Սեղմել Esc փակելու համար:
{18.06.2005 - 05.02.2011} ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{18.06.2005 - 05.02.2011} ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.06.2005  -ից մինչեւ   05.02.2011  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 18.06.2005 - 05.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «30» մարտի 1993թ. Հ.Ն-0773-I

 

i

ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության և կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների լեզվահարաբերությունները:

 

i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը

 

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:

Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը և տարածմանը:

Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:

Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը:

 

Հոդված 2. Կրթության լեզուն

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումն ու դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են: Հայրենադարձների, փախստականների, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննություններն ու ուսուցումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

(2-րդ հոդ. փոփ. 03.05.05 ՀՕ-95-Ն օրենք)

 

Հոդված 3. Քաղաքացիների լեզվական պարտականությունները

 

Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:

Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել լեզվի անաղարտությունը:

 

i
Հոդված 4. Հաստատությունների լեզվական իրավունքները և պարտականությունները

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով:

Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են.

ա) գործավարությունը կատարել հայերեն.

բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը.

գ) ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:

Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են հայերեն` իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:

 

i
Հոդված 5. Պետական լեզվաքաղաքականության իրականացումը

 

Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրա համար լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է հայերեն լեզվով հրատարակչությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:

(5-րդ հոդ. փոփ. 03.05.05 ՀՕ-95-Ն օրենք)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
17 ապրիլի 1993 թ.
ՀՕ-52

 

pin
ՀՀ 17.04.1993
N ՀՕ-52 օրենք