040.1104.050912
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 օգոստոսի 2012 թվականի N 1104-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ www.e-gov.am (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ) ԿԱՅՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 119-րդ կետով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքի սպասարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթները, յուրաքանչյուրն իր մասով, ապահովելու նպատակով նշանակել տվյալ մարմնի պատասխանատու աշխատողներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 30-րդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի օգոստոսի 30-ի
N 1104-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ www.e-gov.am (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ) ԿԱՅՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքի (այսուհետ` կայք) սպասարկման հետ կապված հարաբերությունները:
2. Կայքի «Գլխավոր» էջում տեղադրված են կայքի բաժինները:
3. Կայքի բաժիններն են`
1) Գրեք նամակ կառավարությանը.
2) Հետևեք Ձեր նամակի ընթացքին.
3) Լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ.
4) Ինտերակտիվ բյուջե.
5) Էլեկտրոնային ստորագրություն.
6) Կառավարության որոշումներ.
7) Վարչապետի որոշումներ.
8) Կառավարության արձանագրային որոշումներ.
9) Կառավարության նիստի օրակարգ.
10) Մեկ անձից կատարվող գնումներ (բանակցային ընթացակարգ` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու ձևով կատարվող գնումներ).
11) ՊՈԱԿ-ների ֆինանսավորում.
12) Ռեեստրներ և ցանկեր.
13) Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ.
14) Մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային հայտերի ընդունման համակարգ.
15) Մտավոր սեփականության գործակալության տեղեկատվական որոնման համակարգ.
16) Էլեկտրոնային վիզա (e-visa).
17) ԴԱՀԿ էլեկտրոնային աճուրդի համակարգ.
18) Հայաստանի Հանրապետության իրավական տեղեկատվության համակարգ.
19) Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ.
20) Անշարժ գույքի կադաստրի էլեկտրոնային համակարգ.
21) Հայաստանի ազգային պատկերասրահ.
22) Կազմակերպությունների էլեկտրոնային գրանցում.
23) Ինտերակտիվ ծանուցման պաշտոնական կայք.
24) Դատական տեղեկատվական համակարգ.
25) Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտների վերաբերյալ եզրակացություններ, առաջարկություններ և դրանցում բարձրացված խնդիրների լուծման համար իրականացվող աշխատանքներ:
(3-րդ կետը փոփ. 27.12.12 թիվ 1646-Ն որոշում)
4. Կայքի «Հղումներ» էջում տեղադրված են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման այլ մարմինների և այլ կազմակերպությունների պաշտոնական կայքերի հղումները:
5. Կայքի`
1) «Գրեք նամակ կառավարությանը» բաժինը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս գրելու իր կարծիքը, տեսակետը, դիրքորոշումը և առաջարկությունը:
Ֆիզիկական անձինք էլեկտրոնային նամակները գրելու նպատակով պարտադիր լրացնում են «Ձեր հաղորդագրությունը», «Անունը, ազգանունը», «Էլ. փոստի հասցեն» և վավերապատկեր դաշտերը, իսկ իրավաբանական անձինք` «Ձեր հաղորդագրությունը», «Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը», «Պետական գրանցման համարը», «Տնօրենի անունը, հայրանունը, ազգանունը» և «Էլ. փոստի հասցեն» դաշտերը: Կարմիր գույնի աստղանիշով նշվում են պարտադիր լրացման ենթակա դաշտերը:
Այն էլեկտրոնային նամակները, որոնք գրելու նպատակով լրացվել են սույն ենթակետի երկրորդ պարբերության մեջ նշված դաշտերը, կարող են քննության առնվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե հնարավոր է հավաստել դիմումատուի ինքնությունը:
Այն էլեկտրոնային նամակները (այդ թվում` առաջարկություն, բողոք, հարցում և այլն), որոնք գրելու նպատակով լրացվել են «Ձեր հաղորդագրությունը», «Մուտքի անունը», «Գաղտնաբառը», «Անձնագրի սերիան և համարը» կամ «Սոցիալական քարտի համարը» դաշտերը, էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ինչպես նաև նույնականացման քարտի միջոցով քննության են առնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եթե նամակին ընթացք չի տրվում, ապա դիմումատուին ուղարկվում է պատասխան` նշելով ընթացք չտալու պատճառը:
Այս բաժնի համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:
2) «Հետևեք Ձեր նամակի ընթացքին» բաժնի միջոցով յուրաքանչյուր ոք, ով որևէ հարցով կամ խնդրով կամ առաջարկությամբ դիմում է ներկայացրել հանրապետական գործադիր մարմիններ, պետական և տարածքային կառավարման այլ մարմիններ (այսուհետ` մարմին), կարող է հետևել իր դիմումի ընթացքին: Դիմումի ընթացքին կարելի է հետևել` մուտքագրելով համապատասխան պատուհանում մարմնի կողմից տրամադրված 12-նիշանոց հսկիչ համարը, որն ստացվել է մարմնի ընդունարանում կամ փոստի միջոցով, և մարմինը, ում հասցեագրվել է դիմումը.
3) «Լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ» բաժինը հնարավորություն է տալիս իրավաբանական և ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին հայտ ներկայացնելու նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` մի շարք պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիա ստանալու, մերժելու և վերաձևակերպելու, ուժը կորցրած ճանաչելու, կասեցնելու, դադարեցնելու (ըստ հայտատուի դիմումի) լիցենզիայի և ներդիրների կրկնօրինակ ստանալու, լրացուցիչ ներդիրներ ստանալու և ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև արդեն իսկ ներկայացրած դիմումներին ի լրումն փաստաթղթեր ներկայացնելու համար: Հայտը ներկայացնելու համար ներկայացված է էլեկտրոնային հայտերի ընդունման կարգը (կարգը կցված է կայքում): Լիցենզիա ստանալու, վերաձևակերպելու, ուժը կորցրած ճանաչելու, կասեցնելու հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում փոփոխությունների դեպքում բաժնում տեղեկատվությունը ժամանակին տրամադրելու համար պատասխանատու է լիցենզիա տրամադրող մարմինը, իսկ կայքում թարմացնելու համար` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում փոփոխությունների դեպքում լիցենզիա տրամադրող մարմինը տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին տրամադրում է իրավական ակտն ուժի մեջ մտնելու հաջորդ օրը: Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը համապատասխան տեղեկատվությունը տեղադրում է տեղեկատվությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում.
4) «Ինտերակտիվ բյուջե» բաժնում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ` բյուջե) բաշխումն առցանց` ըստ ոլորտների, ծրագրերի, ինչպես նաև ծախսված և մնացորդային գումարները` սկսած 2010 թվականից: Այս բաժնի միջոցով յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի տեղեկանալու, թե ինչ նպատակով, ուղղությամբ և ինչպես են ծախսվում բյուջեի գումարները, տեսնելու բյուջեի եկամուտներն ու ծախսերն առցանց ռեժիմով: Համակարգի միջոցով հնարավոր է տեղեկանալ բյուջեում կատարվող ընթացիկ ֆինանսական փոփոխություններին` ըստ ոլորտների, բաժինների, խմբերի, դասերի և ծախսային տողերի: Այս բաժնում տեղեկատվությունը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տվյալների մուտքագրման հետ միաժամանակ.
5) «Էլեկտրոնային ստորագրություն» բաժինը հնարավորություն է տալիս ստանալու էլեկտրոնային ստորագրություն էլեկտրոնային թվային ձևով` լրացնելով էլեկտրոնային հայտը, ինչպես նաև երկարաձգելու ստորագրության ժամկետը: Բաժինն ունի կայքէջին հղում` www.ekeng.am: Այս կայքում տեղադրված տեղեկատվության համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը.
6) «Կառավարության որոշումներ» բաժնում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները.
7) «Վարչապետի որոշումներ» բաժնում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները.
8) «Կառավարության արձանագրային որոշումներ» բաժնում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշումները.
9) «Կառավարության նիստի օրակարգ» բաժնում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգը` ըստ ժամանակագրության, որը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից` ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգն ստանալու օրը: Սույն կարգի 5-րդ կետի 6-րդ, 7-րդ, 8-րդ ենթակետերի տեղեկատվությունը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից` որոշումներն ստորագրվելուց ոչ ուշ, քան հաջորդ օրը` ըստ ժամանակագրության և հերթական համարի: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները, Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշումները հնարավոր է որոնել` նշելով օրը, ամիսը, տարեթիվը, որոշման համարը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգը` Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրը, ամիսը, տարեթիվը.
10) «Բանակցային ընթացակարգ` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու ձևով կատարվող գնումներ» բաժնում (այսուհետ` Մեկ անձից կատարվող գնումներ) տեղադրվում է պետական կառավարման մարմինների կողմից միայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված հիմքերով` պայմանավորված բանակցային ընթացակարգ` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու ձևով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման մասին տեղեկատվության հետ: Տեղեկատվությունը պարունակում է մարմնի անվանումը, գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը, կատարողը, գինը, կանխավճարը, պայմանագրի կնքման ամսաթիվը և ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման վերջնաժամկետը, ինչպես նաև կցվում է պայմանագրի պատկերամուտը (scan)` համաձայն N 1 ձևի: Այս բաժնում տեղեկատվությունը`
ա. թարմացվում է յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ,
բ. տեղադրելու համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը.
11) «ՊՈԱԿ-ների ֆինանսավորում» բաժնում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ենթակայության տակ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ, բացառությամբ դպրոցների, ընթացիկ բյուջետային տարում կնքված բոլոր ֆինանսավորման պայմանագրերի, պատկերամուտը ու նշված կազմակերպությունների կողմից նախորդ բյուջետային տարվա ստորագրված բոլոր ընդունման-հանձնման ակտերի պատկերամուտը: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները և Հայաստանի Հանրապետության մարզպետները նշված պատկերամուտը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը: Տեղեկատվությունը պարունակում է պետական մարմնի անվանումը, պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը, պայմանագրի առարկան, գումարի չափը (դրամով), կնքված պայմանագրի ժամկետը, և կցվում է պայմանագրի պատկերամուտն ու ընդունման-հանձնման ակտերի պատկերամուտը` համաձայն N 2 ձևի: Այս բաժնում տեղեկատվությունը տեղադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` տեղեկատվությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կարգի 5-րդ կետի 10-րդ և 11-րդ կետերի տեղեկատվությունը կայքում կարելի է որոնել` ըստ մարմինների և տարեթվերի.
12) «Ռեեստրներ և ցանկեր» բաժնում տեղադրվում են`
ա. (ա պարբերությունն ուժը կորցրել է 09.12.2021 թիվ 2027-Ն որոշում)
բ. պետության կողմից սուբսիդավորվող 8-10 տոկոս տոկոսադրույքով տրամադրված գյուղատնտեսական վարկերի շահառուների ցուցակը, որը թարմացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկատվությունը պարունակում է մարզի անվանումը, բանկի անվանումը, բնակավայրը, շահառուի տվյալները, վարկի գումարը, վարկի վերջնական տոկոսադրույքը,
գ. (գ պարբերությունն ուժը կորցրել է 09.12.2021 թիվ 2027-Ն որոշում)
13) «Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ» բաժին` այս համակարգը հնարավորություն է ընձեռում ներկայացնելու հարկային հաշվետվությունները համացանցի միջոցով: Բաժինն ունի կայքէջին հղում` file-online.taxservice.am: Հարկային հաշվետվությունների հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում փոփոխությունների դեպքում բաժնում տեղեկատվությունը ժամանակին թարմացնելու համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն.
14) «Մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային հայտերի ընդունման համակարգ» բաժին` այս համակարգը հնարավորություն է ընձեռում ներկայացնելու գյուտի և օգտակար մոդելի, ապրանքային նշանի, արդյունաբերական նմուշի հայտերն էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալությանը: Բաժինն ունի կայքէջին հղում` my.aipa.am: Կայքէջի անխափան աշխատանքներն ապահովելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում փոփոխությունների դեպքում բաժնում տեղեկատվությունը ժամանակին թարմացնելու համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
15) «Մտավոր սեփականության գործակալության տեղեկատվական որոնման համակարգ» բաժին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության այս համակարգը հնարավորություն է տալիս կատարելու որոնում արդյունաբերական նմուշների, ֆիրմային անվանումների, գյուտերի և օգտակար մոդելների, ինչպես նաև ապրանքային նշանների հիմնապաշարներում: Ներկայացված են նաև համապատասխան տեղեկության որոնման ձևի բացատրությունները: Բաժինն ունի կայքէջին հղում` www.aipa.am: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում փոփոխությունների դեպքում բաժնում տեղեկատվությունը ժամանակին թարմացնելու համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
16) «Էլեկտրոնային վիզա (e-visa)» բաժինը հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով ստանալու մուտքի արտոնագիր: Մուտքի արտոնագրի հաստատման դեպքում դրա տրամադրումն այս համակարգի միջոցով տևում է երկու օր: Բաժինն ունի կայքէջին հղում` www.mfa.am/eVisa/: Մուտքի արտոնագրի հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում փոփոխությունների դեպքում բաժնում տեղեկատվությունը ժամանակին թարմացնելու համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը.
17) «ԴԱՀԿ էլեկտրոնային աճուրդի համակարգ» բաժինը հնարավորություն է տալիս օգտվելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հարկադիր աճուրդին վերաբերող վաճառքի էլեկտրոնային համակարգով: Բաժինն ունի կայքէջին հղում` achurd.harkadir.am: Պարտադիր օտարման ենթակա գույքի աճուրդով վաճառքի հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում փոփոխությունների դեպքում բաժնում տեղեկատվությունը ժամանակին թարմացնելու համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը.
18) «Հայաստանի Հանրապետության իրավական տեղեկատվության համակարգ» բաժին` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի միասնական էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս մեկ միասնական համակարգից ծանոթանալու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը` սկսած միջազգային պայմանագրերից մինչև համայնքների ավագանու կողմից ընդունված որոշումները: Բաժինն ունի կայքէջին հղում` www.arlis.am: Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը ժամանակին տեղադրելու և թարմացնելու համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը.
19) «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ» բաժին` այս համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական կամ տեղական տուրքերի, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարը կամ վարչական տուգանքները կատարելու էլեկտրոնային եղանակով:»: Բաժինն ունի կայքէջին հղում` www.e-payments.am: Այս բաժնի համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը.
20) «Անշարժ գույքի կադաստրի էլեկտրոնային համակարգ» բաժին` այս համակարգը հնարավորություն է տալիս անշարժ և շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումներ ներկայացնելու առցանց համակարգի միջոցով: Բաժինն ունի կայքէջին հղում` www.e-cadastre.am: Այս բաժնի համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն.
21) «Հայաստանի Ազգային Պատկերասրահ» բաժին` հղում Հայաստանի ազգային պատկերասրահի մշակութային արժեքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով: Բաժինն ունի կայքէջին հղում` www.gallery.am/db: Այս բաժնի միջոցով հնարավոր է որոնել ըստ նկարիչների, նկարների վերնագրերի, ժամանակաշրջանի և այլն: Այս բաժնի համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը.
22) «Կազմակերպությունների էլեկտրոնային գրանցում» բաժին` այս համակարգը հնարավորություն է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ հաշված րոպեների ընթացքում գրանցելու կազմակերպություն, հաշվառելու անհատ ձեռնարկատեր, առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ, ինչպես նաև ստանալու տեղեկատվություն հետաքրքրող` արդեն գրանցված կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի, առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների մասին: Բաժինն ունի կայքէջին հղում` www.e-register.am.
23) «Հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք» բաժին` այս կայքը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ներկայացնելու հրապարակային ծանուցումները: Բաժինն ունի կայքէջին հղում` www.azdarar.am.
24) «Դատական տեղեկատվական համակարգ» բաժին` այս համակարգը հնարավորություն է տալիս գտնելու համապատասխան դատական գործեր, որոնելու Հայաստանի Հանրապետության օրենքներ, հետևելու դատական նիստերի ժամանակացույցին և այլն: Բաժինն ունի կայքէջին հղում` www.datalex.am: Սույն կարգի 5-րդ կետի 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերի համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը.
25) «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտների վերաբերյալ եզրակացություններ, առաջարկություններ և դրանցում բարձրացված խնդիրների լուծման համար իրականացվող աշխատանքներ» բաժնում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված առաջարկություններն ու եզրակացությունները, ինչպես նաև դրանցում մատնանշված խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան մարմինների կողմից ձեռնարկված քայլերի մասին տեղեկատվությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության կայքէջում տվյալ նյութի տեղադրման համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչությունը:
(5-րդ կետը փոփ. 27.12.12 թիվ 1646-Ն, 14.11.13 թիվ 1325-Ն, 09.12.2021 թիվ 2027-Ն որոշումներ)
6. Կայքի գլխավոր էջի և գլխավոր էջի նյութերը տեղադրվում են հայերենով և անգլերենով:
7. Կայքի տեխնիկական ապահովության համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:
8. Կայքում տեղեկատվությունը համապատասխան մարմինների կողմից տեղադրվում է համակարգ մուտք գործելու միջոցով` մուտքագրելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից տրամադրված օգտվողի անունը և գաղտնաբառը:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմն օգտվողի անունը և գաղտնաբառը տրամադրում է համապատասխան մարմինների կողմից ներկայացված դիմումի հիման վրա` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը պարբերաբար կատարում է կայքի ուսումնասիրություն և յուրաքանչյուր ամսվա 10-րդ աշխատանքային օրն արդյունքների մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:
Ձև N 1
.____________________________________________________________________.
|Մարմնի|Գնման|Կատար|Գնման|Կատա-|Գինը|Կանխա-|Պայմա-|Ապրանքի, |Պայմա-|
|անվա- |առար-|ման |պա- |րողը | |վճարը |նագրի |աշխատանքի |նագրի |
|նումը |կան |հիմքը|հանջի| | | |կնքման|կամ |պատ- |
| | | |ծագ- | | | |ամսա- |ծառայության|կերա- |
| | | |ման | | | |թիվը |ձեռքբերման |մուտը |
| | | |հիմքը| | | | |վերջնա- | |
| | | | | | | | |ժամկետը | |
|______|_____|_____|_____|_____|____|______|______|___________|______|
|______|_____|_____|_____|_____|____|______|______|___________|______|
|______|_____|_____|_____|_____|____|______|______|___________|______|
|______|_____|_____|_____|_____|____|______|______|___________|______|
|______|_____|_____|_____|_____|____|______|______|___________|______|
|______|_____|_____|_____|_____|____|______|______|___________|______|
|______|_____|_____|_____|_____|____|______|______|___________|______|
.____________________________________________________________________.
Ձև N 2
._____________________________________________________________________.
|Մարմնի |ՊՈԱԿ-ի |Պայմանագրի|Գումարը|Պայմանագրի|Պայմանագրի|Ընդունման-|
|անվանումը|անվա- |առարկան |(դրամ) |ժամկետը |պատկերա- |հանձնման |
| |նումը | | | |մուտը |ակտերի |
| | | | | | |պատկերա- |
| | | | | | |մուտը |
|_________|_______|__________|_______|__________|__________|__________|
|_________|_______|__________|_______|__________|__________|__________|
|_________|_______|__________|_______|__________|__________|__________|
|_________|_______|__________|_______|__________|__________|__________|
|_________|_______|__________|_______|__________|__________|__________|
|_________|_______|__________|_______|__________|__________|__________|
|_________|_______|__________|_______|__________|__________|__________|
._____________________________________________________________________.