Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

020.0851.140110

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 343 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 14 հունվարի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող` Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի, գործով որպես պատասխանող կողմ ներգրավված ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի և 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` սահմանադրական դատարանում 08.06.2009թ. մուտքագրված դիմումն է:

Սահմանադրական դատարանի 10 նոյեմբերի 2009թ. թիվ ՍԴԱՈ-98 աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննությունը հետաձգվել էր մինչև 2009թ. դեկտեմբերի 1-ը` նախատեսելով վերսկսված գործի դատաքննությունը շարունակել բանավոր ընթացակարգով:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմողի և պատասխանող կողմի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2003թ. ապրիլի 18-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2003թ. ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003թ. օգոստոսի 1-ից:

ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է վկայի կամ տուժողի կամ պաշտպանի դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելով կամ դատավորի կարգադրությանը չենթարկվելով կամ դատական նիստի կարգը խախտելով կամ այլ գործողություն կատարելով և վկայում է դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով»:

2. Դիմող կողմը նշում է, որ վիճարկվող նորմը որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորող սուբյեկտ է դիտարկում միայն վկային, տուժողին և պաշտպանին: Քրեական դատավարության մյուս մասնակիցները և մասնակցող անձինք նշված հանցակազմի սուբյեկտներ չեն: Նման մոտեցման արդյունքում վիճարկվող նորմն անհավասար դրության մեջ է դնում, մասնավորապես, պաշտպանին` դատավարության մյուս մասնակիցների համեմատ, քանի որ նույնպիսի արարքի համար պաշտպանը կարող է ենթարկվել քրեական հետապնդման, իսկ մեղադրողը և մյուսները` ոչ: Հետևաբար, «վիճարկվող նորմը, օբյեկտիվ և պատճառաբանված արդարացման բացակայության պայմաններում, անհավասար դրության մեջ է դնում դատավարության կողմերին` մեղադրանքի և պաշտպանության, խտրականություն սահմանելով նրանց նկատմամբ իրավական վերաբերմունքի մեջ, և այդ հիմքով, ի թիվս այլոց, հակասում է ՀՀ Սահմանադրության 14.1, 18 (1-ին և 2-րդ մասեր), 19 (1-ին մաս), 20 (1-ին և 2-րդ մասեր) հոդվածներին»:

Դիմող կողմը փաստարկում է նաև, որ վիճարկվող նորմը չի բավարարում իրավական օրենքին ներկայացվող` որոշակիության, հստակության և կանխատեսելիության պահանջները: Վիճարկվող նորմի անորոշությունն ու անհստակությունը, ըստ դիմողի, դրսևորվում է նրանում, որ դրանում օգտագործված հասկացությունների անորոշությունը (շեշտվում են «դատավորի կարգադրությանը չենթարկվել», «այլ գործողություններ», «դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանք» բառակապակցությունները) պայմաններ է ստեղծել վիճարկվող նորմի կամայական մեկնաբանման և կիրառման համար, ինչպես նաև վիճարկվող նորմը հնարավորություն չի ընձեռում հստակորեն սահմանազատել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածով, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված և իրավական այլ հետևանքներ առաջացնող գործողություններից:

3. Պատասխանող կողմը նշում է, որ վիճարկվող նորմում չմատնանշված` դատավարության մասնակիցների նկատմամբ պատասխանատվության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորված են ՀՀ դատական օրենսգրքով և «Դատախազության մասին» ՀՀ օրենքով: Ըստ պատասխանողի` ՀՀ դատական օրենսգրքի համապատասխան նորմերի և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 46 և 47-րդ հոդվածների համակարգային վերլուծությունից չի բխում, որ վիճարկվող հոդվածն անհավասար պայմաններ է ստեղծում դատավարության մասնակիցների համար: Դիմողի այն փաստարկների առնչությամբ, որ վիճարկվող նորմի առանձին արտահայտություններ առաջացնում են իրավական անորոշություն, պատասխանողը նշում է, որ իրավական որոշակիության սկզբունքը չի նշանակում, որ օրենքները պետք է լինեն բացարձակ կողմնորոշիչ այս կամ այն վարքագիծը դրսևորելու համար: Եթե որևէ նորմ ձևակերպված չէ բացարձակ որոշակիությամբ, դա չի կարող բավարար պայման հանդիսանալ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրավական պետության սկզբունքին հակասելու համար:

Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող նորմի «...իրավական անորոշությունը հնարավոր չէ օրենքով միանշանակ վերացնել, քանի որ չեն կարող նախատեսվել բոլոր այն իրավիճակները` գործողությունները և անգործությունները, որոնք կդիտարկվեն` որպես «դատարանի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք»»:

Միաժամանակ, պատասխանողը գտնում է, որ վիճարկվող նորմը կատարելագործման անհրաժեշտություն ունի:

4. Վիճարկվող նորմով օրենսդիրը որպես հանցագործություն է որակել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը` դրանում նշված դրսևորումներով, նկատի ունենալով արդարադատության անկախ, անկողմնակալ (անկաշկանդ) իրականացման սահմանադրաիրավական պահանջն ու այն օրենքով (այդ թվում` քրեաիրավական) երաշխավորելու կարևորությունը: Օրենսդիրը նշված արարքը` դրա հանրորեն վտանգավորության ուժով, դիտարկելով որպես հակաիրավական` քրեական օրենքով նախատեսվող և քրեորեն պատժելի արարք, ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի շրջանակներում այդ հանցագործության սուբյեկտ է համարել միայն վկային, տուժողին և պաշտպանին, իսկ 2-րդ և 3-րդ մասերի շրջանակներում` ցանկացած անձի, որը դրսևորվել է դատաքննության մասնակիցներին կամ դատավորին վիրավորելով:

Հաշվի առնելով, որ վիճարկվող նորմի (ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի) դիսպոզիցիայում նախատեսված արարքը կարող է կատարվել ոչ միայն դրանում նշված անձանց, այլ նաև քրեական դատավարության այլ մասնակիցների կողմից` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործնականում հնարավոր է դառնում մի իրավիճակ, երբ վերջիններս կատարելով քրեական օրենսգրքով նախատեսված արարք` չեն ենթարկվում քրեաիրավական համարժեք ներգործության:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավակարգավորմամբ ըստ էության ոչ համաչափ վերաբերմունք է դրսևորվում դատավարության մասնակիցների նկատմամբ:

Սահմանադրական դատարանն ընդունում է, որ, ինչպես նշվեց, օրենսդրի հայեցողության շրջանակներում է այս կամ այն արարքի քրեականացումը: Այդուամենայնիվ, եթե օրենսդիրն այս կամ այն արարքը` դրա հանրորեն վտանգավորության ուժով, նախատեսել է քրեական օրենսգրքում որպես քրեորեն դատապարտելի արարք, ապա այդ արարքը կատարելու արգելքը պետք է սահմանվի բոլոր այն հնարավոր սուբյեկտների համար, ովքեր գործնականում կարող են կատարել տվյալ հանցագործությունը: Հակառակ դեպքում, միևնույն օբյեկտի նկատմամբ ոտնձգող, համեմատելի վիճակում գտնվող անձանց հանդեպ պետության կողմից կդրսևորվի ոչ հիմնավոր տարբերակված վերաբերմունք` ի խախտումն օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի:

Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ հանցագործության սուբյեկտների կազմի չհիմնավորված սահմանափակումը թույլ չի տալիս նաև լուծել ՀՀ քրեական օրենսգրքի, մասնավորապես` վերջինիս 2-րդ հոդվածում ամրագրված, խնդիրները: Բացառելով վիճարկվող նորմում նշված արարքը թույլ տված առանձին անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը` չի ապահովվում այդ արարքով ոտնձգվող արժեքները լիարժեք պաշտպանելու և այդ արարքը կանխելու` քրեական օրենսգրքով սահմանված խնդրի լուծումը: Մյուս կողմից` խախտվում են դատավարության մասնակիցների, մասնավորապես` կողմերի, իրավահավասարության, դատավարության մրցակցության, հետևապես` նաև Սահմանադրության 19-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության սկզբունքները, քանի որ կողմերի համար դատավարական գործընթացին մասնակցելու հավասար պայմաններ ու հնարավորություններ չեն երաշխավորվում: Դրանից չի բխում, որ վիճարկվող դրույթում նշված սուբյեկտների առնչությամբ դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանքի դրսևորումը քրեորեն պատժելի արարք դիտելն ինքնին իրավաչափ ու սահմանադրական չէ: Խնդրահարույցը դատավարության այլ մասնակիցների համարժեք գործողություններն այդպիսին չդիտարկելն է:

5. ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում վեճի առարկան դիտարկել նաև հանցագործության հատուկ սուբյեկտի հասկացության, հատուկ սուբյեկտի որոշման հիմքում ընկած չափանիշների տեսանկյունից: ՀՀ քրեական օրենսգրքի ուսումնասիրությունը վկայում է, որ հատուկ սուբյեկտի որոշումն արտահայտում է կոնկրետ տեսակի հանցագործությունների առանձնահատկությունները, դրանց հանրորեն վտանգավորության աստիճանը: Այս կամ այն անձին որպես տվյալ հանցագործության հատուկ սուբյեկտ ճանաչելը պայմանավորվում է նրանով, որ իրենց պաշտոնական կամ այլ դրության հիմքով նրանք կարող են կատարել հանցագործություններ, որոնք այլ անձինք կատարել չեն կարող: Այսինքն` տվյալ հանցագործության բնույթը և այն կատարելու հնարավորությունն են այն չափանիշները, որոնք օբյեկտիվորեն, անկախ օրենսդրի կամքից, կանխորոշում են հատուկ սուբյեկտի շրջանակը: Այս չափանիշները ենթադրում են, որ տվյալ հանցակազմի հատուկ սուբյեկտի շրջանակն անխուսափելիորեն պետք է համընկնի բոլոր այն անձանց շրջանակի հետ, ովքեր իրենց պաշտոնական կամ այլ դրության ուժով ունակ են կատարել տվյալ արարքը: Մասնավորապես, առանձնացվում են հատուկ սուբյեկտի որոշման հետևյալ հատկանիշները. իրավական կարգավիճակը, ժողովրդագրական հատկանիշը, մասնագիտական պարտականությունները, կատարած աշխատանքի բնույթը, արդարադատության բնագավառում պետության և քաղաքացիների միջև հարաբերությունները և այլն: ՀՀ քրեական օրենսգրքի` վիճարկվող նորմը ներառող` «Արդարադատության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 31-րդ գլխում ներառված մյուս բոլոր հանցակազմերի ուսումնասիրությունը վկայում է, որ օրենսդիրն առաջնորդվել է հանցագործության հատուկ սուբյեկտի որոշման վերոհիշյալ օբյեկտիվ չափանիշներով` յուրաքանչյուր հանցակազմի դեպքում հատուկ սուբյեկտի կազմում ներառելով բոլոր այն անձանց, ովքեր հատուկ սուբյեկտին բնորոշ լրացուցիչ հատկանիշների ուժով կարող են կատարել տվյալ հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքը: Մինչդեռ վիճարկվող նորմում օրենսդիրը, ի տարբերություն արդարադատության դեմ ուղղված մյուս հանցագործությունների, շեղվել է նշված տրամաբանությունից` սահմանափակելով հատուկ սուբյեկտի շրջանակը, և այդ շրջանակից բացառելով նույն արարքը կատարելու ունակ ու միևնույն գործընթացին մասնակից (դատավարական որոշակի կարգավիճակ ունեցող) այլ անձանց:

6. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմի սահմանադրականության հարցը քննարկել նաև ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների համատեքստում:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նախ ընդգծել, որ մինչև վիճարկվող նորմի գործող խմբագրությամբ տեքստում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 16.12.2005թ. ՀՕ-33-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի` 2003թ. ապրիլի 18-ի խմբագրությամբ տեքստը սահմանում էր. «Հոդված 343. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը.

1. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատաքննության մասնակիցներին վիրավորելով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով»:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 16.12.2005թ. ՀՕ-33-Ն ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով օրենսգրքի 343-րդ հոդվածը շարադրվեց գործող խմբագրությամբ: Հոդվածի նախորդ խմբագրությամբ տեքստի առաջին և երկրորդ մասերը վերաշարադրվեցին որպես 2-րդ և 3-րդ մասեր, իսկ վիճարկվող նորմն ամրագրվեց որպես հոդվածի 1-ին մաս: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` վիճարկվող նորմի և հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերի ուսումնասիրությունը վկայում է, որ, ի տարբերություն վիճարկվող նորմի, այդ մասերում ամրագրված հանցակազմերում որևէ հատուկ սուբյեկտ չի շեշտադրվում` ապահովելով բոլոր այն անձանց քրեական պատասխանատվությունը, որոնց կողմից` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը դրսևորվում է դատավարության մասնակիցներին կամ դատավորին վիրավորելու ձևով: Փաստորեն տարբերակված մոտեցում է ցուցաբերվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի տարբեր դրսևորումների առնչությամբ` մի դրսևորման դեպքում սահմանափակելով հատուկ սուբյեկտի շրջանակը, մյուսների դեպքում որևէ կերպ չսահմանափակելով այն:

Սահմանադրական դատարանն այս առնչությամբ հարկ է համարում նաև արձանագրել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ, որպես կանոն, այն երկրներում, որտեղ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն առաջացնում է քրեաիրավական ներգործություն, քրեորեն դատապարտելի են համարվում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի միայն այն դրսևորումները, որոնք համադրելի են ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նախատեսված արարքների հատկանիշների հետ: Ինչ վերաբերում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի այն դրսևորմանը, որը սահմանված է վիճարկվող նորմի դիսպոզիցիայում, ապա այն, որպես կանոն, միջազգային պրակտիկայում քրեականացված չէ:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 16.12.2005թ. ՀՕ-33-Ն ՀՀ օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նկարագրված արարքի քրեականացումը, այդ արարքը, որպես վարչական իրավախախտում, նախատեսված էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206.1-րդ հոդվածում: Վերջինիս (02.09.93թ. խմբագրությամբ) դիսպոզիցիան նախատեսում էր. «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որն արտահայտվել է վկայի, տուժողի, հայցվորի, պատասխանողի դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու մեջ կամ էլ նախագահողի կարգադրությանը նշված անձանց և այլ քաղաքացիների չենթարկվելու կամ դատական նիստի կարգը խախտելու մեջ, հավասարապես նաև որևէ մեկի կողմից այնպիսի գործողություններ ձեռնարկելը, որոնք վկայում են բացահայտ արհամարհանքը դատարանի կամ էլ դատարանում սահմանված կանոնների նկատմամբ` առաջացնում են... «: ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206.1-րդ հոդվածն ուժը կորցրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 16.12.2005թ. ՀՕ-32-Ն ՀՀ օրենքով, ինչը պայմանավորված է եղել այն փաստով, որ նույն օրն ընդունված` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 16.12.2005թ. վերոհիշյալ ՀՕ-33-Ն ՀՀ օրենքով նշված արարքը քրեականացվել է: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206.1-րդ հոդվածի և ՀՀ քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթի համեմատական վերլուծությունը վկայում է, որ, ի տարբերություն վիճարկվող նորմի, նույն արարքի համար նախկինում վարչական պատասխանատվություն սահմանած նորմը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի այնպիսի դրսևորումների դեպքում, ինչպիսիք են դատավորի կարգադրությանը չենթարկվելը, դատական նիստի կարգը խախտելը կամ դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին վկայող այլ գործողություն կատարելը, սուբյեկտների կազմի որևէ սահմանափակում չէր նախատեսում: Ինչ վերաբերում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորմանը` դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու ձևով, ապա այդ արարքի համար վարչական պատասխանատվություն սահմանվում էր վկայի, տուժողի, հայցվորի, պատասխանողի համար: Իսկ վիճարկվող նորմով էապես փոխվել է այդ կազմը և դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու համար պատասխանատվություն սահմանված է վկայի, տուժողի, պաշտպանի նկատմամբ:

Վերոհիշյալ համեմատական վերլուծությունը վկայում է, որ խնդրո առարկա վարչական իրավախախտումը քրեականացնելու գործընթացում չի ապահովվել համարժեք վերաբերմունք իրավախախտման բոլոր իրավահավասար սուբյեկտների նկատմամբ: Վարչական իրավախախտումը քրեականացվել է միայն այդ իրավախախտման սահմանափակ թվով սուբյեկտների նկատմամբ` փոփոխելով նրանց կազմը: Ավելին, հաշվի չի առնվել վարչական այդպիսի իրավախախտման կրկնակի (կամ բազմակի, առավել հանրավտանգ եղանակով) կատարումը` որպես արարքը քրեորեն պատժելի համարելու օբյեկտիվ անհրաժեշտություն:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար պատասխանատվություն սահմանող նախկին և գործող օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206.1-րդ հոդվածի ուժը կորցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասում վիճարկվող դրույթի ամրագրման արդյունքում վերջինում նշված սահմանափակ թվով սուբյեկտների շրջանակից դուրս գտնվող սուբյեկտների նկատմամբ տևական ժամանակ պատասխանատվության որևէ միջոց ընդհանրապես նախատեսված չի եղել: Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206.1-րդ հոդվածն ուժը կորցրել է 2006թ. փետրվարի 4-ին, նույն օրն ընդունված քրեական օրենսգրքի հոդվածով` նախատեսված արարքի դեպքում կիրառելի է համարվել քրեական պատասխանատվություն միայն վկայի, տուժողի և պաշտպանի նկատմամբ: Սկսած 2007թ. մարտի 7-ից, ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում (համապատասխանաբար` 314.1 և 115-րդ հոդվածներ) կատարված փոփոխությունների արդյունքում ամրագրվել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորող անձանց պատասխանատվության ենթարկելու դատարանի լիազորությունը: Իսկ ՀՀ դատական օրենսգիրքը, որի 63-րդ հոդվածով սահմանվեցին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար դատական սանկցիաները` գրեթե բառացիորեն կրկնելով քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, ուժի մեջ է մտել 2007թ. մայիսի 18-ին: Բացի դրանից, եթե ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում կատարված փոփոխությունների արդյունքում հետագայում նախատեսվեց պատասխանատվություն քաղաքացիական և քրեական դատավարության շրջանակներում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, ապա նույն արարքը, որը դրսևորվում է սահմանադրական դատավարության շրջանակներում, օրենքով պատասխանատվության որևէ միջոց նախատեսված չէ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն` դատական նիստում կարգը խախտելու դեպքում սահմանադրական դատարանն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում նշանակելու տուգանք` օրենքով սահմանված կարգով և չափով, ինչը, սակայն, որևէ օրենքով նախատեսված չէ:

Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 16.12.2005թ. ՀՕ-33-Ն ՀՀ օրենքի և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 16.12.2005թ. ՀՕ-32-Ն ՀՀ օրենքի ընդունման գործընթացին: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից ելնելով օրենսդրական փոփոխության ընթացակարգի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ Ազգային ժողովում նման փոփոխության հիմնավորումն ու փաստացի փոփոխությունը համաչափելի չեն, չկա սուբյեկտների կազմի փոփոխության որևէ հիմնավորում, չի ապահովվել միևնույն հոդվածի (343-րդ հոդված) տարբեր մասերի համակարգային առումով փոխկապակցվածությունը: Այդ օրենքների նախագծերի քննարկումների և ընդունման անհրաժեշտության հիմնավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ այդ օրենքներով կատարված փոփոխությունները հիմնավորվել են բացառապես վարչական կալանքի ինստիտուտի վերացման անհրաժեշտությամբ` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 16, 32-րդ հոդվածների պահանջները: Սակայն այդ և հետագայում կատարված փոփոխությունների համադրումից հետևում է, որ վերոհիշյալ օրենսդրական լուծումները պարունակում են ներքին հակասություններ, քանի որ դրանց ընդունման արդյունքում` մի կողմից արարքը քրեականացվել է որոշակի սուբյեկտների նկատմամբ, մյուս կողմից` դադարել է, թեկուզ որոշ ժամանակահատվածում, հանրորեն վտանգավոր համարվել այլ սուբյեկտների առնչությամբ: Չի դրսևորվել նաև համակարգված մոտեցում, մասնավորապես` հաշվի առնելու, օրինակ, դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու դեպքում հարկադրանքի կիրառման հնարավորությունը, միևնույն արարքը կրկնվելու դեպքում այլ սանկցիա կիրառելու անհրաժեշտությունը և այլն:

7. Ինչպես նշվեց, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար պատասխանատվության միջոցներ են սահմանված նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածում, ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածում: Վերջիններիս համաձայն` դատարանն իրավասու է պատասխանատվության ենթարկելու դատավարության մասնակիցներին, գործին մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու, իրենց դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում: Այդպիսիք են` նախազգուշացումը, նիստերի դահլիճից հեռացնելը, դատական տուգանքը, դատախազին կամ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար` գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը, իր հերթին, որպես փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր է նախատեսում այդ օրենքի, Փաստաբանի վարքագծի կանոնագրքի և Փաստաբանների պալատի կանոնադրության պահանջների խախտումը, մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը որպես դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է սահմանում ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելը, «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների էական խախտումները:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ինչպես ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածներում նշված վերոհիշյալ գործողությունները, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի վիճարկվող նորմում նշված գործողություններն ըստ էության համարժեք գործողություններ են, դրանք կարող են կատարվել ուղղակի դիտավորությամբ, և վիճարկվող նորմում բացակայում է հանցակազմի որևէ հատկանիշ, որը հնարավորություն կտա դրանով նախատեսված հակաիրավական արարքը տարանջատել ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածներում նշված համարժեք իրավախախտումներից:

Ելնելով վերոհիշյալից` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածներում նշված իրավախախտումների և վիճարկվող նորմում նշված հանցակազմի միջև էական տարբերությունների բացակայության պայմաններում անձը զրկվում է իր վարքագծի իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից, ինչը չի բխում օրենքի կանխատեսելիության և որոշակիության սկզբունքներից:

Ավելին, նման պայմաններում իրավակիրառողի կողմից դատական սանկցիաների և քրեաիրավական ներգործության միջոցի միջև ընտրության հարցում կամայական մոտեցման նախադրյալներ են ստեղծվում: Վերլուծությունը վկայում է, որ, մի կողմից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 և 153-րդ (բերման ենթարկելը), ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ (ինչպես նաև, օրինակ, 44-րդ հոդվածի 5-րդ մաս), ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածների, մյուս կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի առկայությունն իրավական առումով առնվազն խնդրահարույց են դարձնում ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի ներկայիս ձևակերպման գոյությունն ընդհանրապես:

Ընդհանրապես տվյալ հիմնախնդրի իրավակարգավորման հարցում չկա հստակ համակարգային մոտեցում ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի, ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի, ինչպես նաև տվյալ հարցով վարչական ու սահմանադրական դատավարության իրավակարգավորումների միջև:

Անդրադառնալով դիմողի կողմից մատնանշված` վիճարկվող նորմում «դատավորի կարգադրությանը չենթարկվելով» ձևակերպման անորոշության վերաբերյալ փաստարկին` սահմանադրական դատարանը գտնում է, որ, նախ` անհրաժեշտ է պարզաբանել վիճարկվող նորմում նշված կարգադրության բնույթը` քրեադատավարական մյուս նորմերի համադրությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը որպես պաշտպանի դատավարական պարտականություն է նախատեսում ոչ թե պարզապես դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի կարգադրություններին, այլ օրինական կարգադրություններին ենթարկվելը:

Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը որպես անձին ազատությունից զրկելու հիմք է դիտարկում ոչ թե պարզապես դատարանի կարգադրությանը, այլ դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելը կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակը:

Ներպետական և միջազգային իրավական վերոհիշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ վիճարկվող նորմում «դատավորի կարգադրությանը չենթարկվելով» ձևակերպման մեջ «կարգադրություն» եզրույթի ներքո ընկալվում է դատավորի օրինական կարգադրությունը, այսինքն` դատավորի այնպիսի կարգադրություն, որն ուղղված է դատավարության մասնակցի կողմից` վերջինիս համար օրենքով սահմանված իր պարտականության կատարման ապահովմանը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառողը պետք է ելնի վիճարկվող նորմում «դատավորի կարգադրությանը չենթարկվելով» ձևակերպման նշված ընկալումից: Այսինքն` դատավորի կարգադրությանը չենթարկվելու հիմքով վիճարկվող նորմում նշված սուբյեկտները կարող են պատասխանատվության ենթարկվել, եթե չեն կատարում դատավորի այն կարգադրությունը, որն օրինական է և ուղղված այդ սուբյեկտների կողմից` օրենքով սահմանված իրենց դատավարական պարտականությունները կատարելու ապահովմանը: Այսուհանդերձ, «օրինական կարգադրություն» եզրույթն առավել հստակ է և խնդիր չի առաջացնում նաև կարգադրության օրինականությունը սահմանված կարգով վիճարկելու հնարավորության առումով:

Անդրադառնալով դիմողի կողմից մատնանշված` վիճարկվող նորմում «այլ գործողություն կատարելով» ձևակերպման անորոշությանը` սահմանադրական դատարանը կարևորում է այդ գործողությունների բնույթի պարզաբանման հարցը: Այդ նպատակով սահմանադրական դատարանը հարկ է համարում խնդրո առարկա ձևակերպումը դիտարկել վիճարկվող նորմում «վկայում է դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին» ձևակերպման համատեքստում: Նման մոտեցման պարագայում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ.

1) ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի խնդիրը չէ «այլ գործողություն» հասկացության բովանդակության մեջ ներառվող բոլոր հնարավոր դեպքերի թվարկումը: Այդ հոդվածի առարկան է քրեական պատասխանատվություն սահմանելը բացառապես այնպիսի գործողությունների համար, որոնք վկայում են դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին,

2) որպես իրավակիրառողի կամայական մոտեցումը բացառող երաշխիք է հանդիսանում այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի ուժով սահմանազատված են տարբեր բնույթի գործողություններն այն գործողություններից, որոնք պարունակում են բացահայտ արհամարհանք դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ,

3) «դատական նիստի կարգ» հասկացության բովանդակությունը բացահայտված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314-րդ հոդվածում: Վիճարկվող նորմի կիրառման գործընթացում «դատական նիստի կարգ» հասկացության ներքո պետք է ընկալել բացառապես այն կարգը, որը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314-րդ հոդվածում: Ինչ վերաբերում է «արհամարհանք» հասկացության բովանդակությանը, ապա ինչպես քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում օգտագործված «վիրավորանք» հասկացությունը, այս հասկացությունը ևս յուրաքանչյուր դեպքում իրավակիրառողի կողմից գնահատման ենթակա հասկացություն է:

8. Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ դատավարության կողմը փորձել է իր նկատմամբ կիրառման ենթակա` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարց բարձրացնել իր քրեական գործի դատական քննության ընթացքում` միջնորդելով դատարանին նշված նորմի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ խնդրանքով դիմել սահմանադրական դատարան: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն իր` 09.12.2008թ. որոշմամբ մերժել է դիմողի` սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությունը` պատճառաբանելով, որ «Նշված օրենքը չի հակասում ՀՀ Սահմանադրության դրույթներին, քանի որ ինչպես դատավորի, այնպես էլ դատախազի կողմից կատարվող ոչ օրինաչափ գործողությունները և դրանց խախտման հետևանքով առաջացող պատասխանատվության հիմքերը կարգավորվում են ՀՀ «Դատական օրենսգրքով» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքով»: Միջնորդության մերժումը կամ ընդունումն ընդհանուր իրավասության դատարանի խնդիրն է: Սակայն ըստ էության օրենքի նորմի սահմանադրականության հարց լուծելը, որոշման մեջ նման եզրահանգում ներկայացնելն անհամատեղելի են ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի պահանջների հետ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասը` այնքանով, որքանով կիրառելի չէ նաև դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

14 հունվարի 2010 թվականի

ՍԴՈ-851

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 62 ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՍՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՆԸ ԿՑՎՈՒՄ Է ԴԱՏԱՎՈՐ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստարկը, որ վիճարկվող նորմը չի բավարարում իրավական օրենքին ներկայացվող` որոշակիության, հստակության և կանխատեսելիության պահանջները, որ վիճարկվող նորմի անորոշությունն ու անհստակությունը կարող են պայմաններ ստեղծել վիճարկվող նորմի կամայական մեկնաբանման և կիրառման համար, ինչպես նաև վիճարկվող նորմը հնարավորություն չի ընձեռում հստակորեն սահմանազատել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածով, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված և իրավական այլ հետևանքներ առաջացնող գործողություններից, ինձ համար լիովին անընդունելի են: Լիովին համամիտ եմ նաև որոշման մեջ տեղ գտած` ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումներին` կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերոնշյալ հարցադրումների հետ: Գտնում եմ, որ վիճարկվող իրավադրույթի ապաքրեականացման հարցի օրենսդրական լուծումն առաջնային խնդիր է, սակայն համաձայն չեմ Սահմանադրական դատարանի որոշման մեջ տեղ գտած հետևյալ երկու եզրահանգումներին, քանի որ դրանք կարող են նպաստել քրեաարդարադատական այնպիսի սկզբունքների ոչ ճիշտ մեկնաբանմանը և կիրառմանը, ինչպիսիք են իրավահավասարությունը և մրցակցությունը:

Որոշման 4-րդ կետում նշվում է` «Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ հանցագործության սուբյեկտների կազմի չհիմնավորված սահմանափակումը թույլ չի տալիս նաև լուծել ՀՀ քրեական օրենսգրքի, մասնավորապես` վերջինիս 2-րդ հոդվածում ամրագրված, խնդիրները: Բացառելով վիճարկվող նորմում նշված արարքը թույլ տված առանձին անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը` չի ապահովվում այդ արարքով ոտնձգվող արժեքները լիարժեք պաշտպանելու և այդ արարքը կանխելու` քրեական օրենսգրքով սահմանված խնդրի լուծումը: Մյուս կողմից` խախտվում են դատավարության մասնակիցների, մասնավորապես` կողմերի, իրավահավասարության, դատավարության մրցակցության, հետևապես` նաև` Սահմանադրության 19-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության սկզբունքները, քանի որ կողմերի համար դատավարական գործընթացին մասնակցելու հավասար պայմաններ ու հնարավորություններ չեն երաշխավորվում: Դրանից չի բխում, որ վիճարկվող դրույթում նշված սուբյեկտների առնչությամբ դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանքի դրսևորումը քրեորեն պատժելի արարք դիտելն ինքնին իրավաչափ ու սահմանադրական չէ: Խնդրահարույցը դատավարության այլ մասնակիցների համարժեք գործողություններն այդպիսին չդիտարկելն է» (ընդգծումներն իմն են - Վ. Հ.):

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասում, ի թիվս այլնի, նշվում է, որ անձին ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու վերաբերյալ գործը պետք է քննվի «հավասարության պայմաններում»: Նշված դրույթը հետագա զարգացում է ստացել քրեադատավարական օրենսդրության մեջ, որի արդյունքում անձի քրեաարդարադատական իրավունքների և ազատությունների երաշխավորման հարցում պետական մարմիններին համահավասար սուբյեկտ է դիտվում նաև փաստաբանության ինստիտուտը: Պետությունը դատաքննության ընթացքում մեղադրանքի կամ պաշտպանության կողմերին, իրավունքների առումով, որևէ առավելություն կամ արտոնություն չի տրամադրում: Ըստ օրենսդրության` վերջիններիս միջև տարբերություն գոյություն ունի միայն կապված նրանց կողմից ոչ իրավաչափ վարքագծի համար վրա հասնող պատասխանատվության ձևերի և մեթոդների հետ:

Ինչպես մեղադրանքի, այնպես էլ պաշտպանության կողմերի գործունեության համար ելակետային նշանակություն ունեն քրեական դատավարությունն իրավահավասարության և մրցակցության սկզբունքի հիման վրա իրականացնելու վերաբերյալ օրենսդրական դրույթները, համաձայն որոնց` մասնավորապես.

- քրեական հետապնդումը, պաշտպանությունը և գործի լուծումը տարանջատված են, դրանք իրականացնում են տարբեր մարմիններ և անձինք.

- դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը.

- քրեական գործը քննող դատարանը` պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ.

- քրեական դատավարությանը մասնակցող կողմերն օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով.

- դատարանը դատավճիռը հիմնավորում է միայն այն ապացույցներով, որոնց հետազոտման ընթացքում ինչպես մեղադրանքի, այնպես էլ պաշտպանության կողմի համար ապահովվել են հավասար պայմաններ.

- քրեական դատավարության ընթացքում պաշտպանության կողմն իր դիրքորոշումը, այն պաշտպանելու եղանակները և միջոցներն օրենքի շրջանակներում ընտրում է ինքնուրույն` անկախ դատարանից, այլ մարմիններից և անձանցից.

- դատարանի` և մեղադրանքի, և պաշտպանության կողմի միջնորդությամբ, սույն օրենսգրքով սահմանված կարգով, աջակցում է նրանց ձեռք բերելու անհրաժեշտ նյութեր.

- դատարանում քրեական գործի քննությանը պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:

Կարծում եմ, ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածը և 19-րդ հոդվածի 1-ին մասը հիմք չեն կարող հանդիսանալ սույն գործի քննության համար` հետևյալ պատճառաբանությամբ.

1. ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածը վերաբերում է օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությանը: ՀՀ Սահմանադրության և ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերում ամրագրված այս սկզբունքը ենթադրում է, որ բոլոր մարդիկ, անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, լեզվից, կրոնից և մնացած մյուս հատկանիշներից, իրավահավասար են: Նշված կանխադրույթները վերաբերում են մարդկանց իրավահավասարությանն ընդհանրապես, մինչդեռ մեղադրանքի և պաշտպանության կողմերը, ինչպես նաև դատավարության մյուս մասնակիցները հանդես են գալիս ոչ թե անձնապես, այլ որպես դատավարական կոնկրետ գործառույթ իրականացնող սուբյեկտ (մեղադրող, պաշտպան) կամ որպես որոշակի կարգավիճակ ունեցող սուբյեկտ (ամբաստանյալ, վկա, տուժող, թարգմանիչ, փորձագետ և այլն): Դատաքննության ընթացքում իրավահավասար են ոչ թե մեղադրողը և պաշտպանն անձնապես, այլ մեղադրանքի կողմը և պաշտպանության կողմը:

2. Որոշման 4-րդ կետում նշվում է` «Դրանից չի բխում, որ վիճարկվող դրույթում նշված սուբյեկտների առնչությամբ դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանքի դրսևորումը քրեորեն պատժելի արարք դիտելն ինքնին իրավաչափ ու սահմանադրական չէ: Խնդրահարույցը դատավարության այլ մասնակիցների համարժեք գործողություններն այդպիսին չդիտարկելն է»:

Այն, որ վիճարկվող դրույթը կարող է նաև ճանաչվել սահմանադրական, ակնառու է մեջբերման առաջին նախադասությունից, սական համաձայն մեջբերման երկրորդ նախադասության հիմնավորման` եթե դատավարության այլ մասնակիցների համարժեք գործողությունները նույնպես չեն որակվում որպես քրեորեն պատժելի արարք, ապա մյուս մասնակիցների նկատմամբ կիրառումն արդեն կարող է դիտվել հակասահմանադրական:

Կարծում եմ, նման եզրահանգումը Սահմանադրական դատարանի որոշման համատեքստում տրամաբանական չէ: Այս եզրահանգումը հրաշալի կաշխատեր, եթե խոսքը վերաբերեր կողմերի դատավարական իրավունքներին: Դատարանին վիրավորելը դատավարական իրավունք չէ, որը մեկին տրվում է, իսկ մյուսին` ոչ: Որ դատարանին պարտավոր են բոլորը չվիրավորել կամ, որ վիրավորելու համար միատեսակ պատասխանատվություն պետք է սահմանվի բոլորի համար, անվիճելի է, սակայն կողմերից մեկի համար դրա բացակայությունը չի կարող ինքնաբերաբար հիմք հանդիսանալ պնդելու, որ դրանով խախտվում է կողմերի իրավահավասարության, դատավարության մրցակցության, հետևապես` նաև Սահմանադրության 19-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության սկզբունքները, քանի որ կողմերի համար դատավարական գործընթացին մասնակցելու հավասար պայմաններ ու հնարավորություններ չեն երաշխավորվում:

Դատարանին չվիրավորելը պարտականություն է, որը պետք է կրեն բոլորը, սակայն դատարանին վիրավորելը և քրեորեն չպատժվելը չի կարող որակվել որպես դատաքննության ընթացքում կողմի` «դատավարական գործընթացին մասնակցելու հավասար պայմաններ»-ի խախտում կամ «դատավարական գործընթացին մասնակցության լրացուցիչ դատավարական հնարավորություն»:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
14.01.2010
N ՍԴՈ-851
Որոշում