Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 411-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 411-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0081/02/08

    դատարանի որոշում                                               2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0081/02/08

Նախագահող դատավոր` Վ. Թորոսյան

Դատավորներ` Էդ. Մուրադյան

Ա. Մկրտչյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի ապրիլի 17-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Մարիյա Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2008 թվականի որոշման դեմ` ըստ Արուսյակ, Տաթևիկ և Հայկազ Փայտյանների հայցի ընդդեմ Լաուրա Խաչատրյանի, Մարիյա Վարդանյանի, երրորդ անձանց` Հայկազ Փայտյանի, Մալաթիա նոտարական տարածքի նոտար Սուրեն Գրիգորյանի` փոխառության և անշարժ գույքի (հիփոթեքի) խառը պայմանագիրն անվավեր ճանաչելու և Մարիյա Վարդանյանի հայցն ընդդեմ Հայկազ Փայտյանի, Լաուրա Խաչատրյանի և Հայաստանի Հանրապետության` հանցագործությամբ պատճառված վնասը բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արուսյակ, Տաթևիկ և Հայկազ Փայտյանները պահանջել են անվավեր ճանաչել Լաուրա Խաչատրյանի, Հայկազ Շամիրի Փայտյանի և Մարիյա Վարդանյանի միջև 20.03.2006 թվականին կնքված փոխառության և անշարժ գույքի (հիփոթեքի) խառը պայմանագիրը:

Դիմելով դատարան` Մարիյա Վարդանյանը պահանջել է Հայկազ Շամիրի Փայտյանից և Լաուրա Խաչատրյանից բռնագանձել 7.420.000 ՀՀ դրամ և բռնագանձումը տարածել Հայկազ Շամիրի Փայտյանին պատկանող Երևանի Օհանով փողոցի 16 շենքի թիվ 19 բնակարանի բաժնի վրա, ինչպես նաև նշված գումարն ամբողջությամբ բռնագանձելու անհնարինության դեպքում գումարի մնացած մասը լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվության կարգով բռնագանձել Հայաստանի Հանրապետությունից:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 27.12.2007 թվականի որոշմամբ նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

Մարիյա Վարդանյանը, ավելացնելով հայցային պահանջի չափը, պահանջել է պատասխանողներից բռնագանձել նաև 1.521.083 ՀՀ դրամ` 21.05.2008 թվականի դրությամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, ինչպես նաև 22.05.2008 թվականից մինչև վճռի փաստացի կատարման օրը հաշվարկված տոկոսները` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.08.2008 թվականի վճռով Արուսյակ, Տաթևիկ և Հայկազ Փայտյանների հայցը բավարարվել է, իսկ Մարիյա Վարդանյանի հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.10.2008 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է: Որոշվել է Արուսյակ, Տաթևիկ և Հայկազ Աշոտի Փայտյանների հայցը բավարարել մասնակիորեն` 20.03.2006 թվականի փոխառության և գրավի պայմանագիրն անվավեր ճանաչել Արուսյակ, Տաթևիկ և Հայկազ Աշոտի Փայտյանների մասով, իսկ Հայկազ Շամիրի Փայտյանի մասով 20.03.2006 թվականի փոխառության և գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին պահանջը մերժել: Մարիյա Վարդանյանի հայցը բավարարել մասնակիորեն: Լաուրա Խաչատրյանից և Հայկազ Շամիրի Փայտյանից հօգուտ Մարիյա Վարդանյանի համապարտության կարգով բռնագանձել 7.420.000 ՀՀ դրամ, իսկ Մարիյա Վարդանյանի հայցը մնացած մասերով մերժել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարիյա Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությունը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, մերժելով Լաուրա Խաչատրյանից և Հայկազ Շամիրի Փայտյանից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները բռնագանձելու պահանջը, որոշմամբ չի անդրադարձել այդ պահանջը մերժելու վերաբերյալ թե փաստական և թե իրավական հիմնավորումներին:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պարտավորությունը պատշաճ չկատարելու և կետանցի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն, որը սույն գործով համապարտության կարգով ենթակա է բռնագանձման Լաուրա Խաչատրյանից և Հայկազ Փայտյանից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2008 թվականի որոշումը մասնակիորեն` Հայկազ Շամիրի Փայտյանից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները բռնագանձելու հայցը մերժելու մասը և այդ մասով դատական ակտը փոփոխել` Լաուրա Խաչատրյանից և Հայկազ Շամիրի Փայտյանից համապարտության կարգով բռնագանձել 1.521.083 ՀՀ դրամ 21.05.2008 թվականի դրությամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, ինչպես նաև 22.05.2008 թվականից մինչև վճռի փաստացի կատարման օրը հաշվարկված տոկոսները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Արուսյակ, Տաթևիկ և Հայկազ Աշոտի Փայտյանների, որոնց անունից որպես ներկայացուցիչ գործել է Լաուրա Խաչատրյանը, Հայկազ Շամիրի Փայտյանի և Մարիյա Վարդանյանի միջև 20.03.2006 թվականին կնքվել է նոտարական կարգով վավերացված փոխառության և անշարժ գույքի (հիփոթեքի) խառը պայմանագիր, որով Մարիյա Վարդանյանը փոխառությամբ տրամադրել է 8.550.000 ՀՀ դրամ գումար մինչև 20.09.2006 թվականը վերադարձնելու պայմանով: Ի ապահովումն պարտավորության կատարման գրավ է դրվել Երևանի Օհանով փողոցի 16 շենքի թիվ 19 բնակարանը:

2. Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 13.08.2007 թվականի դատավճռով հաստատվել է, որ Լաուրա Խաչատրյանի կողմից Արուսյակ, Տաթևիկ և Հայկազ Աշոտի Փայտյանների անունից ներկայացրած լիազորագիրը կեղծ է և 20.03.2006 թվականի փոխառության և անշարժ գույքի (հիփոթեքի) խառը պայմանագիրը կնքվել է կեղծ լիազորագրի հիման վրա, ինչպես նաև Մարիյա Վարդանյանը Լաուրա Խաչատրյանին է տրամադրել 8.550.000 ՀՀ դրամ:

3. Դատաքննության ընթացքում Մարիյա Վարդանյանին վերադարձվել է 1.130.000 ՀՀ դրամը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Նշված դրույթից հետևում է, որ դրամական պարտավորության չկատարման համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմք է ուրիշի դրամական միջոցները ապօրինի պահելը:

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08):

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու դեպքում հաշվարկված տոկոսները բռնագանձելու մասին հայցապահանջը մերժել է առանց նշելու մերժման հիմնավորումները:

Ավելին, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստն այն մասին, թե արդյոք Լաուրա Խաչատրյանը և Հայկազ Շամիրի Փայտյանը Մարիյա Վարդանյանին պատկանող գումարն ապօրինի հիմքով են պահել, թե` ոչ:

Սույն գործի փաստերի համաձայն` 20.03.2006 թվականի փոխառության և անշարժ գույքի (հիփոթեքի) խառը պայմանագրով Լաուրա Խաչատրյանը և Հայկազ Շամիրի Փայտյանը պարտավորվել են 8.550.000 ՀՀ դրամը Մարիյա Վարդանյանին վերադարձնել 20.09.2006 թվականին: 13.08.2007 թվականին` քրեական գործի դատաքննության ընթացքում, Մարիյա Վարդանյանին վերադարձվել է 1.130.000 ՀՀ դրամը:

Հետևաբար, սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բանկային տոկոսները ենթակա է հաշվարկման մնացած գումարի վերադարձման պարտավորության ծագման պահից, այսինքն` 21.09.2006 թվականից, Մարիյա Վարդանյանի դրամական միջոցներն ապօրինի պահելու հիմքով:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով` Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2008 թվականի որոշումը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները բռնագանձելու պահանջի մասով և գործն այդ մասով ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.04.2009
N ԵՔԴ/0081/02/08
Որոշում