Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ, 170-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ, 170-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0360/02/09

    դատարանի որոշում                                                2010թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0360/02/09

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էդուարդ Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Էդուարդ Հայրապետյանի ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության` չօգտագործված ամենամյա արձակուրդների համար դրամական փոխհատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էդուարդ Հայրապետյանը պահանջել է բռնագանձել ՀՀ գլխավոր դատախազությունից 653.177 ՀՀ դրամ` որպես 1997-2004 թվականներին չօգտագործված արձակուրդների համար դրամական հատուցում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 18.05.2009 թվականի վճռով Էդուարդ Հայրապետյանի հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 18.05.2009 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` Էդուարդ Հայրապետյանի հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդուարդ Հայրապետյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 12-րդ, 170-րդ հոդվածները, «ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է ՀՀ գլխավոր դատախազության անհիմն պատճառաբանությունները, կատարելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 12-րդ, 170-րդ հոդվածների և «ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի ոչ ճիշտ մեկնաբանություններ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ժամանակին չի կատարել իր` որպես գործատուի պարտականությունները: Իսկ հայցադիմումով ներկայացված պահանջն ուղղված է ոչ թե գործատուի իրավունքները սահմանափակելուն, այլ խախտված իրավունքի վերականգնմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.05.2009 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

«ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 12-րդ հոդվածների բովանդակությունից հետևում է, որ ՀՀ աշխատանքային օրենսդրության հետադարձ ուժ ունենալու հանգամանքը կախվածության մեջ է դրված ՀՀ աշխատանքային օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերից: Տվյալ դեպքում գործող աշխատանքային օրենսգիրքը գործատու համարվող ՀՀ դատախազության համար իրավունքները սահմանափակող, պարտականություններ սահմանող, ինչպես նաև իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտ է, քանի որ չօգտագործված արձակուրդների համար դրամական հատուցում վճարելու հետևանքով գործատուի մոտ ծագում է լրացուցիչ պարտավորություն: Հետևաբար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասը տվյալ դեպքում կիրառելի չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Էդուարդ Հայրապետյանը 30.06.1993 թվականից մինչև 15.11.2007 թվականն աշխատել է ՀՀ դատախազության համակարգում (գ.թ. 6-7):

2. ՀՀ գլխավոր դատախազի 15.11.2007 թվականի թիվ 616 հրամանով երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ Էդուարդ Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից (գ.թ. 11):

4. ՀՀ դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետի 20.02.2009 թվականի թիվ 10/21-51-09 տեղեկանքով մերժվել է չօգտագործված արձակուրդների համար փոխհատուցում ստանալու մասին Էդուարդ Հայրապետյանի դիմումը: Նույն տեղեկանքի համաձայն` 1997-1999 և 2001-2004 թվականների արձակուրդներից օգտվելու դեպքում կհաշվարկվեր արձակուրդային գումարներ, համապատասխանաբար` 27.063 ՀՀ դրամ, 39.485 ՀՀ դրամ, 61.552 ՀՀ դրամ, 62.552 ՀՀ դրամ, 128.600 ՀՀ դրամ, 154.175 ՀՀ դրամ և 179.750 ՀՀ դրամ (գ.թ. 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

21.06.2005 թվականին ուժը կորցրած ՀՀ աշխատանքային օրենսգրքի 246.1-րդ հոդվածի համաձայն` դրամական պահանջների հարցերով, բացի հարկադրական պարապուրդի ժամանակամիջոցի համար աշխատողին միջին աշխատավարձը կամ ցածր վարձատրվող աշխատանք կատարելու ժամանակամիջոցի համար աշխատավարձի տարբերությունը վճարելու պահանջներից (սույն օրենսգրքի 240 հոդված և 246 հոդվածի երկրորդ մաս), աշխատանքային վեճերը քննելիս, վեճը քննող մարմինն իրավունք ունի վճիռ կայացնել վճարելու աշխատողին նրան հասանելիք գումարները ոչ ավելի, քան մեկ տարվա համար, իսկ արձակման դեպքում` չօգտագործած արձակուրդի դիմաց դրամական փոխհատուցման հարցերով, ոչ ավելի, քան երկու աշխատանքային տարվա համար:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (ընդունվել է 09.11.2004 թվականին և ուժի մեջ է մտել է 21.06.2005 թվականին) 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս` անկախ դրա գործողության ժամկետից: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Նույն օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքերում: Հետադարձ ուժ չի կարող տրվել գործատուների կամ քաղաքացիների իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգը սահմանող կամ խստացնող, գործատուների կամ քաղաքացիների գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ գործող ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերին հետադարձ ուժ տալը պայմանավորված է միայն մեկ պայմանով, այն է` եթե դա սահմանված է թվարկված իրավական ակտերում:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասին հետադարձ ուժ տալու իրավական խնդրին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ նախկին աշխատանքային օրենսգրքի գործողության ժամանակ տևած աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ գործող աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի չէ, քանի որ ոչ մի իրավական ակտում նախատեսված չէ տվյալ նորմի հետադարձ ուժը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի կիրառմանը, արձանագրել է, որ տվյալ հոդվածով օրենսդիրը աշխատանքային հարաբերությունները տարանջատել է երկու մասի, այն է` աշխատանքային հարաբերություններ, որոնք ծագել են մինչև գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի ուժի մեջ մտնելը և ուժի մեջ մտնելուց հետո ծագած աշխատանքային հարաբերություններ: Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի ուժով օրենսդիրը ընդունել և օրենսգրքի կարգավորման դաշտ է բերել նաև մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը ծագած աշխատանքային հարաբերությունները: Այսինքն վերոնշյալ հոդվածը որևէ առնչություն չունի ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերի հետադարձ ուժի հետ (տե՛ս Աշոտիկ Եղոյանի հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության` չօգտագործված ամենամյա արձակուրդների համար դրամական փոխհատուցման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 05.02.2010 թվականի թիվ ԵԿԴ/3516/02/08 որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չօգտագործված ամենամյա արձակուրդի դրամական փոխհատուցման գումարը պետք է հաշվարկվի երկու տարվա` 2003-2004 թվականների համար, իսկ փոխհատուցման չափը պետք է որոշվի համապատասխան ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չափով:

Սույն գործում առկա ՀՀ գլխավոր դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետի 20.02.2009 թվականի թիվ 10/21-51-09 տեղեկանքի համաձայն` 2003-2004 թվականների արձակուրդներից օգտվելու դեպքում կհաշվարկվեր արձակուրդային գումարներ, համապատասխանաբար` 154.175 ՀՀ դրամ և 179.750 ՀՀ դրամ, հետևաբար, Էդուարդ Հայրապետյանի հայցը պետք է բավարարվի մասնակիորեն` 333.925 ՀՀ դրամի չափով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Էդուարդ Հայրապետյանի հայցը բավարարել մասնակիորեն` ՀՀ գլխավոր դատախազությունից հօգուտ Էդուարդ Հայրապետյանի բռնագանձել 333.925 ՀՀ դրամ` որպես 2003-2004 թվականների ամենամյա չօգտագործված արձակուրդների համար դրամական փոխհատուցում: Հայցը մնացած մասով մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.03.2010
N ԵԿԴ/0360/02/09
Որոշում