ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-436 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-4587/2008 թ.
Նախագահող դատավոր` Ա. Խառատյան
դատավորներ` Վ. Ավանեսյան
Կ. Չիլինգարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի հուլիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մարտին Գասպարյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Գոհար և Գայանե Թումանյանների ընդդեմ Սոնա, Գոհար, Գևորգ և Մարտին Գասպարյանների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ժառանգության իրավունքի վկայականը գրանցելու, ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող հողամասից բաժինն առանձնացնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սոնա, Գևորգ և Մարտին Գասպարյանների ընդդեմ Գոհար և Գայանե Թումանյանների` ձեռքբերման վաղեմության ուժով հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և այն առանձնացնելու պահանջների մասին.
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է պարտավորեցնել Կադաստրին կատարել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի կողմից 2003 թվականի նոյեմբերի 4-ին տրված ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայականներից ծագող իրավունքների պետական գրանցում` տրամադրելով Երևանի Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 123 տան սեփականության իրավունքի վկայական, առանձնացնել վերոհիշյալ հասցեից հայցվորներին հասանելիք 1/2-րդ բաժին հողամասը` համաձայն ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ 07-0155 փորձագիտական եզրակացության:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սոնա, Գևորգ և Մարտին Գասպարյանները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց իրավունքը 316 քմ հողատարածքի նկատմամբ և առանձնացնել այն փաստացի օգտագործվող չափերով:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 12.07.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը` բավարարվել:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև` Վերաքննիչ դատարան) 29.11.2007 թվականի վճռով հակընդդեմ հայցը թողնվել է առանց քննության:
Վերաքննիչ դատարանի 30.01.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարտին Գասպարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասը, չի կիրառել 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ կողմերն արդեն իսկ փաստացի բաժանել են ընդհանուր գույքը: Մասնավորապես, կողմերի միջև հասարակ գրավոր ձևով կնքված առուվաճառքի պայմանագրի 2-րդ կետին համապատասխան բետոնե ցանկապատի միջոցով առանձնացվել է իրենց կողմից փաստացի օգտագործվող հողամասը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2008 թվականի հունվարի 30-ի վճիռը և փոփոխել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 25.11.1969 թվականին հասարակ գրավոր ձևով կնքված առուվաճառքի պայմանագրի համաձայն` Ռուբեն Սուրենի Թումանյանը գնել է Մուշեղ Գասպարյանից Երևան, Փափազյան թիվ 123 տան մի մասը:
2) Երևան, Փափազյան 2-րդ նրբ., թիվ 123 տան 464 քմ հողամասը փաստացի առանձնացված է: Սեփականատերերի մուտքերը դեպի իրենց կողմից օգտագործվող տները և հողամասերը նույնպես առանձնացված են:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1991 թվականի դրությամբ վեճի առարկա հողամասն արդեն իսկ առանձնացված է եղել Գասպարյանների ու Թումանյանների միջև` ուստի 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով վերջիններս դարձել են իրենց կողմից փաստացի զբաղեցրած հողամասի սեփականատեր:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, վեճը լուծելիս անտեսել է այն հանգամանքը, որ 1991 թվականի դրությամբ տնամերձ հողամասն արդեն իսկ փաստացի առանձնացված էր Գասպարյանների ու Թումանյանների միջև:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վերոնշյալ իրավական խնդրին (տե՛ս Համեստ Վիրաբյան ընդդեմ Լիլյա Սահրադյան` հողամասն առանձնացնելու, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Լիլյա Սահրադյան ընդդեմ Համեստ Վիրաբյան, Լիլյա Մկրտչյան` հողամասն առանձնացնելու, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.02.2006 թվականի որոշումը, թիվ 3-204 (ՎԴ)):
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Հ. Ղուկասյան
Դ. Ավետիսյան
Ս. Օհանյան