Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

03.04.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 24-ին

 

i

ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում «առևտրաարդյունաբերական պալատ» կազմակերպական-իրավական ձևը, առևտրաարդյունաբերական պալատների ստեղծման ընդհանուր իրավական հիմքերը և կարգավորում է դրանց գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Առևտրաարդյունաբերական պալատի անվանումը կազմվում է նրա տեղանունից և «առևտրաարդյունաբերական պալատ» բառակապակցությունից:

 

Հոդված 2. Պալատների հասկացությունը

 

1. Մարզային (այդ թվում` Երևան քաղաքի) առևտրաարդյունաբերական պալատ է հանդիսանում սույն օրենքով սահմանված կարգով և կամավոր անդամության հիման վրա մարզի տարածքում գրանցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԱԱՊ):

2. ԱԱՊ-ները սույն օրենքով սահմանված կարգով միավորվում և ստեղծում են իրենց ընդհանրական շահերը ներկայացնող Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ (այսուհետ` ՀՀ ԱԱՊ):

3. Առևտրաարդյունաբերական պալատների համակարգը (այսուհետ` պալատ (ներ)) ներառում է ՀՀ ԱԱՊ-ն և ԱԱՊ-ները, ինչպես նաև պալատների կողմից ստեղծված իրավաբանական անձանց:

4. Որևէ այլ կազմակերպություն իրավունք չունի իր անվանման մեջ օգտագործել «Առևտրի պալատ», «Արդյունաբերական պալատ», «Առևտրաարդյունաբերական պալատ», «ԱԱՊ» կամ «ՀՀ ԱԱՊ» բառակապակցությունները կամ պետական գրանցում ստանալ այդ անվանումներով:

5. ՀՀ ԱԱՊ-ը կարող է ունենալ պատվավոր անդամներ, որոնց կարգավիճակը սահմանվում է ՀՀ ԱԱՊ-ի կանոնադրությամբ: ՀՀ ԱԱՊ-ի պատվավոր անդամները ՀՀ ԱԱՊ-ի որոշումների ընդունման գործընթացին կարող են մասնակցել միայն խորհրդակցական ձայնի իրավունքով:

(2-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-118-Ն օրենք)

 

Հոդված 3. Պալատների մասին օրենսդրությունը

 

Պալատների մասին օրենսդրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:

 

ԳԼՈՒԽ II
ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 4. Պալատների նպատակները և խնդիրները

 

Պալատների ստեղծման և գործունեության հիմնական նպատակն է օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում իրենց անդամների ընդհանուր շահերի և իրավունքների պաշտպանությունը և դրանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում:

Պալատների խնդիրներն են`

ա) Հայաստանի տնտեսության զարգացմանը և այն միջազգային տնտեսական համակարգին ինտեգրացնելուն նպաստելը.

բ) ձեռնարկատիրության բոլոր ձևերի համակողմանի և ներդաշնակ զարգացմանն օժանդակելը.

գ) օտարերկրյա ձեռնարկատերերի հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական կապերի ամրապնդմանն աջակցելը.

դ) ձեռնարկատիրական գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը նպաստելը.

ե) պետության կողմից սահմանված գերակայություններին համապատասխան ձեռնարկատիրական գործունեության տարածքային զարգացմանը նպաստելը.

զ) տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև նրանց և պետական մարմինների միջև համագործակցության հաստատումը.

է) Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրության ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման համակարգի կայացմանն ու զարգացմանն աջակցելը, այդ բնագավառում ծրագրերի մշակմանը և իրականացմանը մասնակցելը.

ը) անհատ ձեռնարկատերերին, առևտրային կազմակերպություններին, միություններին և ասոցիացիաներին տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններ մատուցելը, ձեռնարկատիրության տեղեկատվական սպասարկման ենթակառուցվածքների կազմավորմանն աջակցելը.

թ) առևտրային կազմակերպությունների, ձեռնարկատերերի միջև ծագած վեճերի կարգավորմանն օժանդակելը.

ժ) ձեռնարկատիրությանն աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը նպաստելը.

ժա) իրենց կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը:

 

Հոդված 5. Պալատների գործառույթները

 

1. Պալատները`

ա) պետական և ոչ պետական մարմիններում, հիմնարկներում և կազմակերպություններում ներկայացնում և պաշտպանում են իրենց անդամների օրինական շահերը.

բ) վարում են Հայաստանի Հանրապետության այն առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ոչ պետական գրանցամատյանը, որոնց ֆինանսատնտեսական վիճակը վկայում է հանրապետության տարածքում և օտարերկրյա պետություններում ձեռնարկատիրական գործունեության տեսանկյունից որպես գործընկեր նրանց վստահելիության և բարեհուսության մասին.

գ) հայրենական և օտարերկրյա առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի դիմումի հիման վրա անցկացնում են ապրանքների անկախ փորձաքննություն, դրանց որակի, քանակի և կոմպլեկտայնության վերահսկողություն և ստուգում ու օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրա արժանահավատության համար.

դ) աջակցություն են ցույց տալիս հայրենական և օտարերկրյա առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին գյուտերի, արդյունաբերական դիզայնների, նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման վայրերի անվանումների գրանցման, ինչպես նաև ցուցահանդեսներին մասնակցելու գործում.

ե) մշակում են գործարար ծրագրեր.

զ) ստեղծում են տեղեկատվության ապահովման տվյալների բանկ.

է) կազմակերպում և մասնակցում են ցուցահանդեսներին և տոնավաճառներին Հայաստանում և արտասահմանում.

ը) օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնում և հրատարակում են թերթեր, ամսագրեր և այլ տպագիր նյութեր.

թ) աջակցում են իրենց անդամների կողմից արտադրված ապրանքների և ծառայությունների արտահանման, օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը.

ժ) տնտեսական վեճեր լուծելու համար իրենց կից ստեղծում են արբիտրաժային հաստատություն:

2. ԱԱՊ-ները կարող են ՀՀ ԱԱՊ-ի միջոցով մասնակցել ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի մշակմանը:

(5-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-118-Ն, 25.12.06 ՀՕ-56-Ն, 03.03.21 ՀՕ-116-Ն օրենքներ)

 

i
Հոդված 6. ՀՀ ԱԱՊ-ի գործառույթները

 

ՀՀ ԱԱՊ-ն, բացի սույն օրենքով պալատներին վերապահված գործառույթներից, իրականացնում է նաև հետևյալ գործառույթները`

ա) համակարգում է ԱԱՊ-ների գործունեությունը, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պալատների համակարգը ինչպես հանրապետությունում, այնպես էլ օտարերկրյա պետություններում.

բ) կարող է մասնակցել ձեռնարկատերերի շահերին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի մշակմանը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ եզրակացություններ կամ առաջարկություններ է ներկայացնում հանրապետության տնտեսության զարգացման հարցերով.

դ) միջազգային առևտրային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան վկայում է անհաղթահարելի ուժի հանգամանքները (ֆորս-մաժոր), ինչպես նաև հանրապետությունում ընդունված գործարար շրջանառության սովորույթները.

ե) սահմանում է Հայաստանի Հանրապետության այն առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ոչ պետական գրանցամատյանի վարման կարգը, որոնց ֆինանսատնտեսական վիճակը վկայում է հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ձեռնարկատիրական գործունեության մեջ նրանց հուսալի և վստահելի գործընկեր լինելու մասին.

զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 04.07.2005 թվականից` 20.05.05 ՀՕ-118-Ն օրենք)

է) տալիս է ապրանքների ծագման սերտիֆիկատներ և օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում դրանց արժանահավատության համար: Ապրանքների ծագման սերտիֆիկատների տրամադրման կարգն ու վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

ը) մասնակցում է փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության պետական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

թ) տրամադրում է ԱՏԱ կառնետ (ժամանակավոր ներմուծման գրքույկ) հավաստագրեր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: ԱՏԱ կառնետ հավաստագրերը ժամանակավոր ներմուծման փաստաթղթեր են, որոնք օգտագործվում են ապրանքների ժամանակավոր ներմուծման համար, բացառությամբ տրանսպորտային միջոցների:

ժ) իրականացնում է պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննություն և օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում փորձաքննության ակտի և դրանում պարունակվող տեղեկատվության արժանահավատության համար: Փորձաքննության ակտի տրամադրման կարգն ու վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(6-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-118-Ն, 14.09.22 ՀՕ-351-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ), 01.03.23 ՀՕ-37-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ III
ՊԱԼԱՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

 

Հոդված 7. Պալատների հիմնադրման կարգը

 

1. Սույն օրենքի ընդունման պահից մեկ ամիսը լրանալուց հետո մարզի առնվազն տասն իրավաբանական անձանց կողմից ստեղծված նախաձեռնող խումբը Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի մարզկենտրոնի տարածքային բաժին (իսկ Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կենտրոնական մարմին) կարող է հայտ ներկայացնել ԱԱՊ-ի հիմնադրման մասին:

Հայտն իր մեջ ներառում է հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում ԱԱՊ-ի ստեղծումը նախաձեռնելու մասին.

բ) նախաձեռնող խմբի անդամների ցուցակը` ստորագրված բոլոր անդամների կողմից: Ցուցակը պարունակում է նախաձեռնող խմբի անդամների պետական գրանցման տվյալները, ֆիրմային անվանումն ու գտնվելու վայրը.

գ) ԱԱՊ-ի կանոնադրության նախագիծը:

Նախաձեռնող խմբի ներկայացրած հայտն ընդունվում է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի մարզկենտրոնի տարածքային բաժնի կողմից և հաշվառվում է համապատասխան մատյանում: Հայտը ներկայացնողին տրվում է ստացական, որը պարունակում է նշում` ներկայացման ամսաթվի և ժամի մասին: Հայտի ներկայացման պահից տասն օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի մարզկենտրոնի տարածքային բաժինը գրանցում է հայտը: Հայտի գրանցումը կարող է մերժվել, եթե ներկայացվել են կեղծ տվյալներ, կանոնադրության նախագիծը հակասում է սույն օրենքին, կամ արդեն հայտ է գրանցվել:

Եթե ներկայացված են մեկից ավելի հայտեր, ապա հայտի մերժման դեպքում քննարկվում է ժամանակային առումով հաջորդ ներկայացված հայտը: Հայտի գրանցումից հետո Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի մարզկենտրոնի տարածքային բաժինը գրավոր մերժում է հաջորդ ներկայացված հայտերը` նշելով, որ դրանք մերժվում են ԱԱՊ-ի ստեղծման հայտն արդեն գրանցված լինելու պատճառով:

Հայտի գրանցումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, նախաձեռնող խումբն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հայտարարություն է տպագրում դրա մասին` նշելով հայտի գրանցման համարը:

Մարզի տարածքում գրանցված տնտեսավարող սուբյեկտներն ԱԱՊ հիմնադիր համագումարին մասնակցելու իրենց ցանկության մասին հայտնում են նախաձեռնող խմբին և հաշվառվում վերջինիս կողմից:

ԱԱՊ-ի ստեղծման մասին հայտարարությունը տպագրվելուց առնվազն երկու ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ, նախաձեռնող խումբը հրավիրում է ԱԱՊ հիմնադիր համագումար: Հիմնադիր համագումարի հրավիրման մասին հայտարարությունը տպագրվում է համագումարի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ:

Օրենքով սահմանված ժամկետում համագումար չհրավիրելու կամ հայտից հրաժարվելու դեպքում գրանցված հայտը համարվում է չեղյալ, և քննարկվում է հաջորդ ներկայացված հայտի գրանցման հարցը:

Նախաձեռնող խմբի լիազորությունները դադարում են հիմնադիր համագումարի աշխատանքներն ավարտվելուց հետո:

2. ԱԱՊ-ն ստեղծվում է հիմնադիր համագումարի որոշմամբ: Համագումարը հաստատում է ԱԱՊ կանոնադրությունը և ընտրում դրա ղեկավար մարմինները:

3. ՀՀ ԱԱՊ-ն ստեղծվում է սույն օրենքին համապատասխան` օրենքի ընդունման պահից վեց ամսվա ընթացքում, պետական գրանցում ստացած ԱԱՊ- ների մեկական ներկայացուցիչներից կազմված նախաձեռնող խմբի կողմից հրավիրած հիմնադիր համագումարի որոշմամբ: ՀՀ ԱԱՊ հիմնադիր համագումարի պատվիրակների քվոտաները նախաձեռնող խմբի կողմից բաշխվում են ԱԱՊ-ների անդամների թվին համամասնորեն: ՀՀ ԱԱՊ հիմնադիր համագումարի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի պետը կամ նրա տեղակալը` խորհրդակցական ձայնի իրավունքով:

(7-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-71-Ն օրենք)

 

Հոդված 8. Պալատի կանոնադրությունը

 

1. Պալատի կանոնադրությամբ սահմանվում են պալատի նպատակները, խնդիրները, գործառույթները և գործունեությանն առնչվող մյուս հարցերը:

2. Պալատի կանոնադրությունն ընդգրկում է`

ա) պալատի լրիվ և (կամ) կրճատ անվանումը` հայերեն, ռուսերեն և անգլերեն, ստեղծման նպատակները, գործունեության առարկան և գործառույթները.

բ) պալատի հիմնադրման տարին, ամիսը, ամսաթիվը և գտնվելու վայրը.

գ) պալատին անդամակցելու, անդամությունը դադարեցնելու, անդամավճարների վճարման կարգը և պայմանները.

դ) պալատի կառավարման կարգը.

ե) գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը:

3. Կանոնադրության մեջ կարող են նախատեսվել նաև պալատի գործառույթներին առնչվող այլ դրույթներ:

 

Հոդված 9. Պալատի անդամների իրավունքներն ու պարտականությունները

 

1. Պալատի անդամներն իրավունք ունեն`

ա) ընտրել և ընտրվել պալատի ղեկավար մարմիններում.

բ) պալատի գործունեության վերաբերյալ ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով.

գ) արտոնյալ պայմաններով կամ անվճար օգտվել պալատի կողմից մատուցվող ծառայություններից.

դ) օգտվել պալատի կանոնադրությամբ իրենց վերապահված այլ իրավունքներից:

2. Պալատի անդամները պարտավոր են`

ա) կատարել պալատի ղեկավար մարմինների կողմից ընդունված պալատի կանոնադրական խնդիրներին վերաբերող որոշումները.

բ) վճարել անդամավճարներ.

գ) նպաստել պալատի կանոնադրական խնդիրների իրականացմանը.

դ) կատարել պալատի կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

 

Հոդված 10. Պալատի անդամության անդամավճարների դրույքաչափերը

 

1. Պալատի անդամության անդամավճարների դրույքաչափերը սահմանվում են պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

2. ԱԱՊ-ներն իրենց անդամների անդամավճարներից ստացված գումարի մի մասը մասհանում են ՀՀ ԱԱՊ` որպես անդամավճար, ՀՀ ԱԱՊ համագումարի կողմից սահմանված չափով և կարգով:

 

i
Հոդված 11. Պալատների պետական գրանցումը

 

Պալատները ենթակա են պետական գրանցման` օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ IV
ՊԱԼԱՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 12. Պալատի համագումարը

 

1. Պալատի կառավարման բարձրագույն մարմինը համագումարն է, որը գումարվում է 5 տարին մեկ:

2. Համագումարի գումարման ժամանակի, տեղի և օրակարգի մասին համագումարի բացումից առնվազն մեկ ամիս առաջ պալատի նախագահությունը տեղյակ է պահում պալատի անդամներին:

3. Համագումարը`

ա) հաստատում է պալատի կանոնադրությունը, փոփոխություններ է կատարում դրանում.

բ) 5 տարի ժամկետով ընտրում` է պալատի նախագահ և նախագահություն.

գ) հաստատում է պալատի ծրագրերն ու գործունեության ուղղությունները.

դ) լսում և գնահատում է պալատի նախագահի և գործադիր տնօրենի հաշվետվությունները:

4. Պալատի անդամների կամ նախագահության անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ կարող է հրավիրվել արտահերթ համագումար:

5. Համագումարում քննարկվող հարցերը լուծվում են ներկա գտնվող պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ պալատի կանոնադրության հաստատման, փոփոխման հարցերը` առնվազն երկու երրորդով:

6. Համագումարի քվորումը նրա պատվիրակների երկու երրորդն է:

(12-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-118-Ն օրենք)

 

Հոդված 13. Պալատի նախագահությունը

 

1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում պալատի ղեկավար մարմինը պալատի նախագահությունն է:

2. Պալատի նախագահության անդամները, տնօրենից բացի, աշխատում են հասարակական հիմունքներով:

3. ԱԱՊ-ների նախագահները և ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրենն ի պաշտոնե հանդիսանում են ՀՀ ԱԱՊ նախագահության անդամներ:

4. Պալատի նախագահությունը`

ա) ընտրում է պալատի նախագահի տեղակալ (ներ).

բ) հաստատում է նախագահի կողմից ներկայացված պալատի տարեկան ծրագրերն ու ծախսերի նախահաշիվը.

գ) գումարում է պալատի հերթական և արտահերթ համագումարները.

դ) հաստատում է տնօրինության կառուցվածքը և հաստիքացուցակը, գործունեության ուղղությունները.

ե) նախագահի ներկայացմամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գործադիր տնօրենին.

զ) արտահայտում է պալատի դիրքորոշումը տնտեսական քաղաքականության հարցերի վերաբերյալ.

է) իրականացնում է պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ.

ը) որոշում է կայացնում պալատին կից արբիտրաժային հաստատության ստեղծման մասին.

թ) որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս պալատի ներկայացուցչություն ստեղծելու մասին.

ժ) պալատի նախագահի կողմից սույն օրենքի և պալատի կանոնադրության պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ պալատի նախագահին անվստահություն հայտնելու մասին:

5. Նախագահության նիստերը գումարվում են առնվազն 3 ամիսը մեկ:

6. Նախագահության նիստերի քվորումը նախագահության անդամների երկու երրորդն է:

7. Նախագահության որոշումներն ընդունվում են ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

8. ՀՀ ԱԱՊ-ի նախագահությունը`

ա) հաստատում է ԱԱՊ-ին և ՀՀ ԱԱՊ-ին կից արբիտրաժային հաստատությունների կանոնադրությունները, վեճեր քննելու և լուծելու կանոնները` օրենսդրության պահանջներին համապատասխան.

բ) ԱԱՊ-ի նախագահի և (կամ) նախագահության կողմից կանոնադրական պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ ԱԱՊ-ի նախագահին և (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ:

ԱԱՊ-ի նախագահի և (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու հարցը կարող է դրվել «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում մեկ անգամ:

9. ԱԱՊ-ի նախագահությունը, որի նախագահի և (կամ) նախագահության վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 4-րդ կետի «ժ» ենթակետով և (կամ) 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված որոշումը, պարտավոր է երկու ամսվա ընթացքում, որոշման կայացման օրվանից սկսած, հրավիրել պալատի արտահերթ համագումար նախագահի և (կամ) նախագահության ընտրություններ անցկացնելու հարցով:

Սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված ընթացակարգով ընտրված նախագահի և (կամ) նախագահության լիազորության ժամկետը գործում է մինչև «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում հերթական համագումարի գումարումը:

(13-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-118-Ն, 25.12.06 ՀՕ-56-Ն օրենքներ)

 

Հոդված 14. Պալատի նախագահը

 

1. Պալատի նախագահն ի պաշտոնե հանդիսանում է պալատի նախագահության նախագահ:

2. Պալատի նախագահը`

ա) հրավիրում և վարում է նախագահության նիստերը.

բ) իրականացնում է պալատի ընդհանուր ղեկավարումը.

գ) ներկայացնում է պալատը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

դ) պալատի անունից կնքում է պայմանագրեր, համաձայնագրեր, տալիս է լիազորագրեր.

ե) նախագահության հաստատմանն է ներկայացնում տնօրինության կառուցվածքը և գործունեության ուղղությունները.

զ) ստորագրում է նախագահության որոշումները.

է) իրականացնում է պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

3. Նախագահի բացակայության ժամանակ նրան փոխարինում է նախագահի տեղակալը:

 

Հոդված 15. Պալատի տնօրինությունը

 

1. Պալատի գործադիր մարմինը պալատի տնօրինությունն է:

2. Պալատի տնօրինությունը գլխավորում է գործադիր տնօրենը:

3. Պալատի գործադիր տնօրենը`

ա) ի պաշտոնե հանդիսանում է պալատի նախագահության անդամ.

բ) ղեկավարում է պալատի ընթացիկ գործունեությունը.

գ) կազմակերպում է պալատի նախագահության որոշումների և նախագահի հանձնարարականների կատարումը.

դ) պալատի նախագահության հաստատմանն է ներկայացնում պալատի տնօրինության գործունեության ծրագրերի նախագծերը, ինչպես նաև այդ ծրագրերի կատարման մասին հաշվետվությունները.

ե) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում տնօրինության աշխատակիցներին, որոշումներ է կայացնում նրանց խրախուսելու կամ տույժի ենթարկելու վերաբերյալ.

զ) իր իրավասության շրջանակներում գործում է պալատի անունից և իրականացնում է պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 16. Պալատի գործունեության վերահսկողությունը

 

Պալատի ֆինանսական գործունեության վերահսկողությունն իրականացվում է անկախ աուդիտորական կազմակերպության միջոցով, որի ընտրությունը կատարում է պալատի նախագահությունը:

 

ԳԼՈՒԽ V
ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 17. Միջազգային կապերը և մասնակցությունը միջազգային կազմակերպություններում

 

ՀՀ ԱԱՊ-ն ձեռնարկատիրական գործունեության հետ կապված հարցերով իր անդամների շահերը ներկայացնում է Առևտրի միջազգային պալատում, Եվրոպալատում, Արդյունաբերական սեփականության պահպանության միջազգային ասոցիացիայում, Ցուցահանդեսների միջազգային բյուրոյում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, ինչպես նաև մյուս միջազգային կազմակերպություններում:

 

Հոդված 18. Միջազգային պայմանագրերը

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ VI
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 19. Եզրափակիչ դրույթներ

 

Գործող ՀՀ ԱԱՊ-ն շարունակում է իրականացնել իր գործառույթներն ամբողջ ծավալով` մինչև սույն օրենքով սահմանված կարգով ՀՀ ԱԱՊ-ի պետական գրանցումը:

Մինչև սույն օրենքին համապատասխան ստեղծված ՀՀ ԱԱՊ-ի կողմից ապրանքների ծագման սերտիֆիկատների տրամադրման գործառույթի իրականացման սկսելու պահն ապրանքների ծագման սերտիֆիկատները տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են մինչև սույն օրենքի ընդունումը գործող կարգով:

 

Հոդված 20. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
21 նոյեմբերի 2001 թ.
ՀՕ-250

 

 

pin
ՀՀ 24.10.2001
N ՀՕ-250 օրենք