ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-115 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-2450
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Լ. Սոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի փետրվարի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կամո Ներսիսյանի և Անյուտա Բաբայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Կամո Ներսիսյանի, Անյուտա Բաբայանի ընդդեմ Հրաչյա, Ալլա, Սամվել, Անուշ Ներսիսյանների, Արփիկ Մուրադյանի, Շահումյանի գյուղապետարանի` խախտված իրավունքը վերականգնելու, Շահումյանի գյուղապետարանի կողմից տրված թիվ 356 քաղվածքը, դրա հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) Աշտարակի տարածքային ստորաբաժանման կողմից 14.04.2000 թվականին տրված թիվ 0152349 և 28.11.2002 թվականին տրված թիվ 730154 սեփականության իրավունքի գրանցման վկայականները փոփոխելու, Կամո Ներսիսյանի, Անյուտա Բաբայանի և Հրաչիկ Կամոյի Ներսիսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը Արփիկ Մուրադյանի, Հրաչյա, Ալլա, Սամվել և Անուշ Ներսիսյանների անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված Արարատի մարզի Շահումյան գյուղում գտնվող բնակելի տան, 1900 քմ մակերեսով տնամերձ ու 6200 քմ մակերեսով սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ ճանաչելու և նրանց համասեփականատերերի ցանկում ընդգրկելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորները պահանջել են Արարատի մարզի Շահումյան գյուղում գտնվող բնակելի տան, 1900 քմ մակերեսով տնամերձ և 6200 քմ մակերեսով սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ Արփիկ Մուրադյանի, Հրաչյա, Ալլա, Սամվել, Անուշ Ներսիսյանների հետ միասին ճանաչել Կամո Ներսիսյանի, Անյուտա Բաբայանի և Հրաչիկ Կամոյի Ներսիսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը և որպես համասեփականատերերի, ընդգրկել 14.04.2000 թվականին տրված թիվ 0152349 և 28.11.2002 թվականին տրված թիվ 730154 սեփականության իրավունքի գրանցման վկայականներում:
Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 18.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով Կամո Ներսիսյանի, Անյուտա Բաբայանի հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Կամո Ներսիսյանը և Անյուտա Բաբայանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
i
1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի (այսուհետ` Հողային օրենսգիրք) 9-րդ հոդվածը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով վեճի առարկա հողամասը պետք է դառնար կոլեկտիվ տնտեսության ընդհանուր համատեղ սեփականությունը:
Բացի այդ, Արփիկ Մուրադյանի կոլեկտիվ տնտեսությանը հատկացված 3 բաժին հողամասի թվում է նաև վեճի առարկա հողամասը, հետևաբար, դրա նկատմամբ նույնպես ծագել է կոլեկտիվ տնտեսության սեփականության իրավունքը:
i
2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
14.04.2000 թվականի և 28.11.2002 թվականի վկայականները չեն վիճարկվել: Ընդամենը պահանջվել է պատասխանողների հետ միասին ճանաչել նաև հայցվորների սեփականության իրավունքը վիճելի անշարժ գույքի նկատմամբ, որի դեպքում վկայականներում պետք է կատարվեր անհրաժեշտ փոփոխություններ: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը սույն գործով չպետք է կիրառվեր:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 18.05.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 01.01.1991 թվականի դրությամբ Արփիկ Մուրադյանի գյուղացիական տնտեսության կազմում գրանցված են եղել Նաև Կամո Ներսիսյանը, Անյուտա Բաբայանը, Հրաչիկ Կամոյի Ներսիսյանը:
2) Գյուղացիական տնտեսությանն է պատկանել նաև 1978 թվականին կառուցված Արարատի մարզի Շահումյան համայնքում գտնվող բնակելի տունը:
3) Վերոգրյալ տունը` 1.900 քմ մակերեսով տնամերձ հողամասով, համասեփականությամբ գրանցվել է միայն Արփիկ Մուրադյանի, Հրաչյա, Ալլա, Սամվել, Անուշ Ներսիսյանների անվամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 127-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` կոլտնտեսային ծխի գույքը պատկանում է նրա անդամներին համատեղ սեփականության իրավունքով:
Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար ՀՀ քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արարատի մարզի Շահումյան համայնքում գտնվող տունը, կոլտնտեսային ծխին պատկանող այլ գույքի հետ միասին հանդիսացել է տվյալ ծխի անդամների ընդհանուր համատեղ սեփականությունը:
Հետևաբար, Կամո Ներսիսյանը, Անյուտա Բաբայանը, Հրաչիկ Ներսիսյանը որպես ընտանիքի (ծխի) անդամ, որոնք հետագայում ընդգրկվել են Արփիկ Մուրադյանի գյուղացիական տնտեսության կազմում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 127-րդ հոդվածի և Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով ձեռք են բերել սեփականության իրավունք վեճի առարկա տան և 1900 քմ տնամերձ հողամասի նկատմամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի կողմից հայցի մերժումն այն հիմքով, որ Արարատի մարզի Շահումյան համայնքում գտնվող տունը գրանցվել է միայն Արփիկ Մուրադյանի անվամբ:
2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
i
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է այն հարցին, որ սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտը` անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը (իրավական հիմնավորումը տես` Սիսիանի քաղաքապետարան ընդդեմ Շահեն Սարգսյան, երրորդ անձինք ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Սիսիանի ստորաբաժանում, Կորյուն Օհանյան, 26.10.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-1920/ՎԴ գործով 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջներով Վճռաբեկ դատարանի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումներով արձանագրված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը փոփոխելու պահանջի նկատմամբ:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2007 թվականի վճիռը` Կամո Ներսիսյանի, Անյուտա Բաբայանի` բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը մերժելու մասով և այդ մասով գործն ուղարկել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Վճիռը` ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման կողմից 14.04.2000 թվականին տրված թիվ 0152439 և 28.11.2002 թվականին տրված թիվ 730154 սեփականության իրավունքի գրանցման վկայականները փոփոխելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով թողնել օրինական ուժի մեջ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան