մնալ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործողություններից կամ անգործությունից` բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:
Այն դեպքում, երբ բանկի և վարկային բյուրոյի միջև կնքվել է պայմանագիր, որով վարկային բյուրոն բանկի համար կատարում է բանկի հաճախորդների վարկարժանության համակարգի վարման և սպասարկման աշխատանքներ, և այդ պայմանագրի շրջանակներում բանկը վարկային բյուրոյին է տրամադրում բանկի հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, ապա նման տեղեկությունների տրամադրումը, համաձայն «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի, բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում, պայմանով, որ վարկային բյուրոն պարտավոր է ձեռնպահ մնալ նույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործողություններից կամ անգործությունից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ