Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՌԼԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ԿԱՌԱՎԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իռլանդիայի Կառավարությունը, ցանկանալով կնքել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր, համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԻՆՔ

 

Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐԸ

 

1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմինների կողմից եկամտից և գույքից գանձվող հարկերի նկատմամբ` անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամտի և գույքի վրա սահմանված հարկեր են համարվում եկամտի ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի վրա դրված բոլոր տեսակի հարկերը, այդ թվում` շարժական կամ անշարժ գույքի օտարման արդյունքում արժեքի հավելաճի, ինչպես նաև գույքի արժեքաճի վրա դրված հարկերը:

3. Սույն Համաձայնագիրը կիրառվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ, մասնավորապես.

ա) Հայաստանում`

i) շահութահարկ,

ii) եկամտահարկ,

iii) գույքահարկ, և

iv) հողի հարկ,

(այսուհետ` հայկական հարկ),

բ) Իռլանդիայում`

i) եկամտահարկ,

ii) համընդհանուր սոցիալական վճար,

iii) շահութահարկ, և

iv) գույքի արժեքի հավելաճից հարկ,

(այսուհետ` իռլանդական հարկ):

4. Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև ցանկացած նույնատիպ կամ էապես համանման հարկերի նկատմամբ, որոնք սահմանվում են սույն Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները ծանուցում են միմյանց իրենց հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակներով`

ա) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, համատեքստից կախված, նշանակում են` Հայաստան կամ Իռլանդիա.

բ) «Հայաստան» տերմինը նշանակում է` Հայաստանի Հանրապետություն, և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` տարածք, ներառյալ ցամաքային, ջրային տարածքը, ընդերքը և օդային տարածքը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է իր ինքնիշխան իրավունքներն ու իրավազորությունը` ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքին համապատասխան.

գ) «Իռլանդիա» տերմինը ներառում է` Իռլանդիայի տարածքային ջրերից դուրս ցանկացած տարածք, որը, Բացառիկ տնտեսական գոտու և Մայրցամաքային շելֆի վերաբերյալ Իռլանդիայի օրենքների համաձայն, եղել կամ հետագայում կարող է համարվել տարածք, որտեղ Իռլանդիան կարող է իրականացնել այդպիսի ինքնիշխան իրավունքներ և իրավազորություն` որպես այդպիսիք, միջազգային իրավունքին համապատասխան.

դ) «անձ» տերմինը ներառում է` ֆիզիկական անձ, ընկերություն, տրաստ և անձանց ցանկացած այլ միավորում.

ե) «ընկերություն» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ.

զ) «ձեռնարկություն» տերմինը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ.

է) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները համապատասխանաբար նշանակում են` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն.

ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է` ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով կամ օդանավով` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը կամ օդանավը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև.

թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է`

i) Հայաստանի դեպքում` ֆինանսների նախարար և պետական եկամուտների կոմիտեի նախագահ կամ նրանց լիազորած ներկայացուցիչներ.

ii) Իռլանդիայի դեպքում` եկամուտների հանձնակատարներ կամ նրանց լիազորած ներկայացուցիչներ.

ժ) «ազգային անձ» տերմինը նշանակում է`

i) Պայմանավորվող պետության ազգություն կամ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձ.

ii) Պայմանավորվող պետության գործող օրենքների հիման վրա իր, որպես այդպիսին, կարգավիճակը ստացած ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ ասոցիացիա.

ժա) «ձեռնարկատիրական գործունեություն» տերմինը ներառում է` մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեության իրականացում:

2. Ինչ վերաբերում է Պայմանավորվող պետության կողմից սույն Համաձայնագիրը ցանկացած պահի կիրառելուն, ապա Համաձայնագրում չսահմանված ցանկացած տերմին, եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, ունի այն նշանակությունը, որն այն ունի այդ պահին, տվյալ Պետության օրենսդրության համաձայն, այն հարկերի նկատմամբ, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը, ընդ որում` այդ Պետությունում գործող հարկային օրենքներով սահմանված յուրաքանչյուր նշանակություն գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ տերմինին տրվող նշանակության նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ՌԵԶԻԴԵՆՏԸ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, որը, այդ Պետության օրենքների համաձայն, ենթակա է հարկման այդ Պետությունում իր մշտական բնակության, ռեզիդենտության, ստեղծման (գրանցման) վայրի, կառավարման վայրի կամ ցանկացած այլ համանման չափանիշի հիման վրա, ինչպես նաև ներառում է այդ Պետությունը և նրա իշխանության տեղական մարմինը: Սակայն այդ տերմինը չի ներառում որևէ անձ, որն այդ Պետությունում ենթակա է հարկման միայն այդ Պետության աղբյուրներից ստացված եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի առնչությամբ:

2. Եթե, 1-ին կետի դրույթների հիման վրա, անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպով.

ա) նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան. իսկ եթե նա երկու Պետություններում էլ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, ապա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որի հետ իր անձնական և տնտեսական կապերը (կենսական շահերի կենտրոն) առավել սերտ են.

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից ոչ մեկում իր տրամադրության տակ չունի մշտական կացարան, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ սովորաբար բնակվում է.

գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում էլ, կամ եթե նա սովորաբար չի բնակվում դրանցից և ոչ մեկում, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որի քաղաքացին է.

դ) եթե նա երկու Պետությունների քաղաքացի է կամ դրանցից և ոչ մեկի քաղաքացին չէ, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

3. Եթե, 1-ին կետի դրույթների հիման վրա, ֆիզիկական անձից տարբերվող անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ գտնվում է նրա փաստացի կառավարման վայրը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է` գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» տերմինը մասնավորապես ներառում է.

ա) կառավարման վայրը,

բ) մասնաճյուղը,

գ) գրասենյակը,

դ) գործարանը,

ե) արհեստանոցը և

զ) հանքահորը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարների հետազոտման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը կամ կառուցման կամ տեղակայման ծրագիրը համարվում է մշտական հաստատություն միայն այն դեպքում, եթե այն շարունակվում է ինը ամսից ավելի ժամանակահատված:

4. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից` «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում`

ա) շինությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով.

դ) գործունեության կայուն վայրի պահպանումը ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի բացառապես գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով.

ե) գործունեության կայուն վայրի պահպանումը ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով.

զ) գործունեության կայուն վայրի պահպանումը բացառապես «ա»-»ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար` պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի ամբողջական գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է:

5. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից, եթե անձը, որը չի հանդիսանում անկախ կարգավիճակով գործակալ, որի նկատմամբ կիրառվում է 6-րդ կետը, գործում է ձեռնարկության անունից, ունի և սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, ապա այդ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն ունեցող այդ Պետությունում այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար իրականացվող ցանկացած գործունեության մասով` բացառությամբ, երբ այդպիսի անձի գործունեությունը սահմանափակվում է 4-րդ կետում նշվածով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ կետի դրույթների համաձայն` այդ գործունեության կայուն վայրը չի վերածում մշտական հաստատության:

6. Ձեռնարկությունը չի համարվում Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող միայն այն պատճառով, որ այն ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ Պետությունում բրոքերի, առևտրային գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին այդ ընկերություններից որևէ մեկին չի դարձնում մյուսի մշտական հաստատությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏԸ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացված եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. «Անշարժ գույք» տերմինն ունի այն նշանակությունը, որը նրան տրված է այն Պայմանավորվող պետության օրենքով, որտեղ գտնվում է տվյալ գույքը: Տերմինն ամեն դեպքում ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասունն ու սարքավորումները, այն իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույքի օգտագործման իրավունքը (ուզուֆրուկտը) և օգտակար հանածոների հանքատեղերի, հանքավայրերի և այլ բնական պաշարների շահագործման կամ շահագործման իրավունքի դիմաց փոխհատուցման կարգով վճարվող` փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները: Նավերը և օդանավերը որպես անշարժ գույք չեն դիտարկվում:

3. 1-ին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տալու դիմաց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտների նկատմամբ:

4. 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԸ

 

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:

2. Հաշվի առնելով 3-րդ կետի դրույթները, երբ Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանն է վերագրվում այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ նույնպիսի կամ համանման պայմաններում, նույնպիսի կամ համանման գործունեություն իրականացնող միանգամայն ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցնել մշտական հաստատության ձեռնարկատիրական գործունեության նպատակներով կատարված ծախսերը, այդ թվում` կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ այն հանգամանքից` կատարված են դրանք այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե այլ տեղ:

4. Եթե Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության տարբեր ենթամասերի միջև ձեռնարկության ընդհանուր շահույթի համամասնական բաշխման հիման վրա, ապա 2-րդ կետում ոչինչ չի արգելում այդ Պայմանավորվող պետությանը որոշել հարկման ենթակա շահույթը այդպիսի բաշխման ընդունված եղանակով: Այնուամենայնիվ, բաշխման ընդունված եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածի սկզբունքներին:

5. Մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար միայն ապրանքների կամ արտադրանքի գնումը հիմք չի հանդիսանում այդ մշտական հաստատությանը որևէ շահույթ վերագրելու համար:

6. Նախորդ կետերի նպատակներով մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշվում է ամեն տարի միևնույն եղանակով, քանի դեռ չկա այն փոխելու հիմնավոր և բավարար պատճառ:

7. Եթե շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնք առանձին քննարկված են սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

ԾՈՎԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ

 

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից ստացված շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

2. 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև միավորման մեջ, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային գործակալությունում մասնակցությունից ստացած շահույթի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Եթե`

ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը կամ կապիտալում, կամ

բ) նույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ գույքի մեջ

և երկու դեպքերից յուրաքանչյուրում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային կամ ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կարող էին լինել երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը հաշվեգրված կլիներ նրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով նման ձևով չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և, համապատասխանաբար, հարկվել:

2. Եթե Պայմանավորվող պետությունը այդ Պետության ձեռնարկության շահույթի կազմում ընդգրկում և, համապատասխանաբար, հարկում է այն շահույթը, որի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ենթարկվել է հարկման այդ մյուս Պետությունում, և այդ ձևով ներառված շահույթի բոլոր տարրերը համարվում են շահույթ, որը պետք է հաշվեգրված լիներ առաջինը նշված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև փոխհարաբերությունները լինեին նույնպիսին, ինչպիսին անկախ ձեռնարկությունների միջև է, ապա այդ մյուս Պետությունը կատարում է այդպիսի շահույթից իր կողմից գանձված հարկի գումարի համապատասխան ճշգրտում: Այդպիսի ճշգրտումը որոշելիս պետք է հաշվի առնվեն սույն Համաձայնագրի մյուս դրույթները, և Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները պետք է անհրաժեշտության դեպքում խորհրդակցեն միմյանց հետ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԸ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժինները վճարող ընկերությունը` այդ Պետության օրենքների համաձայն. բայց եթե ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի.

ա) շահաբաժինների համախառն գումարի 0 տոկոսը, եթե փաստացի սեփականատերն ընկերություն է (ընկերակցությունից բացի),

i) որն ուղղակիորեն տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի առնվազն 25 տոկոսը, և

ii) որն այդ ակտիվները տնօրինում է առնվազն 2 տարի` մինչև սույն ենթակետով որևէ պահանջի ներկայացումը, և

iii) որը ռեզիդենտության Պետությունում շահաբաժինների մասով ամբողջությամբ արտոնյալ է, այսինքն` ազատված է կամ կարող է ազատված լինել հարկից. բայց սույն ենթակետով դրա նկատմամբ արտոնությունը կիրառվում է շահաբաժիններ վճարող ընկերության կողմից վճարված շահաբաժինների մասով վճարված հարկի հաշվանցման միջոցով (ներառյալ 24-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն հաշվանցումները).

բ) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե փաստացի սեփականատերը ընկերություն է (ընկերակցությունից բացի), որն ուղղակիորեն տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի առնվազն 10 տոկոսը.

գ) շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը` մյուս բոլոր դեպքերում:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմիններն այս սահմանափակումների կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:

Սույն կետը չի ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող` շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես բաժնետոմսերից եկամուտը` այն Պետության օրենքների համաձայն, որի ռեզիդենտն է բաշխումն իրականացնող ընկերությունը:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և մասնակցությունը, որի կապակցությամբ վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

5. Եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, ապա այդ մյուս Պետությունը չի կարող հարկել ընկերության կողմից վճարված շահաբաժինները` բացառությամբ, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության հետ, և չի կարող ընկերության չբաշխված շահույթը ենթարկել հարկման ընկերության չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

ՏՈԿՈՍՆԵՐԸ

 

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են` այդ Պետության օրենքների համաձայն. բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի.

ա) տոկոսների համախառն գումարի 0 տոկոսը, եթե այն վճարվում է Պայմանավորվող պետությանը կամ նրա իշխանության տեղական մարմիններին, ներառյալ` Պայմանավորվող պետության կենտրոնական բանկին կամ ամբողջությամբ Պայմանավորվող պետության սեփականությունը հանդիսացող ցանկացած հաստատությանը, գործակալությանը կամ հիմնադրամին.

բ) տոկոսների համախառն գումարի 5 տոկոսը, եթե այն վճարվում է բանկային ձեռնարկության կողմից տրված ցանկացած տեսակի փոխառության դիմաց.

գ) տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը` մյուս բոլոր դեպքերում:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն սահմանափակումների կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:

3. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից, անկախ հիպոտեկային ապահովումից և անկախ պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից, և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ` այդպիսի արժեթղթերից, պարտատոմսերից և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներից ու մրցանակներից: Ժամկետանց վճարման համար գանձվող տույժերը սույն հոդվածի նպատակներով որպես տոկոսներ չեն դիտարկվում:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

5. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտ է: Եթե, այնուամենայնիվ, տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է պարտքը, և որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:

6. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա` յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան, հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

ՌՈՅԱԼԹԻՆԵՐԸ

 

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված ռոյալթիները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի ռոյալթիները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են` այդ Պետության օրենքներին համապատասխան. բայց եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիների համախառն գումարի 5 տոկոսը:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:

3. «Ռոյալթիներ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` փոխհատուցման ձևով ստացված ցանկացած տեսակի վճարում գրական, գեղարվեստական կամ գիտական աշխատանքների, ներառյալ կինոնկարների կամ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար օգտագործվող ֆիլմերի կամ ձայներիզների, ցանկացած արտոնագրի, ապրանքային նշանի, արդյունաբերական նմուշի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկությունների (նոու-հաու) օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են ռոյալթիները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվում են ռոյալթիները, փաստացի կապված են այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքերում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

5. Ռոյալթիները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողը հենց Պետությունն է, նրա քաղաքական ստորաբաժանումը, իշխանության տեղական մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն երբ ռոյալթիներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է ռոյալթիներ վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի ռոյալթիները համարվում են առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:

6. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկատվության համար վճարվող ռոյալթիների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան` հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃԸ

 

1. 6-րդ հոդվածում նշված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող` մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) օտարումից առաջացած այդպիսի արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի կամ օդանավերի կամ այդպիսի նավերի կամ օդանավերի շահագործմանը վերաբերող` շարժական գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ընկերության բաժնետոմսերի կամ այլ բաժնետիրական իրավունքների օտարումից ստացված արժեքի հավելաճը, որոնց արժեքի 50 տոկոսից ավելին ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացվում է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

5. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում չնշված ցանկացած գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է օտարող անձը:

6. 5-րդ կետի դրույթները չեն ազդում Պայմանավորվող պետության իրավունքի վրա` իր օրենքների համաձայն գանձելու այն ռեզիդենտ ֆիզիկական անձի որևէ գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը, ով ներկայումս մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է և հանդիսացել է առաջինը նշված Պետության ռեզիդենտ գույքի օտարմանը անմիջապես նախորդող հինգ տարիների ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏԸ

 

1. Պահպանելով 15-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ կերպով, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Անկախ 1-ին կետի դրույթներից` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը նշված Պետությունում, եթե.

ա) ստացողը հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած 12-ամսյա ժամանակահատվածում գտնվում է մյուս Պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում, և

բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և

գ) վարձատրություն կատարելու ծախսերը չի կրում գործատուի` մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատությունը:

3. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից` Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավի տախտակամածի վրա կամ օդանավում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կարող է հարկվել այդ Պայմանավորվող պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀՈՆՈՐԱՐՆԵՐԸ

 

Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից որպես մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության տնօրենների խորհրդի անդամ ստացված տնօրենների հոնորարները և այլ համանման վճարումները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

 

1. Անկախ 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներից` Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի գործիչ, ինչպիսին է թատրոնի, կինոյի դերասանը, ռադիոյի կամ հեռուստատեսության ոլորտի աշխատակիցը կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ իր իրականացրած անձնական գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե արվեստի գործչի կամ մարզիկի, որպես այդպիսին, իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անհատապես արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, անկախ 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներից, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում Պայմանավորվող պետությունում արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունից ստացված եկամտի նկատմամբ, եթե այդ Պետություն կատարվող այցն ամբողջությամբ կամ մեծ մասամբ ապահովվում է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի հանրային միջոցներով կամ նրանց տեղական իշխանության մարմինների կողմից: Այդ դեպքում եկամուտը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է արվեստի գործիչը կամ մարզիկը:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՆՈՒԻՏԵՏՆԵՐԸ

 

1. Պահպանելով 18-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտին նախկինում կատարված վարձու աշխատանքի համար վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները և այդ ռեզիդենտին վճարված ցանկացած անուիտետ ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

2. «Անուիտետ» տերմինը նշանակում է` որոշակի գումար, որը սահմանված ժամկետներում պարբերաբար ենթակա է վճարման ամբողջ կյանքի ընթացքում` կամ որոշված, կամ սահմանված ժամանակահատվածում` դրամով կամ դրամական արտահայտությամբ համարժեք կամ ամբողջական փոխհատուցում կատարելու պարտավորության համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա տեղական իշխանության մարմնի կողմից այդ Պետությանը կամ նրա իշխանության մարմնին պետական բնույթի գործառույթների իրականացման համար մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

բ) Սակայն այդպիսի աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ ֆիզիկական անձը`

i) այդ Պետության քաղաքացի է, կամ

ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:

2. ա) Անկախ 1-ին կետի դրույթներից` Պայմանավորվող պետության կամ նրա տեղական իշխանության մարմնի կողմից կամ նրանց կողմից ստեղծված միջոցներից այդ Պետությանը կամ նրա իշխանության մարմնին պետական բնույթի գործառույթների իրականացման համար մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

բ) Սակայն այդպիսի կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձն այդ Պետության ռեզիդենտն է ու քաղաքացին:

3. 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող Պետության կամ նրա տեղական իշխանության մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց աշխատավարձի, ռոճիկի, կենսաթոշակի և համանման այլ վարձատրությունների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

 

ՈՒսանողը կամ ստաժորը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը գտնվում է առաջինը նշված Պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, չի հարկվում այդ Պետությունում իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացած վճարումներից` պայմանով, որ այդպիսի վճարումներն առաջանում են այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԸ

 

1. Ֆիզիկական անձը, ով ժամանել է Պայմանավորվող պետություն` այդ պետությունում համալսարանում, քոլեջում, դպրոցում կամ այլ հավատարմագրված ուսումնական հաստատությունում դասավանդման կամ հետազոտություն կատարելու նպատակով, և ով հանդիսանում կամ մինչև անմիջապես ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ազատվում է հարկումից առաջինը նշված Պայմանավորվող պետությունում այդպիսի դասավանդման կամ հետազոտություն կատարելու համար ստացած վարձատրության մասով` այդ նպատակով իր առաջին ժամանման օրվանից 2 տարին չգերազանցող ժամանակահատվածում` պայմանով, որ այդպիսի վարձատրությունն առաջանում է այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն վերաբերում հետազոտությունից ստացվող վարձատրությանը, եթե այդպիսի հետազոտությունը կատարվում է ոչ թե հանրային, այլ հիմնականում հատուկ անձի կամ անձանց մասնավոր շահերի համար:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏԸ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամտի` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չնշված տեսակները, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում, 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից բացի, այլ եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամտի փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և գույքը կամ իրավունքը, որոնց մասով վճարվել է եկամուտը, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

3. Անկախ 1-ին կետի դրույթներից, եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետության աղբյուրներից` վիճակախաղերից, խաչբառերից, մրցավազքերից, ներառյալ ձիավազքից, թղթախաղից և ցանկացած բնույթի այլ խաղից կամ ցանկացած տիպի կամ բնույթի մոլախաղից կամ խաղադրույքներից ստացված շահումների տեսքով, ապա նման եկամուտը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

ՈՐՈՇԱԿԻ ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՅԼ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են, անկախ սույն Համաձայնագրի որևէ այլ դրույթից, երբ գործունեությունն իրականացվում է (սույն հոդվածում` «համապատասխան գործունեություն») օֆշորային գոտում` կապված Պայմանավորվող պետությունում գտնվող ծովի հատակի և դրա ստորին շերտի ու դրանց բնական պաշարների հետազոտման ու շահագործման հետ:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկությունը, որը համապատասխան գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում 3-րդ կետի համաձայն, համարվում է այդ մյուս Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետությունում 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 30 օրը չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում իրականացվող համապատասխան գործունեությունը չի համարվում ձեռնարկատիրական գործունեության իրականացում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Սույն կետի նպատակներով`

ա) եթե մյուս Պայմանավորվող պետությունում համապատասխան գործունեություն իրականացնող Պայմանավորվող պետության ձեռնարկությունը փոխկապված է այնտեղ գտնվող համանման համապատասխան գործունեություն իրականացնող մեկ այլ ձեռնարկության հետ, ապա առաջին ձեռնարկությունը համարվում է վերջին ձեռնարկության այդ ամբողջ գործունեությունն իրականացնող` բացառությամբ այն ժամանակահատվածի, երբ իրականացվում է նրա սեփական գործունեությունը.

բ) ձեռնարկությունը դիտարկվում է փոխկապված մեկ այլ ձեռնարկության հետ, եթե մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուսի կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, կամ եթե նույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են երկու ձեռնարկությունների կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում համապատասխան գործունեության հետ կապված վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, ռոճիկը և համանման վարձատրությունները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում այդ մյուս Պետությունում օֆշորային գոտում իրականացված գործունեության չափով:

5. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամուտները, որոնք ստացվել են` օտարելով.

ա) հետազոտման կամ շահագործման իրավունքներ, կամ

բ) արժեթղթեր (կամ համեմատական գործիքները), որոնք իրենց արժեքը կամ արժեքի մեծ մասն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձևավորում են այդպիսի իրավունքներից,

կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

Սույն կետում «հետազոտման կամ շահագործման իրավունքներ» նշանակում է` մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող ծովի հատակի կամ դրա ստորին շերտի կամ դրանց բնական պաշարների հետազոտման կամ շահագործման միջոցով արտադրված ապրանքների նկատմամբ իրավունք, ներառյալ այդպիսի ապրանքներից ստացված տոկոսների կամ շահույթի նկատմամբ իրավունքը:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

ԳՈՒՅՔԸ

 

1. 6-րդ հոդվածում նշված անշարժ գույքի տեսքով ներկայացված` Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերով կամ օդանավերով ներկայացված գույքը և այդպիսի նավերի կամ օդանավերի շահագործմանը վերաբերող շարժական գույքը ենթակա են հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է այդպիսի գույքի սեփականատեր ձեռնարկությունը:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

1. Հայաստանում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.

ա) եթե Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որը, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել Իռլանդիայում, ապա Հայաստանը թույլ է տալիս.

i) այդ ռեզիդենտի եկամտի վրա դրվող հարկից նվազեցնել Իռլանդիայում վճարված եկամտահարկին հավասար գումար.

ii) այդ ռեզիդենտի գույքի վրա դրվող հարկից նվազեցնել Իռլանդիայում վճարված գույքահարկին հավասար գումար:

Սակայն այդպիսի նվազեցումը ցանկացած դեպքում չպետք է գերազանցի մինչև նվազեցման տրամադրումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքահարկի այն մասը, որը վերագրվում է, հանգամանքներից կախված, այն եկամտին կամ գույքին, որը կարող է հարկվել Իռլանդիայում:

բ) Եթե, սույն Համաձայնագրի որևէ դրույթին համապատասխան, Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքն ազատված է Հայաստանում հարկումից, ապա Հայաստանը կարող է, ամեն դեպքում, այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի սահմանվող հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը:

2. Իռլանդիայում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.

պահպանելով Իռլանդիայի օրենքների դրույթները, որոնք վերաբերում են Իռլանդիայի տարածքից դուրս վճարման ենթակա հարկերի փոխարեն իռլանդական հարկի հաշվանցման թույլտվությանը (որը չի ազդում վերջինիս հիմնական սկզբունքի վրա).

ա) հայաստանյան աղբյուրներից ստացված շահույթից, եկամտից կամ արժեքի հավելաճից (շահաբաժինների դեպքում բացառելով այն հարկը, որը ենթակա է վճարման այն շահույթից, որից վճարվել է շահաբաժինը) Հայաստանի օրենքների և սույն Համաձայնագրի համաձայն վճարման ենթակա հայկական հարկը կարող է ուղղակիորեն կամ նվազեցման միջոցով հաշվանցվել ցանկացած իռլանդական հարկի դիմաց, որը հաշվարկվել է` հիմք ընդունելով այն նույն շահույթը, եկամուտը կամ արժեքի հավելաճը, որը հիմք ընդունելով` հաշվարկվել է հայկական հարկը.

բ) եթե շահաբաժինը Հայաստանի ռեզիդենտ ընկերության կողմից վճարվում է Իռլանդիայի ռեզիդենտ ընկերությանը, և որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է շահաբաժիններ վճարող ընկերությունում ձայնի իրավունքի 5 կամ ավելի տոկոսը, ապա հաշվանցման ընթացքում հաշվի է առնվում (ի լրումն ցանկացած հայկական հարկի, որը ենթակա է հաշվանցման սույն կետի «ա» ենթակետի դրույթների համաձայն) հայկական հարկը, որն ընկերության կողմից ենթակա է վճարման այն շահույթի մասով, որից վճարվում է շահաբաժինը:

3. 1-ին և 2-րդ կետերի նպատակով` Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող շահույթը, եկամուտը կամ գույքի արժեքի հավելաճը, որը, սույն Համաձայնագրի համաձայն, կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, համարվում են ստացված այդ մյուս Պայմանավորվող պետության աղբյուրներից:

4. Եթե, Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան, Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտն այդ Պետությունում ազատված է հարկումից, ապա այդ Պետությունը, այնուամենայնիվ, այդպիսի ռեզիդենտի եկամտի մնացած մասի նկատմամբ հարկի գումարը հաշվարկելիս կարող է հաշվի առնել ազատված եկամուտը:

5. Եթե, սույն Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան, եկամուտը կամ գույքի արժեքի հավելաճը ամբողջությամբ կամ մասամբ ազատվում է հարկից Պայմանավորվող պետությունում, և մյուս Պայմանավորվող պետության գործող օրենքների համաձայն` անձը վերը նշված եկամտի կամ գույքի արժեքի հավելաճի մասով ենթակա է հարկման այն գումարի առնչությամբ, որն ազատված է կամ ստացվել է այդ մյուս Պետությունում, բայց ոչ այդ ամբողջ գումարի առնչությամբ, ապա, սույն Համաձայնագրի համաձայն, ազատման թույլատրումը առաջինը նշված Պետությունում կիրառվում է միայն եկամտի և գույքի արժեքի հավելաճի այն մասի նկատմամբ, որն ազատված է կամ ստացվել է այդ մյուս Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող պետության ազգային անձինք մյուս Պայմանավորվող պետությունում չեն ենթարկվում այլ կամ ավելի խիստ որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումը ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միևնույն հանգամանքներում, մասնավորապես կապված ռեզիդենտության հետ, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս պետության ազգային անձինք: Անկախ 1-ին հոդվածի դրույթներից` սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Պայմանավորվող պետություններից որևէ մեկի ռեզիդենտ համարվող` քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի խիստ հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան այն հարկումը և դրա հետ կապված պարտավորության կատարումն են, որոնց ենթակա են այդ Պետությունների ազգային անձինք միևնույն պայմանների դեպքում:

3. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է լինի պակաս բարենպաստ, քան համանման գործունեություն իրականացնող` այդ մյուս Պետության ձեռնարկության հարկումը: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող` մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա տրամադրել հարկման նպատակներով այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումներ և զեղչեր, ինչպիսիք Պայմանավորվող պետությունը շնորհում է իր սեփական ռեզիդենտներին:

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ հոդվածի 6-րդ կետի կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները, Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վճարումները այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչպես առաջինը նշված պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես, Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտքը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդ ձեռնարկության հարկման ենթակա կապիտալի որոշման նպատակով ենթակա է նվազեցման նույն պայմաններով, ինչպես պարտքը առաջինը նշված պետության ռեզիդենտին:

5. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է այդ մյուս Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջինը նշված Պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի խիստ հարկման կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարման, քան առաջինը նշված Պետության այլ նման ձեռնարկությունները:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Եթե անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր` սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, անկախ այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր գործը վերաբերում է սույն Համաձայնագրի 25-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից հետո` երեք տարվա ընթացքում:

2. Եթե իրավասու մարմինը դիմում-բողոքը համարում է արդարացի, և եթե ինքն ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա ձգտում է խնդիրը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ` սույն Համաձայնագրին չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ցանկացած ձեռք բերված համաձայնություն իրականացվում է անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրությամբ առկա որևէ ժամանակային սահմանափակումից:

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացած ցանկացած դժվարություն կամ խնդիր ձգտում են լուծել փոխադարձ համաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ Համաձայնագրով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու ուղղությամբ:

4. Նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

 

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ ներքին օրենքների կիրարկման համար տեղեկություններ են փոխանակում Պայմանավորվող պետությունների կամ նրանց քաղաքական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների անունից կիրառվող` ցանկացած տեսակի և նկարագրության հարկերի վերաբերյալ` այնքանով, որքանով հարկումը չի հակասում Համաձայնագրին: Տեղեկությունների փոխանակումը 1-ին և 2-րդ հոդվածներով չի սահմանափակվում:

2. Պայմանավորվող պետության կողմից 1-ին կետի համաձայն ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես այդ Պետության ներքին օրենսդրությամբ ստացված տեղեկությունը, և տրամադրվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են 1-ին կետում նշված հարկերը գնահատելով կամ գանձելով, հարկադիր գանձումով կամ դատական հետապնդումով, բողոքարկումները քննելով: Այդ անձինք կամ մարմինները տեղեկությունն օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունը դատական դռնբաց նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.

ա) իրականացնել իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներից և վարչական գործելակերպից չբխող վարչական միջոցներ.

բ) ներկայացնել տեղեկություն, որը ստացվել է իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ վարչարարության բնականոն ընթացքում.

գ) ներկայացնել տեղեկություն, որը բացահայտում է որևէ առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, կոմերցիոն կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ` տեղեկություն, որի տրամադրումը հակասում է պետական քաղաքականությանը (հանրային կարգին):

4. Եթե Պայմանավորվող պետություններից մեկը դիմում է տեղեկություն ստանալու համար, սույն հոդվածի դրույթների համաձայն, ապա մյուս Պայմանավորվող պետությունը օգտագործում է տեղեկություն հավաքելու իր միջոցները` ստանալու համար այն տեղեկությունը, որի համար դիմել է մյուս Պայմանավորվող պետությունը, եթե նույնիսկ այդ մյուս Պետությունն իր հարկային նպատակների համար չունի այդպիսի տեղեկության անհրաժեշտություն: Նախորդ նախադասության մեջ պարունակվող պարտավորությունը ենթարկվում է 3-րդ կետով սահմանված սահմանափակումներին, բայց այդպիսի սահմանափակումները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես թույլտվություն Պայմանավորվող պետությանը` խուսափել տեղեկություն տրամադրելուց բացառապես այն պատճառով, որ ինքը չունի այդպիսի տեղեկության նկատմամբ ներքին հետաքրքրություն:

5. 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես թույլատրող Պայմանավորվող պետությանը` խուսափել տեղեկություն տրամադրելուց միայն այն պատճառով, որ տեղեկությանը տիրապետում է բանկը, այլ ֆինանսական հաստատությունը, գործակալությունում աշխատող թեկնածուն կամ անձը կամ վստահված անձը, կամ` այն պատճառով, որ այն վերաբերում է անձի շահերին:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի սահմանափակում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անդամներին միջազգային իրավունքի ընդհանուր նորմերին կամ հատուկ համաձայնագրերի դրույթներին համապատասխան տրամադրված հարկային արտոնությունները:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Պայմանավորվող պետությունները դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում են միմյանց սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրենց ներպետական օրենքներով պահանջվող ընթացակարգերի կատարման մասին:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումներից վերջինը ստանալու օրվանից, և դրա դրույթները գործում են.

ա) Հայաստանում`

i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո ստացված եկամուտների նկատմամբ.

ii) եկամտի կամ գույքի մյուս հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած հարկային տարվա ընթացքում վճարման ենթակա հարկերի նկատմամբ.

բ) Իռլանդիայում`

i) եկամտահարկի, համընդհանուր սոցիալական վճարի և գույքի արժեքի հավելաճից հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած ֆինանսական տարվա նկատմամբ.

ii) շահութահարկի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած ֆինանսական տարվա նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում մինչև Պայմանավորվող պետության կողմից դրա գործողության դադարեցումը:

2. Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Համաձայնագրի գործողությունը այն ուժի մեջ մտնելուց 5 տարի հետո` ցանկացած օրացուցային տարվա հունիսի 30-ին կամ մինչև հունիսի 30-ը, մյուս Պայմանավորվող պետությանը դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին գրավոր ծանուցում ներկայացնելով: Այդ դեպքում Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը.

ա) Հայաստանում`

i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ այդ օրվանից հետո ստացված եկամուտների նկատմամբ, և

ii) եկամտի կամ գույքի մյուս հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրվանից սկսվող ցանկացած հարկային տարվա ընթացքում վճարման ենթակա հարկերի նկատմամբ:

բ) Իռլանդիայում`

i) եկամտահարկի, համընդհանուր սոցիալական վճարի և գույքի արժեքի հավելաճից հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած հարկային տարվա նկատմամբ, և

ii) շահութահարկի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած ֆինանսական տարվա նկատմամբ:

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Դուբլին քաղաքում 2011 թվականի հուլիսի 14-ին, երկու բնօրինակով` հայերեն և անգլերեն, ընդ որում` երկու տարբերակներն էլ հավասարազոր են:

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իռլանդիայի Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին Համաձայնագրի ստորագրման պահին ներքոստորագրյալները համաձայնության են եկել, որ հետևյալ դրույթները կազմելու են Համաձայնագրի անբաժանելի մասը:

4-րդ հոդվածի 3-րդ կետի առնչությամբ

Համաձայնեցված է, որ «փաստացի կառավարման վայր»-ը այն վայրն է, որտեղ ընկերությունը փաստացի կառավարվում է և վերահսկվում. այն վայրը, որը տնտեսական և գործառութային տեսանկյունից կարևոր նշանակություն ունի ընկերության կառավարման հարցում, և այն վայրը, որտեղ պահվում են հաշվապահական գրքերը:

5-րդ հոդվածի 4-րդ կետի առնչությամբ

4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի նպատակներով համաձայնեցված է, որ «առաքում» տերմինը չի կիրառվում, երբ ապրանքների կամ արտադրանքի վաճառքն իրականացվում է ձեռնարկատիրական գործունեության այդպիսի վայրում:

11-րդ հոդվածի 2-րդ կետի առնչությամբ

Անկախ 2-րդ կետի «բ» ենթակետից` Իռլանդիան, ինչպես նշված է Համաձայնագրում, այդպիսի տոկոսներն ազատում է հարկումից Իռլանդիայում, եթե դրանք վճարվել են Հայաստանի ռեզիդենտին: Ավելին, եթե սույն Համաձայնագիրն ստորագրելուց հետո կրկնակի հարկումը բացառելու մասին որևէ համաձայնագրում` ստորագրված Հայաստանի կողմից և այն պետության կողմից, որը սույն Համաձայնագրի ստորագրման օրվա դրությամբ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ պետություն է, Հայաստանը համաձայնում է սահմանափակել 2-րդ կետի «բ» ենթակետի մեջ նշված ցանկացած տոկոսի հարկումը 5 տոկոսից ավելի ցածր դրույքաչափով, ապա այդպիսի ցածր դրույքաչափը ինքնաբերաբար կիրառվում է սույն Համաձայնագրին համապատասխան, այնպես, ինչպես նշված էր 2-րդ կետի «բ» ենթակետի մեջ, այդ Համաձայնագրի դրույթներն ուժի մեջ մտնելու օրվանից:

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Դուբլին քաղաքում 2011 թվականի հուլիսի 14-ին, երկու բնօրինակով` հայերեն և անգլերեն, ընդ որում` երկու տարբերակներն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. դեկտեմբերի 19-ին

 

 

pin
14.07.2011
Միջազգային պայմանագիր