ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Դատական վարույթի հրապարակայնությունը
1. Դատարանում գործը քննվում է դռնբաց դատական նիստում:
2. Վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ` առևտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը վարչական դատավարության մասնակցի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում:
3. Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու հարցը լուծվում է դռնփակ:
4. Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու մասին դատարանը կայացնում է որոշում:
5. Դռնփակ դատական նիստում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ: Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական նիստին իրավունք ունեն ներկա լինելու դատական նիստերի քարտուղարը, վարչական դատավարության մասնակիցները, նրանց ներկայացուցիչները, դատական կարգադրիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վկան, փորձագետը և թարգմանիչը: Նշված անձինք դատարանի կողմից ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները հրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:
6. Գործը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է դատական ակտի եզրափակիչ մասը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք: Դատական ակտի` օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող եզրափակիչ մասը հրապարակվում է դռնփակ նիստում:
7. Գործը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ դռնփակ նիստում քննելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է դռնփակ:»:
Հոդված 4. Օրենսգրքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Վարչական դատավարության լեզուն
1. Հայաստանի Հանրապետությունում վարչական դատավարության լեզուն հայերենն է:
2. Դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացվում են հայերեն կամ այլ լեզվով` հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
3. Կողմը, նրա ներկայացուցիչը, կողմի նախաձեռնությամբ նշանակված փորձագետը կամ կողմի միջնորդությամբ հրավիրված վկան իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե կողմն ապահովում է հայերեն թարգմանությունը: Դատավորը, կողմերը, վկաները, փորձագետները, ներկայացուցիչներն իրավունք չունեն ստանձնելու թարգմանչի պարտականություններ, անգամ եթե նրանք տիրապետում են թարգմանության համար անհրաժեշտ լեզվին:
4. Վարչական դատավարության մասնակցին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին, նրա միջնորդությամբ հրավիրված վկային դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չունի հայերեն հաղորդակցվելու հնարավորություն, և նա ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
5. Թարգմանիչն իրավունք ունի հարցեր տալու թարգմանության ճշգրտման համար, ծանոթանալու դատական նիստերի կամ առանձին դատավարական գործողությունների արձանագրությանը և դիտողություններ անելու թարգմանության ճիշտ արձանագրման կապակցությամբ:
6. Թարգմանիչը նախազգուշացվում է ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ դատարանը թարգմանչից ստորագրություն է վերցնում:
7. Լսողական կամ խոսակցական սահմանափակումներ ունեցող անձինք, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, ապահովվում են գործի նյութերին ծանոթանալու, սույն օրենսգրքով սահմանված այլ իրավունքներից օգտվելու և պարտականություններ կրելու հնարավորությամբ` սուրդոթարգմանչի միջոցով:
8. Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող վարչական դատավարության մասնակիցն ունի պետական միջոցների հաշվին օգնականի իրավունք, եթե ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի օգնական ունենալու համար:
9. Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն առաջանալիս սույն հոդվածի 4-րդ, 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված դեպքերում դատարանի որոշման հիման վրա թարգմանիչ, սուրդոթարգմանիչ կամ օգնական նշանակելու կարգը, թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ օգնականի վարձատրության չափը և կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:»:
Հոդված 5. Օրենսգրքի 12-րդ հոդվածում`
1) 3-5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննվում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների մեծամասնությունը:
4. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների մեծամասնությամբ:
5. Գործի կոլեգիալ քննության ժամանակ դատավորն իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-8-րդ մասերով.
«6. Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում: Հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին:
7. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասին:
8. Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հետ միաժամանակ:»:
Հոդված 6. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 64.1-ին հոդվածի 1-ին մասում «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհուրդը» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91-րդ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 71-րդ» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ` կցելով այդ գործով դատական ակտը և մեջբերելով դրա հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտի միևնույն նորմի իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով վճռաբեկ դատարանի դատական ակտը և մեջբերելով դրա հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ.
3) բողոքարկվող դատական ակտում դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
3. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոքը բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտմամբ խաթարվել են արդարադատության բուն էությունը, ինչպես նաև նոր կամ նոր երևան եկած հանգամանքի առկայությունը:»:
Հոդված 10. Օրենսգրքի 161-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 161. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը
1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.
2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
3. Սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե`
1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
2) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով` դատական սխալ են համարվում սույն օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված դեպքերը:
5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում:
6. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց այն կայացնելու պահից երկշաբաթյա ժամկետում:
7. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում վճռաբեկ դատարանն իր որոշմամբ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել դատական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 11. Օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասում «1-4-րդ» բառերը փոխարինել «1-ին և 2-րդ» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 170-րդ հոդվածի 4-րդ մասում «նիստին ներկա դատավորների ձայների մեծամասնությամբ» բառերը փոխարինել «վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ» բառերով:
Հոդված 13. Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.
4) Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության` տվյալ գործով արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտման համար:»:
Հոդված 14. Օրենսգրքի 31.1-ին գլուխն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 29 Երևան ՀՕ-212-Ն
|