ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ Ը
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
27 նոյեմբերի 1996 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Շիրխանյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 101 հոդվածի 1 կետով և 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով և 56 հոդվածով,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանյան Դաշնության պաշտպանության նախարարության մանկական նախադպրոցական հիմնարկներ ստեղծելու մասին 1996 թվականի հունվարի 26-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանյան Դաշնության պաշտպանության նախարարության մանկական նախադպրոցական հիմնարկներ ստեղծելու մասին 1996 թվականի հունվարի 26-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Շիրխանյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագրի բովանդակությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանյան Դաշնության պաշտպանության նախարարության մանկական նախադպրոցական հիմնարկներ ստեղծելու մասին համաձայնագիրն ստորագրվել է 1996 թվականի հունվարի 26-ին Մոսկվայում:
Ըստ համաձայնագրի Ռուսաստանյան կողմը կազմակերպում և պահում է երեք մանկական նախադպրոցական հիմնարկ, երկուսը` Գյումրիում, մեկը` Երևանում:
Հայկական կողմը այդ հիմնարկներին ժամանակավոր օգտագործման համար հանձնում է անհրաժեշտ շինություններ և պարտավորվում է ապահովել դրանք էլեկտրաէներգիայով, ջերմաջրամատակարարումով` Ռուսաստանյան կողմի միջոցների հաշվին:
Մանկական նախադպրոցական հիմնարկներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Ռուսաստանյան Դաշնության օրենսդրությամբ:
Մանկական նախադպրոցական հիմնարկներ ընդունվում են ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի երեխաները:
Այդ հիմնարկների ֆինանսավորումն իրականացնում է Ռուսաստանյան կողմը:
Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց հետո մանկական նախադպրոցական հիմնարկների շարժական և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի հարցը որոշվում է Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանյան ռազմակայանի մասին Ռուսաստանյան Դաշնության և Հայաստանի Հարապետության միջև 1995 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքված պայմանագրին համապատասխան:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանյան Դաշնության պաշտպանության նախարարության մանկական նախադպրոցական հիմնարկներ ստեղծելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
27 նոյեմբերի 1996թ.
ՍԴՈ - 33