ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
7 մայիսի 2018 թվականի N 180-Ն
i
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ ԴՐԱՆՔ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ, ԴՐԱՆՑՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման կարգը` համաձայն N 1 Հավելվածի:
2. Հաստատել նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման կարգը` համաձայն N 2 Հավելվածի:
3. Սույն հրամանով սահմանված կարգով նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումը իրականացվում է «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության միջոցով:
ԻՐՏԵԿ |
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն իրականացվում է նախարարության կողմից վարվող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:
Սույն նորմից և ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասից ուղղակի բխում է, որ միասնական կայքը պետք է վարվի միայն ՀՀ արդարադատության նախարարության կողմից և նախարարությունը չունի օրենքով նախատեսված որևէ իրավունք օրենքով իր վրա դրված լիազորությունը առևտրային կազմակերպությանը փոխանցելու համար:
Հրամանի 3-րդ կետի համաձայն իրավական ակտերի հրապարակումը դառնում է ձեռնարկատիրական գործունեություն: |
4. Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիաների աշխատանքներն իրականացվում են հետևյալ փուլերով`
1) պաշտոնական սկզբնաղբյուր ունեցող նորմատիվ իրավական ակտերով համալրում.
2) պաշտոնական սկզբնաղբյուր չունեցող կամ չպահպանված նորմատիվ իրավական ակտերով համալրում:
5. Պաշտոնական ինկորպորացիաների համալրման հաջորդականություն է սահմանվում նորմատիվ իրավական ակտերի ընդունման և ուժի մեջ մտնելու ժամկետները` սկսած 2020 թվականի հուլիսի 1-ից` նվազման կարգով:
6. Սույն հրամանի իմաստով պաշտոնական սկզբնաղբյուր ունեցող նորմատիվ իրավական ակտերն են` 1997 թվականի հունվարի 1-ից հետո «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» և «ՀՀ գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի տեղեկագիր» պարբերականներում օրենքով սահմանված կարգով հրապարակված նորմատիվ իրավական ակտերը:
ԻՐՏԵԿ |
Սույն կետից բխում է, որ մինչև 1997 թվականի հունվարի 1-ը հրապարակված ՀՀ Գերագույն սովետի, ՀՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի տեղեկագրում հրապարակված իրավական ակտերը պաշտոնական հրապարակում չեն եղել ու ընդունված օրենքները նորմատիվ ակտեր չեն եղել ու դրանք չպետք է ինկորպորացվեն:
Նույն ճակատագիրն է սպասվում նաև Երևան քաղաքի նորմատիվ իրավական ակտերին, որոնք հրապարակվել են Երևան քաղաքի իրավական ակտերի տեղեկագրում:
Բացի այդ բաց են մնում նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված նորմատիվ իրավական ակտերը: |
7. Սույն հրամանի իմաստով պաշտոնական սկզբնաղբյուր չունեցող կամ չպահպանված նորմատիվ իրավական ակտերն են` մինչև 1997 թվականի հունվարի 1-ը ընդունված և ընդունման պահին սահմանված կարգով հրապարակված նորմատիվ իրավական ակտերը:
8. Պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի համալրման աշխատանքների ավարտման ժամկետը 2027 թվականի դեկտեմբերի 31-ն է:
9. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(հրամանը խմբ. 03.08.2020 թիվ 302-Ն հրաման)
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2018 թվականի մայիսի 7-ի
N 180-Ն հրամանի
ԻՐՏԵԿ |
Հավելվածը չունի վերնագիր, իսկ հավելվածի համարակալումները հակասում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին: |
ԳԼՈՒԽ 1
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` նորմատիվ իրավական ակտերը պաշտոնական հրապարակման ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Պաշտոնական հրապարակման ենթակա նորմատիվ իրավական ակտերն ընդունվելու, իսկ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դեպքում ընդունվելուց հետո ստորագրման ենթակա նորմատիվ իրավական ակտերը` ստորագրվելու օրվան հաջորդող, որպես կանոն, 7 օրվա ընթացքում ուղարկվում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն (այսուհետ` նախարարություն)` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով հրապարակելու նպատակով:
ԻՐՏԵԿ |
Սույն կետով ՀՀ արդարադատության նախարարը ժամկետային պարտականություններ է դնում ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պետական մարմինների ղեկավարների վրա, որի լիազորությունը նա չունի: |
3. Նորմատիվ իրավական ակտերը նախարարություն են ուղարկվում բնօրինակ թղթային տարբերակով` մեկ օրինակից, կնքված ուղարկող մարմնի կնիքով, կամ նորմատիվ իրավական ակտը ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ստորագրությամբ, բոլոր էջերը ամրացված, իսկ վերջին էջը կնքված, և էլեկտրոնային (MS Office Word (ԷՄԷՍ Օֆֆիս Վորդ) կամ Excel (Էքսել)) խմբագրվող տարբերակով` կից նամակով:
4. Նորմատիվ իրավական ակտերը պաշտոնական հրապարակման նպատակով նախարարություն կարող են ուղարկվել կից նամակով միայն էլեկտրոնային տարբերակով, եթե`
1) էլեկտրոնային (MS Office Word կամ Excel) խմբագրվող տարբերակի հետ միաժամանակ ներկայացվում է 3-րդ կետի պահանջներին բավարարող բնօրինակ թղթային տարբերակի տեսաներածված (սկանավորված) ՓիԴիԷֆ (PDF) տարբերակը կամ,
2) ներկայացված փաստաթուղթը` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան հանդիսանում է էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը:
5. Նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային խմբագրվող տարբերակները հրապարակման են ուղարկվում 12 տառաչափով, տեղեկատվական նյութերի արտացոլման Յունիկոդ (Սnicode) կոդով և հավաքման ՋիԷյջԻԷյ Գրապալատ (GHEA Grapalat) կամ ՋիԷյջԻԷյ Մարիամ (GHEA Mariam) տառատեսակներով:
6. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը ակտը հրապարակման ուղարկելիս նախարարությանը հասցեագրված նամակին կցում է ամփոփաթերթ` տվյալ նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ պետական-իրավական փորձաքննության եզրակացությամբ արված դիտողությունների և առաջարկությունների` դրանք ընդունելու կամ չընդունելու, չընդունելու դեպքում` չընդունելու հիմնավորումների, իսկ դիտողություններ և առաջարկություններ ստացված չլինելու դեպքում դրա մասին տեղեկությունների վերաբերյալ` նշելով նախարարության եզրակացության ամսաթիվը և համարը:
ԻՐՏԵԿ |
Սույն կետով նշված պահանջը որևէ կապ չունի իրավական ակտերի հրապարակման հետ: |
ԳԼՈՒԽ 2
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
1. Նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ձևով պաշտոնական հրապարակումն իրականացվում է ԱՐԼԻՍ (http://www.arlis.am/) միասնական կայքում (այսուհետ` միասնական կայք) հրապարակելու միջոցով:
2. Պաշտոնական հրապարակման օրը ակտի վերջնական խմբագրությամբ ընդունված կամ ստորագրված, հրապարակման ենթակա ամբողջական տեքստն առաջին անգամ միասնական կայքում հրապարակելու օրն է:
3. «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովել նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմնի կողմից` սահմանված կարգով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի միասնական կայքում հրապարակումը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան (Հավելված 2):
4. Պաշտոնական հրապարակումն իրականացվում է այն տեսքով, ինչ տեսքով դրանք ուղարկվել են հրապարակման: Այլ անձանց կամ մարմիններին արգելվում է կատարել լեզվաոճական, խմբագրական, շարադասական կամ այլ բնույթի փոփոխություններ իրավաստեղծ մարմնի` վերջնական խմբագրությամբ ընդունած նորմատիվ իրավական ակտում, բացառությամբ ուղղագրական կամ կետադրական սխալների ուղղման, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում:
5. Եթե նորմատիվ իրավական ակտի հրապարակումից հետո դրա տեքստում հայտնաբերվում են վրիպակներ կամ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում, ապա նորմատիվ իրավական ակտը հրապարակման ուղարկած մարմնի դիմումով Արդարադատության նախարարության ցուցումով «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը նորմատիվ իրավական ակտի տեքստում իրականացնում է համապատասխան ուղղում` կատարելով նշում` ուղղում կատարած լինելու վերաբերյալ:
ԻՐՏԵԿ |
Կետը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, որի համաձայն վրիպակներն ուղղելու իրավունքը վերապահված է միայն նախարարությանը, որը նա իրավունք ունի կատարել միայն ակտը հրապարակման ուղարկած մարմնի դիմումի համաձայն: |
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2018 թվականի մայիսի 7-ի
N 180-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման կարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:
2. Պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաև այդ ակտերի հետ կապված այլ իրավական ակտերը համակարգված որոնողական համակարգով ներկայացվում են http://www.arlis.am/ միասնական կայքում:
3. Պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերը ներկայացվում են «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱ» նշումով:
4. Կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) հիմնական իրավական ակտ` փոփոխող իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող այն իրավական ակտը կամ դրա պաշտոնական ինկորպորացված տարբերակը, որում նախատեսվում է կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, կամ դադարեցնել իրավական ակտի գործողությունը.
2) փոփոխող իրավական ակտ` հիմնական իրավական փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող, ինչպես նաև հիմնական իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտ.
3) իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացում` հիմնական իրավական ակտում փոփոխող իրավական ակտով նախատեսված փոփոխությունների և լրացումների ներառում, ինչպես նաև հիմնական իրավական ակտի գործողության դադարեցում.
4) իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիա` իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացման արդյունքում ստեղծված հիմնական իրավական ակտի` համապատասխան փոփոխող իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող տարբերակ.
5) ծանուցում` իրավական ակտի պաշտոնական ինկորպորացիա իրականացնող մարմնի կողմից ներկայացվող լրացուցիչ տեղեկատվություն` իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի տարաժամկետ ուժի մեջ մտնելու կամ գործողությունը դադարեցնելու, դրանք գործողության մեջ դնելու կամ կիրառելու և այլ իրավական բնույթի տեղեկությունների վերաբերյալ.
6) հղում` իրավական ակտը կամ դրա կառուցվածքային միավորը փոփոխող իրավական ակտի կամ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչող Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման մասին տեղեկություն, որն առնվազն ներառում է տվյալ փոփոխող իրավական ակտի կամ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը: Հղումը կատարվում է փոփոխված իրավական ակտի կամ դրա կառուցվածքային միավորից հետո, նոր տողից, փակագծերի մեջ` հիմնական իրավական ակտի տեքստի ձևաչափից տարբերվող ձևաչափով.
7) իրավատեխնիկական սխալ (վրիպակ)` պաշտոնական ինկորպորացիայի իրականացման ընթացքում ի հայտ եկած հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև տեքստային անհամապատասխանություն, որի արդյունքում հնարավոր չէ ինկորպորացնել իրավական ակտը կամ դրա որևէ կառուցվածքային միավորը.
8) կառուցվածքային միավոր` իրավական ակտի մասեր, ինչպես նաև հավելվածների ձևով հաստատվող իրավական ակտի առանձին բաղկացուցիչ մասեր:
5. Նորմատիվ Իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան իրականացվում է ըստ փոփոխող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու ժամանակագրության` աճողական կարգով:
6. Եթե հիմնական նորմատիվ իրավական ակտի երկու և ավելի փոփոխող իրավական ակտեր ուժի մեջ են մտնում նույն օրը, ապա պաշտոնական ինկորպորացիան իրականացվում է ըստ փոփոխող ակտերի ընդունման օրվա ժամանակագրության` աճողական կարգով:
7. Եթե սույն կարգի 6-րդ կետով սահմանված փոփոխող նորմատիվ իրավական ակտերի ընդունման օրերը համընկնում են, ապա պաշտոնական ինկորպորացիան իրականացվում է ըստ փոփոխող ակտերի համարակալման հաջորդականության` աճողական կարգով:
8. Նորմատիվ Իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան իրականացվում է փոփոխող ակտի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:
9. Եթե փոփոխող ակտն ուժի մեջ է մտնում պաշտոնական ինկորպորացիայի իրականացման օրվանից տասն օրվա ընթացքում, ապա նախատեսված բոլոր փոփոխությունները ներառվում են հիմնական իրավական ակտում, ընդ որում` հիմնական իրավական ակտի համապատասխան կառուցվածքային միավորի (օրենքում` հոդվածի, այլ իրավական ակտում` կետի) տեքստից հետո կատարվում է հղում` հետևյալ հաջորդականությամբ`
1) փոփոխվող կառուցվածքային միավորի համարը և տեսակը.
2) կատարված փոփոխության բնույթը` «փոփ.», «լրաց.» կամ «խմբ.» կրճատված ձևով.
3) փոփոխող իրավական ակտի ընդունման օրը` «ամսաթիվը.ամիսը.տարին» ձևաչափով.
4) փոփոխող ակտի համարը:
Գործողությունը դադարեցրած հիմնական նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ կառուցվածքային միավորի տեքստի փոխարեն կատարվում է հղում` պահպանելով միայն հիմնական ակտի կամ դրա որևէ կառուցվածքային միավորի վերնագիրը և համարակալումը, իսկ վերնագիր չունենալու դեպքում` համարակալումը:
10. Եթե փոփոխող ակտն ուժի մեջ է մտնում սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետից հետո, ապա նախատեսված փոփոխությունները չեն ներառվում հիմնական իրավական ակտում: Սույն կետով սահմանված դեպքում հիմնական իրավական ակտում տրվում է ծանուցում համապատասխան փոփոխող ակտն ուշ ուժի մեջ մտնելու, ինչպես նաև այդ փոփոխությունները դեռևս ներառված չլինելու վերաբերյալ: Սույն կետով սահմանված փոփոխող իրավական ակտերով նախատեսված փոփոխությունները հիմնական իրավական ակտում ներառվում են դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն հինգ օր առաջ:
11. Եթե փոփոխող նորմատիվ իրավական ակտը պարունակում է տարաժամկետ ուժի մեջ մտնող փոփոխություններ նախատեսող դրույթներ, ապա`
1) պաշտոնական ինկորպորացիայի իրականացման օրվանից տասն օրվա ընթացքում ուժի մեջ մտնող դրույթների նկատմամբ կիրառվում են սույն կարգի 9-րդ կետով սահմանված կանոնները.
2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետից հետո ուժի մեջ մտնող դրույթների նկատմամբ կիրառվում են սույն կարգի 10-րդ կետով սահմանված կանոնները:
12. Պաշտոնական ինկորպորացիա իրականացնող մարմինը հիմնական նորմատիվ իրավական ակտում` տեսանելի վայրում, ծանուցման տեսքով ներկայացնում է տեղեկատվություն փոփոխող իրավական ակտի եզրափակիչ կամ անցումային դրույթներով նախատեսված իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի տարաժամկետ ուժի մեջ մտնելու կամ գործողությունը դադարեցնելու, դրանք գործողության մեջ դնելու կամ կիրառելու վերաբերյալ:
13. Եթե Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան իրավական ակտը կամ դրա որևէ դրույթ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, ապա Սահմանադրական դատարանի որոշման պարտադիր պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հիմնական իրավական ակտում կամ դրա համապատասխան կառուցվածքային միավորից հետո կատարվում է հղում` նշելով Սահմանադրական դատարանի որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը:
14. Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման ընթացքում իրավատեխնիկական սխալներ հայտնաբերելու դեպքում տվյալ իրավական ակտի կամ դրա համապատասխան կառուցվածքային միավորի ինկորպորացիա չի իրականացվում` այդ մասին տալով ծանուցում հիմնական ակտում: Ծանուցման մեջ նշվում է հիմնական իրավական ակտի և համապատասխան փոփոխող իրավական ակտի միջև անհամապատասխանության և դրա արդյունքում հիմնական իրավական ակտը կամ դրա կառուցվածքային միավորը ինկորպորացված չլինելու մասին:
15. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված դեպքում իրավատեխնիկական սխալը հայտնաբերելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը գրավոր տեղեկացնում է Արդարադատության նախարարությանը համապատասխան իրավական ակտի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման ընթացքում հայտնաբերված իրավատեխնիկական սխալի մասին` ներկայացնելով իրավատեխնիկական սխալի մանրամասն նկարագրությունը:
ԻՐՏԵԿ |
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նախարարությունը պարտավոր է երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովել նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմնի կողմից` սահմանված կարգով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի միասնական կայքում հրապարակելը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան:
Սույն նորմից ուղղակի բխում է, որ նորմատիվ իրավական ակտի պաշտոնական ինկորպորացիան պետք է իրականացնի միայն ՀՀ արդարադատության նախարարությունը, որն էլ պատասխանատվություն է կրում դրա ճիշտ և ժամանակին իրականացման համար: Սույն նորմից և ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասից ուղղակի բխում է, որ պաշտոնական ինկորպորացիան պետք է իրականացնի միայն ՀՀ արդարադատության նախարարությունը, որն էլ պատասխանատվություն է կրում դրա ճշտության համար:
Սակայն խախտելով օրենքի պահանջը սույն կարգով պաշտոնական ինկորպորացիայի իրավունքը փոխանցվել է առևտրային կազմակերպությանը: |