ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
Հաշվի առնելով, որ «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) կիրառման բնագավառում ծագել են լուծման կարիք ունեցող հարցեր, կապված, թե որ ոլորտներում և դեպքերում ապահովագրություն իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան կյանքի ապահովագրության լիցենզիա և որ ոլորտներում ու դեպքերում ապահովագրություն իրականացնելու համար` ոչ կյանքի ապահովագրության լիցենզիա ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է`
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի 2-րդ մասի 4 և 41 ենթակետերի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեություններ են համարվում առանձին ոչ կյանքի ապահովագրությունը և կյանքի ապահովագրությունը: Այսինքն, ապահովագրության այդ երկու տեսակները համարվում են գործունեության տարբեր տեսակներ, և դրանց համար տրվում են տարբեր լիցենզիաներ:
Կյանքի ապահովագրությունը, որպես գործունեության տեսակ, սահմանված է Օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ պարբերությունում, այն է. «կյանքի ապահովագրություն` ապահովագրված անձի կյանքի, լրակեցության (անձի որոշակի տարիքի հասնելու), կենսաթոշակային ապահովագրության, ինչպես նաև նրա կյանքում որոշակի իրադարձության (կենսաթոշակային տարիքի հասնելը, ամուսնությունը, մահը և այլն) երևան գալու հետ կապված ապահովագրություն, երբ ապահովագրական պատահարին բնորոշ են պայմանագրի ժամկետի ընթացքում ի հայտ գալու որոշակի հավանականությունն ու պատահականությունը, իսկ ապահովագրության ժամկետի ավարտին` ապահովագրական պատահարի պարտադիր տեղի ունենալը, այն է` պայմանագրի գործողության ժամկետի ավարտը (կյանքի ապահովագրության տեսակներ)»:
Հետևաբար, օրենսդրության համաձայն կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա ունեցող ապահովագրողը կարող է իրականացնել հետևյալները`
ա. լրակեցության ապահովագրություն,
բ. միայն մահվանից ապահովագրություն,
գ. մահվանից և լրակեցությունից ապահովագրություն,
դ. (ա). կամ (բ). կետերով նշված ապահովագրություն` ապահովագրավճարների վերադարձումով,
ե. ամուսնության կամ ծնունդի ապահովագրություն,
զ. կենսաթոշակային, կամ վարձավճարի (ռենտայի), կամ տարեվճարի (անուիտետի) ապահովագրություն,
է. (ա).-ից (դ). կետերով նշված ապահովագրության պայմանագրին լրակցված լրացուցիչ ապահովագրություն` հիվանդությունից, կամ պատահարից (դժբախտ դեպքերից), կամ անձնական վնասվածքներից, որը բերում է անաշխատունակության կամ մահվան:
Ոչ կյանքի ապահովագրությունը, որպես գործունեության տեսակ, սահմանված է Օրենքի 3-րդ հոդվածի 10-րդ պարբերությունում, այն է` «ոչ կյանքի ապահովագրություն` կյանքի ապահովագրության տարրեր չպարունակող անձնական ապահովագրության, ինչպես նաև գույքային և պատասխանատվության ապահովագրության տեսակները ներառող (ոչ կյանքի ապահովագրության տեսակներ) ապահովագրություն:
Հետևաբար, օրենսդրության համաձայն ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա ունեցող ապահովագրողը կարող է իրականացնել սույն պարզաբանմամբ նշված կյանքի ապահովագրության տեսակներից բացի ապահովագրության մնացած բոլոր տեսակները: