30.07.2011 - 30.07.2015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
5 մայիսի 1998 թ.
i
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. |
Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում |
Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է`
ա) Հայաստանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների և դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի, տարաբնակեցման հասարակարգերի ձևավորման, տարածքների կայուն զարգացման և դրանց նպատակային օգտագործման ուղղությունների և գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեսման, ծրագրման և նախագծման բոլոր տեսակները.
i
բ) շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները.
գ) շենքերի, շինությունների շահագործումը` իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
(2-րդ հոդ. փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն, 08.07.05 ՀՕ-167-Ն օրենքներ)
Հոդված 3. |
Քաղաքաշինական գործունեության օբյեկտները |
Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ են`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքը.
բ) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների տարածքները.
գ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերը, դրանց առանձին թաղամասերը և գոտիները, ինչպես նաև հերթափոխային, արշավախմբային, պաշտպանական նշանակության, մաքսային սպասարկման, այգեգործական, ամառանոցային և այլ գործառական տարածքները.
դ) արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական, էներգետիկ, գիտատեխնիկական համալիրները և հանգույցները.
ե) քաղաքաշինական, ճարտարապետական, լանդշաֆտային համալիրները, հանգստի և ժամանցի գոտիները, առողջավայրերը, ջրատարածքները, արգելոցները, հատուկ պահպանության գոտիները, դրանց համակարգերը և բաղկացուցիչ մասերը.
զ) առանձին հողակտորները, շենքերը, շինությունները, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները.
է) ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքները.
ը) քաղաքաշինական փաստաթղթերը:
Սույն հոդվածի «ա»-«է» կետերում նշված օբյեկտների սահմանները որոշվում և փոփոխվում են օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
(3-րդ հոդ. փոփ. 23.06.11 ՀՕ-226-Ն օրենք)
Հոդված 4. |
Քաղաքաշինության գործունեության սուբյեկտները |
Քաղաքաշինության գործունեության սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները, որոնք կարող են հանդես գալ որպես քաղաքաշինական գործունեության մասնակիցներ (կառուցապատողներ, քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներ, շինարարություն իրականացնողներ, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողներ և այլն):
Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով:
(4-րդ հոդ. փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն օրենք)
ԳԼՈՒԽ II
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 5. |
Քաղաքաշինության բնագավառում անշարժ գույքի նկատմամբ իրավազորությունները |
(5-րդ հոդ. ուժը կորցրել է 23.01.2003 թվականից` 11.12.02 ՀՕ-494-Ն օրենք)
ԳԼՈՒԽ III
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
i
Հոդված 6. |
Կառուցապատողի իրավունքները և պարտականությունները |
Անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող (այսուհետ` կառուցապատող):
Քաղաքաշինական գործունեության օբյեկտի սեփականատերն իրեն պատկանող օբյեկտը կարող է օգտագործել միայն ըստ նպատակային նշանակության: Սեփականատերն ապահովում է քաղաքաշինական օբյեկտի շահագործման որակական վիճակը նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
Կառուցապատողներն իրավունք ունեն`
ա) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան ընտրել քաղաքաշինական գործունեության օբյեկտները, որոշել ներդրումների չափերը, պայմանագրային հիմունքներով ներգրավել օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներին և շինարարություն իրականացնողներին.
բ) քաղաքաշինական փաստաթղթերում կատարել փոփոխություններ` ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տեխնիկական պայմանների, հեղինակային իրավունքի նորմերը պահպանելու պայմանով` այնպիսի աշխատանքներ իրականացնելու համար, որոնք սույն օրենքի 23 հոդվածի համաձայն, չեն պահանջում շինարարության թույլտվություն.
գ) իրենց իրավունքները սահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց.
դ) դատական կարգով գանգատարկել քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները սահմանափակող գործողությունները:
Կառուցապատողները պարտավոր են`
ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա.
բ) մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ.
գ) քաղաքաշինական գործունեություն (բացառությամբ սույն օրենքի 23 հոդվածով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան.
դ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք, այդ թվում` ինժեներական ենթակառուցվածքների նախագծման տեխնիկական պայմաններ ստանալ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններից.
ե) («ե» կետն ուժը կորցրել է 08.06.2009 թվականից` 23.06.11 ՀՕ-226-Ն օրենք)
i
զ) ապահովել իրենց քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Նախագծային փաստաթղթերը մշակողը կարող է դրանք ներկայացնել համապատասխան լիցենզիա ունեցող անձի փորձաքննությանը, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով:
Օբյեկտի փորձաքննության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհակասելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկապես ոչ բարդ և փոքրածավալ օբյեկտների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը, կառուցապատողի և քաղաքաշինական փաստաթղթեր մշակողի փոխադարձ համաձայնությամբ, կարող է փոխարինվել նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ: Քաղաքաշինական փաստաթղթերի մշակմանը մասնակցած նախագծային կազմակերպությունները կամ անձինք չեն կարող կատարել կամ ներգրավվել իրենց մշակած նախագծերի փորձաքննությանը.
է) ապահովել քաղաքաշինական նախագծային փաստաթղթերի շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցումը` սույն օրենքով սահմանված կարգով.
ը) պահպանել հեղինակային իրավունքի նորմերը, ապահովել քաղաքաշինական օբյեկտի նախագծի գործնական իրականացման ընթացքում հեղինակային հսկողությունը` օրենքով սահմանված կարգով, եթե նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Նախագծի գործնական իրականացման ընթացքում հեղինակի մասնակցության կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
թ) ապահովել քաղաքաշինական օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը` օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհակասելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տեխնիկապես ոչ բարդ օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը կառուցապատողի և շինարարություն իրականացնողի փոխադարձ համաձայնությամբ կարող է փոխարինվել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, հաստատված նախագծի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին շինարարական աշխատանքների համապատասխանության վերաբերյալ.
ժ) կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում և ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը:
Սույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն առաջանում, եթե իրականացվող քաղաքաշինական գործունեությունը չի պահանջում շինարարության թույլտվություն` համաձայն սույն օրենքի 23 հոդվածի:
(6-րդ հոդ. փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն, 26.12.08 ՀՕ-7-Ն, 23.06.11 ՀՕ-226-Ն օրենքներ)
Հոդված 7. |
Քաղաքաշինական գործունեության օբյեկտների սեփականատերերի իրավունքները և պարտականությունները |
(7-րդ հոդ. ուժը կորցրել է 23.01.2003 թվականից` 11.12.02 ՀՕ-494-Ն օրենք)
i
Հոդված 8. |
Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների իրավունքները և պարտականությունները |
Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային իրավունքները սահմանվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:
Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողները պարտավոր են օրենքով նախատեսված դեպքերում ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա, կատարել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման առաջադրանքների և քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները:
(8-րդ հոդ. փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն օրենք)
Հոդված 9. |
Շինարարություն իրականացնողների իրավունքները և պարտականությունները |
Շինարարություն իրականացնողներն իրավունք ունեն`
ա) հրաժարվել կառուցապատողի տրամադրած շինանյութերը, շինվածքները, կոնստրուկցիաները և ինժեներական սարքավորումներն օգտագործելուց, եթե դրանք չեն համապատասխանում գործող ստանդարտներին կամ նորմատիվ պահանջներին.
բ) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ հայտնաբերելիս դադարեցնել շինարարական աշխատանքները և պահանջել նախագծային փաստաթղթերի այլընտրանքային փորձաքննություն:
Շինարարություն իրականացնողները պարտավոր են`
ա) ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա.
բ) շինարարության ընթացքում պահպանել հաստատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները.
գ) սեփական միջոցներով վերացնել պայմանագրով նախատեսված ժամկետում (բայց ոչ ուշ, քան շինարարության ավարտական ակտը ձևակերպելու օրվանից մեկ տարվա ընթացքում) հայտնաբերված թերությունները, եթե դրանք առաջացել են շինարարության ընթացքում իրենց թույլ տված խախտումների հետևանքով:
ԳԼՈՒԽ IV
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
(IV գլուխը փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն օրենք)
i
Հոդված 10. |
Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը քաղաքաշինության բնագավառում`
ա) ապահովում է պետական քաղաքականության իրականացումը.
բ) սահմանում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը.
i
գ) հաստատում է բնագավառի քաղաքաշինական և տարածքային զարգացման հանրապետական և մարզային պետական ծրագրերը.
i
դ) հաստատում է օրենքի 17-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» և «բ» կետերով սահմանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված դեպքերում` նաև այլ քաղաքաշինական փաստաթղթերը.
ե) մշակում է քաղաքաշինական գործունեության տնտեսական խրախուսման քաղաքականությունը և իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում.
զ) ապահովում է հաշմանդամների համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներից անարգել օգտվելու` օրենքից բխող պահանջների իրականացումը.
է) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
(10-րդ հոդ. փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն, 08.07.05 ՀՕ-167-Ն օրենքներ)
i
Հոդված 10.1. |
Քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասությունը |
Քաղաքաշինության բնագավառի կառավարման պետական լիազորված մարմինը`
ա) մշակում է քաղաքաշինության բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթները, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում պետական ծրագրերի նախագծեր, որոնց հաստատումից հետո իր լիազորությունների շրջանակներում վերահսկում է դրանց իրականացումը.
բ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծեր.
գ) օրենքով սահմանված կարգով ընդունում և հաշվառում է քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը (բացի ազգային ստանդարտներից).
դ) ապահովում է օրենքի 17-րդ հոդվածի չորրորդ մասի «ա»-«բ» կետերով սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակումը և այդ նախագծերի հաստատումից հետո` դրանց իրականացման վերահսկողությունը.
ե) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման և գործունեության կարգի վերաբերյալ առաջարկություններ.
զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումն ու կադաստրային ամփոփումը, քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը.
է) օրենքով սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունը.
ը) օրենքով սահմանված կարգով իրականացնում է քաղաքաշինական գործունեության լիցենզավորումը.
թ) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքների և բնակավայրերի կայուն զարգացման ռազմավարության մշակումը.
ժ) օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է Հայաստանի Հանրապետության հողային պաշարների պետական կառավարումը.
ժա) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառի գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի մշակումը, տեխնիկական քաղաքականության վարումը և այդ աշխատանքների համակարգումը.
ժբ) մասնակցում է հանրապետության սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման, ինչպես նաև ճյուղային պետական նպատակային ծրագրերի մշակմանը` քաղաքաշինության բնագավառին առնչվող մասով.
ժգ) իրականացնում է օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
(10.1-ին հոդ. լրաց. 11.12.02 ՀՕ-494-Ն, 08.07.05 ՀՕ-167-Ն օրենքներ)
Հոդված 10.2. |
Քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները |
Քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
(10.2-րդ հոդ. լրաց. 11.12.02 ՀՕ-494-Ն օրենք)
ԳԼՈՒԽ V
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
i
Հոդված 11. |
Քաղաքաշինության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը |
Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն և այլ օրենքներով:
Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ընդունել համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, որը, ելնելով տեղական առանձնահատկություններից, չհակասելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի և տարածքների գոտիավորման պահանջներին, սահմանում է քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման և կառուցապատման կանոնները տվյալ համայնքում:
(11-րդ հոդ. փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն, 08.07.05 ՀՕ-167-Ն, 26.12.08 ՀՕ-7-Ն, 23.06.11 ՀՕ-226-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ VI
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
Հոդված 12. |
Քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակները |
Քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակներն են`
ա) պետության, հասարակության և քաղաքացիների շահերի փոխհամաձայնեցումը.
բ) հրապարակայնության ապահովումը, բացի օրենքով սահմանված դեպքերից.
գ) քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի լավագույն լուծումների ընտրությանն օժանդակելը:
i
Հոդված 13. |
Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչների իրավունքները |
Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչներն իրավունք ունեն`
ա) ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին.
բ) մինչև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի հաստատումը` մասնակցել դրանց քննարկումներին, ներկայացնել իրավական և նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր և ծրագրեր.
գ) հրապարակված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը սեփական միջոցներով ենթարկել անկախ փորձաքննության.
դ) դատական կարգով գանգատարկել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունը:
Հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 14. |
Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկելը |
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումներով, հասարակական քննարկումներով, ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով իրազեկել ֆիզիկական և իրավաբանական անձանց կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտիավորման և քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին:
(14-րդ հոդ. փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն օրենք)
ԳԼՈՒԽ VI.I
ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄԸ
(VI.I գլուխը լրաց. 11.12.02 ՀՕ-494-Ն օրենք)
i
Հոդված 14.1. |
Տարածքների գոտիավորման սկզբունքները |
Տարածքների գոտիավորումը (այսուհետ` գոտիավորում) սահմանում է համայնքի կամ դրա առանձին հատվածների տարածքների, հողամասերի և այլ անշարժ գույքի օգտագործման պարտադիր պահանջները, դրանց իրավական ռեժիմին, նպատակային ու գործառական նշանակությանը, թույլատրված օգտագործումներին համապատասխան:
Գոտիավորմամբ սահմանված պահանջները տարածվում են անշարժ գույքի բոլոր օբյեկտների վրա և պահպանում են իրենց ուժը սեփականատերերի կամ օգտագործողների փոփոխման դեպքում:
Պետական և համայնքային սեփականության հողամասերի օտարումը և օգտագործման տրամադրումը, հասարակության կամ պետական կարիքների համար գույքի օտարումը, ինչպես նաև հողամասերի կառուցապատումը, ճարտարապետահատակագծային առաջադրանքում, շինարարության և քանդման թույլտվություններում քաղաքաշինական սահմանափակումների ու սերվիտուտների և այլ պարտադիր պահանջների սահմանումն իրականացվում են գոտիավորմամբ սահմանված նորմերի հիման վրա` հողամասերի նպատակային ու գործառնական նշանակությանը, դրանց օգտագործման իրավական ռեժիմին և թույլատրված օգտագործումներին (կառուցապատումներին) համապատասխան:
Գոտիավորմամբ սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեությունն արգելվում է:
Գոտիավորմամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող անշարժ գույքի օբյեկտների նկատմամբ քաղաքաշինական գործունեություն կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ դրա արդյունքում նվազում կամ վերանում է այդ անհամապատասխանությունը:
(14.1-ին հոդ. լրաց. 11.12.02 ՀՕ-494-Ն, 23.06.11 ՀՕ-226-Ն օրենքներ)
Հոդված 14.2. |
Գոտիավորման տեսակները |
Գոտիավորումն իրականացվում է հիմնական (բազային) և օժանդակ գոտիների առանձնացման սկզբունքով:
Հիմնական են համարվում`
ա) գոտիավորումը` ըստ հողերի նպատակային նշանակության.
բ) գոտիավորումը` ըստ քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումների:
Օժանդակ են համարվում`
ա) գոտիավորումը` ըստ գործառական նշանակության, հողատեսքերի և թույլատրված օգտագործումների` գոտու տարածքի ընդհանուր մակերեսի նկատմամբ դրանց սահմանային չափաբաժինների ամրագրմամբ.
բ) ծավալատարածական գոտիավորումը` ըստ կառուցապատման չափորոշիչների, որոնք սահմանում են կառուցապատման բնույթն ու օգտագործման աստիճանն արտահայտող համակողմանի ցուցանիշներ (կառուցապատման խտություն, շենքերի ու շինությունների բարձրություն, կառուցապատված, կանաչապատ մակերեսների հարաբերակցություն և այլն)` տվյալ գոտու տարածքի համար թույլատրելի չափաբաժիններով:
Հիմնական (բազային) գոտիավորմամբ սահմանված պահանջները չեն կարող հակասել քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով սահմանված պահանջներին, հատուկ պահպանվող տարածքների, հատուկ նշանակության հողերի, անտառային ու ջրային հողերի օգտագործման ռեժիմներին, այլ նպատակային նշանակության հողերի օգտագործման սահմանափակումներին:
Օժանդակ գոտիավորմամբ սահմանված պահանջները չեն կարող հակասել համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերով սահմանված հիմնական (բազային) գոտիավորման պահանջներին:
(14.2-րդ հոդ. լրաց. 11.12.02 ՀՕ-494-Ն, 23.06.11 ՀՕ-226-Ն օրենք)
i
Հոդված 14.3. |
Քաղաքաշինական գործունեության կանոնակարգումը համայնքի վարչական սահմաններում |
1. Համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է սույն օրենքով և այլ օրենքներով պարտադիր մշակման ենթակա քաղաքաշինական ծրագրային երկու փաստաթղթերով` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով և քաղաքաշինական գոտիավորման նախագծով:
2. Համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ) համայնքի տարածական զարգացման հիմնադրույթներն ամրագրող ռազմավարական բնույթի փաստաթուղթ է, որը հիմնական (բազային) գոտիավորմամբ սահմանում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի նպատակային և գործառնական նշանակությունը, դրանց օգտագործման ռեժիմներն ու պարտադիր պահանջները, ինչպես նաև տարածքների կառուցապատման առաջնահերթ, միջնաժամկետ և հեռանկարային փուլերը` քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումը կանոնակարգելու և արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով:
3. Գլխավոր հատակագծով տարածքային ռեսուրսների ու կառուցապատման փաստացի վիճակի վերլուծության և համալիր գնահատականի հիման վրա սահմանվում են համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները, ամրագրվում են սոցիալական, մշակութային, արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների տեղադրման ու զարգացման փոխկապակցված լուծումները, ինչպես նաև բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության, լանդշաֆտների, բնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման միջոցառումները` պաշարների կայուն և արդյունավետ օգտագործման պայմանների պարտադիր ապահովմամբ:
4. Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների համար մշակվում է պարզեցված գլխավոր հատակագիծ, որը սահմանում է նվազագույն պարտադիր պահանջներ` մարդկանց անվտանգության, շենքերի, շինությունների, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կայունության ու երաշխավորված շահագործման, քաղաքաշինական և բնական միջավայրերի միջև ներդաշնակության ապահովման համար:
5. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը (այդ թվում` վերջիններիս կազմում մշակվող` հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները և նախագծման առաջադրանքը) համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:
6. Մինչև համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը և նախագծման առաջադրանքները ենթակա են դրանց մշակմանն առնչվող պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցման (այսուհետ` շահագրգիռ մարմիններ)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
7. Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակմանն աջակցելու և գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով քաղաքաշինության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնում ստեղծվում է համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով)` պետական կառավարման շահագրգիռ մարմինների ներգրավմամբ: Միջգերատեսչական հանձնաժողովն ապահովում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կազմում ներառված դրույթների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին` պետական կառավարման շահագրգիռ մարմինների կանոնադրական նպատակներին և խնդիրներին առնչվող մասով:
8. Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը և դրանց նախագծման առաջադրանքները համայնքի ղեկավարի ներկայացմամբ քննարկվում են հանձնաժողովի նիստում և կարող են հաստատվել համայնքի ավագանու կողմից միայն միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Առանց միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը և (կամ) դրանց փոփոխություններն առ ոչինչ են:
9. Համայնքի ավագանին, հաստատելով գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերը, միաժամանակ իրավունք է ստանում փոխելու հողամասերի նպատակային նշանակությունը` գլխավոր հատակագծով սահմանված ծավալով ու փուլերով:
10. Համայնքի սեփականություն համարվող հողամասերը օտարվում կամ օգտագործման են տրամադրվում համայնքի ավագանու հաստատած ամենամյա և քառամյա ծրագրերին համապատասխան:
11. Համայնքի ղեկավարը իր իրավասությունների սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, սույն հոդվածի իններորդ մասի համաձայն, նպատակային նշանակությունը փոփոխած հողամասերը կարող է տրամադրել սեփականության կամ օգտագործման իրավունքով, ինչպես նաև տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանքներ` քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար:
12. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված` հողամասի սեփականատիրոջ դիմումի համաձայն համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասը և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելու պահից: Հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պարտադիր ենթակա են պետական գրանցման: Հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխությունների մասին համայնքի ղեկավարը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմնին և քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին` կցելով այդ փոփոխությունները հաստատելու մասին համապատասխան որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը: Սույն մասին համապատասխան` պետական գրանցում չունեցող հողամասերում նախատեսվող օբյեկտի համար շինարարության թույլտվություն չի տրվում:
13. Մինչև սույն հոդվածի տասներկուերորդ մասով սահմանված համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելը հողամասը դրա սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից կարող է օգտագործվել նախկին նպատակային կամ գործառնական նշանակությամբ:
14. Սույն հոդվածի տասներկուերորդ մասի համաձայն` հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկվում են համայնքի, մարզի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի, մարզի հողային հաշվեկշռում:
15. Համայնքների հաստատված, այդ թվում` սույն օրենքի 30 հոդվածի երրորդ մասով սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի փոփոխությունները (ներառյալ` կառուցապատման փուլերը) կատարվում են այդ փաստաթղթերի հաստատման համար սույն օրենքով և սույն օրենքի կիրարկումն ապահովող օրենսդրական այլ ակտերով նախատեսված կարգով:
16. Հաստատված գլխավոր հատակագծեր ունեցող համայնքներում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են բացառապես սույն օրենքով սահմանված կարգով գլխավոր հատակագծերում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով:
17. Քաղաքաշինական գոտիավորման նախագիծը (այսուհետ` գոտիավորման նախագիծ) համայնքի տարածական զարգացման մանրամասն պայմանները սահմանող գործադրական (օպերատիվ) բնույթի փաստաթուղթ է և հիմք է քաղաքաշինական նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման, շենքերի ու շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման ու շինարարության թույլտվության համար:
18. Բնակավայրերի, դրանց առանձին մասերի, բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող քաղաքաշինական նպատակներով նախատեսված կամ նախատեսվող տարածքների կառուցապատման ռեժիմները սահմանվում են գոտիավորման նախագծերով` «սահմանված գոտի - թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքով, սույն օրենքի 14.2 հոդվածով սահմանված օժանդակ գոտիավորման միջոցով` հիմք ընդունելով գլխավոր հատակագծով սահմանված հիմնական (բազային) գոտիավորումը: Ըստ առանձնացված գոտիների սահմանված քաղաքաշինական նպատակներով հողերի օգտագործման և կառուցապատման թույլատրելի տեսակներն ու պայմանները տարբերվում են մեկից մյուս գոտի անցնելիս, բայց հաստատուն են մնում նույն գոտու ներսում:
19. Գյուղական համայնքներում և մինչև տասնհինգ հազար բնակչություն ունեցող քաղաքային համայնքներում գոտիավորման նախագիծը մշակվում է բնակավայրի, ինչպես նաև բնակավայրից դուրս գտնվող կառուցապատված կամ կառուցապատման ենթակա բոլոր տարածքների համար` գլխավոր հատակագծի կազմում:
20. Տասնհինգ հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքային համայնքների (բացառությամբ Երևան քաղաքի) գլխավոր հատակագծի կազմում գոտիավորման նախագիծը մշակվում է գլխավոր հատակագծով առաջնահերթ կառուցապատման համար առանձնացված տարածքների, ինչպես նաև գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքով նախատեսված և տվյալ համայնքի առանձնահատկություններից բխող` կարևոր քաղաքաշինական հանգույցներ ներառող տարածքների համար:
Քաղաքային համայնքների այլ տարածքների համար գոտիավորման նախագծերը մշակվում են գլխավոր հատակագծով սահմանված ժամկետներում ու հերթականությամբ` որպես ինքնուրույն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, ընդ որում` դրանց մշակման ժամանակացույցը ներառվում է համայնքի քառամյա զարգացման ծրագրում:
21. Երևան քաղաքի գլխավոր հատակագծի կազմում գոտիավորման նախագծեր չեն մշակվում: Դրանք մշակվում, հաստատվում և փոփոխվում են որպես ինքնուրույն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր` սույն հոդվածի քսաներորդ մասի երկրորդ պարբերությամբ և քսաներեքերորդ մասի պահանջներին համապատասխան` սույն օրենքով սահմանված կարգով:
22. Գլխավոր հատակագծի կազմում մշակված գոտիավորման նախագիծը հաստատվում և փոփոխվում է սույն օրենքով գլխավոր հատակագծի հաստատման և (կամ) փոփոխման համար նախատեսված կարգով:
23. Որպես ինքնուրույն փաստաթուղթ` մշակված գոտիավորման նախագիծը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է ավագանին: Եթե այն պարունակում է հաստատված գլխավոր հատակագծով սահմանված պահանջների փոփոխություն, ապա համայնքի ավագանու կողմից գոտիավորման նախագիծը հաստատվում է գլխավոր հատակագծի` սույն օրենքին համապատասխան կատարված փոփոխությունները հաստատվելուց հետո:
Գոտիավորման նախագծի և դրա հաստատման մասին որոշման պատճենները եռօրյա ժամկետում ներկայացվում են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին:
24. Գլխավոր հատակագիծը և գոտիավորման նախագիծը մշակվում են համայնքի ավագանու կողմից հաստատված նախագծման առաջադրանքի հիման վրա, համայնքի ղեկավարի պատվերով` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համապատասխան լիցենզիա ունեցող անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված նախագծային կապալի պայմանագրով:
25. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական համալիր և բնապահպանական փորձաքննության:
26. Պետության կողմից համայնքներին որպես սեփականություն փոխանցված հողերի իրացումից, ինչպես նաև հողերի նպատակային նշանակության փոփոխության հետևանքով առաջացած ֆինանսական միջոցներն ամբողջ ծավալով ուղղվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր չունեցող համայնքների գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի մշակմանը:
27. Մինչև սույն օրենքի 30 հոդվածի չորրորդ մասով սահմանված ժամկետը, որպես համայնքները քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ապահովելուն ուղղված պետական խրախուսման միջոց, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով, կախված տվյալ տարվա բյուջետային հնարավորություններից, կարող են նախատեսվել պետական բյուջեի միջոցների հաշվին համաֆինանսավորում` ըստ տարիների աստիճանաբար նվազող համամասնությամբ, ինչպես նաև գլխավոր հատակագծի մշակման համար անհրաժեշտ ելակետային նյութերի (տոպոգրաֆիական հանույթներ և կադաստրային քարտեզագրման նյութեր) անվճար տրամադրում համայնքներին:
28. Համայնքի քառամյա զարգացման ծրագրում պարտադիր ներառվում են համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման (եթե համայնքը չունի սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագիծ և (կամ) գոտիավորման նախագիծ) կամ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կամ դրանց անհրաժեշտության բացակայության մասին դրույթներ:
29. Պետական կամ համայնքային նշանակության նոր ծրագրի ընդունման հետևանքով առաջ եկած պահանջի դեպքում համայնքի հաստատված գլխավոր հատակագծում և (կամ) գոտիավորման նախագծում սույն օրենքով սահմանված կարգով կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ` նշված ծրագրով այդ նպատակի համար նախատեսվող միջոցների հաշվին:
i
30. Գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի իրագործումն ապահովում է համայնքի ղեկավարը` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Համայնքի ղեկավարը կազմում և վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը (այսուհետ` ընթացիկ քարտեզ), որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման և շինարարության թույլտվությունները, ինչպես նաև գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի փոփոխությունները: Ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը կցվում է համայնքի ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերին, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը: Ընթացիկ քարտեզի փոփոխությունները կատարվում են գույքագրման փաստաթղթերի համար` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46 հոդվածի պահանջներին համապատասխան:
31. Հաստատված գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված պահանջները պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար, տարածվում են անշարժ գույքի բոլոր օբյեկտների վրա` անկախ սեփականության ձևից, սեփականատերերի կամ օգտագործողների փոփոխման դեպքում պահպանում են իրենց ուժը և հիմք են քաղաքաշինական գործունեության իրականացման, վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար:
32. Արգելվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո, առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը:
33. Գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի կազմը, բովանդակությունը, ինչպես նաև դրանց մշակման, փորձաքննության, հաստատման և փոփոխման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԻՐՏԵԿ |
Սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` 14.3-րդ հոդվածի 32-րդ մասն ուժի մեջ կմտնի 01.01.2016 թվականից: |
(14.3-րդ հոդ. լրաց. 08.07.05 ՀՕ-167-Ն, 19.05.09 ՀՕ-116-Ն, 23.06.11 ՀՕ-226-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ VII
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ, ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
i
Հոդված 15. |
Քաղաքաշինական գործունեությունը և դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համակարգը |
Քաղաքաշինական գործունեությունը և դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համակարգը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական այլ ակտերից:
Քաղաքաշինական գործունեության հետ առնչվող հողային, ջրային, անտառային, օդային տարածքների, ընդերքի օգտագործման, շրջակա միջավայրի, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, սեփականության, գույքային, ինչպես նաև հեղինակային իրավունքի իրականացման ժամանակ ծագող հարաբերությունները կարգավորվում են օրենքներով և իրավական այլ ակտերով:
(15-րդ հոդ. փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն օրենք)
i
Հոդված 16. |
Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը |
Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է հուսալիության, շրջակա միջավայրի պահպանության, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, հաշմանդամների տեղաշարժման մատչելիությունն ապահովող և այլ անհրաժեշտ նորմեր, կանոններ, ցուցանիշներ, ինչպես նաև նախագծման, իրականացման ու շահագործման ընթացքում որակի ապահովման պայմաններ` օբյեկտին, առանձին շենքին, շինությանը, կոնստրուկցիային կամ շինարարական նյութերին ներկայացվող պահանջներով:
i
Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը կազմում են քաղաքաշինական բնագավառի իրավական ակտերի համակարգի բաղկացուցիչ մասը և հիմք են ծառայում փորձաքննության, քաղաքաշինական գործունեության վերահսկողության, վիճելի հարցերի լուծման համար:
Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է քաղաքաշինական գործունեության սուբյեկտների համար:
(16-րդ հոդ. փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն օրենք)
i
Հոդված 17. |
Քաղաքաշինական փաստաթղթերը |
1. Քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են և բաժանվում են երկու խմբի` քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթեր և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր:
2. Քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթերը մշակվում են Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների, դրանց խմբերի կամ առանձին հատվածների համար:
3. Քաղաքաշինական գործունեությունը տարածական պլանավորման բնագավառում` տնտեսական, սոցիալական, մշակութային և բնապահպանական գործոնների փոխկապակցված տարածական ամրագրումն է և նպատակաուղղված է կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորմանը` քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթերում տարաբնակեցման համակարգերի, տարածքների համաչափ զարգացման և նպատակային օգտագործման հիմնական ուղղություններն ու պայմանները սահմանելու միջոցով:
4. Քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման, այսուհետ` տարածական պլանավորման) փաստաթղթեր են`
ա) Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր նախագծերը (ազգային մակարդակ).
բ) Հայաստանի Հանրապետության մարզերի (տարածքային/ռեգիոնալ մակարդակ), ինչպես նաև մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող (միկրոռեգիոնալ մակարդակ) տարածքային հատակագծման նախագծերը.
գ) Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերը (տեղական մակարդակ` տարածական պլանավորման ռազմավարական փաստաթուղթ).
դ) քաղաքաշինական գոտիավորման նախագծերը (տեղական մակարդակ` տարածական պլանավորման մանրամասն պայմանները սահմանող գործադրական (օպերատիվ) բնույթի փաստաթուղթ).
ե) բնակավայրերի պատմամշակութային հիմնավորումների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիների, բնության հատուկ պահպանվող տարածքների նախագծերը.
զ) լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն, գործառական այլ համակարգերի տարածքային կազմակերպման, ինչպես նաև արտադրական կարողությունների, ինժեներական, տրանսպորտային, կոմունալ և սոցիալական ենթակառուցվածքների տեղաբաշխման նախագծերը` հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար:
5. Սույն հոդվածի չորրորդ մասի «ա» և «բ» կետերով սահմանված փաստաթղթերի մշակումը պարտադիր է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության և մարզերի համար, «գ» կետով սահմանված փաստաթղթերինը` համայնքների համար, իսկ «դ» կետով սահմանված փաստաթղթերինը` համայնքների և համայնքների սահմաններից դուրս գտնվող կառուցապատված կամ կառուցապատման ենթակա տարածքների համար:
i
6. Սույն հոդվածի չորրորդ մասի «ե» կետով սահմանված փաստաթղթերը մշակվում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:
7. Սույն հոդվածի չորրորդ մասի «զ» կետով սահմանված փաստաթղթերը մշակվում են ըստ անհրաժեշտության և հաստատվում են պատվիրատուի կողմից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
8. Սույն հոդվածի չորրորդ մասով ներառված փաստաթղթերը կազմելիս պարտադիր կարգով հաշվի են առնվում սահմանված կարգով հաստատված տարածական պլանավորման այլ փաստաթղթերի դրույթները` կազմվող փաստաթղթին առնչվող մասով:
9. Հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի դրույթները հաշվի են առնվում ճյուղային, պետական նպատակային և համայնքային սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման ծրագրերի մշակման ընթացքում` տվյալ ծրագրին առնչվող մասով:
10. Սույն հոդվածի չորրորդ մասի «ա» և «բ» կետերով սահմանված պարտադիր մշակման ենթակա տարածական պլանավորման փաստաթղթերը մշակվում են պետական բյուջեի միջոցների հաշվին և հաստատվում են սույն օրենքի 10-րդ հոդվածի «դ» կետին համապատասխան:
11. Սույն հոդվածի չորրորդ մասի «գ» և «դ» կետերով սահմանված պարտադիր մշակման ենթակա տարածական պլանավորման փաստաթղթերը մշակվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին և հաստատվում են համայնքի ավագանու կողմից` սույն օրենքի 14.3 հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:
12. (12-րդ մասն ուժը կորցրել է 30.07.2011 թվականից` 23.06.11 ՀՕ-226-Ն օրենք)
13. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օգտագործման պայմանները չեն կարող հակասել հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պահանջներին:
14. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր են`
ա) կառուցապատման նախագծերը, ինչպես նաև քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով գործառական տարածքների հատակագծման և բարեկարգման նախագծերը.
բ) բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների կառուցման, դրանց վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման նախագծերը, ինչպես նաև ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների և դրանց մասերի նախագծերը:
15. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն), որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ:
16. (16-րդ մասն ուժը կորցրել է 30.07.2011 թվականից` 23.06.11 ՀՕ-226-Ն օրենք)
17. Նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով պատվիրատուի կողմից նախագծային փաստաթղթեր մշակողին տրվող նախագծային առաջադրանքը չի կարող հակասել ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին:
18. Ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի հետ սահմանված կարգով համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը հաստատում է քաղաքաշինական օբյեկտի սեփականատերը կամ նրա լիազորած անձը` սույն օրենքի 23 հոդվածի չորրորդ մասով սահմանված պահանջներին համապատասխան:
19. Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերը հիմք են հանդիսանում քաղաքաշինական գործունեության վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար:
20. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(17-րդ հոդ. փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն, 08.07.05 ՀՕ-167-Ն, 26.12.08 ՀՕ-7-Ն, 23.06.11 ՀՕ-226-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ VIII
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 18. |
Հողօգտագործումը քաղաքաշինական գործունեության բնագավառում |
Հողօգտագործումը քաղաքաշինական գործունեության բնագավառում իրականացվում է նպատակային` հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերին, սույն օրենքին և իրավական այլ ակտերին համապատասխան:
(18-րդ հոդ. փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն, 23.06.11 ՀՕ-226-Ն օրենքներ)
Հոդված 18.1. |
Բնակավայրերի կենսապահովման օբյեկտները |
Բնակավայրերի վերգետնյա և ստորգետնյա ինժեներական ցանցերի, կառուցվածքների ու հաղորդակցության ուղիների, կենսաապահովման գծային օբյեկտների շինարարության, վերակառուցման և շահագործման համար անհրաժեշտ հողամասերից օգտվելու իրավունքը սահմանվում է օրենքով, ինչպես նաև սերվիտուտի պայմանագրերով` նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին և հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան:
Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման նպատակով քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը (կառուցապատման ընթացակարգերը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(18.1-ին հոդ. լրաց. 11.12.02 ՀՕ-494-Ն, 23.06.11 ՀՕ-226-Ն օրենք)
i
Հոդված 19. |
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտները |
Քաղաքաշինական գործունեությունը ենթակա է հատուկ կարգավորման, եթե տարածքների կառուցապատումը, հատակագծումը, օգտագործումը, քաղաքացիների, հասարակության, պետության շահերի ապահովումն առանց օրենսդրական լրացուցիչ լուծումների դառնում է դժվար կամ անհնար:
i
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքների առանձնացումը որոշվում է` ելնելով պետության և հասարակության անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և բնապահպանական հիմնահարցերի փոխկապակցված լուծման, ազգային, պատմամշակութային, քաղաքաշինական, լանդշաֆտային և բնապատկերային արժեքների պահպանման, բնական և տեխնածին երևույթներից պաշտպանության, աղետների և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման անհրաժեշտությունից:
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները կարող են չհամընկնել վարչատարածքային միավորների սահմանների հետ:
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորումը կարող է իրականացվել հատուկ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, համաձայնեցման և հաստատման, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգեր սահմանելու միջոցով:
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ կարող են առանձնացվել`
ա) Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում.
բ) Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, ինչպես նաև ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքների տարածքներում.
գ) ազատ տնտեսական գոտիների տարածքներում.
դ) մեկից ավելի վարչատարածքային միավորների շահերին առնչվող քաղաքաշինական օբյեկտների տարածքներում.
ե) օրենքով սահմանված հատուկ նշանակության և հատուկ պահպանվող հողերի տարածքներում.
զ) օրենքով սահմանված այլ տարածքներում:
i
Սույն հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում քաղաքաշինական գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(19-րդ հոդ. փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն, 08.07.05 ՀՕ-167-Ն օրենքներ)
i
Հոդված 20. |
Պետական քաղաքաշինական կադաստրը և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը |
Պետական քաղաքաշինական կադաստրը պետական տեղեկատվական համակարգ է, որը հիմք է ծառայում պետական քաղաքաշինական քաղաքականության և տարածքային զարգացման ռազմավարության, քաղաքաշինական նախագծային փաստաթղթերի մշակման, քաղաքաշինական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար և պարունակում է ստույգ տեղեկություններ քաղաքաշինական գործունեության օբյեկտների, տարածքների գոտիավորման և օգտագործման, տարածքների և բնակավայրերի քաղաքաշինական պլանավորման և կառուցապատման, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմերի, իրավական այլ ակտերի, հողամասերի և այլ անշարժ գույքի օգտագործման, քաղաքաշինական սահմանափակումների և սերվիտուտների, տարածքների սոցիալական, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների բարեկարգման, սեյսմիկ իրադրության, շինարարության համար ինժեներաերկրաբանական և գեոդեզիական, քաղաքաշինական գործունեության վրա ազդող այլ գործոնների մասին:
Պետական քաղաքաշինական կադաստրը Հայաստանի Հանրապետության կադաստրային համակարգի բաղկացուցիչ մասն է, որի հիմքը անշարժ գույքի պետական կադաստրն է: Պետական քաղաքաշինական կադաստրը ներառում է նաև քաղաքաշինական գործունեության իրականացման համար անհրաժեշտ տվյալներ` այլ ճյուղային կադաստրներից և տեղեկատվական համակարգերից:
Պետական քաղաքաշինական կադաստրի տեղեկատվությունը, բացի պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունից, բաց է և տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը քաղաքաշինական գործունեության օբյեկտների փոփոխությունների և վիճակի վերաբերյալ դիտարկումների համակարգ է, որը կատարվում է միջավայրի կենսագործունեության վիճակի ուսումնասիրությունների միջոցով: Մոնիթորինգային դիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվությունը ներառվում է պետական քաղաքաշինական կադաստրում:
Պետական քաղաքաշինական կադաստրի վարումը և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը կատարում է համայնքում համայնքի ղեկավարը, ամբողջ մարզի համար` մարզպետը:
Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումը և կադաստրային ամփոփումը կատարում է քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:
Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(20-րդ հոդ. փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն, 26.12.08 ՀՕ-7-Ն, 23.06.11 ՀՕ-226-Ն օրենքներ)
i
Հոդված 21. |
Լիցենզավորումը քաղաքաշինության բնագավառում |
Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(21-րդ հոդ. փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն օրենք)
Հոդված 22. |
Քաղաքաշինական գործունեության իրականացման օգտակալությունը |
(22-րդ հոդ. ուժը կորցրել է 23.01.2003 թվականից` 11.12.02 ՀՕ-494-Ն օրենք)
i
Հոդված 22.1. |
Ճարտարապետահատակագծային առաջադրանքը |
1. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում` սույն օրենքի 6 հոդվածի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և այլն) նախագծման տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) և սահմանափակումները:
Տեխնիկական պայմանները տալիս են ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունները` ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող մարմնին` վերջինիս հարցման հիման վրա, և կազմում են ճարտարապետահատակագծային առաջադրանքի անբաժանելի մասը:
2. Ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված և օբյեկտի նախագծմանն առնչվող քաղաքաշինական, պատմության և մշակույթի հուշարձանների ու շրջակա միջավայրի պահպանության, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամների ու բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ նորմատիվ ակտերով սահմանված պահանջները:
3. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու կամ օգտագործման տրամադրելու դեպքում ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը ներառվում է աճուրդի կազմակերպման փաստաթղթերի փաթեթում կամ մրցույթի պայմաններում: Օրենսդրությամբ սահմանված հողամասի տրամադրման այլ դեպքերում ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է հողամասը հատկացնելու մասին որոշման հետ միաժամանակ:
4. Անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավասությամբ օժտված օգտագործողին ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է վերջինիս կողմից սույն հոդվածի վեցերորդ մասով սահմանված մարմնին ներկայացված հայտի հիման վրա:
5. Ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման դեպքում ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով:
6. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
7. Համայնքի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն արգելվում է:
(22.1-ին հոդ. լրաց. 23.06.11 ՀՕ-226-Ն օրենք)
i
Հոդված 23. |
Շինարարության թույլտվությունը |
i
Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
i
Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո` սույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետով:
Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, իսկ նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե կառուցապատողը նախագծային փաստաթղթերի հաստատման վերաբերյալ գրավոր առարկություն չի ներկայացնում սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված մարմնին:
i
Շինարարության թույլտվություն չի պահանջվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման տարածքների բարեկարգման և այլ ցածր ռիսկայնություն ունեցող աշխատանքների համար, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործումը և չեն հակասում սահմանված սերվիտուտներին:
Սույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը (բացառությամբ գյուղական բնակավայրերում իրականացվող կառուցապատման և անհատական բնակելի տների) չավարտվելու դեպքում, շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Ընդ որում, շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:
Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Եթե նախազգուշացումն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, կառուցապատողը չի դիմում շինարարության թույլտվություն տվող մարմին` շինարարության ժամկետը երկարաձգելու հայտով, կամ շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը, կամ չի օտարում սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը, ապա շինարարության թույլտվություն տվող մարմինը նրան կրկին անգամ ենթարկում է վարչական պատասխանատվության և դիմում է դատարան տվյալ օբյեկտը վաճառելու հայցով` դատարանի սահմանած կարգով և գնով, բայց ոչ պակաս, քան օբյեկտի կադաստրային արժեքի 75 տոկոսի չափով:
(23-րդ հոդ. փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն, 08.07.05 ՀՕ-167-Ն, 26.12.08 ՀՕ-7-Ն, 19.05.09 ՀՕ-116-Ն, 23.06.11 ՀՕ-226-Ն օրենքներ)
i
Հոդված 24. |
Քանդման թույլտվությունը |
Քանդման թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է սեփականատիրոջ իրավունքը` իրականացնել շենքերի և շինությունների քանդումը:
Քանդման թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Եթե նոր կառուցվող օբյեկտի շինարարությունը հնարավոր չէ առանց նույն վայրում գտնվող շենքի (շենքերի) և (կամ) շինության (շինությունների) քանդման, ապա սահմանված կարգով տրված շինարարության թույլտվությունը` համապատասխան նշումով, հանդիսանում է նաև քանդման թույլտվություն:
Եթե կառուցապատվող հողամասի ճարտարագիտական ուսումնասիրություններն առանց քանդման անհնարին են, ապա քանդման թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ միաժամանակ` մինչև շինարարության թույլտվություն ստանալը:
(24-րդ հոդ. փոփ. 08.07.05 ՀՕ-167-Ն, 26.12.08 ՀՕ-7-Ն, 19.05.09 ՀՕ-116-Ն, 23.06.11 ՀՕ-226-Ն օրենքներ)
i
Հոդված 25. |
Ավարտված շինարարության շահագործման փաստագրումը |
i
Ավարտված շինարարության (շենքերի, շինությունների, դրանց վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ընդլայնման և բարեկարգման) շահագործման ընդունումը փաստագրվում է շահագործման ակտով` տվյալ օբյեկտի շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացող հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված բոլոր աշխատանքներն իրականացնելուց հետո: Ավարտված շինարարական օբյեկտի շահագործումը թույլատրվում է միմիայն շահագործման ակտը ձևակերպելուց հետո:
Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրում է համայնքի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Շինարարական օբյեկտի շահագործումն իրականացվում է սույն օրենքի 2 հոդվածի «գ» կետի համաձայն` օբյեկտի սեփականատիրոջ (սեփականատերերի) և (կամ) օգտագործողի միջոցների հաշվին: Շենքերի, շինությունների շահագործման նվազագույն պարտադիր նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(25-րդ հոդ. փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն, 26.12.08 ՀՕ-7-Ն, 23.06.11 ՀՕ-226-Ն օրենքներ)
Հոդված 26. |
Քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը |
Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը` քաղաքաշինական պետական տեսչության միջոցով:
Քաղաքաշինական պետական տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում է վարչատարածքային սկզբունքով` քաղաքաշինական պետական տեսուչների միջոցով:
Քաղաքաշինական պետական տեսչությունը`
ա) վերահսկում է քաղաքաշինական գործունեության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը.
բ) քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ տալիս է պարտադիր կատարման հրահանգներ և ցուցումներ, հետևում է դրանց իրականացմանը.
գ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Մարզի տարածքում մարզպետը`
ա) («ա» կետն ուժը կորցրել է 30.07.2011 թվականից` 23.06.11 ՀՕ-226-Ն օրենք)
բ) վերահսկում է համայնքների ղեկավարների գործունեությունը քաղաքաշինության բնագավառում:
Քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
(26-րդ հոդ. փոփ. 26.12.08 ՀՕ-7-Ն, 23.06.11 ՀՕ-226-Ն օրենքներ)
Հոդված 26.1. |
Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները |
(26.1-ին հոդ. ուժը կորցրել է 08.06.2009 թվականից` 19.05.09 ՀՕ-116-Ն օրենք)
(26.1-ին հոդ. լրաց. 08.07.05 ՀՕ-167-Ն, 26.12.08 ՀՕ-7-Ն օրենքներ)
Հոդված 26.2. |
Հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները |
i
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24 հոդվածով սահմանված հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության, այդ թվում` սույն օրենքի 6 հոդվածի չորրորդ մասի «դ» կետով, 13 և 14 հոդվածներով, 17 հոդվածի տասնութերորդ մասով, 23 հոդվածի երկրորդ մասով, 24 հոդվածի երկրորդ մասով, 25 հոդվածի երկրորդ մասով սահմանված լիազորությունների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների ապահովմամբ:
(26.2-րդ հոդ. լրաց. 23.06.11 ՀՕ-226-Ն օրենք)
ԳԼՈՒԽ IX
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 27. |
Քաղաքաշինական գործունեության հետ կապված վեճերի լուծումը |
Քաղաքաշինական գործունեության հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
Հոդված 28. |
Պատասխանատվությունը քաղաքաշինական օրենսդրությունը խախտելու համար |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրությունը խախտելու համար քաղաքաշինական գործունեության սուբյեկտները կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ X
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 29. |
Միջազգային համագործակցությունը քաղաքաշինության բնագավառում |
Քաղաքաշինության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է սույն օրենքին, այլ օրենքներին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Օտարերկրյա պետությունների, դրանց ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների քաղաքաշինական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով և Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերով:
Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:
ԳԼՈՒԽ XI
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(XI գլխի վերնագիրը փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն օրենք)
i
Հոդված 30. |
Անցումային դրույթներ |
1. Հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի բացակայության դեպքերում մինչև դրանց մշակումն ու հաստատումը տվյալ համայնքում քաղաքաշինական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Մինչև համայնքների գլխավոր հատակագծերի հաստատումը համայնքի վարչական տարածքում հողերի նպատակային նշանակության փոփոխությունները հաստատում է համայնքի ավագանին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հատուկ այդ նպատակով ստեղծված ժամանակավոր միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը համայնքի ավագանու հավանությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գլխավոր հատակագծերը համարվում են հաստատված համայնքի ավագանու կողմից:
4. Սույն օրենքի 14.3 հոդվածի երեսուներկուերորդ մասն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
(30-րդ հոդ. փոփ. 26.12.00 ՀՕ-141, 11.12.02 ՀՕ-494-Ն, 08.07.05 ՀՕ-167-Ն, 23.06.11 ՀՕ-226-Ն օրենքներ)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 26 մայիսի 1998 թ. ՀՕ-217
|