ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
3 հուլիսի 2003 թվականի N 27
i
6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ (ՄՈՆԻՏՈՐԻՆԳ) ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 17-ի N 373 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի «բ» ենթակետի և 13-րդ կետի «գ» ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության (մոնիտորինգ) արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը:
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին`
2.1. հիմք ընդունելով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական վիճակը բնութագրող ցուցանիշների և պետական բաժնեմասի մակարդակի վերլուծության արդյունքները և եզրակացությունները, ինչպես նաև 2002 թվականի ֆինանսական գործունեության արդյունքները` քննարկել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին առևտրային կազմակերպությունների խորհուրդների և գործադիր մարմինների գործունեության համապատասխանության հարցը և սույն որոշման ընդունումից հետո եռամսյա ժամկետում արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.
2.2. պետական բաժնեմասի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով`
ա) մշակել և սույն որոշման ընդունումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պետական բաժնեմասի օպտիմալացման հայեցակարգերը և ռազմավարությունը` համապատասխան հիմնավորումներով` դրանցում ամրագրելով`
«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով չմասնավորեցվող ընկերությունների ցանկը, դրանց վերակազմակերպման (լուծարման) նպատակահարմարությունը,
մասնավորեցման ծրագրում չընդգրկված, սակայն մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկը, նպատակը, մասնավորեցման առաջնահերթությունը, ժամանակացույցը,
մասնավորեցման ծրագրում ընդգրկված, սակայն մասնակիորեն (պահպանելով բաժնետոմսերի հսկիչ ծրարը) մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկը, նպատակը, մասնավորեցման առաջնահերթությունը, ժամանակացույցը,
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պետական գույքի մասնավորեցման ձևի (ըստ ընկերությունների) վերաբերյալ առաջարկությունները` ելնելով ճյուղային առանձնահատկություններից, որպես գործող ընկերություն պահպանելու նպատակահարմարությունից, ֆիսկալ նպատակներից.
բ) սույն որոշման ընդունումից հետո վեցամսյա ժամկետում ապահովել չմասնավորեցվող առևտրային կազմակերպությունների գործունեության ծրագրերի (առողջացման կամ վերագործարկման, զարգացման և այլն) մշակումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ ծրագրերի համաձայնեցումը` ընտրանքային մոնիտորինգի ցանկում ընդգրկված ընկերությունների (կվազիֆիսկալ ոլորտի) մասով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց հաստատումը.
գ) միջոցներ ձեռնարկել մինչմասնավորեցման ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական դրության բարելավման և սնանկացման իրավիճակների կանխորոշման ու կանխարգելման (այդ թվում` ակտիվների չհիմնավորված օտարումների, խոշոր գործարքների իրականացման նկատմամբ վերահսկողության, կրեդիտորական պարտավորությունների չհիմնավորված աճի և այլն) համար.
դ) սույն որոշման ընդունումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնցում նպատակահարմար է խորհուրդների ձևավորումը.
2.3. սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում, ելնելով հաշվապահական հաշվառման 16-րդ ստանդարտի պահանջներից, մշակել ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ չմասնավորեցվող առևտրային կազմակերպությունների գույքի վերագնահատման անհրաժեշտության, սկզբունքների ու առանձնահատկությունների վերաբերյալ.
2.4. քննարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 17-ի N 373 որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի պահանջները չկատարող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մինչև 2003 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և սահմանված կարգով հաստատել 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման կարգը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ