ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «20» հուլիսի 1993թ. Հ.Ն-0913-I
i
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է ապրանքային բորսաների ստեղծման և գործունեության, բորսային առևտրի կազմակերպման պայմանները և դրանց իրավական երաշխիքները:
ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Ապրանքային բորսա |
Ապրանքային բորսան (այսուհետև` բորսա) իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկություն է, որն առևտուրն իրականացնում է իր կողմից սահմանված կանոններով, որոշակի տեղում և ժամանակահատվածում` հրապարակային սակարկությունների ձևով:
Բորսան ստեղծվում է բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ձևով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված կարգով:
Բորսան կարող է ունենալ մասնաճյուղեր և այլ առանձնացված ստորաբաժանումներ, որոնք ստեղծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բորսաները կարող են ստեղծել միություններ (ընկերություններ) իրենց գործունեության կոորդինացման, անդամների շահերի պաշտպանության և համատեղ ծրագրերի իրականացման, այդ թվում` բորսային սակարկությունների համատեղ կազմակերպման նպատակով:
i
Հոդված 2. |
Ապրանքային բորսաների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը |
Ապրանքային բորսաների (դրանց մասնաճյուղերի և այլ առանձնացված ստորաբաժանումների) գործունեության և բորսային առևտրի կազմակերպման ու կարգավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով, ինչպես նաև ապրանքային բորսաների հիմնադիր փաստաթղթերով:
Աշխատանքի, ֆոնդային բորսաների, ինչպես նաև մասնագիտացված և ունիվերսալ բորսաների ֆոնդային սեկցիաների (բաժինների և բաժանմունքների) գործունեության հետ կապված հարաբերությունները սույն օրենքով չեն կարգավորվում:
Հոդված 3. |
Բորսային գործունեությունը |
Բորսան իրականացնում է բորսային առևտրի կազմակերպման և կարգավորման հետ անմիջականորեն կապված գործունեություն:
Բորսան չի կարող իրականացնել այնպիսի առևտրային, առևտրամիջնորդային և այլ գործունեություն, որն անմիջականորեն կապված չէ բորսային առևտրի կազմակերպման և կարգավորման հետ:
Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները բորսային անդամների վրա չեն տարածվում:
i
Հոդված 4. |
«Ապրանքային բորսա» տերմինի օգտագործման սահմանափակումը |
Սույն օրենքի 2 և 3 պահանջներին չհամապատասխանող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, ինչպես նաև դրանց մասնաճյուղերը և մյուս առանձնացված ստորաբաժանումները իրենց անվանման մեջ «ապրանքային բորսա» տերմինը օգտագործելու, բորսային սակարկություն կազմակերպելու իրավունք չունեն և ենթակա չեն պետական գրանցման այն անվանմամբ, որը ներառում է այդ տերմինը ցանկացած բառակապակցություններով:
Հոդված 5. |
Բորսային ապրանք |
Բորսային ապրանք է կոչվում այն ապրանքը, որը համապատասխանում է շրջանառությունից չհանված տվյալ ապրանքի տեսակին և որակին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և որը բորսայի կողմից սահմանված կարգով թույլատրվել է բորսային առևտրի:
Բորսային ապրանք է համարվում նաև բորսային ապրանքի վերաբերյալ պայմանագիրը և բեռնագիրը:
Բորսային ապրանք չեն կարող լինել անշարժ գույքը, մտավոր սեփականության օբյեկտները, հեղինակային իրավունքը, արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաև այն ապրանքները, որոնց շրջանառությունը (վաճառքը) արգելված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 6. |
Բորսային առևտուր |
Բորսային առևտուրը բորսայի կողմից սահմանված կարգով բորսային ապրանքի կազմակերպված, հրապարակային առուծախն է:
Հոդված 7. |
Բորսային գործարքներ |
Բորսային գործարքը բորսայում գրանցված այն պայմանագիրն է, որը բորսային առևտրի մասնակիցները բորսային ապրանքի վերաբերյալ կնքել են որպես այդ ապրանքի սակարկության արդյունք:
Բացի բորսային ապրանքի վերաբերյալ բորսային գործարքներից, բորսայում կարող են կատարվել նաև ֆորվարդային, ֆյուչերային և օպցիոն գործարքներ:
Բորսային գործարքների ձևակերպման և գրանցման կարգը սահմանում է բորսան:
Այն գործարքները, որոնք կնքվել են բորսայում, բայց չեն համապատասխանում բորսային գործարքների ձևակերպման և գրանցման կարգին, բորսային չեն: Բորսային երաշխիքներն այդպիսի գործարքների վրա չեն տարածվում:
Բորսան իրավունք ունի պատժամիջոցներ կիրառել բորսային առևտրի այն մասնակիցների նկատմամբ, որոնք տվյալ բորսայում կնքել են բորսային առևտրի կանոններին չհամապատասխանող գործարքներ:
Բորսային գործարքները չեն կարող կնքվել բորսայի անունից և նրա հաշվին:
Հոդված 8. |
Բորսային գործարքների տեսակները |
Բորսային առևտրի մասնակիցները բորսային սակարկությունների ընթացքում կարող են կնքել գործարքներ, որոնք կապված են`
իրական ապրանքի նկատմամբ իրավունքների և պարտականությունների փոխադարձ փոխանցման հետ.
մատակարարման հետաձգված ժամկետով իրական ապրանքի նկատմամբ իրավունքների և պարտականությունների փոխադարձ փոխանցման հետ (ֆորվարդային գործարքներ).
բորսային ապրանքի մատակարարման պայմանագրերի նկատմամբ իրավունքների և պարտականությունների փոխադարձ փոխանցման հետ (ֆյուչերային գործարքներ).
բորսային ապրանքի կամ դրա մատակարարման պայմանագրի նկատմամբ իրավունքների և պարտականությունների ապագա փոխանցման իրավունքների զիջման հետ (օպցիոն գործարքներ).
այլ գործարքներ, որոնք սահմանված են բորսային առևտրի կանոններով:
Հոդված 9. |
Բորսային միջնորդություն |
Բորսայի առևտրում միջնորդությունն իրականացվում է բորսային միջնորդի կողմից`
պատվիրատուի անունից և վերջինիս հաշվին, կամ պատվիրատուի անունից և իր հաշվին, կամ իր անունից և պատվիրատուի հաշվին բորսային գործարքներ կատարելու միջոցով (բրոքերային գործունեություն).
հետագա վերավաճառքի նպատակով` իր անունից և իր հաշվին բորսային գործարքներ կատարելու միջոցով (դիլերային գործունեություն):
Բորսային միջնորդությունը բորսայի առևտրում իրականացնում են բացառապես բորսային միջնորդները:
Հոդված 10. |
Բորսային միջնորդներ |
Բորսային միջնորդներ են բրոքերային ձեռնարկությունները, բրոքերային գրասենյակները, անկախ բրոքերները:
Բրոքերային ձեռնարկությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ձեռնարկության կազմակերպական- իրավական որոշակի տեսակով գրանցված ձեռնարկություն է, որն իրականացնում է բրոքերային և (կամ) դիլերային գործունեություն:
Բրոքերային գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված դուստր ձեռնարկություն է, որն իրականացնում է բրոքերային և (կամ) դիլերային գործունեություն:
Անկախ բրոքերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված անհատ ձեռներեց է, որն իրականացնում է բրոքերային և (կամ) դիլերային գործունեություն:
Բրոքերային ձեռնարկությանը, բրոքերային գրասենյակին, անկախ բրոքերին արգելվում է գործարքներ կնքել իրենց անունից և իրենց հաշվին, եթե նրանք ունեն միանման պայմաններով բորսայում չիրացված պատվերներ:
Հոդված 11. |
Բորսային բրոքերներ |
Բորսային բրոքեր են հանդիսանում բրոքերային ձեռնարկությունների, գրասենյակների ծառայողները կամ ներկայացուցիչները, ինչպես նաև անկախ բրոքերները:
Հոդված 12. |
Բրոքերային միություններ (ընկերություններ) |
Բորսային միջնորդներն իրավունք ունեն ստեղծել բրոքերային միություններ (ընկերություններ), այդ թվում` բորսաներին առընթեր:
Բրոքերային միությունները (ընկերությունները) ստեղծվում են հասարակական կազմակերպությունների ստեղծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 13. |
Բորսային ծառայողներ |
Բորսային ծառայողները այն ֆիզիկական անձինք են, ովքեր մասնակցում են բորսայի գործունեությանը աշխատանքային պայմանագրերի հիման վրա:
Բորսային ծառայողներին արգելվում է լինել բորսային գործարքների պայմանադիր կողմ, ստեղծել սեփական բրոքերային ձեռնարկություններ և բրոքերային գրասենյակներ, հանդես գալ որպես անկախ բրոքեր, ինչպես նաև` ծառայողական տեղեկատվությունն օգտագործել շահ ստանալու նպատակով:
ԲԱԺԻՆ 2
ԲՈՐՍԱՅԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 14. |
Բորսայի հիմնադրումը |
Բորսան հիմնադրվում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից և ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բորսայի հիմնադիրներ չեն կարող լինել`
պետական իշխանության և կառավարման մարմինները.
բանկերը և այլ ֆինանսավարկային կազմակերպությունները.
ապահովագրական և ինվեստիցիոն ընկերությունները.
հասարակական, հասարակական- քաղաքական, կրոնական և բարեգործական կազմակերպությունները և հիմնադրամները.
այն ֆիզիկական անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
i
Հոդված 15. |
Բորսային առևտրի կազմակերպման լիցենզիան |
Բորսային առևտուրը կազմակերպվում է լիցենզիայի առկայության դեպքում, որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազորված մարմնի կողմից:
Լիցենզիա ստանալու համար բորսային հիմնադիրները պետական լիազորված մարմին ներկայացնում են`
դիմում.
հիմնադիր պայմանագիր (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում).
բորսային կանոնադրությունը և բորսային առևտրի կանոնները:
Պետական լիազորված մարմինը տալիս է լիցենզիա կամ գրավոր մերժում այն` սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերի ստացման օրվանից երեսուն օրվա ընթացքում:
Լիցենզիա տալը կարող է մերժվել, եթե հիմնադիր փաստաթղթերը հակասում են սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերի պահանջներին:
Սահմանված ժամկետում պետական լիազորված մարմնի կողմից լիցենզիա չտալը կամ լիցենզիա տալը մերժելը բորսայի հիմնադիրների կողմից կարող է գանգատարկվել դատական կարգով:
Հոդված 16. |
Բորսայի անդամները |
Բորսայի անդամներ կարող են լինել այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք մասնակցում են բորսայի կանոնադրական ֆոնդի ձևավորմանը, կատարում են բորսայի անդամության ու այլ նպատակային մուծումներ և դարձել են բորսայի անդամներ` դրա հիմնադիր փաստաթղթերով նախատեսված կարգով:
Բորսայի անդամներ չեն կարող լինել`
այն ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, որոնց ղեկավարները (ղեկավարների տեղակալները կամ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների մասնաճյուղերի և այլ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները) տվյալ բորսայի ծառայողներ են.
պետական իշխանության և կառավարման մարմինները.
բանկերը և այլ ֆինանսավարկային կազմակերպությունները.
ապահովագրական և ինվեստիցիոն ընկերությունները.
հասարակական, հասարակական-քաղաքական, կրոնական և բարեգործական կազմակերպությունները և հիմնադրամները.
ֆիզիկական այն անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Բորսայի անդամն իրավունք ունի`
մասնակցել բորսային առևտրին.
մասնակցել բորսայի կառավարմանը.
ստանալ շահաբաժիններ, եթե դրանք նախատեսված են բորսայի հիմնադիր փաստաթղթերով.
օգտվել բորսայի հիմնադիր փաստաթղթերով նախատեսված այլ իրավունքներից:
Բորսայի անդամին տրվում է բորսայի կանոնադրական ֆոնդի բաժնեմասի սեփականության վերաբերյալ համապատասխան վկայական:
Բորսայի անդամների կողմից բորսային առևտրին մասնակցելու իրավունքի զիջում առանց կանոնադրական ֆոնդի բաժնեմասի սեփականության վկայականի վաճառքի կամ այլ ձևով օտարման, ինչպես նաև բորսայի կառավարմանը մասնակցելու իրավունքի զիջում չի թույլատրվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Բորսայի անդամները կարող են բորսային առևտրին մասնակցելու իրենց իրավունքը վարձակալության տալ միայն իրավաբանական կամ ֆիզիկական մեկ անձի: Վարձակալության պայմանագիրը ենթակա է գրանցման բորսայում: Բորսային առևտրին մասնակցելու իրավունքի ենթավարձակալություն չի թույլատրվում:
Բորսայի անդամության դադարման, ինչպես նաև բորսայի անդամի իրավունքների լրիվ կամ մասնակի զիջման կարգը (այդ թվում վարձակալության ձևով) սահմանվում է բորսայի կողմից` սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված կարգին համապատասխան:
Բորսայի կողմից անդամության հաստատելը մերժելու, ինչպես նաև բորսայի անդամին անդամությունից հեռացնելու կամ անդամությունը դադարեցնելու մասին բորսայի որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով:
Հոդված 17. |
Բորսայի կանոնադրությունը |
Բորսայի կանոնադրությունը պետք է բովանդակի`
բորսայի անվանումը, ֆիրմային նշանը, իրավաբանական հասցեն.
բորսայի գործունեության առարկան և նպատակները.
բորսայի կազմակերպական կառուցվածքը, կառավարման և վերահսկողության մարմինները, դրանց իրավասությունն ու որոշումների ընդունման կարգը.
կանոնադրական ֆոնդի չափը և դրա ձևավորման կարգը.
բորսայի ֆոնդերի ձևավորման և օգտագործման կարգը.
բորսայի անդամների և բորսային առևտրի մյուս մասնակիցների թվաքանակը սահմանելու կարգը.
բորսային անդամակցելու, անդամության իրավունքը վարձակալելու, կասեցնելու և դադարեցնելու կարգը.
բորսային առևտրին մասնակցելու իրավունքի ձեռքբերման և դադարման կարգը.
բորսայի անդամների և բորսային առևտրի մյուս մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները.
բորսայի կառավարման մարմինների ձևավորման կարգը.
բորսային գործարքների և բորսայի կամ բորսայի ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ բորսային առևտրի մասնակիցների միջև վեճերի լուծման կարգը.
բորսայի վերակազմավորման, գործունեության դադարման և լուծարման պայմանները:
Բորսայի ստեղծման ու գործունեության վերաբերյալ կարող են նախատեսվել նաև այլ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող դրույթներ:
Հոդված 18. |
Բորսային առևտրի կանոնները |
Բորսային առևտրի կանոնները բովանդակում են`
բորսային սակարկություններ անցկացնելու կարգը.
բորսային գործարքների տեսակները, դրանց կնքման, գրանցման և հաշվառման կարգը.
բորսային կառուցվածքային ստորաբաժանումներն ու դրանց աշխատանքի կազմակերպման կարգը.
բորսային առևտրի մասնակիցներին բորսային առաջիկա սակարկությունների անցկացման մասին տեղեկացնելու կարգը.
բորսային ապրանքների գնանշման կարգը.
բորսային առևտրի մասնակիցներին բորսային նախորդ սակարկությունների արդյունքների մասին տեղեկացնելու կարգը.
բորսային առևտրի մասնակիցներին ապրանքային շուկաներում ձևավորված բորսային ապրանքների գների մասին տեղեկացնելու կարգը.
բորսային առևտրի մասնակիցների միջև բորսային գործարքների կնքման ժամանակ առաջացած փոխադարձ հաշվարկների ձևակերպման կարգը.
բորսային առևտրի ժամանակ գների մակարդակների կտրուկ փոփոխումը, գների արհեստական գերբարձրացումը կամ գերիջեցումը կանխելու նպատակով գնագոյացման վերահսկման միջոցառումները և դրանց իրականացման կարգը.
բորսային առևտրի ժամանակ կարգապահությունը ապահովելու միջոցառումները և դրանց իրականացման կարգը.
բորսային գործունեության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական իշխանության և կառավարման մարմինների որոշումների կատարումն ապահովող միջոցառումները.
բորսային առևտրի կանոնների խախտումների ցանկը, որոնց համար բորսային առևտրի մասնակիցներից բորսան բռնագանձում է տուգանքներ, ինչպես նաև այդ տուգանքների չափերը և դրանց բռնագանձման կարգը.
վճարումների տեսակները, դրանց չափերը և գանձման կարգը:
Հոդված 19. |
Բորսայի կառավարման մարմինները |
Բորսայի կառավարման բարձրագույն մարմինը բորսայի անդամների (բաժնետերերի կամ փայատերերի) ընդհանուր ժողովն է:
Բորսայի անդամների ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում դրա կառավարումն իրականացնում է բորսայի խորհուրդը (բորսային կոմիտեն):
Բորսայի վերահսկիչ մարմինը (վերստուգիչ) հանձնաժողովն է:
Բորսայի խորհուրդն ընտրվում է, իսկ վերահսիչ (վերստուգիչ) հանձնաժողովը` նշանակվում բորսայի կառավարման բարձրագույն մարմնի կողմից` բորսայի կանոնադրությամբ սահմանված կարգով:
Հոդված 20. |
Բորսայի կազմակերպման կառուցվածքը |
Բորսայի կառավարման և դրա ֆունկցիաների իրականացման ապահովման համար բորսայում ստեղծվում են գործադիր դիրեկցիա և հատուկ ստորաբաժանումներ` հաշվարկային պալատ, բորսային արբիտրաժ, գնանշման հանձնաժողով և այլ ստորաբաժանումներ ու օժանդակ ծառայություններ:
Բորսայի ստորաբաժանումները գործում են բորսայի կառավարման բարձրագույն մարմնի կամ դրա լիազորված մարմնի կողմից հաստատված կանոններին համապատասխան:
Բորսայում ֆորվարդային, ֆյուչերային, օպցիոն և այլ գործարքների կատարումն ապահովելու նպատակով բորսան կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քլիրինգային կենտրոններ ստեղծելու կամ քլիրինգային սպասարկում կազմակերպելու համար բանկերի կամ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների հետ կնքել պայմանագրեր:
Քլիրինգային կենտրոնները կարող են ստեղծվել բորսայի միջոցների հաշվին` որպես բորսայից անկախ կազմակերպություններ:
Հոդված 21. |
Բորսայի գործունեության դադարումը |
Բորսայի գործունեությունը կարող է դադարել բորսայի կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ, ինչպես նաև դատարանի կամ պետական արբիտրաժի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԲԱԺԻՆ 3
ԲՈՐՍԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԲՈՐՍԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 22. |
Բորսային առևտրի մասնակիցները |
Բորսային առևտրի մասնակիցներն են բորսային անդամներն ու հաճախորդները:
Բորսայի այն անդամները, որոնք չեն հանդիսանում բրոքերային ձեռնարկություններ, բրոքերային գրասենյակներ կամ անկախ բրոքերներ, բորսային առևտրին անմիջականորեն մասնակցելու իրավունք ունեն բորսայի թույլտվությամբ:
Բորսային առևտրի հաճախորդ են հանդիսանում այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բորսայի անդամներ չեն և բորսայի հիմնադիր փաստաթղթերին համապատասխան բորսային գործարքներ կնքելու իրավունք ունեն:
Բորսային առևտրի հաճախորդները չեն մասնակցում բորսայի կանոնադրական ֆոնդի ձևավորմանը և բորսայի կառավարմանը:
Բորսայի առևտրի հաճախորդներն իրավունք ունեն գործարքներ կնքել առկա ապրանքների համար իրենց անունից և իրենց հաշվին:
Հոդված 23. |
Բորսային միջնորդների գործունեության լիցենզավորումը |
Բորսային միջնորդներն իրավունք ունեն իրականացնելու բորսային միջնորդություն` պետական լիազորված մարմնի կողմից լիցենզիա ստանալուց հետո:
Պետական լիազորված մարմինը կարող է բրոքերային միություններին (ընկերություններին), բորսային միջնորդներին գործունեության լիցենզիա տալու իրավունք վերապահել:
Բորսային միջնորդների գործունեության լիցենզիա տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 24. |
Բորսային գործարքների հաշվառումը |
Բրոքերային ձեռնարկությունները, բրոքերային գրասենյակները, անկախ բրոքերների յուրաքանչյուր պատվիրատուի վերաբերյալ կատարում են բորսային առևտրում իրականացված բորսային գործարքների հաշվառում: Այդ գործարքների մասին տեղեկությունները պահպանվում են 3 տարի` գործարքի կատարման օրվանից սկսած:
Բրոքերային ձեռնարկությունները, բրոքերային գրասենյակները, անկախ բրոքերները պարտավոր են նշված տեղեկությունները ներկայացնել պետական լիազորված մարմնի պահանջով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 25. |
Բորսային միջնորդների և նրանց պատվիրատուների փոխհարաբերությունները |
Բորսային միջնորդների և նրանց պատվիրատուների փոխհարաբերությունները կազմավորվում են նրանց միջև կնքված պայմանագրերով:
Բորսան իր լիազորությունների սահմաններում կարող է կանոնակարգել բորսային միջնորդների և նրանց պատվիրատուների փոխհարաբերությունները, կիրառել պատժամիջոցներ բորսային այն միջնորդների նկատմամբ, որոնք պատվիրատուների հետ փոխհարաբերություններում խախտել են բորսայի կողմից սահմանված առևտրի կանոնները:
Բորսային միջնորդներն իրավունք ունեն պատվիրատուներից պահանջել երաշխիքային վճարումներ կատարել իրենց հաշվարկային հաշիվներին, ինչպես նաև տնօրինել մուծված գումարների` տրված հանձնարարության կատարման համար:
Հոդված 26. |
Ապրանքային փորձաքննությունը բորսայում |
Բորսային առևտրի մասնակցի պահանջով բորսան պարտավոր է կազմակերպել առկա բորսային ապրանքների որակի փորձաքննություն:
Հոդված 27. |
Բորսային իրավունքները բորսային առևտրում |
Բորսան իրավունք ունի սահմանել`
հատկացումներ բորսայում կատարված միջնորդային գործառնություններից ստացված միջնորդավճարներից.
սակագներ և այլ վճարումներ, որոնք գանձվում են բորսայի անդամներից և բորսային առևտրի մյուս մասնակիցներից` բորսայի և դրա ստորաբաժանումների մատուցած ծառայությունների դիմաց.
տուգանքներ, որոնք գանձվում են բորսայի կանոնադրությունը, բորսային առևտրի կանոններն ու նորմատիվ այլ փաստաթղթերով սահմանված կանոններ խախտելու համար:
Բորսան չի կարող սահմանել`
բորսային առևտրում բորսային ապրանքի գների մակարդակները կամ դրանց սահմանները.
բորսային գործարքներում միջնորդության համար բորսային միջնորդներին վճարվող միջնորդավճարների չափերը:
Հոդված 28. |
Վեճերի լուծման կարգը բորսայում |
Բորսային գործարքների կնքման հետ կապված վեճերը քննության են առնվում և լուծվում են բորսային արբիտրաժում, ինչպես նաև դատարանում կամ պետական արբիտրաժում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բորսային արբիտրաժը հանդես է գալիս որպես կողմերի հաշտեցումն իրականացնող արբիտրաժային տրիբունալ:
Բորսային արբիտրաժի կանոնադրությունը և վեճերի քննարկման, լուծման կարգը սահմանում է բորսան:
(28-րդ հոդ. փոփ. 25.12.06 ՀՕ-64-Ն օրենք)
ԲԱԺԻՆ 4
ԲՈՐՍԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 29. |
Բորսաների գործունեության կարգավորումն իրականացնող պետական լիազորված մարմինը |
Բորսաների գործունեության կարգավորումն իրականացնող պետական լիազորված մարմինը`
իրականացնում է բորսայի և բորսային միջնորդների գործունեության լիցենզավորումը.
նպաստում է բորսաների գործունեության կատարելագործմանը.
օժանդակում է բորսային անհատ ձեռներեց միջնորդների մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանը.
կազմակերպում է բորսաների գործունեության ուսումնասիրում.
մշակում է բորսային գործունեությանը վերաբերող մեթոդական ցուցումներ.
առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը` բորսաների մասին օրենսդրության կատարելագործման հարցերի վերաբերյալ:
Պետական լիազորված մարմինն իրավասու է`
մերժել կամ հետաձգել բորսայի և բորսային միջնորդների գործունեության լիցենզավորումը այն դեպքում, եթե բորսայի հիմնադիր փաստաթղթերը հակասում են սույն օրենքի պահանջներին.
սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության ակտերի այլ պահանջները խախտելու դեպքում, նախազգուշացնել բորսաներին և բորսային առևտրի մասնակիցներին.
Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները խախտած բորսաների և բորսային առևտրի մասնակիցների նկատմամբ օրենքով նախատեսված պատժամիջոցներ կիրառելու նպատակով, դատարան կամ պետական արբիտրաժ ներկայացնել համապատասխան նյութեր.
անհրաժեշտության դեպքում ներկայացուցիչներ (դիտորդներ) ուղարկել բորսա`
բորսային սակարկություններին ներկա լինելու.
բորսայի անդամների ընդհանուր ժողովներին և բորսայի կառուցվածքային ստորաբաժանումների (սեկցիաների, բաժինների, բաժանմունքների) անդամների ընդհանուր ժողովներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու համար:
Հոդված 30. |
Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար |
Բորսան, բորսային միջնորդները պատասխանատվություն են կրում այն դեպքում, եթե`
առանց լիցենզիայի, լիցենզիան չեղյալ հայտարարվելուց, կամ դատարանի, պետական արբիտրաժի կողմից դրա գործողությունը դադարեցնելուց հետո շարունակում են իրականացնել բորսային առևտուր, ինչպես նաև սույն օրենքի 3 հոդվածի 2-րդ մասով, 7 հոդվածի 6-րդ մասով, 9 հոդվածի 2-րդ մասով, 16 հոդվածի 2-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, 22 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթների խախտման դեպքերում:
Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում բորսան և բորսային միջնորդները զրկվում են գործունեության լիցենզիայից և պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պետական լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում բորսաների կամ բորսային միջնորդների գործունեության լիցենզիայի տալը անհիմն մերժելու կամ այն տալու օրենսդրությամբ սահմանված ժամկետը խախտելու դեպքերում:
Հոդված 31. |
Բորսաների գործունեության երաշխիքները |
Պետական իշխանության և կառավարման մարմինները չեն կարող միջամտել բորսաների գործունեությանը, բացառությամբ բորսաների կողմից օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերի խախտման դեպքերի:
Պետական իշխանության և կառավարման մարմինների որոշումները կամ գործողությունները բորսաների կողմից կարող են գանգատարկվել դատական կարգով:
Պետական իշխանության և կառավարման մարմինների պաշտոնատար անձինք սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան 31 օգոստոսի 1993 թ. ՀՕ-78
|