Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԲՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

11 հուլիսի 2002 թվականի թիվ 28

 

i

38. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ) ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 172 որոշման 4.3-րդ կետի`

Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների հավաքագրման բնագավառում գործունեության (վարչարարության) կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ տեղեկանքը (կցվում է):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ) ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 25.02.2000թ. թիվ 172 որոշման 4.3 կետի, ՀՀ պետական եկամուտների նախարարությանը հանձնարարված է ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնել պետական եկամուտների հավաքագրման բնագավառում վարչարարության կատարելագործման ուղղությամբ, ըստ առանձին ուղղությունների, կատարվելիք միջոցառումների վերաբերյալ:

 

1. ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

Պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման արդյունավետ ընթացքի կարևոր երաշխիքն է ՀՀ կառավարության կողմից սահմանված պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման եռամսյակային համամասնությունների ապահովումը:

2002թ. հարկային եկամուտների հավաքագրման համամասնությունները ըստ եռամսյակների հետևյալն են.

 

(մլրդ. դրամ)

._________________________________________________________________________.

|                              |   I     |    II    |    III   |    IY    |

|                              |եռամսյակ | եռամսյակ | եռամսյակ | եռամսյակ |

|______________________________|_______________________________|__________|

|Հարկային եկամուտներ, ընդամենը |                  104.2        |          |

|______________________________|_______________________________|__________|

|Տեսակարար կշիռը ընդամենի մեջ  |20.66օ/օ | 24.92օ/օ | 26.05օ/օ | 28.38օ/օ |

|______________________________|_________|__________|__________|__________|

|Հարկային եկամուտներ, ընդամենը |21.52    | 25.96    | 27.14    | 29.57    |

._________________________________________________________________________.

 

Հատկանշական է, որ 2002թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից կատարվել է ՀՀ կառավարության բյուջեի եռամսյակային համամասնություններով ծրագրավորված ցուցանիշը` տարվա համար նախատեսված հարկային եկամուտների 20.66 տոկոսը: 2002 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկային եկամուտների և պետական տուրքի փաստացի կատարողականը կազմել է շուրջ 21.33 մլրդ դրամ (ծրագրավորված 21.52 մլրդ դիմաց):

Հարկային եկամուտների հավաքագրման եռամսյակային համամասնությունների ապահովման նպատակով ՀՀ ՊԵՆ-ի կողմից նախատեսված են նաև հարկային եկամուտների ամսական համամասնությունները և հաշվարկվում են յուրաքանչյուր ամսում հավաքվելիք հարկային եկամուտների չափերը:

Բացի վերը նշվածից, ՀՀ պետական եկամուտների նախարարությունը, ի կատարումն ՀՀ նախագահի հանձնարարականի, 2002թ. հարկային մարմինների կողմից հավաքագրվող հարկային եկամուտները ծրագրավորել ըստ տասնօրյակների` հաշվի առնելով 2001թ. միջին տասնօրյակային մուտքերը: Հաշվարկում հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ 2002թ. ամիսների վերջին տասնօրյակներում հարկային եկամուտների մուտքերը պետք է նվազեն` դրա հաշվին հիմնական ավելացումը նախատեսելով ամսվա 2-րդ տասնօրյակներում` միաժամանակ ավելացնելով ամսվա առաջին տասնօրյակներում հավաքվող հարկային եկամուտների տեսակարար կշիռը ամսվա մեջ: Հարկային վարչարարության միջոցառումների հաշվին նախատեսվում է 2002թ. դեկտեմբեր ամսվա 3-րդ տասնօրյակի ցուցանիշը 2001թ. ամիսների 3-րդ տասնօրյակների միջին ցուցանիշի (71.3 տոկոսի) համեմատությամբ իջեցնել շուրջ 20 տոկոսային կետով: Նման մոտեցմամբ, հաշվի առած ձևավորված իրավիճակը, մինչև 2002թ. վերջ հնարավոր կլինի առավելագույնս ապահովել հարկային եկամուտների համամասնություններն ըստ ամսվա տասնօրյակների:

 

2. ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ (ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐԻ) ԿՐՃԱՏՈՒՄ

 

ՀՀ ՊԵՆ-ը որպես հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման առանձին ուղղություն է դիտարկում հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) կրճատման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Այս խնդրի լուծման նպատակով կարևորվում է գերավճարների առաջացման պատճառների բացահայտումը: ՀՀ ՊԵՆ-ը ծրագրավորում է ըստ հարկատեսակների և հարկ վճարողների գերավճարների վերաբերյալ տարածքային հարկային տեսչություններից ամսական հաշվետվությունների ընդունում, ստացված տվյալների ամփոփում, դրանց առաջացման պատճառների և գոյացման աղբյուրների վերլուծություն և դրա հիման վրա կոնկրետ միջոցառումների միջոցով նվազեցնել գերավճարների գումարը:

Գերավճարների նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ՊԵՆ կողմից «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետի պահանջին համապատասխան մշակվել է «Որևէ հարկային պարտավորությունից ավելի վճարած գումարների (գերավճարների) հաշվանցման և վերադարձի դեպքում» և «Հսկիչ գնումների իրականացման դեպքերում հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների անցկացման» կարգերը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն արդեն իսկ ընդունվել է ՀՀ կառավարության կողմից: Նշված որոշման սահմաններում հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկ վճարողների որևէ հարկային պարտավորությունից ավելի վճարած գումարների (գերավճարների) հաշվանցման և վերադարձի դեպքում հարկային մարմիններին հնարավորություն է ընձեռնվում հարկ վճարողների մոտ կատարել ուսումնասիրություններ: Այս առումով հատկանշական է, որ գործող հարկային օրենսդրությամբ նշված ուսումնասիրությունը միակն է (բացառությամբ հսկիչ գնումների ուսումնասիրությունը), որը հարկային մարմինները կարող են անցկացնել անմիջապես հարկ վճարողների մոտ, և որը չի դիտվում որպես ներքին ընթացակարգ:

 

3. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Նախատեսվում է հաշվետու տարվա արդյունքներով վնասներ հայտարարագրած հարկ վճարողների մասով առանձին վերլուծությունների իրականացում, վնասների հայտարարագրման պատճառների բացահայտում և դրանց արդյունքում «ուռճացված» վնասներ հայտարարագրածների առանձնացում` առանձին դեպքերում ստուգումների իրականացման նպատակով:

Հաշվետու տարվա արդյունքներով «Շահութահարկի մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներով նախատեսված սահմանված չափից ավելի վնաս հայտարարագրած հարկ վճարողների նկատմամբ 20 տոկոսի չափով տուգանքի կիրառման արդյունքում նախատեսվում է ինչպես ուղղակիորեն տուգանքի կիրառմամբ լրացուցիչ եկամուտների հավաքագրում, այնպես էլ անուղղակի եղանակով նպաստել հարկ վճարողների կողմից «ուռճացված» վնասների հայտարարագրման կանխմանը: Վերջինիս կնպաստի նաև «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

 

4. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

 

ՀՀ ՊԵՆ կողմից կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ ստուգումների մասին նոր օրենքի կիրառումից հետո զգալիորեն նվազել են թե ստուգումների քանակը, և թե գանձված գումարների տեսակարար կշիռը ստուգմամբ հայտնաբերված գումարների մեջ:

2002թ. ՀՀ ՊԵՆ կողմից կատարվող ստուգումների արդյունավետության բարձրացումը պայմանավորված է առանց ստուգումների բացարձակ թվի ավելացմամբ հետևյալ միջոցառումների հաշվին.

- ստուգման ընթացքում օրենքով սահմանված լծակների լայն կիրառում (մասնավորապես` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածով նախատեսված հարկային պարտավորությունների հաշվարկման անուղղակի եղանակների և «Որևէ հարկային պարտավորությունից ավելի վճարած գումարների (գերավճարների) հաշվանցման և վերադարձի դեպքում» և «Հսկիչ գնումների իրականացման դեպքերում հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների անցկացման կարգերը» հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման համաձայն կատարված ուսումնասիրությունների արդյունքների կիրառում).

- ստուգմամբ հայտնաբերված գնումների գանձելիության աստիճանի բարձրացում.

- առանց ապրանքների մատակարարման կեղծիք հարկային հաշիվների դուրս գրման դեպքերում հանդիպակաց ստուգումների իրականացում:

 

5. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

 

Նախատեսվում է հարկ վճարողների հետ տարվող աշխատանքների շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն դարձնել տնտեսության առանձին ոլորտներին: Այս նկատառումներից ելնելով, նախատեսվում է ոլորտային վերահսկողության ուժեղացում` սուրճի, մսամթերքի, կաթնամթերքի, հացի, հացամթերքի, շինանյութի արտադրության ոլորտներում աշխատող հարկ վճարողների իրացման շրջանառությունների, վճարված հարկերի, ներկայացված հարկային հաշվարկների ուսումնասիրման, վերլուծության և կոնկրետ ուղղություններով հսկողական աշխատանքների իրականացման կազմակերպման նպատակով:

Ոգելից խմիչքների իրական շրջանառությունների ամրագրման նպատակով դրանց արտադրության և իրացման շղթայի վերահսկողությունը պետք է իրականացվի հետևյալ ուղղություններով.

- ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից թողարկված ապրանքների դրոշմավորման կարգի պահանջների պահպանում.

- հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման համար հիմք ընդունվող հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջների պահպանում.

- արտադրանքի իրացման գների, ձևակերպված ծախսերի և դեբետագրումների արժանահավատության ապահովում.

- ոգելից խմիչքների ապօրինի կամ թաքցված շրջանառությունների բացահայտում և հարկային դաշտ ներգրավում:

Հաստատագրված վճարների, մասնավորապես, հանրային սննդի օբյեկտների և խաղատների գծով հարկային վարչարարության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է.

- հաստատագրված վճար վճարողների մոտ պարբերաբար իրականացնել հայտարարագրած ելակետային տվյալների ճշտման և արժանահավատության ապահովման աշխատանքներ.

- պարբերաբար իրականացնել գույքագրում` այդ ոլորտում փաստացի չգործող կամ գործունեությունը դադարեցնող հարկ վճարողների բացահայտման նպատակով:

Այս առումով կարևոր է նաև «Առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպիչների կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման մասին» ՀՀ կառավարության 01.04.2002թ. թիվ 298 որոշումը, որը հնարավորություն կընձեռնի հարկային մարմիններին լրացուցիչ և անհրաժեշտ տվյալներ ստանալ առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ:

Հարկ վճարողների իրացման շրջանառությունների իրական ծավալների ամրագրման, ինչպես նաև կանխիկ դրամաշրջանառության վերահսկման նպատակով նախատեսվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների վերահսկողության աշխատանքների ուժեղացում:

Ի լրումն նշված միջոցառումների, ՀՀ ՊԵՆ կողմից մշակվել և ՀՀ կառավարության կողմից 01.04.2002թ. հաստատվել է «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների և գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 299 որոշումը: Նշված որոշման հիման վրա հնարավոր կլինի կոնկրետ արտադրատեսակների ներմուծում, արտադրություն, իրացում շղթայի վերլուծությունների իրականացումը, որոնց արդյունքում նախատեսվում են վերահսկողական միջոցառումներ (հարկային հաշվարկների ընդունում, փորձաքննություն, ոլորտային ստուգումներ):

 

6. ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ

 

Հարկային վարչարարության կատարելագործման կարևոր խնդիրներից է մինչև հարկային պարտավորությունների վերջնական կատարումը վճարված գումարների (կանխավճարների) կուտակման տեմպերի նվազեցումը: Այս միջոցառումը կունենա շարունակական բնույթ և պարբերաբար կվերահսկվի ՀՀ ՊԵՆ կողմից, ինչպես ընթացիկ կուտակումների բացառման, այնպես էլ կուտակվածների մարման առումով:

 

7. ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

Ապօրինի ձեռնարկատիրության և ապրանքաշրջանառության կանխարգելման և հարկային դաշտ ներգրավելու նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

- ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների իրացման շրջանառությունների նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26 հոդվածով նախատեսված 50 տոկոսի չափով տուգանքի կիրառում.

- ՀՀ կառավարության 26.10.1999թ. թիվ 662 որոշման համաձայն 2002թ. մայիսի 1-ից «2000» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ՀՀ-ում արտադրված և ներմուծված ապրանքների իրացման արգելում.

-»Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների` հարկային մարմինների կողմից ոչնչացման (ապրանքային տեսքով շրջանառությունից դուրս բերման) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման կիրառում:

 

8. ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

Որպես հարկային վարչարարության բարելավման կարևորագույն խնդիր է համարվում չկատարված հարկային պարտավորությունների դիմաց հարկային մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը: Այս առումով կարևորվում է ՀՀ ՊԵՆ կողմից մշակված «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո հարկային մարմնի կողմից բռնագանձված գույքի իրացման մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով կանոնակարգվում է հարկային մարմինների կողմից հարկ վճարողների գույքի վրա արգելանք դնելն ու բռնագանձված գույքի իրացումը:

Ընդհանուր առմամբ, ներկայացված միջոցառումները ՀՀ ՊԵՆ-ին հնարավորություն կտան 2002թ. ընթացքում բարձրացնել պետական եկամուտների հավաքագրմանն առնչվող վարչարարական խնդիրների կատարելագործման և բարելավման մակարդակը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.07.2002
N 28
Արձանագրային որոշում