ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Քաղ. Երևան |
14 սեպտեմբերի 2021 թ. |
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչներ` Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գ. Աթանեսյանի և Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Մոսինյանի,
i
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
i
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի հունվարի 22-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի փետրվարի 10-ին:
i
Օրենքի` «Գույքի վաճառքից ստացված միջոցների բաշխումը» վերտառությամբ 80-րդ հոդվածով սահմանվում է.
«1. Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և սույն հոդվածով սահմանված կարգով ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:
2. Պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:
3. Միջանկյալ բաշխման ծրագրի` իր կողմից հաստատված երկու օրինակ կառավարիչը ներկայացնում է դատարան, մեկական օրինակ` պարտապանին և պարտատերերին: Պարտատերերի թիվը 10-ից ավելի լինելու դեպքում կառավարիչը բաշխման ծրագիրը դատարան է ներկայացնում այն դեպոնացնելու միջնորդությամբ և այդ մասին հայտարարություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում:
4. Եթե պարտատերերը բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելու հաջորդող 7 օրվա ընթացքում բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարչի հաստատած բաշխման ծրագիրը համարվում է ընդունված:
Դատավորը կառավարչի ներկայացրած բաշխման ծրագրի մեկ օրինակը վերադարձնում է կառավարչին` օրենքով սահմանված ժամկետում առարկված չլինելու նշագրմամբ և կնքված իր կնիքով:
5. Եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:
Ամենախոշոր 5 պարտատերերին ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:
6. Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ»:
Օրենքի վերոնշյալ դրույթը փոփոխության է ենթարկվել 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-89-Ն օրենքով:
Գործի քննության առիթը «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի` 2021 թվականի մարտի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթներն ու դրանց հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր` Սահմանադրական դատարանը պարզեց.
1. Դիմողի դիրքորոշումները
i
Ըստ դիմողի` Օրենքի 80-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին հետևյալ պատճառաբանությամբ.
i
դիմողն ընդգծում է, որ սույն գործով առկա է իրավական անորոշություն. «Սնանկության մասին» օրենքի 80-րդ հոդվածը հնարավորություն է տալիս հաստատել միջանկյալ բաշխման ծրագրի միայն ա՞յն մասը, որի դեմ առարկություն չի ներկայացվել, և բաշխել անվիճելի գումարը, թե՞ դրա ցանկացած մասի, այդ թվում` չնչին մասի դեմ առարկելն օրենքի ուժով հանգեցնում է ամբողջ գումարի սառեցմանը մինչև վերջնական լուծումը:
i
Իր այդ դիրքորոշումը դիմողը հիմնավորում է` մեջբերելով դատարանների կողմից «Սնանկության մասին» օրենքի 80-րդ հոդվածին տրված մեկնաբանությունն այն մասին, որ միջանկյալ բաշխման ծրագիրը մասնակի հաստատելու հնարավորություն «Սնանկության մասին» օրենքով նախատեսված չէ:
Դիմողի համոզմամբ առկա օրենսդրական բացը միջամտում է սնանկության գործով պարտատեր բանկի սեփականության իրավունքին, քանզի զրկում է բանկին իր պահանջի բավարարում ստանալու իրավունքից` չունենալով դրա համար որևէ լեգիտիմ նպատակ:
Վկայակոչելով օրենսդրական բացի վերաբերյալ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումները` դիմողը նշում է, որ առկա չեն նշված օրենսդրական բացն այլ միջոցներով հաղթահարելու եղանակներ, որ տվյալ դեպքում օրենսդրական բացն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե օրենսդրի կամքը, որ առկա օրենսդրական բացը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով, որ օրենսդրական բացը հանգեցնում է հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել, որ լիարժեքություն ապահովող տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը, որ վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառ պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանը և կիրառմանը, որոնք խախտում են միջանկյալ բաշխման ծրագրի միայն մի մասի դեմ առարկող և դրամական միջոցներ ստանալու լեգիտիմ ակնկալիքներ ունեցող պարտատիրոջ արդար դատաքննության և սեփականության իրավունքները, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքը:
Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներին` դիմողն արձանագրում է, որ պարտատերը միջանկյալ բաշխման դեմ առարկություն ներկայացնելու գործիքով, ըստ էության, իրավունք ունի պաշտպանել իր սեփականության իրավունքը, սակայն առարկություն ներկայացնելու դեպքում վերջինս զրկվում է չառարկված մասով իրեն հասանելիք դրամական միջոցները ստանալու հնարավորությունից, որպիսի պայմաններում ոտնահարվում է բանկի արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև խաթարվում առարկություն ներկայացնելու և սեփականության իրավունքի պաշտպանության բուն էությունը:
2. Պատասխանողի դիրքորոշումները
i
Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածները, ինչպես նաև խնդրո առարկա հիմնախնդրի վերաբերյալ ներկայացնելով Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, նշում է, որ Օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցները բաշխվում են օրենքով սահմանված հերթականությամբ, ինչը բխում է սնանկության ինստիտուտի նպատակներից: Միջոցների բաշխումն ըստ ծրագրի թույլ է տալիս ապահովել պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատուկ հերթականությունը: Նշվածով է պայմանավորված այն հանգամանքը, որ եթե պարտատերերից որևէ մեկն առարկություն է ներկայացնում միջանկյալ բաշխման ծրագրի վերաբերյալ, ապա դատարանն այդ առարկությունը դիտարկում է ամբողջ միջանկյալ բաշխման ծրագրի համատեքստում, որպեսզի առարկության քննության արդյունքում ապահովվի պահանջների բավարարման` օրենքով նախատեսված հերթականությունը և բավարարման ենթակա պահանջների ճշգրիտ չափերի սահմանումը:
Պատասխանողն ընդգծում է, որ առարկության քննության արդյունքում դատարանը որոշում է կայացնում միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ, որը վերաբերում է ծրագրին ամբողջությամբ, այսինքն` դատարանը միջանկյալ բաշխման ծրագրի մի մասի վերաբերյալ պարտատիրոջ արտահայտած անհամաձայնությունը կամ ենթադրյալ խնդիրը դիտարկում է ամբողջ ծրագրի համատեքստում:
Պատասխանողը պնդում է, որ միջանկյալ բաշխման ծրագրի միայն մի մասի հաստատման հնարավորություն չնախատեսելն ինքնանպատակ չէ և ուղղված է սնանկության վարույթի շրջանակներում արդարադատության պատշաճ իրականացմանը:
Պատասխանողը փաստում է, որ անձն ունի միջանկյալ բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն ներկայացնելու` օրենսդրորեն ամրագրված իրավունք, որի իրացման համար գործում են օրենսդրական բավարար երաշխիքներ, որպիսի պայմաններում սուբյեկտիվ մտադրություններով պայմանավորված` տվյալ իրավունքից չօգտվելը չի կարող դիտարկվել իբրև իրավունքի սահմանափակում:
i
Անդրադառնալով սեփականության իրավունքի սահմանափակման վերաբերյալ դիմողի փաստարկներին` պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության 10 և 60-րդ հոդվածները ու վերլուծելով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումները, ընդգծում է, որ սնանկության ինստիտուտը հնարավորություն է տալիս բավարարել բոլոր պարտատերերի պահանջները համամասնորեն, ինչի պատշաճ կատարումն ապահովելու համար էլ օրենսդրի կողմից սահմանվել է միջանկյալ բաշխման ծրագիրը: Ավելին, հաշվի առնելով պարտատերերից յուրաքանչյուրի պահանջի բավարարում ստանալու ակնկալիքը` օրենսդրի կողմից նախատեսվել է սեփականության իրավունքի պաշտպանության համապատասխան գործիքակազմ, որից մեկն էլ կառավարչի կողմից ներկայացված բաշխման ծրագրի դեմ առարկություն ներկայացնելու իրավունքն է:
Վերոնշյալի հիման վրա պատասխանողը եզրահանգել է, որ վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը:
3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Հաշվի առնելով, որ դիմողը վիճարկում է սնանկության վարույթի շրջանակում հավաքագրված դրամական միջոցների միջանկյալ բաշխման ծրագրի մասնակի հաստատման օրենսդրական կառուցակարգերի բացակայության հանգամանքը, ինչի արդյունքում գործող իրավակարգավորումների պարագայում մասնագիտացված դատարանն իրավասու չէ միջանկյալ բաշխման ծրագրի դեմ մասնակի առարկություն ներկայացնելու դեպքում չառարկված մասով հաստատելու միջանկյալ բաշխման ծրագիրը, Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում կանդրադառնա միայն վիճարկվող հոդվածի այն դրույթներին, որոնք դիմողի կարծիքով սահմանափակում են պարտատիրոջ սեփականության իրավունքը, ինչպես նաև խախտում են վերջինիս դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը:
Վերոգրյալից ելնելով` Սահմանադրական դատարանը սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի լուծման համար անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, հետևյալ հարցադրումներին.
- արդյոք վիճարկվող դրույթն այնքանով, որքանով չի նախատեսում սնանկության գործի շրջանակներում հավաքագրված դրամական միջոցների միջանկյալ բաշխման ծրագրի դեմ մասնակի առարկության պայմաններում չառարկված մասով միջանկյալ բաշխման ծրագիրը դատարանի կողմից հաստատելու իրավասություն, չի բխում իրավական որոշակիության սկզբունքից, իսկ իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը խախտում է անձի սեփականության, ինչպես նաև դատական պաշտպանության իրավունքները:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
i
4.1. Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ իր մի շարք որոշումներով ձևավորած օրենսդրական բացի վերաբերյալ իրավական դիրքորոշումներին: Մասնավորապես` 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ վերահաստատելով և զարգացնելով օրենսդրական բացի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը, նշել է.
1) օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից.
2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով.
3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից.
4) օրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը.
5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք:
Վերոգրյալից բխում է, որ համապատասխան իրավահարաբերության շրջանակներում կոնկրետ կարգավորման բացակայությունն ինքնին չի փաստում օրենսդրական բացի առկայությունը: Բացի դրանից, հարկ է նշել, որ կարգավորման բացակայության պատճառները կարող են պայմանավորված լինել ինչպես օրենսդրի կամահայտնությամբ, այնպես էլ թերի, ոչ լիարժեք իրավակարգավորմամբ:
Սնանկության հարաբերությունների օրենսդրական կարգավորումներից բխում է, որ միջանկյալ բաշխման ծրագիրն այն փաստաթուղթն է, որի կառուցվածքային տարրերը` պարտատերերի պահանջները, դրանց բավարարման չափերը, առաջնահերթության հարցերը և այլն, սերտորեն փոխկապակցված են միմյանց, ուստի` մեկ տարրի փոփոխությունը կարող է հանգեցնել մյուսի վերափոխմանը: Այդ իսկ պատճառով միջանկյալ բաշխման ծրագրի դեմ պարտատերերի առարկությունը` անկախ առարկության բովանդակությունից, օրենսդիրը դիտել է իբրև առարկություն ամբողջ ծրագրի դեմ, քանզի առերևույթ առարկությունը կարող է վերաբերել մեկ պարտատիրոջ պահանջի բավարարմանը, սակայն դրա քննության և բովանդակության բացահայտման արդյունքում` առնչվել նաև այլ պարտատերերի շահերին: Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող դրույթով նախատեսված իրավակարգավորումն օրենսդրի կամահայտնությունն է:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում միջանկյալ բաշխման ծրագիրը մասնակի հաստատելու հնարավորության բացակայությունը դիտարկել իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում:
Սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին (ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1176, ՍԴՈ-1213, ՍԴՈ-1270 և այլն)` ընդգծելով, որ`
«Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը»
(13.05.2008թ. ՍԴՈ-753),
«.... իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ» (09.06.2015թ. ՍԴՈ-1213):
Իրավական որոշակիության սկզբունքին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` նշելով, որ թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին: Հետևաբար` շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են, և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է («Busuioc v. Moldova», application no. 61513/00, 21/12/2004): Բացի դրանից, օրենքի կանխատեսելիության, որոշակիության և հստակության սկզբունքի երաշխավորումը, ի թիվս այլնի, կոչված է նաև կանխելու, բացառելու «կամայականության վտանգը»(»Hilda Hafsteinsdottir v. Iceland», application no.40905/98, 08.06.2004, p. 56):
Վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում Օրենքի վիճարկվող դրույթի որոշակիությունը գնահատելու համար հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքներին, թե որքանո՞վ են դրանով նախատեսված վարքագծի կանոնները հստակ, արդյոք չեն հանգեցնում տարընկալումների, և որքանո՞վ են կանխատեսելի դրանց իրականացման արդյունքում վրա հասնող հետևանքները:
Միջանկյալ բաշխման ծրագրի միջոցով սնանկության գործով կառավարիչը վարույթի շրջանակներում հավաքագրված միջոցները պարբերաբար օրենքով սահմանված առաջնահերթությամբ բաշխում է պարտատերերի միջև` երաշխավորելով վերջիններիս պահանջների բավարարումը: Ընդ որում` օրենսդիրը միջանկյալ բաշխման ծրագիր կազմելու, հավաքագրված դրամական միջոցները բաշխելու պարբերականությունը որոշելու բացառիկ իրավունքը վերապահել է սնանկության գործով կառավարչին` հաշվի առնելով ինչպես վերջինիս կողմից սնանկության գործի հանգամանքներին տիրապետելու իրողությունը, այնպես էլ կառավարչի կողմից պարբերաբար կատարվող միջոցառումները և դրանց դիմաց վարձատրություն ստանալու իրավունքը:
Օրենքի վերլուծությունից բխում է, որ ո՛չ պարտատերերը, և ո՛չ էլ պարտապանը բաշխման ծրագրերի կազմման և ներկայացման գործընթացին որևէ կերպ ներգրավվելու, հավաքագրված դրամական միջոցները բաշխելու պարբերականությունը որոշելու դատավարական իրավունք չունեն. պարտատերերն Օրենքի 80-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով կարող են միայն առարկություն ներկայացնել դատարան ներկայացված բաշխման ծրագրի դեմ: Այս առումով կարելի է արձանագրել, որ գործող իրավակարգավորումները սնանկության վարույթի հիշատակված փուլում հստակ սահմանում են պարտատիրոջ վարքագիծը, այն է` միջանկյալ բաշխման ծրագրի դեմ առարկություն ունենալու դեպքում յոթնօրյա ժամկետում այն ներկայացնել դատարան, որպիսի պայմաններում պարտատիրոջ համար առավել քան կանխատեսելի է դառնում դրսևորվելիք վարքագիծը:
Նման պայմաններում հիմնավոր չեն նաև դիմողի` վիճարկվող դրույթն իրավական որոշակիության պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ փաստարկները: Սնանկության գործընթացի արդյունավետ կարգավորման համատեքստում վիճարկվող դրույթը հնարավորինս հստակ և կանխատեսելի սահմանում է այն կարգավորումները, որոնք օրենսդիրն անհրաժեշտ և բավարար է համարել, որպեսզի դրանց հասցեատերերը դրսևորեն համապատասխան իրավաչափ վարքագիծ, հետևաբար` նաև կանխատեսեն դրա արդյունքում ի հայտ եկող հնարավոր հետևանքները:
4.2. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող դրույթը դիտարկել նաև դիմողի` Սահմանադրությամբ նախատեսված սեփականության իրավունքի պաշտպանվածության տեսանկյունից:
Սահմանադրական դատարանը բազմիցս անդրադարձել է սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանն` արձանագրելով, որ`
- ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված` սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք
(18.03.2008թ., ՍԴՈ-741):
- ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված դրույթները կազմում են սեփականության իրավունքի հիմնական բովանդակությունը` ամրագրելով այն իրավազորությունները, որոնցից յուրաքանչյուր ոք անարգել պետք է կարողանա օգտվել սեփականության հիմնական իրավունքն իրականացնելիս, այսինքն` անձը պետք է առանց որևէ խոչընդոտի կարողանա իրականացնել սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու իրավունքը, օգտագործելու իրավունքը, տնօրինելու իրավունքը...: Միևնույն ժամանակ, սահմանադիրը նշված իրավունքների իրականացումը երաշխավորելու` պետության պոզիտիվ պարտականության կատարումը պայմանավորում է բացառապես օրինական հիմքերով ձեռք բերված սեփականությամբ: Հետևաբար, միայն օրինական հիմքով ձեռք բերված սեփականության դեպքում անձը հանրային իշխանություններից կարող է պահանջել սեփականության հիմնական իրավունքի մաս կազմող` վերը նշված իրավունքների իրականացման երաշխավորում
(31.01.2017թ., ՍԴՈ-1340):
Սեփականության իրավունքի իրացման և առանձին դեպքերում դրա նկատմամբ օրինական միջամտության առանձնահատկություններ դրսևորվում են, մասնավորապես, սնանկության վարույթում:
Սնանկության ինստիտուտը տնտեսական հարաբերությունների բնականոն ընթացքի ապահովվմանն ուղղված պետության միջամտության առանձնահատուկ դրսևորում է, որը, մի կողմից` կոչված է առավելագույնս բավարարել պարտատերերի պահանջները` վարույթի շրջանակներում հավաքագրված միջոցներն արդար բաշխելով վերջիններիս միջև, մյուս կողմից` օրենսդրական կարգավորումների ներդրման միջոցով փրկել գոյատևման ընդունակ տնտեսվարող սուբյեկտներին:
Սահմանադրական դատարանը 2021 թվականի հունվարի 26-ի ՍԴՈ-1572 որոշմամբ վերահաստատելով իր` 2008 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-735 որոշմամբ արտահայտած դիրքորոշումն առ այն, որ «.... «Սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը», ընդգծել է, որ յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն տարբեր շահագրգիռ կողմերի` ներառյալ պարտապանների շահերը:
Համաձայն «Սնանկության մասին» օրենքի` անձը սնանկության վարույթում ձեռք է բերում պարտատիրոջ կարգավիճակ պարտապանի նկատմամբ պահանջ ներկայացնելու եղանակով` պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում ընդգրկվելով (Օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մաս, 46-րդ հոդված), այդ պահից ձեռք բերելով սնանկության վարույթի շրջանակներում հավաքագրված դրամական միջոցներն իր պահանջին համամասնորեն ստանալու իրավական հնարավորություն:
Միջանկյալ բաշխման ծրագիրն օրենսդրի կողմից սնանկության գործով ներդրված այն առանցքային գործիքն է, որի միջոցով հավաքագրված միջոցները պարբերաբար օրենքով սահմանված առաջնահերթությամբ բաշխվում են պարտատերերի միջև` երաշխավորելով վերջիններիս պահանջների բավարարումը:
Այդ առումով, ներգրավվելով պարտատերերի վերջնական ցուցակում` պահանջատերը ձեռք է բերում պարտատիրոջ դատավարական կարգավիճակ` այդ պահից «օրինական ակնկալիք» ունենալով սնանկության վարույթում հավաքագրված դրամական միջոցներից ստանալ պահանջի բավարարում:
Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-723, ՍԴՈ-741, ՍԴՈ-881 որոշումներում անդրադարձել է «Օրինական ակնկալիքի» իրավական պաշտպանության հիմնախնդրին` շեշտադրելով սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը: Սահմանադրական դատարանը ՍԴՈ-741 որոշման 8-րդ կետում ընդգծել է. «.... Սահմանադրության 31 հոդվածով երաշխավորված` սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեփականության իրավունքի օրինական ակնկալիքի հարցին անդրադարձել է մի շարք վճիռներով, այդ թվում` Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով 07.05.2002թ. վճռով, Բեյլերն ընդդեմ Իտալիայի գործով 05.01.2000թ. վճռով` շեշտադրելով, որ «սեփականություն» հասկացությունը բովանդակում է ոչ միայն ֆիզիկական բարիքների սեփականությունը, այլև սեփականություն կարող են համարվել որոշ գույքային այլ իրավունքներ և շահեր, ինչպես նաև անվիճելի և կատարման ենթակա պահանջի իրավունքը: Այսինքն` ըստ Եվրոպական դատարանի` «պահանջի իրավունքը ևս կարող է համարվել «սեփականություն» Կոնվենցիայի նշված դրույթի իմաստով, եթե հիմնավորապես հաստատվել է, որ այդ պահանջը ենթակա է կատարման»:
Օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն միջանկյալ բաշխման ծրագրով օրենսդիրը հնարավորություն է ընձեռել սնանկության վարույթի մասնակիցներին վարույթի շրջանակում հավաքագրված միջոցներից պարբերաբար ստանալ իրենց պահանջների բավարարում: Սակայն այդ հնարավորությունը դառնում է «օրինական ակնկալիք», երբ սնանկության գործով կառավարչի կողմից պարտատիրոջ դատավարական կարգավիճակ ունեցող անձն ընդգրկվում է միջանկյալ բաշխման ծրագրում: Այդ առումով, պարտատիրոջ պահանջի իրավունքը և դրանից բխող միջանկյալ բաշխման ծրագրով հավաքագրված դրամական միջոցներից գումար ստանալու օրինական ակնկալիքը գտնվում են Սահմանադրության 60-րդ հոդվածի պաշտպանության ներքո:
4.3. Մյուս կողմից, Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն սահմանադիրը որոշակի դեպքերում և նպատակներով պայմանավորված` սեփականության իրավունքին միջամտությունը համարել է ընդունելի: Սահմանադրական դատարանը նշված հիմնահարցի բովանդակության բացահայտմանն անդրադարձել է 2017 թվականի հունվարի 31-ի ՍԴՈ-1340 որոշմամբ` նշելով, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն, ըստ որի`
- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, որից բխում է, որ օրենքը պետք է բավարարի իրավական օրենքին ներկայացվող` Սահմանադրական դատարանի որոշումներում բազմիցս արտացոլված, պահանջները,
- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով,
- սեփականության իրավունքի սահմանափակումը պետք է համապատասխանի որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքներին և չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով սեփականության իրավունքի սահմանափակման հիմնախնդրին, արձանագրել է, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, հռչակելով սեփականության իրավունքը, միաժամանակ նախատեսում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն` ի շահ հանրության, եթե այդ սահմանափակումը նախատեսված է օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով, և ընդհանուր շահերին համապատասխան` սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ ինչ հիմքով էլ տեղի ունենա միջամտությունը սեփականության իրավունքին, դա կարող է արդարացված համարվել բացառապես այն դեպքում, երբ այն տեղի է ունեցել ի շահ հանրության: Միջամտությունն արդարացված համարվելու համար պետք է հետապնդի օրինաչափ նպատակ և լինի համաչափ: Եվրոպական դատարանը որոշում է` արդյոք արդար հավասարակշռություն է ապահովվել հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև (Beyeler v. Italy, judgment 5 January 2000, § 98, § 107; Sporrong and Lonnroth v. Sweden, judgment of 23 September 1982, § 61, § 69):
Հարկ է նշել, որ միջանկյալ բաշխման ծրագիրը սնանկության գործով կառավարչի կողմից կազմվող մեկ միասնական դատավարական փաստաթուղթ է, որը ներառում է համապարփակ տեղեկատվություն սնանկության վարույթում հավաքագրված դրամական միջոցների հանրագումարի, դրանց ծագման աղբյուրների, ինչպես նաև Օրենքի 43 և 44-րդ հոդվածներով սահմանված ապահովված և չապահովված պահանջների ու 82-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջների բավարարման հերթականության վերաբերյալ: Միաժամանակ, օրենսդիրը հնարավորություն է ընձեռել սնանկության գործով պարտատեր ներգրավված մասնակիցներին սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրի դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնել դատարան, ընդ որում` առարկությունը կարող է վերաբերել ինչպես պարտատիրոջ` իր պահանջի բավարարմանն ուղղված դրամական միջոցների ավել կամ նվազ լինելուն կամ առաջնահերթությանը, այնպես էլ այլ պարտատերի պահանջներին, ինչպես նաև կառավարչի վարձատրությանը և կամ վարչական ծախսերին: Ընդ որում` մի պարտատիրոջ կողմից բերված առարկությունը կարող է ուղղակիորեն չվերաբերել այլ պարտատիրոջ պահանջի բավարարմանն ուղղված դրամական միջոցների բաշխմանը, սակայն կատարված վերահաշվարկի արդյունքում հանգեցնել նաև տվյալ սուբյեկտի պահանջի բավարարմանն ուղղված դրամական միջոցների նվազմանը կամ ավելացմանը:
Վերոհիշյալը հաշվի առնելով` Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող դրույթով առկա է պարտատիրոջ սեփականության իրավունքին միջամտություն, որպիսի պայմաններում հարկ է անդրադարձ կատարել` արդյոք, այն չի խախտում սեփականության իրավունքի սահմանափակման համաչափության և որոշակիության սահմանադրական սկզբունքները:
Օրենսդիրը հստակ սահմանել է, որ միջանկյալ բաշխման ծրագրի դեմ առարկություն ներկայացվելու դեպքում պարտատերերի արդար դատաքննության իրավունքի երաշխավորման նկատառումներից ելնելով` սահմանափակվում են մյուս պարտատերերի սեփականության իրավունքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավազորությունները, քանի դեռ առկա չէ վեճի վերաբերյալ վերջնական դատական ակտ` միաժամանակ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ միայն առարկությունների քննարկման արդյունքում կարող են որոշվել պարտատերերի պահանջների բավարարման հստակ չափը:
Ավելին, թեև առարկությունն առերևույթ կարող է չշոշափել կոնկրետ պարտատիրոջ շահերը, սակայն առարկության քննության արդյունքում դատարանը կարող է կայացնել միջանկյալ բաշխման ծրագիրը փոփոխելու մասին որոշում, ինչը հանգեցնելու է բաշխվող գումարի վերահաշվարկին:
Սահմանադրական դատարանը 2020 թվականի ապրիլի 14-ի ՍԴՈ-1522 որոշմամբ ընդգծել է, որ սեփականության իրավունքի սահմանափակման հիմքը և ծավալը սահմանող օրենքը պետք է այնքան որոշակի լինի, որ անձն օբյեկտիվորեն և ողջամտորեն կարողանա կատարել այդ սահմանափակումից բխող և իր վրա դրված պարտականությունները, և որ անձի` ակնկալվող վարքագծին ներկայացվող պահանջները պետք է լինեն ոչ միայն որոշակի և կանխատեսելի, այլև օբյեկտիվորեն իրականանալի: Այսինքն` բարեխիղճ անձի համար օբյեկտիվ իրականության մեջ պետք է ոչ միայն համապատասխան պահանջը կատարելու իրական և ողջամիտ հնարավորություն լինի, այլև անձը հարկադրաբար չպետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ կամ չպետք է կրի այնպիսի զրկանքներ, որոնք չարդարացված կերպով անհամաչափ վնաս կհասցնեն նրա հիմնական իրավունքներին և ազատություններին:
Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:
Համաչափության սկզբունքը դիտարկելով սեփականության իրավունքի սահմանափակման տեսանկյունից` Սահմանադրական դատարանը փաստում է, որ սեփականության իրավունքի սահմանափակմանն ուղղված միջոցները պետք է համաչափ լինեն հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակին, այսինքն` այն պետք է լինի պիտանի, անհրաժեշտ և համարժեք հետապնդվող նպատակին:
Վերոշարադրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթը պարտատիրոջ սեփականության իրավունքը ժամանակավորապես սահմանափակում է` այլ պարտատերերի կողմից իրենց իրավունքների պաշտպանության նկատառումներից ելնելով: Միաժամանակ, տվյալ պարագայում հնարավոր չէ այլ եղանակով իրացնել պարտատերերի` միջանկյալ բաշխման ծրագրի դեմ առարկություն ներկայացնելու իրավունքը: Բացի դրանից, առարկության քննության արդյունքում կայացվելիք դատական ակտը հնարավոր է իրավական հետևանքներ առաջացնի այլ պարտատերերի համար: Այդ առումով վիճարկվող դրույթով պարտատիրոջ սեփականության իրավունքի սահմանափակումը համահունչ է սահմանադրաիրավական սկզբունքներին:
4.4. Դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները պարտավորեցնում են պետությանը սահմանել իրավական համապատասխան կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն տվյալ իրավունքների արդյունավետ իրացումը:
2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը, վերահաստատելով նախորդ մի շարք որոշումներում արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների առնչությամբ իր արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է. «... որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ»: Նշվել է նաև, որ «ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում... «:
Համանման իրավական դիրքորոշում է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդար դատաքննության բաղադրատարր համարվող դատարանի մատչելիության վերաբերյալ, մասնավորապես դատարանը, եզրահանգել է, որ հիշյալ իրավական սկզբունքի խախտում կարող է առկա լինել, երբ դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակվի այնչափ, որ սահմանափակվի անձի դատական պաշտպանությունից գործնականում օգտվելու իրավունքը (Sialkowska v. Poland 2007թ. մարտի 22-ի վճիռ):
Արդար դատաքննության իրավունքի համատեքստում դիմողի բարձրացրած սահմանադրաիրավական խնդիրը հանգում է միջանկյալ բաշխման ծրագրի դեմ առարկություն ունենալու հիմնախնդրին, քանզի դիմողի գնահատմամբ առարկության ներկայացման գործիքով պարտատերը, մի կողմից` իրավունք ունի պաշտպանելու իր սեփականության իրավունքը, իսկ մյուս կողմից` այլ պարտատերերի կողմից առարկություն ներկայացնելու պարագայում անորոշ ժամկետով ապագայում գումարը ստանալու հեռանկարը խաթարում է առարկություն ներկայացնելու և սեփականության իրավունքի պաշտպանության բուն էությունը:
Վիճարկվող դրույթի 5-րդ մասի իրավակարգավորումը սնանկության գործով որպես պարտատեր ներգրավված մասնակիցներին իրավական հնարավորություն է ընձեռում, իրենց սեփականության իրավունքի պաշտպանության նկատառումներից ելնելով, առարկություն ներկայացնել սնանկության գործով կառավարչի կողմից կազմված և դատարան ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրի դեմ: Միջանկյալ բաշխման ծրագրի դեմ առարկություն ներկայացնելու իրավունքն օրենսդրի կողմից նախատեսված դատավարական միջոց է, որը թույլ է տալիս պարտատերերին իրենց փաստարկված անհամաձայնությունը հայտնել ինչպես բաշխվող գումարի չափի, այնպես էլ պահանջների բավարարման առաջնահերթության դեմ: Առարկություն ներկայացնելը պարտատիրոջ բացառիկ իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը, որպիսի պայմաններում պարտատերն ինքն է որոշում իր իրավունքների պաշտպանության այս կամ այն ձևն ընտրելու նպատակահարմարությունը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ առարկության քննարկումը տևական ժամանակ է պահանջում, որպիսի պայմաններում պարտատերը ստիպված հրաժարվում է իրացնել իր առարկություն ներկայացնելու իրավունքը, ապա հարկ է նշել, որ առարկության քննության և հետագայում կայացրած որոշման բողոքարկման շրջանակներում մի քանի ամիս տևող դատական գործընթացների ժամկետները ողջամիտ են` հաշվի առնելով դատարանների ծանրաբեռնվածությունը և սնանկության գործերի թվաքանակը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները` Սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
14 սեպտեմբերի 2021 թվականի
ՍԴՈ-1609
Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 16 սեպտեմբերի 2021 թվական: