i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
ԵԿԴ/0735/02/15 2016թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0735/02/15 |
|
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան Դատավորներ` Ս. Միքայելյան Մ. Հարթենյան |
|
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Գ. Հակոբյանի |
|
Ռ. Հակոբյանի |
|
Ե. Սողոմոնյանի |
|
Ն. Տավարացյանի |
2016 թվականի հուլիսի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) ներկայացուցիչ Արմեն Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կոոպերատիվի ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն)` փաստաբանի վարձատրության գումարը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կոոպերատիվը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 11.981.362,86 ՀՀ դրամ, որից 2.541.501 ՀՀ դրամը` որպես Կոոպերատիվի կողմից թիվ ԵԿԴ/1842/02/12 քաղաքացիական գործով դատական ծախս` «Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի վարձատրության գումար, իսկ 9.439.861,86 ՀՀ դրամը` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկված տոկոսներ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ.Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 15.09.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից բռնագանձել 1.700.000 ՀՀ դրամ` որպես թիվ ԵԿԴ/1842/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում կատարված դատական ծախս, և 9.439.861,86 ՀՀ դրամ` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրված տոկոսներ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.02.2016 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 15.09.2015 թվականի վճիռը մասնակիորեն` Ընկերությունից հօգուտ Կոոպերատիվի 9.439.861,86 ՀՀ դրամ` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրված տոկոսներ բռնագանձելու մասով, բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոոպերատիվի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառումը պայմանավորել է այն հանգամանքով, որ թիվ ԵԿԴ/1842/02/12 քաղաքացիական գործի շրջանակներում հայցադիմում ներկայացնելիս Կոոպերատիվի մոտ առկա չի եղել համոզմունք, թե ում կողմից է պատճառված վնասը ենթակա հատուցման, այդ իսկ պատճառով հայցապահանջը ներկայացվել է ոչ միայն Ընկերության, այլև բեռնափոխադրող «Ապավեն» ՍՊԸ-ի դեմ: Այսինքն` Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառումը պայմանավորել է գործին մասնակցող անձանց կազմով, ինչը չի բխում վերը նշված իրավական նորմի էությունից: Մասնավորապես` Կոոպերատիվը 25.05.2012 թվականին դիմել է պատասխանողին և տեղեկացրել է ապահովագրական դեպքի մասին, իսկ 30.05.2012 թվականին պատասխանողին է հանձնել ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում, և միայն պատասխանողի մերժումը ստանալուց հետո հայցվորը դիմել է դատական պաշտպանության: Հետևաբար ապահովագրական հատուցում ստանալու իր իրավունքի վերաբերյալ 30.05.2012 թվականի դրությամբ հայցվորն ունեցել է հստակ համոզմունք, ուստի բացարձակապես որևէ կապ չունի, թե հայցադիմումում որպես պատասխանողներ քանի անձ են նշված եղել, և նրանցից յուրաքանչյուրի դեմ ինչ պահանջ է ներկայացված եղել: Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ կողմերի միջև առկա են եղել եռակողմ իրավահարաբերություններ, ոչ միայն չի բխում գործի փաստական հանգամանքներից, այլ նաև հակասում է գործող օրենսդրության պահանջներին:
Անհիմն են նաև Վերաքննիչ դատարանի այն հետևությունները, որ ապահովագրողի մոտ ի սկզբանե առկա չի եղել ապահովագրական հատուցում տրամադրելու` օրենքով սահմանված պարտականությունը, քանի որ Կոոպերատիվը 25.05.2012 թվականին դիմել է Ընկերությանը և տեղեկացրել է ապահովագրական դեպքի մասին, իսկ 30.05.2012 թվականին պատասխանողին է հանձնել ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում, որը մերժվելուց հետո օրենքով սահմանված կարգով դիմել է դատարան իր իրավունքները պաշտպանելու ակնկալիքով: Այսպիսով, ապահովագրական հատուցում վճարելու Ընկերության պարտականությունը ծագել է ոչ թե վճռի հիմքով, այլ այդ վճռով ընդամենը հաստատվել է Կոոպերատիվի` ապահովագրական հատուցում ստանալու գոյություն ունեցող իրավունքի խախտված լինելու փաստը: Հետևաբար ապահովագրական հատուցման գումարն ապահովագրական պատահարի փաստով ի սկզբանե պատկանել է հայցվորին, իսկ Ընկերությունն ապօրինաբար խուսափել է այդ գումարը վճարելուց: Նման պայմաններում ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանի պնդումներն անհիմն են և չէին կարող հիմք հանդիսանալ կայացված դատական ակտը բեկանելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` Ընկերությունից հօգուտ Կոոպերատիվի 9.439.861,86 ՀՀ դրամ` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2016 թվականի որոշումը և այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի 15.09.2015 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Ընկերության` որպես ապահովագրողի և Կոոպերատիվի` որպես ապահովադիր-շահառուի միջև 05.04.2012 թվականին կնքվել և ստորագրվել է թիվ ԲԱ 002155 ապահովագրության վկայագիրը (այսուհետ` Ապահովագրության վկայագիր), որի 4-րդ կետի համաձայն` ապահովագրության օբյեկտ է 21.164.709 ՀՀ դրամ արժողությամբ կարտոֆիլի սերմացուն, իսկ 12-րդ կետի համաձայն` ապահովագրական գումարը կազմում է 36.489.609 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 22):
2. Ապահովագրության վկայագրի 19-րդ կետի համաձայն` Ընկերության խորհրդի 15.03.2010 թվականի որոշմամբ հաստատված «Բեռների ապահովագրության» կանոնները (այսուհետ` Կանոններ) հանդիսանում են դրա անբաժանելի մասը (հատոր 1-ին, գ.թ. 22):
3. Կանոնների 13.1 կետի համաձայն` ապահովագրական հատուցումն իրականացվում է ապահովագրողի կողմից կանոններին, պայմանագրին, օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան` հիմք ընդունելով ապահովադրի (շահառուի) հայտարարությունը (դիմումը), ինչպես նաև վնասի պատճառը և (կամ) չափը հավաստող` համապատասխան լիազորված մարմնի (մարմինների) և (կամ) ապահովագրողի կողմից հաստատված փաստաթուղթը: Կանոնների 13.2 կետի համաձայն` ապահովադիրն ապահովագրական հատուցում ստանալու նպատակով պետք է լրացնի և ապահովագրողին ուղարկի սահմանված ձևի գրավոր դիմում: Կանոնների 13.13 կետի համաձայն` ապահովագրողն ապահովագրական պատահարի մասին կանոններում նշված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում պարտավոր է օրենքի, այլ իրավական ակտերի և Կանոնների համաձայն ընդունել ապահովագրական հատուցումը վճարելու կամ մերժելու մասին եզրակացություն (որոշում): Կանոնների 13.15 կետի համաձայն` ապահովագրական հատուցում իրականացնելու մասին որոշում կայացնելու օրվանից 20 օրվա ընթացքում ապահովագրողը պարտավորվում է միանվագ իրականացնել ապահովագրական հատուցումը, եթե ապահովագրողը և ապահովադիրը (շահառուն) ապահովագրական հատուցման վճարման այլ կարգ կամ ժամկետ չեն համաձայնեցրել (հատոր 1-ին, գ.թ. 23-32):
4. Թիվ ԵԿԴ/1842/02/12 քաղաքացիական գործով` ըստ հայցի Կոոպերատիվի ընդդեմ Ընկերության, «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 36.489.609 ՀՀ դրամի չափով ապահովագրական հատուցում բռնագանձելու պահանջի մասին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 09.12.2013 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն` վճռելով «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Կոոպերատիվի բռնագանձել 36.489.609 ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում, ինչպես նաև Ընկերությունից հօգուտ Կոոպերատիվի բռնագանձել 36.307.161 ՀՀ դրամ` որպես ապահովագրական հատուցում:
«Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից բռնագանձված գումարը նվազեցվել է Ընկերությունից բռնագանձման ենթակա գումարից: Վերոհիշյալ վճռի համաձայն` 25.05.2012 թվականին Կոոպերատիվը դիմել է Ընկերությանը և տեղեկացրել է ապահովագրական դեպքի մասին, իսկ 30.05.2012 թվականին Ընկերությանն է հանձնել ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում, որը Ընկերության կողմից 18.07.2012 թվականին կազմված պահանջի կարգավորման վերաբերյալ թիվ ԲԱ-008/12 եզրակացությամբ մերժվել է: Նշված վճռով հաստատվել է նաև, որ Ընկերությունն անհիմն է մերժել Կոոպերատիվի ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը և կրում է Կոոպերատիվին ապահովագրական հատուցումը վճարելու պարտականություն (հատոր 1-ին, գ.թ. 36-69):
5. Թիվ ԵԿԴ/1842/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.12.2013 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է` «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Կոոպերատիվի 36.489.609 ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում բռնագանձելու և «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից բռնագանձված գումարն Ընկերությունից բռնագանձման ենթակա գումարից նվազեցնելու մասերով հայցը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 70-73):
6. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի կողմից տրված` Կոոպերատիվի 01.08.14-11.08.14 թվականների հաշվից քաղվածքի համաձայն` 05.08.2014 թվականին Կոոպերատիվի օգտին Ընկերության կողմից կատարվել է 36.307.161 ՀՀ դրամի վճարում` որպես ապահովագրական հատուցում (հատոր 1-ին, գ.թ. 77):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման հիմքերին` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորության չկատարման համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմք է ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելը (տե՛ս Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով իր նախկինում կայացրած որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում և
- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:
Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել:
Սույն գործով Դատարանը, բավարարելով 9.439.861,86 ՀՀ դրամը` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու մասին պահանջը, հաստատված է համարել, որ Ընկերությունը պարտավոր էր Կոոպերատիվին վճարել ապահովագրական հատուցումը, մինչդեռ անհիմն մերժել է ապահովագրական հատուցումը` նշված պարտավորությունը կատարելով միայն թիվ ԵԿԴ/1842/02/12 քաղաքացիական գործով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 05.08.2014 թվականին, այսինքն` Ընկերությունը ժամանակին չի կատարել Կոոպերատիվին ապահովագրական հատուցում վճարելու իր պարտավորությունը և 05.06.2012 թվականից սկսած, երբ ծագել է Ընկերության վճարման պարտավորությունը, մինչև 05.08.2014 թվականը հայցվորին պատկանող դրամական միջոցներն ապօրինի պահել է իր մոտ:
Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով վերաքննիչ բողոքը և հայցը` 9.439.861,86 ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու մասին պահանջը բավարարելու մասով բեկանելով Դատարանի վճիռը, պատճառաբանել է, որ ապահովադրի մոտ ի սկզբանե առկա չի եղել այն համոզմունքը, թե ում կողմից է պատճառված վնասը ենթակա հատուցման, քանի որ Կոոպերատիվի կողմից 36.489.609 ՀՀ դրամի չափով ապահովագրական հատուցում բռնագանձելու պահանջը ներկայացվել է ոչ միայն Ընկերության, այլև բեռնափոխադրող «Ապավեն» ՍՊԸ-ի դեմ, և միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով է սահմանվել Ընկերության` տեղի ունեցած ապահովագրական պատահարի գծով ապահովագրական հատուցման վճարման պարտավորությունը: Վերաքննիչ դատարանը հավելել է նաև, որ տվյալ դեպքում վիճելի է մնում կետանցի, այն է` վճարման պարտավորության առաջացման պահը, թե որ պահից սկսած են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա հաշվեգրման և բռնագանձման:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար հիմք է դրամային պարտավորության առկայությունը, և այդ տոկոսները ենթակա են հաշվարկման պարտավորության կետանցի օրվանից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հարցը, թե Ընկերության մոտ երբ է առաջացել ապահովագրական հատուցումը Կոոպերատիվին վճարելու պարտականությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հաստատված են այն հանգամանքները, որ Ընկերության` որպես ապահովագրողի և Կոոպերատիվի` որպես ապահովադիր-շահառուի միջև կնքվել և ստորագրվել է Ապահովագրության վկայագիր: Կանոնների 13.1 կետի համաձայն` ապահովագրական հատուցումն իրականացվում է ապահովագրողի կողմից կանոններին, պայմանագրին, օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան` հիմք ընդունելով ապահովադրի հայտարարությունը (դիմումը), ինչպես նաև վնասի պատճառը և (կամ) չափը հավաստող` համապատասխան լիազորված մարմնի (մարմինների) և (կամ) ապահովագրողի կողմից հաստատված փաստաթուղթը: Կանոնների 13.2 կետի համաձայն` ապահովադիրն ապահովագրական հատուցում ստանալու նպատակով պետք է լրացնի և ապահովագրողին ուղարկի սահմանված ձևի գրավոր դիմում: Կանոնների 13.13 կետի համաձայն` ապահովագրողն ապահովագրական պատահարի մասին կանոններում նշված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում պարտավոր է օրենքի, այլ իրավական ակտերի և Կանոնների համաձայն ընդունել ապահովագրական հատուցումը վճարելու կամ մերժելու մասին եզրակացություն (որոշում): Կանոնների 13.15 կետի համաձայն` ապահովագրական հատուցում իրականացնելու մասին որոշում կայացնելու օրվանից 20 օրվա ընթացքում ապահովագրողը պարտավորվում է միանվագ իրականացնել ապահովագրական հատուցումը, եթե ապահովագրողը և ապահովադիրը (շահառուն) ապահովագրական հատուցման վճարման այլ կարգ կամ ժամկետ չեն համաձայնեցրել: Թիվ ԵԿԴ/1842/02/12 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.12.2013 թվականի վճռով հիմնավորվում է, որ 25.05.2012 թվականին Կոոպերատիվը դիմել է Ընկերությանը և տեղեկացրել է ապահովագրական դեպքի մասին, իսկ 30.05.2012 թվականին Ընկերությանն է հանձնել ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում, որն Ընկերության կողմից 18.07.2012 թվականին կազմված պահանջի կարգավորման վերաբերյալ թիվ ԲԱ-008/12 եզրակացությամբ մերժվել է: Նշված վճռով հաստատվել է նաև այն հանգամանքը, որ Ընկերությունն անհիմն է մերժել ապահովագրական հատուցում ստանալու մասին Կոոպերատիվի դիմումը և կրում է Կոոպերատիվին ապահովագրական հատուցման գումարը վճարելու պարտականություն:
Վերոնշյալ վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ Ընկերությունը Կոոպերատիվի հետ կնքած ապահովագրության պայմանագրի հիման վրա պարտավորվել է դրանում նկարագրված ապահովագրության դեպքի վրա հասնելու դեպքում ապահովագրական հատուցում ստանալու մասին գրավոր դիմումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում կայացնել Կոոպերատիվին ապահովագրական հատուցում տրամադրելու մասին որոշում, որի կայացնելու օրվանից 20 օրվա ընթացքում ապահովագրողը պետք է միանվագ իրականացնի ապահովագրական հատուցումը: Սույն գործում առկա ապացույցներով միաժամանակ հիմնավորվում է, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել ապահովագրական դեպք, ինչի կապակցությամբ Կոոպերատիվը 30.05.2012 թվականին Ընկերությանն է հանձնել ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում, որը, սակայն, Ընկերության կողմից անհիմն մերժվել է: Այսպիսով, նշված փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ Կոոպերատիվի կողմից 30.05.2012 թվականին սահմանված ձևով դիմումը ներկայացնելուց հինգ օրվա ընթացքում (մինչև 04.06.2012 թվականը) Ընկերությունը պարտավոր էր կայացնել ապահովագրական հատուցում տրամադրելու մասին որոշում, որից հետո 20 օրվա ընթացքում (մինչև 25.06.2012 թվականը ներառյալ` նկատի ունենալով, որ 24.06.2012 թվականը ոչ աշխատանքային օր է) պետք է վճարեր ապահովագրական հատուցումը: Այսինքն` մինչև 25.06.2012 թվականն Ընկերությունը պարտավոր էր վճարել ապահովագրական հատուցումը, մինչդեռ վերջինս, առանց օրինական հիմքերի, մինչև 04.08.2014 թվականը ներառյալ խուսափել է ապահովագրական հատուցման գումարը Կոոպերատիվին վճարելուց: Հետևաբար սույն գործով ապահովագրական հատուցում վճարելու պարտավորության կետանցն Ընկերության կողմից թույլ է տրվել 26.06.2012 թվականից սկսած, ուստի Ընկերության կողմից մինչև 04.08.2014 թվականը ներառյալ նշված գումարը չվճարելու արդյունքում վերջինս ապօրինի պահել է Կոոպերատիվին վճարվելիք գումարը:
Նման պայմաններում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությանն այն մասին, որ միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով է սահմանվել Ընկերության` տեղի ունեցած ապահովագրական պատահարի գծով ապահովագրական հատուցման վճարման պարտավորությունը, և որ ապահովադրի մոտ ի սկզբանե առկա չի եղել այն համոզմունքը, թե ում կողմից է պատճառված վնասը ենթակա հատուցման, քանի որ ապահովագրական հատուցում բռնագանձելու պահանջը ներկայացվել է ոչ միայն Ընկերության, այլև բեռնափոխադրող «Ապավեն» ՍՊԸ-ի դեմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն զուրկ է իրավական և փաստական հիմնավորումից հետևյալ նկատառումով. տվյալ դեպքում ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ պահանջը դատական կարգով քննվելու և այն դատական ակտի հիման վրա բռնագանձվելու հանգամանքը հիմք չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը չկիրառելու համար, քանի որ Ընկերության` ապահովագրական հատուցում վճարելու պարտավորությունը ծագել է ավելի վաղ` համապատասխան հիմքի ի հայտ գալու ուժով, իսկ գործի դատական կարգով քննությունն ընդամենն անձի` իր խախտված իրավունքների դատական պաշտպանության եղանակն էր, որի ընթացքում դատարանը քննել է նախկինում ծագած իրավահարաբերությունների հետևանքով ապահովագրական հատուցման բռնագանձման հարցը: Ավելին, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է նաև այն հանգամանքը, որ Ընկերությունն անհիմն կերպով է մերժել Կոոպերատիվի` ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը 26.06.2012 թվականից մինչև 04.08.2014 թվականը ներառյալ ապօրինի պահել է Կոոպերատիվին վճարվելիք գումարը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են 26.06.2012 թվականից մինչև 04.08.2014 թվականը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ հիմքերը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցվորի կողմից հայցադիմումում ներկայացված հաշվարկից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսագումարների հաշվարկի սկիզբ է համարվել 05.06.2012 թվականը, որը հիմք է ընդունվել նաև Դատարանի կողմից, մինչդեռ ինչպես արդեն նշվեց, Կանոնների 13.15 կետի համաձայն` Ընկերությունն իրավունք ունի վճարելու ապահովագրական հատուցումը համապատասխան որոշումը կայացնելու համար սահմանված հնգօրյա ժամկետի ավարտից հետո 20 օրվա ընթացքում, այսինքն` 05.06.2012 թվականից սկսած մինչև 25.06.2012 թվականը ներառյալ Ընկերության կողմից ապահովագրական հատուցման կետանց թույլ չի տրվել, ուստի 05.06.2012 թվականից մինչև 25.06.2012 թվականը ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսագումարները բռնագանձելու մասով պահանջը հիմնավոր չէ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Դատարանն իրավացիորեն գտել է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրումն իրավաչափ է, սակայն սխալ եզրահանգման է եկել այդ տոկոսների հաշվեգրման սկզբնական պահը որոշելու առումով, արդյունքում նաև` հաշվեգրման և բռնագանձման ենթակա գումարի չափի վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանած (ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 09.11.2010 թվականի թիվ 283-Ն որոշում) բանկային տոկոսի հաշվարկային դրույքը տվյալ ժամանակահատվածի համար եղել է տարեկան 12 տոկոս, արձանագրում է, որ 26.06.2012 թվականից մինչև 04.08.2014 թվականը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար (օրերի քանակը` 770 օր) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսագումարները կազմում են 9.237.369,51 ՀՀ դրամ (36.489.609 *12%/365 *770), հետևաբար հայցը ենթակա է բավարարման միայն այդ մասով, իսկ մնացած մասով հայցը ենթակա է մերժման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայում է միայն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.09.2015 թվականի վճիռը մասնակիորեն` հայցը 9.439.861,86 ՀՀ դրամ` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասով բավարարելու և դրա հետ կապված դատական ծախսերի մասերով բեկանելու և գործն այդ մասերով նոր քննության ուղարկելու մասերով, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է միայն այդ մասերով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետի համաձայն` դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մասնակիորեն բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, իսկ հայցը` 9.237.369,51 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով` բավարարման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Ընկերությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 184.747,39 ՀՀ դրամ (9.237.369,51 *2%)` որպես հայցադիմումի համար սահմանված և Դատարանի 05.03.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար, ինչպես նաև 277.121,08 ՀՀ դրամ (9.237.369,51 *3%)` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 16.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար: Միաժամանակ Ընկերությունից հօգուտ Կոոպերատիվի ենթակա է բռնագանձման 277.121,08 ՀՀ դրամ (9.237.369,51 *3%)` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով նաև, որ հայցը` 202.492,35 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասով, ենթակա է մերժման, գտնում է, որ Կոոպերատիվից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 4.049,84 ՀՀ դրամ (202.492,35 *2%)` որպես հայցադիմումի համար սահմանված և Դատարանի 05.03.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար, ինչպես նաև 6.074,77 ՀՀ դրամ (202.492,35 *3%)` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 16.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2016 թվականի որոշման` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.09.2015 թվականի վճիռը մասնակիորեն` հայցը 9.439.861,86 ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասով բավարարելու և դրա հետ կապված դատական ծախսերի մասերով բեկանելու և գործն այդ մասերով նոր քննության ուղարկելու մասերը, և այդ մասերով այն փոփոխել. հայցը` 9.439.861,86 ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասով, բավարարել մասնակիորեն. «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվի բռնագանձել 9.237.369,51 ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկված տոկոսներ: Հայցը` 202.492,35 ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկված տոկոսներ, բռնագանձելու պահանջի մասով, մերժել:
2. «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 184.747,39 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.03.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:
«Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.049,84 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.03.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 277.121,08 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:
«Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 6.074,77 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվի բռնագանձել 277.121,08 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Մ. Դրմեյան |
|
Գ. Հակոբյան |
|
Ռ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան |