Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ3/0253/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ3/0253/05/08                              2008 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                    

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Արտաշատի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ Անդրանիկ Խաչատրյանի` 4.158.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և ըստ Անդրանիկ Խաչատրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` 12.05.2008 թվականի թիվ 2326223 ակտը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Անդրանիկ Խաչատրյանից 4.158.000 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Անդրանիկ Խաչատրյանը պահանջել է վերացնել Տեսչության 12.05.2008 թվականի թիվ 2326223 ակտը:

Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը չի կիրառել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 11.1-րդ հոդվածի 2-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

i

Սույն գործով ֆիզիկական անձի տարեկան համախառն եկամուտը հաշվարկվել է Անդրանիկ Խաչատրյանի տված հայտարարության հիման վրա, հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշմամբ սահմանված հարկվող օբյեկտի և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը:

Բացի այդ, թե ակտում, թե հայտարարության մեջ հստակ նշվել են արձանագրված խախտումները` առանց պետական գրանցման ապրանքի ներկրման փաստը և ժամանակը, որը համապատասխանում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի դրույթներին:

Ինչ վերաբերում է հարկային պետական ծառայությունում Անդրանիկ Խաչատրյանի հայտարարությանը գրանցված չլինելուն, ապա այն համարվել է ակտի անբաժանելի մաս և որպես առանձին փաստաթուղթ չէր կարող գրանցվել, քանի որ գրանցվել է ստուգման ակտի հետ նույն համարի տակ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Տեսչության պետի 06.05.2008 թվականի թիվ 2326223 հանձնարարագրով հարկային տեսուչներին հանձնարարվել է ֆիզիկական անձ Անդրանիկ Խաչատրյանի մոտ կատարել առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգում:

2) Անդրանիկ Խաչատրյանի 07.05.2008 թվականի հայտարարության համաձայն` 20.12.2007 թվականին Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրել 8000 կգ մանդարին, իսկ 26.12.2007 թվականին` 11.800 կգ մանդարին: Ապրանքները ներկրվել են վաճառելու նպատակով, որի մեկ կիլոգրամն իրացրել է միջինը 350 ՀՀ դրամով:

3) Տեսչության 12.05.2008 թվականի թիվ 2326223 ստուգման ակտի համաձայն` Անդրանիկ Խաչատրյանը 2007 թվականի դեկտեմբերի 20-ին և 26-ին Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրել 19.800 կգ մանդարին: Վերջինիս հայտարարության համաձայն` ներկրված մանդարինն իրացվել է 350 ՀՀ դրամով: Ստուգումն իրականացվել է 12.05.2008 թվականին:

4) Սուլիկո Գոգաշվիլիի, Նուգզար Խալվաշիի հայտարարությունների համաձայն` համապատասխանաբար 12 տոննա և 7.800 կգ մանդարինը Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրվել Անդրանիկ Խաչատրյանի անվամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված կամ առանց լիցենզիայի կամ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ թույլատրված վայրերից դուրս այդ գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն) գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` եթե հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառման և (կամ) գրանցումների վերաբերող) սահմանված փաստաթղթերը կամ դրանք վարում է սահմանված կարգի կոպիտ խախտումներով, կամ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային տեսչություն ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը, ապա հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային տեսչությունը` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

i

Դատարանը հայցի մերժման և հակընդդեմ հայցի բավարարման հիմքում դրել է այն փաստարկները, որ հանձնարարագիրն ստորագրվել է դրա համար լիազորություն չունեցող պաշտոնատար անձի` Տեսչության պետի կողմից, Տեսչությունը դատարան չի ներկայացրել 19.800 կիլոգրամ 6.759.800 ՀՀ դրամ արժեքով մանդարինի առկայության փաստը հաստատող ապացույց, ստուգողները Անդրանիկ Խաչատրյանի տարեկան համախառն եկամուտը հաշվարկել են` հիմք ընդունելով միայն վերջինիս հայտարարությունը, ինչպես նաև այն, որ Անդրանիկ Խաչատրյանի գործունեությունը չի համարվում ձեռնարկատիրական` վճռի հիմքում դնելով նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 1161 (ՏԴ) գործով 01.08.2007 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք իր կարծիքով էական են վեճի լուծման համար և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ: Դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Սույն գործով Դատարանն ակտն անվավեր ճանաչելու հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ հանձնարարագիրն ստորագրվել է դրա համար լիազորություն չունեցող պաշտոնատար անձի` Տեսչության պետի կողմից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը նախատեսում է, որ հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգումների, չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային (տարածքային) տեսչության պետին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, անհրաժեշտ համարելով Տեսչության պետի կողմից համապատասխան փաստի ապացուցման անհրաժեշտությունը, պետք է պահանջեր ներկայացնելու այդ փաստերի ապացույցները: Մինչդեռ Դատարանը, առանց Տեսչությունից համապատասխան ապացույցը պահանջելու, այդ փաստը հիմնավորված չի համարել` այդ հանգամանքը նույնպես դնելով վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Դատարանի այն պատճառաբանությունը, որ Անդրանիկ Խաչատրյանի գործունեությունը չի կարող համարվել ձեռնարկատիրական հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով հաստատվել են Անդրանիկ Խաչատրյանի անվամբ 2007 թվականի դեկտեմբերի 20-ին և 26-ին 19.800 կգ մանդարինի ներկրման և շուկայում այդ ապրանքների վաճառքի փաստերը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 1161 (ՏԴ) գործով 01.08.2007 թվականի որոշմամբ տրված ձեռնարկատիրական գործունեության մեկնաբանությունից հետևում է Անդրանիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստը հետևյալ պատճառաբանությամբ.

Վերոնշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանը մասնավորապես հստակ նշել է, որ քաղաքացու կողմից իրականացվող գործունեության բնույթը (այդ թվում նաև` ձեռնարկատիրական լինելը) որոշելիս, անհրաժեշտ է օրենքով սահմանված պարտադիր հատկանիշների առկայությունը որոշել մասնավորապես հետևյալ հանգամանքները բացահայտելուց հետո.

1. արդյո՞ք գործունեությունն իրականացվել է անձի նախաձեռնությամբ և կամքով,

2. արդյո՞ք գործունեությունը կրում է պարբերական բնույթ,

3. արդյո՞ք գործունեությունն ի սկզբանե իրականացվել է հատկապես շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով,

4. արդյո՞ք գործունեությունն իրականացվում է որպես մասնագիտություն (արհեստ), որի արտաքին դրսևորումներից կարելի է համարել առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման հատուկ տարածքի (խանութ, սրահ, արհեստանոց, այլ արտադրական տարածք, հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոց), տեղեկատվական-գովազդային բնույթի միջոցառումների, ապրանքի մեծ քանակության և տեսականու առկայությունը,

5. արդյո՞ք քաղաքացու տնտեսական գործունեությունը (քաղաքացիաիրավական գործարքը) վերաբերում է նրա անձնական գույքին:

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումից ուղղակիորեն հետևում է, որ անձի կողմից մեծ քանակությամբ ապրանքների ներմուծումն այլ հատկանիշների առկայության հետ մեկտեղ նույնպես կարող է վկայել նրա գործունեության ձեռնարկատիրական բնույթի մասին:

Անդրանիկ Խաչատրյանի գործունեությունն իրականացվել է ինքնուրույն, իր ռիսկով և հետապնդել է շահույթ ստանալու նպատակ: Այդ հանգամանքները հաստատվում են վերջինիս կողմից ընդունված այն փաստով, որ 19.800 կգ մանդարինը ներմուծվել է իր անունից և վաճառվել շուկայում: Իրավական առումով ապրանքները ներմուծել է Անդրանիկ Խաչատրյանը, իսկ դրանց վաճառքն ուղղակիորեն վկայում է շահույթ ստանալու նպատակի մասին: Այն հանգամանքը, որ ապրանքները ներմուծվել են այլ անձանց կողմից, անձի կողմից իրականացված գործունեությունը ձեռնարկատիրական չդիտելու համար բավարար չի կարող համարվել հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի համաձայն` մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում անմիջականորեն ներկայացվողի համար:

Վերոնշյալից հետևում է, որ ներկայացուցչության ինստիտուտի միջոցով քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցները կատարում են իրավաբանական գործողություններ` առանց անմիջականորեն դրանց մասնակցելու: Սակայն այդ գործողություններն ուղղված են հենց ներկայացվողի համար իրավունքներ և պարտականություններ ստեղծելուն:

Հետևաբար սույն գործով Անդրանիկ Խաչատրյանի անունից կնքված բոլոր գործարքները` ապրանքների ներկրումը, դրանց վաճառքը, իրավունքներ և պարտականություններ են առաջացնում միայն Անդրանիկ Խաչատրյանի համար:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

                        Նախագահող`    Ա. Մկրտումյան

                        Դատավորներ`   Ս. Սարգսյան

                                      Վ. Աբելյան

                                      Ե. Խունդկարյան

                                      Դ. Ավետիսյան

                                      Հ. Ղուկասյան

                                      Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N ՎԴ3/0253/05/08
Որոշում