ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ N 104
i
ԱՆՁԱՆՑ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404-ՐԴ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է, որ առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն`
1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները` սույն օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
2) հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի համաձայն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն`
1. ՀՀ գլխավոր դատախազը և նրա տեղակալները
2. Հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանները` դատավարության մասնակիցների դիմումների հիման վրա:
ՀՀ Սահմանադրության (2005թ. խմբագրությամբ) դատական իշխանությանը նվիրված 6-րդ գլխում հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանի ինստիտուտ նախատեսված չէ: Բացի այդ, լրացել է նաև նշված փաստաբանների հատուկ արտոնագրերի` օրենքով սահմանված ժամկետը: Իսկ հատուկ արտոնագրեր օրենքով սահմանված կարգով այլ փաստաբանի տրված չեն:
Վերոգրյալ պատճառներով ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքացիները և իրավաբանական անձինք չեն կարող լիարժեք օգտվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման պահանջով ՀՀ վճռաբեկ դատարան դիմելու իրավունքից:
Մինչդեռ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն «յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ..., ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք», իսկ 13-րդ հոդվածի համաձայն «յուրաքանչյուր ոք, ում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք ......»:
Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված վերը նշված միջազգային պայմանագրի դրույթներին համապատասխան ՀՀ Սահմանադրության (2005թ. խմբագրությամբ) մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող երկրորդ գլխում ամրագրված 18-րդ հոդվածի համաձայն «յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»:
Նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրության (2005թ. խմբագրությամբ) 6-րդ հոդվածի համաձայն «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն», հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման անթույլատրելիությունը և ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Վճռաբեկ դատարանի կողմից քննության են ենթակա`
1.1. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ գործին մասնակցող անձանց, գործին մասնակից չդարձած անձանց, վճռաբեկ բողոքները, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նշված անձանց կողմից վճռաբեկ բողոքները կարող են բերվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված վճռաբեկ բողոքի ձևին և բովանդակության պահանջներին համապատասխան:
1.2. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ դատավարության մասնակիցների նյութական կամ դատավարական իրավունքի խախտման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքները:
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի համաձայն նոր երևան եկած հանգամանքների հիմքով վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են հանդիսանում 410-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով գլխավոր դատախազի, նրա տեղակալների և փաստաբանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված վճռաբեկ բողոքի ձևին և բովանդակության պահանջներին համապատասխան ներկայացված վճռաբեկ բողոքը:
3. Այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքը բերվել է այն դատական ակտի դեմ, որը բողոքարկման ենթակա չէ, վճռաբեկ դատարանը վերադարձնում է վճռաբեկ բողոքը:
13 հունիսի 2006 թ.