Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ             Վարչական գործ թիվ ՎԴ/6025/05/12

    դատարանի որոշում                                           2013 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6025/05/12

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի նոյեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևան համայնքի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.08.2013 թվականի որոշման դեմ` ըստ Երևան համայնքի հայցի ընդդեմ Վահե Փայտյանի` 4.095.494 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Երևան համայնքը պահանջել է Վահե Փայտյանից բռնագանձել 4.095.494 ՀՀ դրամ` որպես Երևանի Ազատության թիվ 1/20 հասցեում գտնվող շինության գույքահարկի գումար, ինչպես նաև վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 15.03.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` 3.632.381 ՀՀ դրամի չափով: Հայցապահանջը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.08.2013 թվականի որոշմամբ Վահե Փայտյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 15.03.2013 թվականի վճիռը հայցի բավարարված մասով բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարված մասով մերժվել է: Մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևան համայնքը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Վահե Փայտյանը և նրա ներկայացուցիչ Տաթևիկ Մատինյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս անտեսել է այն հանգամանքը, որ Վահե Փայտյանի այլ գույք չունենալու վերաբերյալ հիմք կարող է հանդիսանալ միայն անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկանքը, որը գործի քննության ժամանակ գործի նյութերում առկա չի եղել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն փաստը, որ առկա չէ ապացույց հաշվառող մարմնի կողմից այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու մասին:

Ավելին, Երևան համայնքի կողմից կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ Վահե Փայտյանը բացի Երևանի Ազատության թիվ 1/20 հասցեում գտնվող շինությունից ունի այլ բնակարաններ և հողամասեր, մասնավորապես` Երևանի Անտառային փողոցի 124/1-րդ շենքի 13 հասցեում գտնվող բնակարանի, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 5ա հասցեում գտնվող հողամասի, Վանաձորի Խորենացու փողոցի 1գ/ե հասցեում գտնվող հողամասի, Վանաձորի Մոսկովյան 66-րդ շենքի է թիվ 35 հասցեում գտնվող բնակարանի, Վանաձորի Շիրակի խճուղու 14-րդ հասցեում գտնվող արտադրամասի նկատմամբ գրանցված է վերջինիս սեփականության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.08.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործով գույքահարկի գծով արտոնություն չունենալու փաստը վիճարկվում է հայցվորի կողմից, հետևաբար արտոնությունը Վահե Փայտյանի նկատմամբ կիրառելի չլինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրել է հայցվորը: Վերջինս ապացույցներ չի ներկայացրել այլ շինությունների մասով արտոնություն կիրառված լինելու վերաբերյալ, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն օրինաչափ է: Իրականում Վահե Փայտյանն իրեն պատկանող մնացած շինությունների մասով կատարել է գույքահարկի վճարումները, հետևաբար, նույնիսկ այլ շինությունների մասով արտոնություն կիրառված չլինելու վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում վեճը ճիշտ է լուծվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 23.12.2010 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2720163 վկայականի համաձայն` Երևանի Ազատության պողոտայի թիվ 1/20 հասցեում գտնվող բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Վահե Փայտյանին (գ.թ. 87-93):

2) Երևանի Արաբկիր վարչական շրջանի կողմից 28.08.2012 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Երևանի Ազատության թիվ 1/20 հասցեում գտնվող շինության համար 2008-2011 թվականների գույքահարկի գծով Վահե Փայտյանի պարտավորությունները 28.08.2012 թվականի դրությամբ կազմում են 4.095.494 ՀՀ դրամ, որից ապառք` 2.742.726 ՀՀ դրամ, տույժ` 1.352.768 ՀՀ դրամ (գ.թ. 6):

3) ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության պետի 07.08.2013 թվականի տեղեկանքի համաձայն` Վահե Փայտյանը 01.09.1998 թվականից մինչև 01.09.2018 թվականը գտնվում է հետուսումնական 20 տարվա պայմանագրային զինծառայության մեջ ՀՀ զինված ուժերում (գ.թ. 94):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

i

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքահարկի գծով արտոնությունների կիրառման նախապայմաններին:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք` սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի և շինությունների և (կամ) փոխադրամիջոցների մասով:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն` սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի շինություն պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի կողմից ընտրված շինության նկատմամբ, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող շինությունների թվաքանակի և վայրի (վայրերի) հաշվառող մարմնի կողմից տրված տեղեկանքը` այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու մասին:

Վկայակոչված իրավադրույթների փոխկապակցված վերլուծությունից հետևում է, որ գույքահարկի գծով արտոնությունը վերոնշյալ հիմքով կարող է կիրառվել միայն մեկ` ոչ հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինության մասով, հետևաբար յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է պարզի`

ա) արտոնություն հայցող հարկ վճարող սուբյեկտը սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ շինություններ ունի, թե ոչ.

բ) եթե այո, արդյոք դրանցից յուրաքանչյուրի մասով արտոնությունը կիրառելի է (պայմանավորված շինության նպատակային նշանակությամբ), թե ոչ.

գ) եթե կիրառելի է, արտոնություն հայցող հարկ վճարող սուբյեկտն արտահայտել է արդյոք իր կամքը` կոնկրետ շինության մասով արտոնություն կիրառելու վերաբերյալ.

գ) տվյալ հարկ վճարողին պատկանող այլ շինության կամ շինությունների մասով արտոնություն կիրառված է, թե ոչ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը թվարկված հանգամանքներն էական նշանակություն ունեն նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի լուծման համար` ձևավորելով ապացուցման ենթակա փաստերի շրջանակը (ապացուցման առարկան): Ընդ որում, օրենսդիրը մատնանշել է նաև այն թույլատրելի ապացույցների շրջանակը, որոնցով ենթակա են պարզման վերոնշյալ հանգամանքները` որպես այդպիսին նախատեսելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող շինությունների թվաքանակի և վայրի (վայրերի) հաշվառող մարմնի կողմից տրված տեղեկանքը` այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու մասին:

Սույն գործով Դատարանը Երևան համայնքի հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն փաստը, որ Վահե Փայտյանի գույքահարկի գծով պարտավորությունները հաշվարկվել են 28.08.2012 թվականի դրությամբ` 2008-2011 թվականների համար ներառյալ, որը կազմել է 4.095.494 ՀՀ դրամ, որից ապառք` 2.742.726 ՀՀ դրամ, տույժ` 1.352.768 ՀՀ դրամ: Դատարանը գտել է, որ սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, որի ուժով 2008 թվականի համար հաշվարկված գույքահարկի համար Վահե Փայտյանի մոտ հարկային պարտավորություններ չէին կարող առաջանալ: Հաստատված համարելով, որ Վահե Փայտյանը 2009-2011 թվականների համար հաշվարկված 2.443.461 ՀՀ դրամ գույքահարկի պարտավորությունը չի կատարել, որի հետևանքով այդ գումարի նկատմամբ 28.08.2012 թվականի դրությամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվել է 1.188.920 ՀՀ դրամ տույժ, Դատարանը հայցը բավարարել է 3.632.381 ՀՀ դրամի մասով, իսկ մնացած մասով հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու, փոփոխելու և հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ 23.12.2010 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն` Երևանի Ազատության թիվ 1/20 հասցեում գտնվող շինությունը հանդիսանում է բնակելի տուն, այսինքն` այն հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չէ: Նշված գույքը հնարավոր չէ հանձնել և չի հանձնվել վարձակալության կամ հավատարմագրային կառավարման` ի հիմնավորումն որի դատարան են ներկայացվել համապատասխան լուսանկարներ, ինչի մասին առկա է նշում սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում: Բացի այդ, առկա չեն տվյալներ Վահե Փայտյանի` մեկից ավելի շինություններ ունենալու վերաբերյալ: Այսինքն` բացակայում են «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված արտոնությունները չկիրառելու սահմանափակումները:

Վերոնշյալ մեկնաբանությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը` Վճռաբեկ դատարանն այն գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործում առկա չէ ապացույց` Երևանի Ազատության թիվ 1/20 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գույքահարկի գծով արտոնության կիրառման համար հարկ վճարողի դիմելու վերաբերյալ, ինչպես նաև առկա չէ ապացույց` այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու մասին:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքահարկի գծով արտոնության կիրառումը ենթադրում է վերը թվարկված հանգամանքների բացահայտում, առանց որի հնարավոր չէ հետևություն անել արտոնության կիրառման նախապայմանների առկայության վերաբերյալ: Մինչդեռ ստորադաս դատարանը, առանց պարզելու նշված հանգամանքները, միայն արձանագրելով, որ «առկա չեն տվյալներ պատասխանողի` մեկից ավելի շինություններ ունենալու վերաբերյալ», կիրառել է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնությունը, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անթույլատրելի է, քանի որ չի բխում հոդվածի իրավակարգավորումից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում ստորադաս դատարանը, ելնելով գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքից, չսահմանափակվելով դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, պարտավոր էր ձեռնարկել ողջամիտ միջոցներ, մասնավորապես` պահանջել ապացույցներ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող`»Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքահարկի գծով արտոնության կիրառման վերը թվարկված նախապայմանները պարզելու ուղղությամբ, որից հետո միայն հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով որոշել հայցը բավարարելու կամ մերժելու հարցը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.08.2013 թվականի որոշման` Երևան համայնքի հայցը 3.632.381 ՀՀ դրամ գույքահարկի գումար բռնագանձելու մասով մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության: Որոշման մնացած մասը թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.11.2013
N ՎԴ/6025/05/12
Որոշում