ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
18 հոկտեմբերի 2018 թվականի N 20-Ն
ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ ԴՈՆՈՐԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը և 26-րդ հոդվածի 2-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել արյունատվությունից առաջ և հետո դոնորին սննդի և ճանապարհածախսի հատուցման տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
Հավելված
Առողջապահության նախարարի
2018 թ. հոկտեմբերի 18-ի
N 20-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ ԴՈՆՈՐԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգը կարգավորում է արյունատվությունից առաջ և հետո կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին սնունդ և ճանապարհածախսի հատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Արյունատվությունից առաջ և հետո բժշկական կազմակերպության կողմից դոնորին տրամադրվում է 1600-1800 կկալ արժեքայնությամբ սնունդ հետևյալ ձևով`
1) հիպովոլեմիայի առաջացումը և օսմոտիկ հավասարակշռության խախտումը կանխելու նպատակով արյունատվությունից առաջ դոնորին տրամադրվում է 200-250 մլ` մոտ 100 կկալ արժեքայնությամբ հյութ,
2) դոնորի կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով արյունատվությունից հետո դոնորին տրամադրվում է 1500-1700 կկալ արժեքայնությամբ ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ պարունակող սնունդ` 2: 2: 1 համամասնությամբ:
3. Փոխհատուցվող արյան դոնորներին արյունատվությունից հետո տրամադրվում է դրամական փոխհատուցում` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի թիվ 02-Ն հրամանի Հավելված 5-ով հաստատված «ՈՒղեգիր արյունատվության, պլազմաֆերեզի համար» ձևը և բժշկական կազմակերպության լիազոր մարմնի կողմից արյան դոնորի ծախսերի փոխհատուցման կարգով հաստատված գնացուցակը: Ընդ որում անկախ դոնորական արյան հավաքագրում իրականացնող բժշկական կազմակերպության կազմակերպական-իրավական ձևից կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով փոխհատուցվող արյան դոնորներին տրամադրվող դրամական փոխհատուցման գինը չպետք է գերազանցի առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից արյան հավաքագրման ծառայությունների համար սահմանված գինը:
(3-րդ կետը փոփ. 07.06.2019 թիվ 30-Ն հրաման)
4. Փոխհատուցվող արյան դոնորների ճանապարհածախսը հատուցվում է արյան հավաքագրումն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից` հաշվի առնելով դոնորի Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության վայրի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր կացության վայրի և բժշկական կազմակերպության հեռավորությունը և հաշվարկը կատարվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կանոնավոր փոխադրումների համար նախատեսված փոխադրավարձի չափի համաձայն: