ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0695/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/0695/05/08 2008 թ.
Նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան
Դատավորներ` Ա. Ղազարյան
Հ. Բեդևյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Ե. Խունդկարյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի նոյեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 25.06.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Գրվաչ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության` ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության Արաբկիրի հարկային տեսչության (այսուհետ` Ծառայություն) 26.04.2007 թվականի թիվ 1107563 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 26.04.2007 թվականի թիվ 1107563 ակտը:
ՀՀ տնտեսական դատարանի 02.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.12.2007 թվականի որոշմամբ Ծառայության վճռաբեկ բողոքը բավարարվել է` բեկանվել է ՀՀ տնտեսական դատարանի 02.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկվել նոր քննության:
Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Դատարանը սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը «կրկնական փաստ» արտահայտության տակ հասկացել է այն դեպքը, երբ մեկ տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտը նորից է ձեռք բերում ապրանք և դրանք չի գրանցում:
Դատարանն անտեսել է, որ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, 25.12.2007 թվականի որոշմամբ անդրադառնալով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածին, պարզաբանել է, որ առաջին անգամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու համար պատասխանատվության ենթարկելուց հետո, եթե անգործությունը փաստացի շարունակվել է, այն իրենից ներկայացնում է ինքնուրույն իրավախախտում, որի համար պատասխանատվությունը նախատեսված է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ: Փաստորեն սույն գործով նույն հարցի վերաբերյալ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը, որը Դատարանը հաշվի չի առել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 25.06.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ծառայության պետի 29.03.2007 թվականի թիվ 1107563 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է ստուգում:
2) 26.04.2007 թվականի թիվ 1107563 ստուգման ակտով Ընկերությանն առաջադրվել է 3.030.000 ՀՀ դրամի հարկային պարտավորություն` իրացված ապրանքները սահմանված կարգով չգրանցելու համար:
3) Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշմամբ ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի սխալ մեկնաբանության հիմքով, և գործն ուղարկվել է նոր քննության:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն` առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում գանձվում է տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար: Հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու կրկնական փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 50 տոկոսի չափով:
i
Վճռաբեկ դատարանը սույն գործով արդեն արտահայտել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ իր դիրքորոշումը (Իրավական հիմնավորումները տես` «Գրվաչ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության` 26.04.2007 թվականի թիվ 1107563 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1799 (ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):
i
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Նշված հոդվածով ուղղակիորեն սահմանվում է Վճռաբեկ դատարանի կողմից տրված իրավական հիմնավորումների պարտադիր բնույթը բոլոր դատարանների համար նույնանման փաստական հանգամանքներով գործեր քննելիս:
Ավելին, սույն գործով առկա են ոչ միայն նույնանման փաստական հանգամանքներ, այլև խոսքը գնում է նույն գործի մասին, որով Վճռաբեկ դատարանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի պահանջների խախտում, հետևաբար ավելորդ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցի մեկնաբանմանը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 25.06.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. «Գրվաչ» ՍՊԸ-ի հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ե. Խունդկարյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան