Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 229-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0978/02/08

    դատարանի որոշում                                               2010 թ.  

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0978/02/08

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

    Դատավորներ`        Վ. Թորոսյան

                       Ա. Մկրտչյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի      

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի          

                                              Վ. Աբելյանի          

                                              Ս. Անտոնյանի         

                                              Վ. Ավանեսյանի        

                                              Ա. Բարսեղյանի        

                                              Գ. Հակոբյանի         

                                              Է. Հայրիյանի         

                                              Տ. Պետրոսյանի        

                                              Ե. Սողոմոնյանի

                              

2010 թվականի դեկտեմբերի 03-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռաֆիկ Գևորգյանի ընդդեմ «Երևան-Ջուր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռաֆիկ Գևորգյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանն իր բնակարանի հարևանությամբ կառուցված շենքի կոյուղագիծը միացնել նախագծով նախատեսված տեղից:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.09.2008 թվականի որոշմամբ Դատարանի 10.06.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Արթուր Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը գործի քննության ընթացքում պարտավոր էր պարզել գործի քննության համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, մասնավորապես պարտավոր էր պարզել, թե ով է Երևանի Գայի պողոտայի 42-րդ շենքի հարևանությամբ նորակառույց շենքի սեփականատերը, և արդյոք դրա կոյուղագիծը միացվել է նախագծով նախատեսված տեղից, թե` ոչ:

Դատարանները գործի քննությանը մասնակից չեն դարձրել Արթուր Սարգսյանին, որի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրել են դատական ակտեր: Դատական ակտերում հիշատակված «հարևան շենքի դեղատան» սեփականատերն ինքն է, սակայն գործին մասնակից չի դարձվել, ինչի հետևանքով էլ խախտվել է իր իրավունքները:

Այսինքն` ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն իրենց դատական ակտերը կայացրել են Երևանի Նոր Նորքի 6-րդ միկրոշրջանի թիվ 42-րդ շենքի հարևանությամբ գտնվող նորակառույց շենքի` դեղատան, սեփականատիրոջ իրավունքների և պարտականությունների վերաբերյալ` իրեն նշված քաղաքացիական գործի քննությանը մասնակից չդարձնելով: Արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իր արդար դատաքննության իրավունքը, և ինքը զրկվել է հավասարության պայմաններում, որպես նորակառույց շենքի` դեղատան և դրա կոյուղագծի սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա Արթուր Սարգսյանը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.09.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման կողմից 05.09.2006 թվականին և 06.05.2008 թվականին տրված թիվ 2184858 և թիվ 2531027 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականների համաձայն` Երևանի Նոր Նորքի 6-րդ միկրոշրջանի Բ. Մուրադյան փողոցի թիվ 8/7 հասցեում գտնվող դեղատան և գրասենյակի նկատմամբ գրանցված է Նաիրա Կարապետյանի սեփականությունը:

2. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված 03.02.2010 թվականին կնքված անշարժ գույքի 1/2-րդ բաժնի նվիրատվության պայմանագրի համաձայն` Նաիրա Կարապետյանն իրեն պատկանող Երևանի Նոր Նորք համայնքի 6-րդ միկրոշրջանի Բ. Մուրադյան փողոցի թիվ 8/7 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2-րդ բաժինը նվիրել է ամուսնուն` Արթուր Սարգսյանին:

3. Սույն գործում առկա «Նոր Նորք» համատիրության կողմից հաստատված արձանագրության համաձայն` Երևանի Գայի պողոտա 42-րդ շենքի լիազոր Ն. Պետրոսյանի և համատիրության նախագահ Վ. Վանյանի ներկայությամբ պարզվել է, որ Երևանի Գայի պողոտա 42-րդ շենքի կոյուղագծին հարևան շենքի դեղատան կոյուղագծի միացման կետում դիտահորում միացման հետևանքով պարբերաբար տեղի են ունեցել խցանումներ, կոյուղաղբը լցվել է շենքի նկուղը, ստեղծվել է հակասանիտարական վիճակ, քայքայվել է շենքի հիմքը (գ.թ. 33):

4. Արթուր Սարգսյանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող են իմանալ նման դատական ակտի կայացման մասին:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, ըստ հայցի Գյումրու քաղաքապետարանի ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի` զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջի մասին թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:

Սույն գործով Ռաֆիկ Գևորգյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանն իր բնակարանի հարևանությամբ կառուցված շենքի կոյուղագիծը միացնել նախագծով նախատեսված տեղից, քանի որ կոյուղագծում հաճախակի խցանումներ են առաջանում: Ռաֆիկ Գևորգյանի հայցի բավարարման հիմքում դրվել է նաև «Նոր Նորք» համատիրության կողմից հաստատված արձանագրությունը, ըստ որի` Երևանի Գայի պողոտա 42-րդ շենքի կոյուղագծին հարևան շենքի դեղատան կոյուղագծի միացման կետում դիտահորում միացման հետևանքով պարբերաբար տեղի են ունեցել խցանումներ, կոյուղաղբը լցվել է շենքի նկուղը, ստեղծվել է հակասանիտարական վիճակ, քայքայվել է շենքի հիմքը: Նշված շենքի` դեղատան սեփականատերն Արթուր Սարգսյանն է, որը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն առնչվում է Արթուր Սարգսյանի իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ վերջինս գործի քննությանը մասնակից չի դարձվել: Այսինքն` Արթուր Սարգսյանը զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է նրա` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն առնչվում է Երևանի Նոր Նորքի 6-րդ միկրոշրջանի Բ. Մուրադյան փողոցի թիվ 8/7 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ վերջինս գործի քննությանը մասնակից չի դարձվել և զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է նրա` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.12.2010
N ԵԿԴ/0978/02/08
Որոշում