Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2534/02/08

    դատարանի որոշում                                              2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2534/02/08

Նախագահող դատավոր`  Ն. Հովսեփյան

    Դատավորներ`          Ա. Մկրտչյան

                         Ն. Բարսեղյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հուլիսի 24-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Գենադի Ղարիբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2009 թվականի որոշման դեմ` ըստ Էդվարդ Ղարիբյանի հայցի ընդդեմ Գենադի Ղարիբյանի, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի` ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և ժառանգական գույքի 1/3 բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էդվարդ Ղարիբյանը պահանջել է հարգելի համարել ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը, անվավեր ճանաչել 26.06.1998 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և ճանաչել ժառանգական գույքի` Երևանի Նոր Նորքի 4 մ/շ 2 հատվածի 32 շենքի թիվ 9 բնակարանի 1/3 բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.03.2009 թվականի որոշմամբ Էդվարդ Ղարիբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի, և Դատարանի 10.12.2008 թվականի վճիռը մասնակիորեն` մոր ժառանգությունն ընդունելու մասով բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գենադի Ղարիբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էդվարդ Ղարիբյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, 210-րդ հոդվածի 5-րդ մասը, 213-րդ հոդվածի 1-ին մասը և 219-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Էդվարդ Ղարիբյանը դատարան հայց է ներկայացրել հետևյալ պահանջներով` ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու, 26.06.1998 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և ժառանգական գույքի` Երևանի Նոր Նորքի 4 մ/շ 2 հատվածի 32 շենքի թիվ 9 բնակարանի, 1/3 բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ:

 

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերաքննության սահմանները, որոշմամբ բեկանել է վճռի «մոր ժառանգությունն ընդունելու» մասը, որպիսի պահանջ Էդվարդ Ղարիբյանն ինչպես հայցադիմումով, այնպես էլ վերաքննիչ բողոքով չի ներկայացրել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.12.2008 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը որոշումը կայացրել է ելնելով արդարադատության շահերից, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Դատարանի վճռով խախտվել է Էդվարդ Ղարիբյանի ժառանգելու իրավունքը, անտեսվել է, որ ըստ օրենքի առաջին հերթի ժառանգ է, մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է և օրինական, իսկ բերված վճռաբեկ բողոքը` անհիմն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 26.06.1998 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Խաչիկ Ղարիբյանի ժառանգական գույքի` Երևանի Նոր Նորքի 4 մ/շ 2 հատվածի 32 շենքի թիվ 9 բնակարանի նկատմամբ ժառանգ են ճանաչվել կինը` Թամարա Ղարիբյանը և որդին` Գենադի Ղարիբյանը (հատոր 1-ին, գ.թ. 13):

2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման 01.07.2008 թվականի գրության համաձայն` Երևանի Նոր Նորքի 4 մ/շ 2 հատվածի 32 շենքի թիվ 9 բնակարանն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Թամարա և Գենադի Ղարիբյանների անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 15):

3. 06.08.2008 թվականի թիվ ԱԱ-153505 մահվան վկայականի համաձայն` Թամարա Ղարիբյանը մահացել է 25.01.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 61):

4. Էդվարդ Ղարիբյանը հայցադիմումով պահանջել է հարգելի համարել 1998 թվականին ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը, անվավեր ճանաչել 26.06.1998 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և ճանաչել ժառանգական գույքի` Երևանի Նոր Նորքի 4 մ/շ 2 հատվածի 32 շենքի թիվ 9 բնակարանի, 1/3 բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ. թ. 3-4):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա, իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է`

- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերանայելով Դատարանի դատական ակտը, վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «հայցվորի պահանջը` մոր ժառանգական զանգվածի ընդունման մասով պահանջը մերժելով` հանգել է սխալ եզրակացության»:

Մինչդեռ սույն գործով Էդվարդ Ղարիբյանի հայցադիմումի պահանջն է 1998 թվականին ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելը, 26.06.1998 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելը և ժառանգական գույքի` Երևանի Նոր Նորքի 4 մ/շ 2 հատվածի 32 շենքի թիվ 9 բնակարանի, 1/3 բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելը: Այսինքն` Էդվարդ Ղարիբյանը մոր` Թամարա Ղարիբյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունելու վերաբերյալ պահանջ Դատարան չի ներկայացրել և այդ կապակցությամբ գործի քննության ժամանակ չի հայտնել իր դիրքորոշումը: Ավելին, Էդվարդ Ղարիբյանը մոր` Թամարա Ղարիբյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունելու վերաբերյալ վերաքննիչ բողոքում որևէ հիմք և հիմնավորում կամ դիրքորոշում ևս չի արտահայտել:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից Դատարանում հայցի առարկան չփոխելու և դրա վերաբերյալ վերաքննիչ բողոքում դիրքորոշում չարտահայտելու կամ որևէ հիմք և հիմնավորում չներկայացնելու պայմաններում Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.07.2009
N ԵԱՆԴ/2534/02/08
Որոշում