ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԵՎ ՈՐԱԿԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1923-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից առաջարկված` ՀՀ կառավարության 2002 թ. նոյեմբերի 7-ի «Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգը սահմանելու մասին» N 1923-Ն որոշմամբ սահմանված կարգի` մասնավորապես սպառողներին տրամադրվող տեղեկատվության հայերեն տեքստերի բացակայության դեպքում պարտադիր հավաստման ենթակա ապրանքների ներմուծման ժամանակ սերտիֆիկատների տրամադրման և հայտարարագրերի գրանցման ընթացակարգի կարգավորման վերաբերյալ, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը ներկայացնում է հետևյալ պաշտոնական պարզաբանումը:
Պարզաբանում`
ՀՀ կառավարության 2002 թ. նոյեմբերի 7-ի «Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունը սպառողին հասցնելու կարգը սահմանելու մասին» N 1923-Ն որոշման (այսուհետ` Որոշում) կարգավորման առարկա է հանդիսանում արտադրողների (կատարողների, վաճառողների) կողմից ապրանքների վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ժամանակ անմիջապես սպառողին հայերեն լեզվով անհրաժեշտ և ստույգ տեղեկատվության տրամադրումը: Որոշումն ընդունվել է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ին համապատասխան և ուղղված է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման ժամանակ սպառողների կողմից դրանց ճիշտ ընտրության ապահովմանը:
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հայերեն լեզվով անհրաժեշտ և ստույգ տեղեկատվության տրամադրման մասին դրույթը չի տարածվում ապրանքների ներմուծման վրա: Ներմուծվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվության ապահովման պայմանները կարող են կարգավորվել վաճառողի և մատակարարի (ներմուծողի) միջև կնքված մատակարարման պայմանագրով:
Ներմուծվող առանձին ապրանքատեսակների, մասնավորապես` թռչնի մսի և ծխախոտի արտադրանքի վերաբերյալ սպառողին տեղեկատվության տրամադրումը կարգավորվում է նաև այլ իրավական ակտերով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. մարտի 21-ի «Ներմուծվող ընտանի թռչնի մսի վերաբերյալ սպառողներին տեղեկատվության ապահովման մասին» N 275 և 1999 թ. հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սիգարետների վրա պարտադիր նշագրելու մասին» N 16 որոշումներով: