ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի («Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (1 հուլիսի 2004 թվականի, ՀՕ-93-Ն) ՀՀ օրենքի խմբագրությամբ) 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի համաձայն, աուդիտ իրականացնող անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազորված մարմին ներկայացնել աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ եռամսյակային հաշվետվություններ` տվյալ եռամսյակին հաջորդող 30 օրվա ընթացքում:
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (1 հուլիսի 2004 թվականի, ՀՕ-93-Ն) ՀՀ օրենքը հրապարակվել է 2004 թ. հուլիսի 14-ին` N 38 (337) պաշտոնական տեղեկագրում: Այդ օրենքով առանձին դրույթ չի նախատեսվել նշված իրավական նորմի` աուդիտ իրականացնող անձի (լիցենզավորված անձի) համար սահմանված` վերը նշված նոր պարտականությունների ուժի մեջ մտնելու ժամկետի մասին: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, լիցենզիայի պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է լիցենզավորված անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը հրապարակելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո (տվյալ դեպքում` 2005 թ. հունվարի 14-ը):
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:
Աուդիտ իրականացնող անձանց կողմից ներկայացվող եռամսյակային հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման ու ներկայացման կարգը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 201-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում), որի 2-րդ կետին համապատասխան Որոշումն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այսինքն` 2005 թվականի ապրիլի 2-ից (հրապարակվել է 23.03.2005 թ. N 19 (391) պաշտոնական տեղեկագրում):
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված պահանջներից, պաշտոնապես պարզաբանում ենք`
հաշվի առնելով, որ աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար աուդիտ իրականացնող անձանց կողմից անհրաժեշտ եռամսյակային հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունը սահմանված է «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքով, սակայն նշված պահանջը հնարավոր չի եղել իրագործել մինչև Որոշման ուժի մեջ մտնելը, ինչպես նաև առաջին եռամսյակի հաշվետվությունը օրենքով սահմանված ժամկետում (մինչև 2005 թվականի ապրիլի 30-ը) ներկայացնելու հնարավորությունը, աուդիտ իրականացնող անձինք պարտավոր են եռամսյակային հաշվետվություն ներկայացնել նաև 2005 թվականի առաջին եռամսյակի համար` մինչև 2005 թվականի ապրիլի 30-ը: