Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄ ...

 

 

020.0880.230410

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 17-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 23 ապրիլի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ն. Փաշինյանի ներկայացուցիչներ Վ. Հովսեփյանի և Վ. Գրիգորյանի (05.03.2010թ. և 09.04.2010թ. նիստեր),

պատասխանող կողմի` թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ս. Մարկոսյանի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա. Սմբատյանի, հարակից պատասխանող` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ Ս. Հովհաննիսյանի և Ն. Հովհաննիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստերում` 05.03.2010թ. և 09.04.2010թ.` բանավոր և 23.04.2010թ. գրավոր ընթացակարգերով քննեց ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 17-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ն. Փաշինյանի 21.01.2010թ. դիմումն է սահմանադրական դատարան:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` 2010թ. հունվարի 27-ի աշխատակարգային նիստում քննարկելով վերոհիշյալ դիմումը, որոշում է կայացրել` համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի և 74-րդ հոդվածի 4-րդ մասի` գործն ընդունել քննության և գործով որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, իսկ որպես հարակից պատասխանող` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Գործի քննության նախապատրաստման ընթացքում պատասխանող կողմից պահանջվել և ուսումնասիրվել են թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` 2010 թվականի հունվարի 14-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2010թ. հունվարի 10-ի լրացուցիչ ընտրության արդյունքների արձանագրության և 2010 թվականի հունվարի 21-ի թիվ 18-Ա որոշման պատճենները, թիվ 10 ընտրատարածքի` բոլոր 34 տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները, տեղեկանք` թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում դիմում-բողոքների քննարկման վերաբերյալ:

Միաժամանակ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջվել և ուսումնասիրվել են ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հոկտեմբերի 6-ի` «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խ. Սուքիասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» թիվ 19 արձանագրության և ՀՀ ԿԸՀ-ի 2009 թվականի հոկտեմբերի 20-ի` «ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն նշանակելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 84-Ա որոշման պատճենները, ինչպես նաև տեղեկանքներ` ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից:

Բոլոր նյութերն օրենքով սահմանված կարգով նախապես տրամադրվել են դիմող կողմին ուսումնասիրելու համար:

05.03.2010թ. գործի դատաքննությունն սկսվելուց և զեկուցողների զեկույցը ներկայացնելուց անմիջապես հետո, երբ դատարանն օրենքով սահմանված կարգով անցավ նյութերի հետազոտման կարգի հետ կապված առաջարկությունների քննարկմանը, դիմողի ներկայացուցիչները` վկայակոչելով դիմողի խնդրանքը, միջնորդեցին ապահովել նրա ներկայությունը գործի քննությանը կամ, քանի որ դիմողը գտնվում է անազատության մեջ, գոնե իրենց հնարավորություն տրվի հանդիպելու դիմողի հետ, որի հնարավորությունը նախապես չեն ունեցել: Սահմանադրական դատարանը` քննարկելով այդ միջնորդությունը, որոշեց «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի հիման վրա կասեցնել գործի վարույթը, հնարավորություն տալ դիմողի ներկայացուցիչներին հանդիպելու կալանքի տակ գտնվող դիմողին` նրա դիրքորոշումները լիարժեք ներկայացնելու համար:

29.03.2010թ. դիմողի ներկայացուցիչ Վ. Գրիգորյանը սահմանադրական դատարան ներկայացրած գրավոր դիմումով տեղեկացրեց, որ իրենք կարողացել են հանդիպել դիմողին, ճշտել նրա դիրքորոշումները և խնդրում է վերսկսել գործի վարույթը:

Սահմանադրական դատարանը 30.03.2010թ. որոշում կայացրեց գործի վարույթը վերսկսելու մասին:

09.04.2010թ. գործի վարույթը վերսկսվեց դիմողի ներկայացուցիչների բացատրությունները ներկայացնելով: Դիմողի ներկայացուցիչներ Վ. Գրիգորյանը և Վ. Հովսեփյանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն իրենց բացատրություններն ամբողջ ծավալով ներկայացնելուց հետո` մինչև պատասխանող կողմի բացատրությունները ներկայացնելը, հարցերին պատասխանելու փուլում հրաժարվեցին հետագա դատաքննության ընթացքում ներկայացնելու դիմողին: Նկատի ունենալով, որ նման պայմաններում խոչընդոտվում է բանավոր ընթացակարգով գործի դատաքննության հետագա շարունակումը և հաշվի առնելով արդեն իսկ քննության նշանակված տարբեր գործերով սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունը, սահմանադրական դատարանը որոշեց գործի հետագա դատաքննությունը շարունակել գրավոր ընթացակարգով` ժամանակ տրամադրելով կողմերին գրավոր ընթացակարգով գործի քննության օրենքով սահմանված դատավարական պահանջների շրջանակներում ներկայացնելու իրենց բացատրությունները կամ դրանց լրացումները: Սահմանված ժամկետներում պատասխանող և հարակից պատասխանող կողմերը ներկայացրել են իրենց բացատրությունները, ինչը տրամադրվել է դիմողին:

Գործի դատաքննության արդյունքներով` ուսումնասիրելով կողմերի բացատրությունները, նրանց կողմից ներկայացված նյութերը, հետազոտելով դիմումը, սահմանադրական դատարանի կողմից պահանջված ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀ Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններն անցկացվել են 2010թ. հունվարի 10-ին` ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված կարգով ձևավորված թվով 34 ընտրական տեղամասերում:

Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` ամփոփելով թիվ 10 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2010թ. հունվարի 10-ի լրացուցիչ ընտրության արդյունքները, 2010 թվականի հունվարի 14-ին կայացրել է թիվ 17-Ա որոշումը` Արա Ռուբենի Սիմոնյանի` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու մասին:

Համաձայն թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2010 թվականի հունվարի 10-ի լրացուցիչ ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրության` թիվ 10 ընտրատարածքում առաջադրված և ՀՀ ընտրական օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով քվեաթերթիկներում ընդգրկված 3 պատգամավորության թեկնածուների օգտին տրված ձայները բաշխվել են հետևյալ համամասնությամբ. Դավիթ Հակոբյան` 288, Արա Սիմոնյան` 6.850, Նիկոլ Փաշինյան` 4.650: Ըստ թիվ 10 ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրության` ՏԸՀ-ներին հատկացված քվեաթերթիկների թիվը 57.000 է, մարված քվեաթերթիկների թիվը` 41.343, անվավեր քվեաթերթիկների թիվը` 416, քվեարկության մասնակիցների թիվը` 12.204:

Դիմում-բողոքների հիման վրա թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով անվավեր է ճանաչել թիվ 10/15 և 10/19 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները` դրանցում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվն արձանագրելով որպես տեղամասում անճշտությունների չափ, որը հաշվի է առնվել ընտրությունների արդյունքներն ամփոփելիս:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ն. Փաշինյանը սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով խնդրում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 17-Ա որոշումը ճանաչել անվավեր:

Դիմողի ներկայացուցիչ Վ. Գրիգորյանը նախ վիճարկում է ընտրական հանձնաժողովների իրավազորությունն ընդհանրապես` Սահմանադրությամբ նման մարմիններ նախատեսված չլինելու հանգամանքով:

Դիմողը` որպես թիվ 10 ԸԸՀ-ի 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 17-Ա որոշման անվավերության հիմք ներկայացնում է հետևյալ փաստարկները: Նախ այն, որ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից իրեն 05.12.2009թ. որպես նույն ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորության թեկնածու գրանցելուց հետո` առանց ԿԸՀ-ի կողմից գրանցված թեկնածուին կալանքի տակ պահելու համաձայնության, իրեն կալանքի տակ պահելը խախտում է ՀՀ ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները: Ըստ դիմողի` լինելով անազատության մեջ` ինքը հնարավորություն չի ունեցել անձամբ կազմակերպել և անցկացնել իր նախընտրական քարոզչությունը, ինչով խախտվել է իր և մյուս թեկնածուների միջև նախընտրական քարոզչության ընթացքում հավասար հնարավորություններ ապահովելու պետության պոզիտիվ պարտականությունը:

Դիմողը պնդում է նաև, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր` 20.10.2009թ. կայացրած թիվ 84-Ա որոշմամբ թիվ 10 ընտրատարածքում լրացուցիչ ընտրությունները 2010թ. հունվարի 10-ին նշանակելով` խախտել է ՀՀ ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները` սխալ հաշվարկելով ընտրությունների անցկացման համար սահմանված 80-օրյա ժամկետը: Նման իրավիճակը բացասական ազդեցություն է ունեցել իր պասիվ ընտրական իրավունքի իրացման վրա, քանի որ 2009թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2010թ. հունվարի 10-ը ՀՀ կառավարության կողմից հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր, ինչն իր հերթին ազդել է նախընտրական քարոզչության արդյունավետության վրա:

Դիմողը նշում է նաև, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի տարաբնույթ խախտումներ, որոնք, իր կարծիքով, ազդել են ընտրատարածքում ընտրությունների արդյունքների վրա: Մասնավորապես նշվում է, որ նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների համար չեն ապահովվել հավասար պայմաններ ու հնարավորություններ, սահմանափակվել են դիմող թեկնածուի վստահված անձանց իրավունքները, ընտրատեղամասերում կատարված իրավախախտումների վերաբերյալ վստահված անձանց դիմում-բողոքները մնացել են անպատասխան, ընտրատեղամասերում ձայների հաշվարկի ժամանակ տեղի են ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի խախտումներ:

Դիմող կողմը նշված օրինախախտումների առկայությունը հիմնավորելու համար դիմումին կից ներկայացրել է ընտրական հանձնաժողովներին ուղղված` վստահված անձանց դիմում-բողոքների պատճեններ, վերջիններիս ի պատասխան ներկայացված գրություններ, ՀՀ գլխավոր դատախազությանը դիմողի ներկայացուցչի հասցեագրած դիմումների և դրանց պատասխանների պատճեններ, այլ թղթակցություններ ու նյութեր, որոնք վերաբերում են թվով 11 ընտրական տեղամասերի:

Դիմողի ներկայացուցիչ Վ. Հովսեփյանը ՀՀ սահմանադրական դատարանում տվյալ հարցերի վերաբերյալ բացատրություններ ներկայացնելիս առանց լրացուցիչ հիմնավորումների բառացիորեն կրկնեց միայն այն, ինչը շարադրված է դիմումում:

Դիմողի ներկայացուցիչ Վ. Գրիգորյանը գտնում է նաև, որ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն օրենքի պահանջների խախտումով է ամփոփել ընտրությունների արդյունքները, ինչի առնչությամբ բողոք է ներկայացվել ՀՀ վարչական դատարան և գործում առկա է վերջինիս 18 հունվարի 2010թ. ՎԴ/0085/05/10 գործով վճիռը:

3. Պատասխանողը, առարկելով դիմողի փաստարկները, գտնում է, որ թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ հանձնաժողովի կողմից այլ որոշում կայացնելու համար:

Ըստ պատասխանողի` ընտրված և դիմող թեկնածուների միջև ձայների հարաբերակցությունը բացառում է անճշտությունների ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա և չի բացառում ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը: Բացի դրանից, ըստ պատասխանող կողմի` դիմողի վստահված անձանց կողմից թիվ 10 ԸԸՀ ներկայացված դիմում-բողոքները քննության առարկա են դարձել ընտրական հանձնաժողովում, նշված փաստերի մեծ մասը զուրկ է եղել հիմքից և իրականությանը չի համապատասխանել: Պատասխանողն անդրադառնալով դիմողի կողմից ներկայացված նյութերին ու փաստերին` գտնում է, որ դիմողի կարծիքով տեղ գտած ընտրախախտումները վերաբերում են միայն մի քանի ընտրական տեղամասերի, և դրանք հիմնականում ժամանակին հանձնաժողովի կողմից քննության են առնվել ու չեն խախտել ազատ ընտրություններում դիմողի` որպես թեկնածու հանդես գալու իրավունքը:

Ըստ պատասխանողի` դիմողը ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգի համաձայն` կալանքի տակ գտնվելով, օրենքով սահմանված կարգով ընտրական գործընթացին մասնակցել է իր վստահված անձանց միջոցով և իր այդ իրավունքն իրացրել է առանց արգելքի ու ամբողջությամբ:

Ինչ վերաբերում է դիմողի անազատության մեջ գտնվելուն, ապա այդ հարցը լուծվել է դատական կարգով և դուրս է պատասխանող կողմի իրավասության շրջանակներից:

Հարակից պատասխանող` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ դիմողի փաստարկները հիմնավոր չեն և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը չի կարող վիճարկվել, քանի որ այն ընդունվել է օրենքով սահմանված կարգով, տեղի չեն ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնց ազդեցությունն անհնարին դարձներ հստակ պարզելու ընտրված թեկնածուին կամ որոնք հաշվի չեն առնվել ընտրության արդյունքներն ամփոփելիս:

Դիմողի հիմնական փաստարկների առնչությամբ հարակից պատասխանողը գտնում է, որ, նախ. ընտրության օրվա փոփոխությունը պայմանավորված է եղել թեկնածուների պասիվ ընտրական իրավունքը երաշխավորելու անհրաժեշտությամբ, քանի որ ՀՀ Ազգային ժողովից պատգամավորի տեղը թափուր լինելու վերաբերյալ արձանագրության ուշ ստանալու փաստն անհնարին էր դարձրել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ոչ շուտ, քան 75 և ոչ ուշ, քան 70 օրվա ընթացքում ապահովել պատգամավորության թեկնածուների հայտերի ընդունումը: Միաժամանակ, ըստ հարակից պատասխանողի` հաշվի է առնվել այն հանգամանքը, որ քվեարկությունը տոն օրերի չնշանակվի: Այն նշանակվել է օրենքով որպես տոն սահմանված օրերին հաջորդող կիրակի օրը: Այս մոտեցմամբ էր միայն հնարավոր երաշխավորել բոլոր պատգամավորության թեկնածու գրանցվողների իրավունքները, և որը որևէ ձևով պասիվ ընտրական իրավունքի խախտման պատճառ չէր կարող հանդիսանալ, առավել ևս` երբ այն վերաբերել է առաջադրվող բոլոր թեկնածուներին:

Հարակից պատասխանողը գտնում է, որ դիմողը չի օգտվել նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 9-րդ մասի ընձեռած հնարավորություններից` նախընտրական քարոզչությունն արդյունավետ իրականացնելու համար:

Հարակից պատասխանողը գտնում է նաև, որ դիմողը «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով անարգել իրականացրել է իր ընտրական իրավունքը:

Ինչ վերաբերում է դիմողի երկրորդ փաստարկին, ապա հարակից պատասխանողը գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է ԿԸՀ-ի եզրակացությունը պատգամավորության թեկնածուին ազատությունից զրկելու հանգամանքի առնչությամբ` որպես կանխարգելիչ միջոց նրա իրավունքների պաշտպանության համար: Այս պարագայում դիմողը պատգամավորության թեկնածու է գրանցվել արդեն իսկ կալանավորված լինելուց հետո` դատաքննության փուլում, ամբաստանյալի կարգավիճակում, երբ գտնվելիս է եղել դատական իշխանության իրավազորության ներքո: Ըստ հարակից պատասխանողի` թերևս դա են նկատի ունեցել նաև դիմողի փաստաբանները, որ խափանման միջոցին առնչվող հարցով իրավացիորեն դիմել են ոչ թե ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այլ դատարան, որը և դատական կարգով լուծում է տվել այդ հարցին: Իսկ դիմողն օգտվել է իր ընտրական իրավունքներից ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգով:

Հարակից պատասխանողը բերում է նաև հակափաստարկներ առանձին ընտրախախտումների վերաբերյալ դիմողի փաստարկներին` չընդունելով դրանց հիմնավոր լինելը:

4. Դիմող կողմն առաջին հերթին վիճարկում է ընտրական հանձնաժողովների իրավազորության հարցը` գտնելով, որ ՀՀ ԿԸՀ-ի կողմից «իշխանության իրականացումը» հակասում է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածին: Ըստ դիմողի` ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է, որ միայն Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք են օժտված «... իշխանություն իրականացնելու իրավասությամբ»: Իսկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը «...Սահմանադրությամբ չնախատեսված կազմավորում է»:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության հոդվածները մեկնաբանելիս անհրաժեշտ է առաջին հերթին նկատի ունենալ ամեն մի հոդվածի և դրա նորմերի կարգավորման առարկան և մեկնաբանությունն իրականացնել դրանց կարգավորման առարկայի շրջանակներում:

ՀՀ Սահմանադրության 2-րդ անփոփոխելի հոդվածի 2-րդ մասը սահմանում է ժողովրդի կողմից իրեն պատկանող իշխանության իրականացման ձևերը: Այսինքն` 2-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման առարկան 1-ին մասում հռչակված ժողովրդաիշխանության սկզբունքի կոնկրետացումն է դրա իրականացման ձևերի առնչությամբ:

Ընդ որում, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է`

ա) ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով,

բ) ինչպես նաև` Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Սահմանադրության այս վերջին դրույթը սահմանում է, որ ներկայացուցչական հիմունքներով ժողովրդի իշխանությունն իրականացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով, որոնք պետք է նախատեսված լինեն Սահմանադրությամբ:

Ժողովրդաիշխանության սահմանադրական իմաստից, մասնավորապես, բխում են ժողովրդի հետևյալ հիմնական իրավունքները. 1) լինել գերագույն իշխանության աղբյուր և կրող, 2) ձևավորել իշխանության ներկայացուցչական մարմիններ, 3) պատվիրակել սեփական լիազորություններն իշխանության ներկայացուցչական մարմիններին, 4) ունենալ իր այդ իրավունքների սահմանադրորեն ամրագրված կարգավիճակ:

Ժողովուրդն իր իշխանությունը ներկայացուցչական մարմինների միջոցով իրականացնելու դեպքում իր կամքն արտահայտում է ոչ թե ուղղակիորեն, այլ իր կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով (խորհրդարան, Նախագահ, տեղական ինքնակառավարման մարմիններ), որոնց հանձնարարում է իր լիազորությունների իրականացումը որոշակի ժամկետով: Ներկայացուցչական մարմինները պետք է արտահայտեն ժողովրդի կամքը և շահերը, հաշվետու լինեն ժողովրդի, ընտրողների առջև: Մնացած պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք ածանցված են ներկայացուցչական մարմիններից և կազմավորվում են նրանց միջոցով` Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված կարգով:

Միաժամանակ, դա չի նշանակում, որ պետական ողջ մեխանիզմն ուղղակի կախվածության մեջ է ներկայացուցչական մարմիններից: Պետական իշխանության որոշակի հատուկ գործառույթների և խնդիրների առկայությունը պահանջում են ներկայացուցչական կամ առաջնային մանդատով օժտված մարմինների կողմից կազմավորված առանձին պետական մարմինների գործառնական ու կառուցակարգային որոշակի անկախություն և ինքնավարություն` Սահմանադրությամբ և/կամ օրենքով նախատեսված գործառույթ իրականացնելու համար: Դա բխում է հենց ժողովրդի և ժողովրդավարության շահերից: Այդպիսի մարմիններ են նաև ընտրական հանձնաժողովները: Ընդ որում, ինչպես եվրոպական երկրների մեծ մասում, Հայաստանում նույնպես Սահմանադրությունն ի սկզբանե այդ անկախությունը և ինքնուրույնությունը երաշխավորում է ոչ թե ժողովրդի կամքի արտահայտման իրավազորությամբ, այլ իրավունքով, Սահմանադրությամբ և օրենքով:

Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի սուբյեկտիվ մեկնաբանությունը, համաձայն որի բոլոր պետական մարմինները պետք է նախատեսվեն Սահմանադրությամբ, աղավաղում է սահմանադրական այդ նորմի բուն էությունը: Այդպիսի մոտեցմամբ ընդհուպ նույնացվում են «ժողովրդաիշխանություն» և «պետական իշխանություն» հասկացությունները: Սահմանադրություններում հստակ սահմանազատելով «ժողովրդի իշխանությունը» «պետական իշխանությունից»` հիմնական շեշտադրումն արվում է այն առնչությամբ, որ պետական իշխանությունն ածանցվում է ժողովրդաիշխանությունից և այն իրականացվում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա:

i

Հաշվի առնելով նաև իր` 2006թ. նոյեմբերի 7-ի ՍԴՈ-664 և 2007թ. հունիսի 10-ի ՍԴՈ-703 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ընտրական հանձնաժողովները ոչ թե ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի իմաստով ներկայացուցչական ժողովրդաիշխանություն իրականացնող մարմիններ են, այլ իրենց պետաիշխանական իրավասության շրջանակներում կոչված են Սահմանադրությամբ ու օրենքով սահմանված կարգի համաձայն` իրավունքի ուժով ապահովել ներկայացուցչական ժողովրդաիշխանության մարմինների կազմավորումը:

Ընդ որում, ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է նաև, թե որ մարմիններն են ձևավորվում ընտրությունների միջոցով, և թե ինչ սկզբունքներով է այն իրականացվում (հոդվ. 4): Բացի դրանից, Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Սահմանադրության 83.5-րդ հոդվածը նաև սահմանում է, որ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը: Դա հավասարապես վերաբերում է նաև ընտրական իրավունքի իրականացման պայմանների ու կարգի սահմանմանը: Առավել ևս, նույն 83.5-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է, որ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքով է սահմանվում «հանրաքվեների, Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը»: Սահմանադրության հիշյալ նորմերի և 2-րդ հոդվածի` «...Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով...» դրույթի միջև հակասություն փնտրելը զուտ ձևականացված մոտեցման արդյունք է և չի ենթադրում, որ երկրում գոյություն ունեցող բոլոր պետական մարմիններն իրավունակ կարող են լինել միայն այն դեպքում, եթե անմիջականորեն նախատեսված են Սահմանադրությամբ:

Հայաստանի Հանրապետությունում ընտրական հանձնաժողովները ձևավորվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենսդիր իշխանության իրականացման սահմանադրական գործառույթի շրջանակներում ընդունված օրենքով սահմանված կարգով:

5. ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2007թ. հունիսի 10-ի ՍԴՈ-703 որոշման մեջ իրավական դիրքորոշում էր արտահայտել, որ` «... եթե դիմող կողմն ընտրությունների նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման գործընթացով պայմանավորված ընտրական հանձնաժողովների, իրավասու այլ մարմինների որոշումները, գործողությունները կամ անգործությունը մինչև սահմանադրական դատարան դիմելը ՀՀ ընտրական օրենսգրքով և իրավական այլ ակտերով նախատեսված` արտադատական (վարչական) կամ դատական կարգով չի բողոքարկել, այսինքն` օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով և ժամկետներում չի օգտագործել (սպառել) իր ընտրական իրավունքների պաշտպանության` օրենքով նախատեսված բոլոր միջոցները, ապա լիարժեք չեն դառնում սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքներով քննվող հանրային-իրավական վեճի շրջանակներում ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր ներկայացնելու և դրանցով իր փաստարկները հիմնավորելու նրա դատավարական հնարավորությունները»:

Սույն գործի շրջանակներում դիմումին կից ներկայացրած տարաբնույթ հաղորդումներն ու արձանագրություններն օրենքով սահմանված կարգով հիմք պետք է հանդիսանային ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները բողոքարկելու կամ արտադատական ու դատական կարգով հնարավոր ընտրախախտումները քննության առարկա դարձնելու համար: Կոնկրետ ընտրախախտումների հետ կապված հանգամանքները` ըստ ՀՀ օրենսդրության, դատական կարգով քննության առարկա են ընդհանուր իրավասության և վարչական դատարաններում: ՀՀ սահմանադրական դատարանը ձեռնպահ պետք է մնա ամբողջությամբ առաջին ատյանի` փաստի դատարանի դեր ստանձնելուց, և նրա իրավասությունն է ընտրության արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովի վերջնական որոշման հետ կապված վեճի լուծումը, այսինքն` կոնկրետ իրավական ակտին առնչվող վեճի քննությունը (ՀՀ Սահմանադրության հոդված 100, կետ 3.1): Ընտրական գործընթացի առանձին մասնակիցներ խորությամբ չըմբռնելով 2005թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի նոր խմբագրությամբ 3.1-րդ կետի իմաստը` անհիմն փորձում են սահմանադրական դատարանը դիտարկել որպես ընտրական վեճ լուծող առաջին ատյանի դատարան: Դա այն դեպքում, երբ ՀՀ ընտրական օրենսգրքի 139-րդ հոդվածը 31 կետերով նախատեսում է պատասխանատվության բոլոր այն դեպքերը, որոնք առնչվում են ընտրախախտումներին և որոնք պետք է իրավասու դատարանների կողմից քննության առարկա դառնան ու ապացուցվեն օրենքով սահմանված կարգով: Պատահական չէ նաև, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 63.1-րդ հոդվածի 2-րդ մասը պահանջում է, որ դատարանների վճիռները հիմք ընդունվեն ընտրության արդյունքների ամփոփման փուլում:

Սահմանադրական դատարան դիմողի կողմից ներկայացվել է միայն երկու դատական ակտ (ՀՀ վարչական դատարանի 20.11.2009թ. և 18.01.2010թ. վճիռները, որոնք կայացվել են դիմողի օգտին): Այդ դատական ակտերից բացի, դիմումին կից ՀՀ սահմանադրական դատարան են ներկայացվել թվով 11 ընտրատեղամասերի առնչությամբ թվով 50 (հիսուն) տարբեր թղթակցություններ, այդ թվում` ՀՀ դատախազությանն ուղղված հաղորդում հանցագործություն կատարելու մասին` թվով 3, որոշում քր. գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին` 1, ՀՀ գլխավոր դատախազության կայք էջից տեղեկություններ և դատախազության պատասխաններ` 5, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հղած տարաբնույթ դիմումներ` 25, տեղամասերում կազմված արձանագրություններ` 8, տեղամասային հանձնաժողովների անդամների հատուկ կարծիքներ քվեարկության արդյունքների վերաբերյալ` 2 (10/34 և 10/29 ընտրատեղամասեր), դիմումներ տեղամասային ընտրական հանձնաժողովներին` 3, այլ գրագրություններ` 2, դիմում ԿԸՀ-ին` 1: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հղած դիմումների 50 տոկոսից ավելին բաժին է ընկնում թվով երկու` 10/15 և 10/19 ընտրական տեղամասերին, որոնցում քվեարկության արդյունքներն ընտրական հանձնաժողովի կողմից հետագայում անվավեր են ճանաչվել: Ընդ որում, թե՛ դիմողի ամփոփումներում և թե՛ դիմումին կցված թղթակցություններում 23 ընտրական տեղամասերում (ընդհանուր թվի 68 տոկոսը) ընտրությունների կազմակերպման ու անցկացման ընթացքում տեղ գտած հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ որևէ փաստ չի ներկայացվում (10/04, 10/05, 10/06, 10/07, 10/11, 10/14, 10/16, 10/17, 10/18, 10/21, 10/22, 10/23, 10/24, 10/25, 10/26, 10/27, 10/28, 10/29, 10/30, 10/31, 10/33 ընտրական տեղամասեր):

Թվով շուրջ 11 ընտրական տեղամասերին առնչվող` դիմումին կից ներկայացված մյուս թղթակցությունների թե՛ բնույթը և թե՛ առավել ևս բովանդակությունը վկայում են, որ դրանք, թերևս, կարող էին ներկայացվել ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները բողոքարկելու համար, որն իրականացվել է միայն երկու տեղամասում (10/07 և 10/30), և որի արդյունքներով որևէ էական խախտում չի արձանագրվել: Բացի դրանից, ըստ թիվ 10 ԸԸՀ-ի կողմից սահմանադրական դատարան ներկայացված` տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների, ընտրատարածքի թվով 34 տեղամասերից 30-ում (88.2 տոկոս) այդ արձանագրություններն ստորագրել են տեղամասային ընտրական հանձնաժողովների` նիստին մասնակցած բոլոր անդամները: Միայն երկու տեղամասերում են (թիվ 10/15 և 10/19) արձանագրություններն ստորագրել հանձնաժողովների 8 անդամներից 6-ը, սակայն հետագայում այդ տեղամասերում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքներն անվավեր է ճանաչել:

Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների ընդհանուր թվով շուրջ 270 անդամներից հետագա իրավական գործընթացներ իրականացնելու համար միայն 3 անդամ է ՀՀ ընտրական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ստորագրել արձանագրությունը` հատուկ կարծիք ունենալու նշումով (թիվ 10/29, 10/30, 10/34 ընտրատեղամասեր), սակայն երկուսն օրենքով սահմանված կարգով գրավոր հատուկ կարծիք չեն կցել արձանագրությանը:

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազության տեղեկանքի համաձայն` թիվ 10 ընտրատարածքում 2010թ. հունվարի 10-ին կայացած ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ բոլոր դիմում-բողոքները, մամուլի հրապարակումները, դիմողի կողմից ներկայացված տեսանյութերը դարձել են ուսումնասիրության առարկա և դրանց հիման վրա հարուցվել է չորս քրեական գործ: Հետագայում դրանցից 2-ով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով, նախաքննությամբ չեն հաստատվել նաև թիվ 10/12 և 10/14 ընտրական տեղամասերի առնչությամբ ներկայացված ահազանգերը, մեկ փաստով գործն ուղարկվել է դատարան և 10/09 ընտրատեղամասի դիմաց տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:

Պատասխանող կողմն իր բացատրություններում նույնպես չի ընդունում այն հանգամանքները, որոնցով դիմող կողմը հիմնավորում է իր պահանջները, և այդ հանգամանքների վերաբերյալ ներկայացնում է իր կոնկրետ հակափաստարկները: Միաժամանակ փաստվում է, որ մինչև ընտրության արդյունքների ամփոփումը հանձնաժողովն ստացել է 28 դիմում, որից 8-ը` մինչև քվեարկության օրը: Բոլոր դիմումները քննարկվել են հանձնաժողովի կողմից` օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում, և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ որևէ ահազանգ չի մնացել անարձագանք: Իսկ այդ առնչությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները դատական կարգով չեն բողոքարկվել: Իսկ դատական կարգով երկու այլ բողոքները (թեկնածուի գրանցման և հունվարի 14-ին ներկայացված դիմում-բողոքն ընդունելու վերաբերյալ), ինչպես նշվեց, լուծվել են դիմողի օգտին: Դիմողը պատասխանող և հարակից պատասխանող կողմերի գրավոր ներկայացված հակափաստարկների վերաբերյալ առարկություններ չի ներկայացրել: Բացի դրանից, դիմողը վերաշարադրելով նշված թղթակցությունների բովանդակությունն ըստ թվով 11 ընտրական տեղամասերի` սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի շրջանակներում հիմնական շեշտը դնում է «որպես դիմողի փաստարկներ» ներկայացվող երկու հանգամանքի վրա, նախ. իր հիմնավորմամբ օրենքի խախտումով ՀՀ ԿԸՀ-ի կողմից ընտրության օրվա նշանակումը, երկրորդ` դիմողի անազատության մեջ գտնվելը: ՈՒստի սահմանադրական դատարանը ելակետային է համարում անդրադարձն այդ երկու հանգամանքներին` պարզելու համար դրանց բնույթն ու հնարավոր ազդեցությունն ընտրությունների արդյունքներով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 14.01.2010թ. թիվ 17-Ա որոշման վրա:

6. Ըստ դիմողի` ՀՀ Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն նշանակելու վերջնաժամկետը պետք է լիներ 2009թ. դեկտեմբերի 26-ը, այլ ոչ թե 2010թ. հունվարի 10-ը: Հիմնավորումն այն է, որ մանդատը թափուր մնալուց հետո ՀՀ ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն 80-օրյա ժամկետը լրանում է 2009թ. դեկտեմբերի 26-ին:

ԿԸՀ-ի 20.10.2009թ. թիվ 84-Ա որոշմամբ թիվ 10 ընտրատարածքում նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն` քվեարկության օր նախատեսելով 2010թ. հունվարի 10-ը: Սահմանադրական դատարանում որպես հարակից պատասխանող ճանաչված` ՀՀ ԿԸՀ-ի բացատրություններում պատճառաբանվում է օրենքով նախատեսված 80-օրյա ժամկետը չպահպանելու իրողությունը:

Քննության առարկա սահմանադրաիրավական վեճի շրջանակներում էական նշանակություն ունեն հետևյալ երկու հանգամանքները, նախ` ԿԸՀ-ի գործողության իրավաչափությունը և դրա հնարավոր հետևանքները, երկրորդ` նման իրավիճակի հնարավոր ազդեցությունն ազատ ընտրությունների կազմակերպման և դիմողի պասիվ ընտրական իրավունքի իրացման վրա:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր պարագաներում ԿԸՀ-ն իրավասու չէ ցանկացած հիմնավորմամբ ընտրության օրվա վերաբերյալ օրենքով նախատեսված ժամկետի փոփոխություն կատարել: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ` «Իրավական ակտով սահմանված ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով»: Այս կանոնը հավասարապես վերաբերում է ինչպես ՀՀ ընտրական օրենսգրքի 117 և 118-րդ հոդվածներով նախատեսված ժամկետներին, այնպես էլ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող ժամկետին, որոնք իրավակիրառողը պարտավոր է հաշվի առնել ու պահպանել:

Կարևոր է նաև այն հարցի պարզաբանումը, թե իրավակարգավորման ինչ նպատակ են հետապնդել ՀՀ ընտրական օրենսգրքի 117 և 118-րդ հոդվածներով 80, 75, 70, 45, 40 և 35 օրեր նախատեսող ժամկետները: ՀՀ ընտրական օրենսգրքի նշված հոդվածների և դրանցում կատարված փոփոխությունների համադրված վերլուծությունը վկայում է, որ մինչև 2005թ. մայիսի 19-ին ՀՕ-101-Ն օրենքով կատարված օրենսդրական փոփոխությունները (ՀՀ ընտրական օրենսգրքի 107-րդ հոդվածի առկայության պայմաններում), ՀՀ ընտրական օրենսգրքի 117-րդ հոդվածը ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար նախատեսել էր 5-10 օր, ստորագրություններ հավաքելու համար պաշտոնաթերթիկներ ստանալու համար` 5-10 օր, թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում` ստորագրություններով պաշտոնաթերթիկները, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ (15-20 օր), թեկնածուի գրանցման համար` 5-10 օր: Օրենքով նախատեսված կարգով այս գործընթացներն ավարտվում էին քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 35 օր առաջ, որին հետևում էր նախընտրական քարոզչությունը:

2005թ. մայիսի 19-ին ՀՕ-101-Ն օրենքով ուժը կորցրած ճանաչվեց ՀՀ ընտրական օրենսգրքի 107-րդ հոդվածը, ավելորդ դարձավ ստորագրահավաքի համար ժամկետի սահմանումը, սակայն անփոփոխ մնաց դեռևս 03.07.2002թ. ՀՕ-406-Ն օրենքով Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների անցկացման համար նախատեսված 80-օրյա ժամկետը:

Բնականաբար, հստակ ու համակարգված օրենսդրական կանոնակարգումը, ինչպես նաև անկանխատեսելի իրավիճակները հաղթահարելուն կոչված ու օրենքով նախատեսված իրավակարգավորումները կբացառեին իրավակիրառական պրակտիկայում հնարավոր շփոթը: Այսուհանդերձ, ստեղծված իրավիճակում ԿԸՀ-ն կարող էր կամ դատական կարգով բողոքարկել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին թիվ 19 արձանագրության իրավաչափությունը (պայմանավորված դրա հնարավոր ուշ ստանալու հանգամանքներով), կամ հնարավորինս օգտագործեր վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, այսպես կոչված, «ազատ մնացած» 15-20 օր ժամանակահատվածը` թեկնածուների առաջադրման համար խոչընդոտներ չստեղծելու և օրենքով նախատեսված 80-օրյա ժամկետը չխախտելու համար: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ ընտրական օրենսգրքով ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանն ուղղված գրեթե բոլոր գործողությունների և միջոցառումների իրականացման ժամկետների սահմանման համար, որպես կանոն, օգտագործվում են «ոչ շուտ քան..., և ոչ ուշ, քան...», «...-օրյա ժամկետում» բառակապակցությունները, որոնք ենթադրում են, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է ժամանակահատվածի սկիզբը և (կամ) վերջը` կոնկրետ օրերի ընտրության հարցում որոշակի հայեցողության դրսևորման հնարավորությունը ընձեռելով ընտրական իրավունքի սուբյեկտներին:

Իրենց հերթին պատգամավորության թեկնածուները կարող էին ՀՀ ԿԸՀ-ի 20 հոկտեմբերի 2009թ. թիվ 84-Ա որոշումը դատական կարգով բողոքարկել, եթե գտնում էին, որ այն խախտում է կամ կարող է խախտել իրենց իրավունքները: Բացի դրանից, ՀՀ սահմանադրական դատարանում քննվող գործով վեճի առարկան ըստ էության ոչ թե ԿԸՀ-ի հիշյալ որոշումն է, որը գործող օրենսդրության շրջանակներում միայն վարչական արդարադատության օբյեկտ կարող էր հանդիսանալ, այլ ԸԸՀ-ի 14.01.2010թ. թիվ 17-Ա որոշումը:

Միաժամանակ, սահմանադրական վեճի շրջանակներում անհրաժեշտ է գնահատել նաև նման իրավիճակի հնարավոր ազդեցությունն ընտրական ողջ գործընթացի և, մասնավորապես, դիմողի պասիվ ընտրական իրավունքի իրացման վրա:

Նախ. հավաստի չէ դիմողի կողմից բերվող տեղեկատվությունը, որ «ՀՀ կառավարության որոշմամբ 2009թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2010թ. հունվարի 10-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր»: Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ոչ աշխատանքային օրեր են սահմանվել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 1.1-րդ հոդվածներով: ՀՀ կառավարության 17 դեկտեմբերի 2009թ. թիվ 1450-Ն որոշմամբ միայն 2010թ. հունվարի 8-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխվել է 2009թ. դեկտեմբերի 26-ի շաբաթ օրը:

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության արդյունավետության վրա նման փոփոխությունների հնարավոր ազդեցության առնչությամբ դիմողի պնդմանը, ապա ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ նման հանգամանքն իրավաբանորեն նույնպես գնահատելի էր, քանի որ այդ փոփոխություններից անմիջապես հետո թեկնածուները կարող էին դատական կարգով բողոքարկել քվեարկության օրվա նշանակման վերաբերյալ ՀՀ ԿԸՀ-ի 20.10.2009թ. թիվ 84-Ա որոշումը` նախընտրական քարոզչության արդյունավետ պայմաններ երաշխավորելու տեսանկյունից, որը չի արվել: Մյուս կողմից` ստեղծված իրավիճակը հավասարապես վերաբերել է թիվ 10 ընտրատարածքում գրանցված Ազգային ժողովի պատգամավորության բոլոր թեկնածուներին և չի կարող դիտարկվել որպես դրանցից միայն մեկի պասիվ ընտրական իրավունքի իրացման վրա ազդող գործոն: Բացի դրանից, եթե նույնիսկ այս փաստի հիման վրա ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն և ՀՀ ընտրական օրենսգրքի 116-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն այդ մասին որոշումն ընդունելուց հետո ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 20 օր հետո անցկացվի վերաքվեարկություն, ինչը դիմողի խնդրանքն է, ապա այդ ժամանակահատվածը հաշվարկվելու է որպես նախորդ ժամանակահատվածի օրգանական շարունակություն և ընտրական գործընթացի վրա ազդեցության առումով որևէ նշանակություն ունենալ չի կարող:

7. Դիմողի հաջորդ փաստարկը վերաբերում է հետևյալին. «Լինելով անազատության մեջ, խախտվել է Դիմողի և մնացած թեկնածուների միջև նախընտրական քարոզչության ընթացքում հավասար հնարավորություններ ապահովելու պետության պոզիտիվ պարտականությունը, քանի որ Դիմողը հնարավորություն չի ունեցել անձամբ կազմակերպել և անցկացնել իր նախընտրական քարոզչությունը»: Դիմողը գտնում է, որ այդ իրողությունը, ի թիվս դիմումում բերված այլ պատճառների, պայմանավորված է եղել օրենքի խախտմամբ նրան կալանքի տակ պահելու հանգամանքով:

Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ, նախ. ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է. «Ձերբակալված և կալանքի տակ գտնվող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են իրենց վստահված անձանց միջոցով: Այդ նպատակով` ձերբակալված և կալանքի տակ գտնվող թեկնածուներն իրավունք ունեն նախընտրական քարոզչության ընթացքում` օրական մինչև 2 ժամ տևողությամբ, ձերբակալվածներին պահելու և կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում հանդիպումներ ունենալ ոչ ավելի, քան իրենց 3 վստահված անձի հետ»: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կողմից ՀՀ սահմանադրական դատարանի պահանջով ներկայացված տեղեկանքի համաձայն` 2009թ. դեկտեմբերի 7-ից մինչև 2010թ. հունվարի 10-ը դիմողի վստահված անձինք ամեն օր մինչև երկու ժամ տևողությամբ հանդիպում են ունեցել թեկնածուի հետ: Այդ հնարավորությունից նրանք կամովին չեն օգտվել 31.12.2009թ., 01-02.01.2010թ.: Երկրորդ` ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի` ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած պաշտոնական գրությունից պարզվում է, որ պատգամավորության թեկնածու գրանցվելուց հետո դիմողի փաստաբանների միջնորդությամբ նրա խափանման միջոցի փոփոխման հարցը դատաքննության առարկա է դարձել և մերժվել է:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման հետ կապված վեճի քննության շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանն իրավազոր չէ դատաքննության առարկա դարձնել ամբաստանյալի կարգավիճակում գտնվող պատգամավորության թեկնածուի նկատմամբ կիրառված խափանման միջոցի օրինականության շուրջ առաջացած վեճը և գնահատական տալ քրեական գործի քննության շրջանակներում դատարանի կայացրած որոշմանը, որն օրենքով սահմանված կարգով բողոքարկման առարկա կարող էր դառնալ միայն ընդհանուր իրավասության վերադաս դատարանում, ինչն իրականացվել է: ՀՀ սահմանադրական դատարանն ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների համար դատական նոր ատյան չէ: Իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն` դատական ակտերը սահմանադրական վերահսկողության օբյեկտ չեն հանդիսանում: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 8 մարտի 2008թ. ՍԴՈ-736 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ սահմանադրական դատարանի` գործի փաստական հանգամանքները կողմերի դիրքորոշումներից անկախ բացահայտելու պարտականությունն ունի որոշակի հստակ սահմաններ, և այդ սկզբունքը չի լիազորում սահմանադրական դատարանին ստանձնելու իրավապահ այլ մարմինների (դատախազական կամ քննչական) լիազորություններ, փոխարինել արդարադատական կամ վարչական այլ մարմիններին: Սահմանադրական դատարանը սույն գործի քննության շրջանակներում հիմք է ընդունում այն իրողությունը, որ տվյալ կարգավիճակում դիմողն անարգել իրացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված իր իրավունքները:

8. Դիմողի բացատրություններում ներկայացված` ընտրության արդյունքներն օրենքի խախտումներով ամփոփելու փաստարկների առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սուբյեկտիվ մեկնաբանություն է տրվում ՀՀ ընտրական օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասին և 63.1-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին: Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է. «Քվեարկության ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա, սույն օրենսգրքի 63.1 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ըստ ընտրատարածքների ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը`

1) պատգամավոր ընտրվելու մասին.

2) պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

3) պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին»:

Օրենսգրքի 63.1-րդ հոդվածի 2-րդ մասն իր հերթին սահմանում է, որ` «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր հետո, հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու ընտրատարածքում կատարված վերահաշվարկների արդյունքները, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ամփոփում է ընտրատարածքում ընտրությունների արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն»:

Օրենսգրքի բերված դրույթներից չի բխում, որ քվեարկության օրվանից հետո` մինչև 5-րդ օրվա վերջն ընտրական հանձնաժողովը չի կարող ամփոփել ընտրության արդյունքները: Ճիշտ հակառակը` շեշտվում է, որ այն պետք է իրականացվի «ոչ ուշ, քան 5 օր հետո»: Եթե որևէ մեկը փորձի բողոքը ներկայացնել վերջին օրվա ժամը, օրինակ, 17.59-ին, ապա դիմողի փաստարկների շրջանակներում ընդհանրապես միայն օրենքի խախտումով հնարավոր կլինի ընտրության արդյունքների ամփոփումը: Պատահական չէ, որ նման իրավիճակ չառաջանալու համար ՀՀ ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են. «6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմումները կարող են ներկայացվել միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը` մինչև ժամը 14.00-ն»: «7. Ընտրություններ նշանակվելուց հետո` մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ընտրական հանձնաժողովները ստացված դիմումներին պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունում հնգօրյա ժամկետում: Քվեարկության օրվան կամ ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետին նախորդող 5 օրերի ընթացքում ստացված դիմումները քննարկվում և սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում համապատասխանաբար մինչև քվեարկության օրը կամ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը»:

Բերված դրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ միայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված ոչ թե ենթադրյալ, այլ կոնկրետ բողոքի առկայությունն է հիմք ընտրությունների արդյունքները ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 5 օր հետո ամփոփելու համար` հիմք ընդունելով դատարանների վճիռները և ընտրատարածքում կատարած վերահաշվարկի արդյունքները: Բացի դրանից, ընտրությունների արդյունքներն ամփոփելիս, ըստ սահմանադրական դատարան ներկայացրած բացատրությունների, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պարզել է նաև, որ վարչական դատարանում և ՀՀ ԿԸՀ-ում տվյալ ընտրություններին առնչվող չքննված կամ անպատասխան դիմումներ չկան:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 17-Ա որոշումը թողնել ուժի մեջ:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

23 ապրիլի 2010 թվականի

ՍԴՈ-880

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
23.04.2010
N ՍԴՈ-880
Որոշում