ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ
29 օգոոստոսի 1996 թվականի թիվ 400
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերին տրամադրվող վարկերի և բանկերից ներգրավվող ավանդների մասին» որոշումը` հրամայում եմ.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի զարգացման, տեխնիկական վերազինման և նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով վարկային գծի բացման» կարգը (կցվում է):
2. Սույն հրամանով հաստատված կարգն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի
1996 թվականի օգոստոսի 29-ի թիվ 400 որոշմամբ
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի
Հանրապետության տարածքում գործող բանկերի զարգացման, տեխնիկական
վերազինման նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով վարկային գծի բացման
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿ) կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի (այսուհետև` ԲԱՆԿԵՐ) զարգացման, տեխնիկական և նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով վարկային գիծը բացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության (խորհրդի) վարկի հատկացման վերաբերյալ որոշման, սույն կարգի և վարկային գծի բացման գլխավոր պայմանագրի:
2. Վարկային գիծը օգտագործվում է ԲԱՆԿԻ կողմից պայմանագրով սահմանված վարկավորման առավելագույն սահմանաչափի շրջանակներում` վարկային գծի գործելու ցանկացած ժամանակահատվածում:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԻ վարչության կողմից ԲԱՆԿԻ զարգացման, տեխնիկական վերազինման և նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով վարկի հատկացման վերաբերյալ դրական որոշում ընդունելուց հետո ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԻ և ԲԱՆԿԻ միջև կնքվում է վարկային գծի բացման գլխավոր պայմանագիր, որի անբաժանելի մասն է կազմում կատարվելիք ծախսերի նախահաշիվը: Գրավի առկայության դեպքում կնքվում է նաև գրավադրման պայմանագիր:
4. Յուրաքանչյուր փուլում օգտագործվելիք վարկի գումարի համար ԲԱՆԿԸ ներկայացնում է դիմում և պահանջվող գումարի անհրաժեշտությունը հիմնավորող և իր կողմից կատարված (կատարվելիք) նպատակային ծախսերը հաստատող փաստաթղթեր: Յուրաքանչյուր փուլի համար կնքվում է առանձին վարկային պայմանագիր, որը հանդիսանում է գլխավոր պայմանագրի անբաժանելի մասը:
5. Վարկային գծի գործելու ամբողջ ժամանակահատվածում տոկոսադրույքը կարող է փոփոխվել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության որոշմամբ: Տոկոսադրույքի փոփոխության դեպքում կատարվում է համապատասխան փոփոխություն վարկային գծի բացման գլխավոր պայմանագրում:
6. Վարկի տոկոսագումարների գանձումը կատարվում է փաստացի օգտագործված օրերի դիմաց համաձայն համապատասխան պայմանագրի`
- վարկային գծի ժամկետի վերջին,
- վարկի օգտագործման յուրաքանչյուր փուլի վերջին,
- յուրաքանչյուր եռամսյակը մեկ,
- յուրաքանչյուր ամիսը մեկ:
7. Վարկի և դրա օգտագործման դիմաց հաշվարկված տոկոսագումարների մարման ժամկետը լրանալուց, բանկի թղթակցային հաշվին միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում վարկի չմարված մասը ձևավորվում է որպես ժամկետանց վարկ, իսկ տոկոսագումարների չմարված մասը` ժամկետանց տոկոսագումար:
8. Վարկի տոկոսագումարների հաշվարկը և գանձումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թ. օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի զարգացման, տեխնիկական վերազինման և նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վարկերի տրամադրման» կարգի համաձայն:
9. Վարկային գծի պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել`
- կողմերի համաձայնությամբ,
- ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1996 թ. օգոստոսի 2-ի թիվ 130
որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բանկերի զարգացման, տեխնիկական վերազինման և նոր տեխնոլոգիաների
ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
կողմից վարկերի տրամադրման» կարգի 10-րդ կետի համաձայն:
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում: