ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0694/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/0694/05/08 2008 թ.
Նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան
Դատավորներ` Ա. Ղազարյան
Հ. Բեդևյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի հոկտեմբերի 31-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Մուստանգ» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Էրեբունու հարկային տեսչության (այսուհետ` Ծառայություն)` 13.06.2007 թվականի թիվ 1023320 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կոոպերատիվը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 13.06.2007 թվականի թիվ 1023320 ստուգման ակտը:
Տնտեսական դատարանի 25.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշմամբ Ծառայության վճռաբեկ բողոքը բավարարվել է` բեկանվել է 25.09.2007 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:
Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 21.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Դատարանը սխալ է մեկնաբանել «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր:
Բողոքը բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Սույն գործի փաստերի համաձայն` Կոոպերատիվն իր սեփականությունը հանդիսացող շինությունը նվիրատվության պայմանագրով օտարել է Ռոբերտ Սահակյանին:
Պարզեցված հարկով հարկվող շրջանառությունը կազմում է շինության գույքահարկով հարկման նպատակով դրա համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս: Եթե օրենքով սահմանված չափից պակաս հատուցումը լինի նույնիսկ 100 տոկոսով պակաս (այսինքն` անհատույց), ապա հարկվող շրջանառությունը որոշելիս համախառն եկամտի մեջ պետք է հաշվարկվի նաև այդ շենքի, շինության այն արժեքը, որով հաշվարկվում է գույքահարկը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճիռը և դատական ակտը փոփոխել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 20.10.2006 թվականին կայացած Կոոպերատիվի ընդհանուր ժողովը որոշել է այն լուծարել:
2) Կոոպերատիվի երկու փայատերերն ամբողջությամբ հրաժարվել են Կոոպերատիվում ունեցած իրենց փայաբաժիններից` հօգուտ երրորդ փայատեր Ռոբերտ Սահակյանի:
3) 04.12.2006 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով Կոոպերատիվը քաղաքացի Ռոբերտ Սահակյանին է նվիրել Երևանի Նուբարաշեն 9-րդ փողոցի թիվ 1 հասցեի խանութը:
4) Նշված հաշվետու ժամանակահատվածի համար Կոոպերատիվը հարկային տեսչություն է ներկայացրել զրոյական հաշվետվություններ:
5) Ծառայության կողմից Կոոպերատիվում իրականացվել է ստուգում, ինչի արդյունքում 13.06.2007 թվականին կազմվել է թիվ 1023320 ստուգման ակտը, որով Կոոպերատիվին առաջադրվել է պարզեցված հարկի գծով 1.658.400 դրամի չափով (ներառյալ տույժի և տուգանքի գումարները) լրացուցիչ պարտավորություններ:
6) Ծառայությունն ակտով առաջադրված պարտավորությունների հաշվարկի հիմքում դրել է Երևանի Նուբարաշեն թաղային համայնքի ֆինանսաբյուջետային բաժնի 08.06.2007 թվականի տեղեկանքն այն մասին, որ խանութի արժեքը կազմում է 14.463.000 ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում պարզեցված հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը: Պարզեցված հարկով հարկվող շրջանառությունը որոշելիս շենքերի, շինությունների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:
Սույն գործով Վճռաբեկ դատարանն արդեն արտահայտել է «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածների մեկնաբանության հետ կապված իր դիրքորոշումը:
i
Մասնավորապես, վերոնշյալ հոդվածը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ սույն գործով պարզեցված հարկով հարկվող շրջանառությունը կազմում է տվյալ շինության գույքահարկով հարկման նպատակով դրա համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս (տե՛ս «Մուստանգ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Էրեբունու հարկային տեսչության` 13.06.2007 թվականի թիվ 1023320 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1765 (ՏԴ) գործով Վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):
i
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` գույքահարկով հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտի արժեքային մեծությունը: Ընդ որում, շինությունների հարկման բազա է համարվում նույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքը: Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ սույն գործով գույքի արժեք պետք է համարել առնվազն դրա կադաստրային արժեքը: Այսինքն` «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը վերը նշված դեպքերում եկամտի հաշվարկման համար հիմք է ընդունում դրա կադաստրային արժեքը` անկախ նրանից` շինությունն օտարվել է հատուցմամբ, թե անհատույց:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածից ամենևին չի բխում եկամուտ ստանալու փաստի պարտադիր լինելը:
i
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Մինչդեռ սույն գործով Դատարանը, անտեսելով նույն գործով նույն իրավական հարցի շուրջ նախկինում արձանագրված Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, խախտել է օրենքի վերոնշյալ իմպերատիվ պահանջը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. «Մուստանգ» արտադրական կոոպերատիվի հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան