Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

12 հուլիսի 2023 թվականի N 28-Լ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կանոնադրությունը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի օգոստոսի 21-ից:

 

    ՆԱԽԱՐԱՐ                                ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի հուլիսի 12-ի

N 28-Լ հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա մարմին է:

2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Կոմիտեն գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Կոմիտեի անվանումն է`

1) հայերեն` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե,

2) ռուսերեն` Կօմիտետ պօ վիշեմու օբռազօվանիյու ի նաուկե

3) անգլերեն` Higher Education and Science Committee,

4) ֆրանսերեն` Comite de I`Enseignement Superieur et de la Science:

5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Կոմիտեի կառուցվածքում ընդգրկված են Կոմիտեի նախագահի (այսուհետ` Նախագահ), Նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի, Նախագահի օգնականի պաշտոնները և կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Կոմիտեի գտնվելու վայրն է` 0028, ք. Երևան, Օրբելի եղբայրների 22:

 

2. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Կոմիտեի նպատակներն են`

1) ապահովել մասնակցությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտների ռազմավարական պլանավորմանն ու քաղաքականության մշակմանը.

2) ապահովել բարձրագույն կրթության և գիտության ոլորտների ծրագրերի իրականացումը և գնահատումը, ինչպես նաև ուսանողներին աջակցության ցուցաբերումը.

3) բարձրագույն կրթության և գիտության ոլորտների գործունեության կարգավորումը և որակի ապահովման ու կատարելագործման արդյունավետ իրավական հենքի ստեղծումը.

4) բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բնականոն գործունեության ու առաջանցիկ զարգացման ապահովումը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության, մրցունակության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.

5) մարդու և քաղաքացու` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի ապահովումը.

6) եվրոպական և օտարերկրյա այլ պետություններում Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակավորման աստիճանների համեմատելիությունը և դիպլոմների, դրանց ներդիրների ճանաչելիությունն ապահովելը.

7) ուսանողների միջազգային շարժունությանը նպաստելը.

8) բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունը և ինքնավարությունը խթանելն ու զարգացնելը.

9) գիտական աստիճանաշնորհման համակարգի աշխատանքի կազմակերպումը.

10) գիտական և գիտակրթական կադրերի որակավորման գործընթացին աջակցումը.

11) Հայաստանի Հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի պահպանումը և զարգացումը, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորումը.

12) գիտության, կրթության և արտադրության ոլորտների արդյունավետ փոխգործակցությանն ու ինտեգրմանը նպաստելը:

10. Կոմիտեի խնդիրներն են`

1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումների իրականացումը.

2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի զարգացման ապահովումը.

3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բովանդակային հենքի ու կրթական գործընթացի բարելավմանը, արդիականացմանը և որակի ապահովմանը նպաստումը.

4) միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանը և դրա ինտեգրմանը նպաստումը, մասնավորապես, եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման ապահովումը.

5) բարձրագույն ուսումնական հաստատությունների թափանցիկության, հաշվետվողականության, արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

6) բարձրագույն կրթության և գիտության միջազգային տեսանելիության ու գրավչության բարձրացմանը, միջազգայնացմանը խթանող միջավայրի ձևավորման աջակցումը.

7) բարձրագույն կրթության հասանելիության և մատչելիության ապահովումը.

8) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և գիտության ոլորտների զարգացման երկարաժամկետ և միջնաժամկետ պետական ծրագրերի մշակման և դրանց գնահատման ապահովումը.

9) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի (այսուհետ` ՈԱՇ) մշտադիտարկումը, վերանայումը և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի համընդհանուր շրջանակի հետ համադրելիության ապահովումը, նոր որակավորումների սահմանումն ու ներառումը ՈԱՇ.

10) ՈԱՇ-ի ինքնահավաստագրման գործընթացի համակարգումը.

11) գիտական աստիճանաշնորհման համակարգի պետական չափանիշների մշակումը և պահպանումը.

12) գիտական և գիտակրթական կադրերի որակավորման պետական չափանիշների մշակումը և վերահսկումը.

13) գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծումը, դրանց աշխատանքի կազմակերպումն ու վերահսկումը.

14) գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման, ինչպես նաև ատեստավորման արդյունավետ համակարգի մշակումը և վերահսկումը.

15) գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի ժամանակակից ենթակառուցվածքի ու տեղեկատվական համակարգի ձևավորմանն ու զարգացմանը, միջազգային գիտատեխնիկական համակարգին ինտեգրմանն աջակցելը.

16) գիտական և գիտատեխնիկական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

17) տնտեսության պահանջներից բխող, ինչպես նաև երկակի նշանակության բարձր տեխնոլոգիական մրցունակ արտադրանքի ստեղծմանն աջակցելը,

18) բաց գիտության և բաց նորարարության սկզբունքների մշակումը և ներդրումը.

19) գիտության համակարգի գործունեության որակի և արդյունավետության մշտադիտարկումը.

20) գիտական կամ գիտատեխնիկական արդյունքի առևտրայնացմանը և տնտեսության մեջ ներդրմանն աջակցելը:

 

3. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Կոմիտեի գործառույթներն են`

1) բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում կառավարության քաղաքականության մշակմանը մասնակցությունն ու բարձրագույն կրթության և գիտության ոլորտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի մշակումը.

2) ըստ մասնագիտությունների և համապատասխան կազմակերպությունների բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման տեղերի ցանկերի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

3) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման տրամադրման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

4) ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակավորումների բնութագրերի մշակումը և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) հաստատմանը ներկայացնելը.

5) կրթական ծրագրերի լիցենզավորման կարգի մշակման աշխատանքներին մասնակցությունը.

6) ըստ հիմնական կրթական ծրագրերի` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձևերի և դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

7) բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության կարգի և գիտելիքների գնահատման միասնական համակարգի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

8) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների շարժունության կարգի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

9) բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

10) բարձրագույն կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման կարգի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

11) հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով ուսուցման կարգերի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

12) բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների պետական հավատարմագրման կարգի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

13) մասնագետների պատրաստման, գիտական և գիտամանկավարժական աշխատողների որակավորման բարձրացման և վերապատրաստման, պետական բյուջեից գիտության զարգացմանն ուղղված ֆինանսավորման ծավալների մասին առաջարկությունների ձևավորմանը մասնակցությունը.

14) բարձրագույն ուսումնական հաստատություններում պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող ոլորտների մասնագիտությունների ցանկի ու տեղերի ձևավորումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը, ինչպես նաև սահմանված կարգով ուսանողների նպաստի փոխհատուցման ապահովելը.

15) երկրորդ մասնագիտություն ստանալու կարգի մշակումը և Նախարարի հաստատմանը ներկայացնելը.

16) ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ընդունելության կարգի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

17) բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության և մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության ու ուսուցման կարգերի մշակումը և Նախարարի հաստատմանը ներկայացնելը.

18) ասպիրանտուրայի ընդունելության և ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

19) ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

20) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման կարգի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

21) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձևերի և դրանց համապատասխան տրվող որակավորումների ընդհանրական բնութագրերի և ցանկերի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

22) հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով ուսուցում չթույլատրվող մասնագիտությունների ցանկերի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

23) ֆինանսական միջոցների տրամադրման կարգի, ներառյալ` ուսման վարձը փոխհատուցելու (լրիվ կամ մասնակի (զեղչ)), կրթաթոշակ սահմանելու, ուսումնական վարկ ստանալու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

24) ուսման վարձի առավելագույն չափը` ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

25) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի մշակումը և Նախարարի հաստատմանը ներկայացնելը.

26) միջին որակական գնահատականի հաշվարկման մեթոդաբանության մշակումը և Նախարարի հաստատմանը ներկայացնելը.

27) բարձրագույն ուսումնական հաստատություններում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում ուսումնական հաստատության որակի գնահատում կամ հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգի մշակումը և Նախարարի հաստատմանը ներկայացնելը.

28) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ավարտական, ինչպես նաև գիտական աստիճաններին և կոչումներին վերաբերող փաստաթղթերի ձևերի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

29) օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման կարգի մշակումը և Նախարարի հաստատմանը ներկայացնելը.

30) գիտության ոլորտի կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի մշակումը.

31) գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաև միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրերի մշակումն ու դրանց իրականացման կազմակերպումը.

32) գիտական և գիտատեխնիկական ներուժի կառուցվածքի բարելավման ու օգտագործման արդյունավետության բարձրացման ծրագրերի մշակումը, գիտական կադրերի պատրաստման նպատակով ուսումնասիրությունների իրականացումը և պետական պատվերի ձևավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

33) գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների վերաբերյալ առաջարկությունների մշակումը և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

34) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը մասնակցությունը.

35) փորձաքննության բնագավառի իրավական ակտերի նախագծերի մշակումը.

36) փորձաքննության կազմակերպիչներին և փորձագետներին առաջադրվող պահանջների սահմանումը.

37) փորձաքննության բնագավառում պետական հավատարմագրման կարգի և չափանիշների մշակումը.

38) պետական փորձաքննության մեթոդական և կազմակերպատեխնիկական հիմքերի մշակումն ու հաստատումը.

39) փորձաքննության բնագավառում միջազգային համագործակցության պայմանագրերի կնքումը.

40) գիտության, կրթության և արտադրության ինտեգրմանն ուղղված գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացման կազմակերպումը.

41) բարձրագույն կրթության և գիտության ոլորտներին առնչվող միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը սահմանված կարգով մասնակցությունը.

42) օտարերկրյա պետությունների, այդ թվում` Սփյուռքի գիտնականների ներուժի ներգրավմանն ուղղված ծրագրերի մշակումը և իրականացումը.

43) իր իրավասության սահմաններում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բյուջետային գործընթացի իրականացումը.

44) Ռազմարդյունաբերական կոմիտեի և համապատասխան պետական մարմինների հետ համատեղ ռազմատեխնիկական ծրագրերի մշակման, փորձաքննության և մշտադիտարկման իրականացման կազմակերպումը.

45) գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգի վարման կարգի մշակումն ու հաստատումը, դրա հիման վրա գիտական կամ գիտատեխնիկական արդյունքների վերաբերյալ տվյալների հավաքագրման, գիտաչափական վերլուծության, հաշվառման ամբողջական համակարգի ձևավորման և վարման իրականացումը.

46) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրումը և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա սահմանված կարգով վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.

47) գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծման ապահովումը և դրանց աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև գիտական աստիճանների և կոչումների շնորհման կարգերի ու չափանիշների մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

48) գիտական աստիճաններ և գիտական կոչումներ շնորհող գիտական մասնագիտությունների անվանացանկի կազմումը և Նախարարի հաստատմանը ներկայացնելը.

49) գիտական աստիճանների հաստատումը և համապատասխան դիպլոմներով ամրագրումը` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները և որակավորման գործի ուսումնասիրությունը.

50) գիտական կոչումների հաստատումը և համապատասխան դիպլոմներով ամրագրումը` հիմք ընդունելով բուհերի և գիտական կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների որոշումներն ու որակավորման գործի ուսումնասիրությունը.

51) նախկին ԽՍՀՄ գիտական աստիճանի վկայագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրերի հանձնումը.

52) օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցնելու մասին Նախարարին եզրակացության ներկայացնելը.

53) օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ համագործակցելը.

54) ատենախոսությունների և սեղմագրերի պահպանման և տեղեկագրերի հրատարակման կազմակերպումը.

55) գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգի մշակումը և Նախարարի հաստատմանը ներկայացնելը.

56) ատենախոսությունների արդյունքներն ու դրույթները հրապարակելու համար սահմանվող գիտական պարբերականների ցուցակում ընդգրկվելու չափանիշների մշակումը և Նախարարի հաստատմանը ներկայացնելը.

57) Կոմիտեի տեղեկատվության քաղաքականության և հանրային կապերի ու հանրայնացման ծրագրերի կազմակերպումն ու իրականացումը.

58) իր կանոնադրական գործառույթներն ապահովելու նպատակով մասնագիտական փորձագիտական խորհուրդների, մրցութային հանձնաժողովների, աշխատանքային խմբերի ստեղծումը, ինչպես նաև մասնագիտական և խորհրդակցական մարմինների ձևավորումը և դրանց աշխատակարգի և անվանական կազմի հաստատումը:

 

4. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Կոմիտեի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ` Նախարար):

13. Նախարարը`

1) հաստատում է Կոմիտեի կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

2) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է Կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները.

3) իրականացնում է Կոմիտեի գործունեության վերահսկողությունը.

4) լսում է Կոմիտեի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

5) վերահսկողություն է իրականացնում Կոմիտեին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

14. Կոմիտեն ղեկավարում է Նախագահը:

15. Նախագահին անմիջականորեն հաշվետու են Նախագահի տեղակալները, գլխավոր քարտուղարը, Նախագահի օգնականները, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների, հիմնարկների ղեկավարները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

16. Նախագահին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

17. Նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, վարչապետին և Նախարարին:

18. Նախագահը`

1) պատասխանատու է Կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իր իրավասության շրջանակներում ստորագրում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներին առնչվող միջազգային համագործակցության փաստաթղթեր.

4) իրականացնում է Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը.

5) օրենքով կամ Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է Կոմիտեի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

6) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

7) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

11) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

12) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

19. Նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Նախագահի տեղակալը:

20. Կոմիտեի հաստիքացուցակը Նախագահի առաջարկությամբ հաստատում է Նախարարը:

21. Նախագահի տեղակալը`

1) գործում է Նախագահից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքներն (գործունեությունը) իրեն հանձնարարված ոլորտում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակայությանը հանձնված կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է Նախագահի հանձնարարականները, ապահովում է Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կողմից Նախագահի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով Նախագահին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Նախագահին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է Նախագահի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

22. Կոմիտեն իր իրավասության սահմաններում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ է ձեռք բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

23. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է Կոմիտեի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

24. Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն անմիջականորեն հաշվետու են գլխավոր քարտուղարին:

25. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում պետությանն իր մեղքով պատճառած վնասի համար: Գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար: Գլխավոր քարտուղարի լիազորությունները դադարեցնող անձը պարտավոր է լուծել նաև նրա` պետությանը պատճառած վնասի հատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով պետությանը պատճառած վնասը հատուցում է սույն մասի պահանջը խախտած անձը:

26. Գլխավոր քարտուղարը`

1) առանց լիազորագրի` «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Կոմիտեին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) ապահովում է քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

4) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է Կոմիտեի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) Նախագահին է ներկայացնում Կոմիտեի հաշվեկշիռը.

6) Նախագահին է ներկայացնում առաջարկություններ Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

7) Նախագահին է ներկայացնում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.

8) իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է Նախագահի տեղակալների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

9) իր լիազորությունների շրջանակներում Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա պետական մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է Նախագահի հանձնարարականները կամ իր լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով Նախագահին.

10) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մշակված, ինչպես նաև իր և (կամ) Նախագահի և (կամ) Նախագահի տեղակալների անունից մշակված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

11) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական իրավական ակտեր, տալիս հանձնարարականներ:

27. Նախագահի օգնականը`

1) համաձայնեցնելով Նախագահի հետ` կազմակերպում է Նախագահի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում Նախագահին.

2) կազմակերպում է Նախագահի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

3) համագործակցելով Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` Նախագահի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

4) կատարում է Նախագահի կողմից տրված այլ հանձնարարականներ:

 

5. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

28. Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) Բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչությունը,

2) Փորձաքննության և վերլուծությունների վարչությունը,

3) Ծրագրերի իրականացման վարչությունը:

29. Կոմիտեին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) Բյուջետավորման և գնումների բաժինը,

2) Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժինը,

3) Հանրային կապերի և տեղեկատվության բաժինը,

4) Անձնակազմի կառավարման բաժինը,

5) Քարտուղարությունը:

30. Սահմանել, որ Քարտուղարությունը գործում է բաժնի կարգավիճակով:

31. Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է Նախագահը` հաստատելով դրանց կանոնադրությունները:

 

6. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՒՅՔԸ

 

32. Կոմիտեն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

33. Կոմիտեի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Կոմիտեի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

34. Կոմիտեին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

35. Կոմիտեն տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

36. Կոմիտեի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

7. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

37. Կոմիտեն վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

38. Կոմիտեի ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման` օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

39. Կոմիտեն ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:

40. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
12.07.2023
N 28-Լ
Հրաման