ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3-1676 (ՏԴ)
քաղաքացիական գործ թիվ ՏՎ-80-2006թ. 2006թ.
նախագահող դատավոր` Կ. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
դատավորներ` Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՂԱԶԱՐՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/
Նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
2006թ. սեպտեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Դանիելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 24.03.2006 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Արաբկիրի հարկային տեսչության (այսուհետ` տեսչություն) հայցի ընդդեմ «Վլադիկ Եգորյան» անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` ձեռնարկատեր)` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` տեսչությունը պահանջել է ձեռնարկատիրոջից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 391.400 ՀՀ դրամ հաստատագրված վճարի և եկամտահարկի գծով ապառքը տույժի հետ միասին, ինչպես նաև վճարված պետական տուրքը:
ՀՀ տնտեսական դատարանի 24.03.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Դանիելյանը:
Ձեռնարկատերը ներկայացրած վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
i
1) Տնտեսական դատարանը չի կիրառել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
i
Տեսչության հայցը մերժելիս դատարանը սխալմամբ ղեկավարվել է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «Է» կետով և այդ նորմի դրույթը մեկնաբանելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի կանոններով` հանգել է հետևյալ եզրակացությանը. ««Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի է/ կետով նախատեսված հաստատագրված վճարի հարկվող օբյեկտի առկայության, հետևաբար նաև հաստատագրված վճարի գծով պարտավորությունների ծագման համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը`
1) ավտոտեխսպասարկման կայանի (կետի) առկայություն տվյալ տնտեսավարող սուբյեկտի տիրապետության ներքո,
2) տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից իր տիրապետության ներքո գտնվող ավտոտեխսպասարկման կայանի (կետի) փաստացի օգտագործում իր գործունեության կազմակերպման և իրականացման նպատակով (փաստացի գործունեության իրականացում):
Նշված երկու պայմաններից որևէ մեկի բացակայությունը բացառում է հաստատագրված վճարի հարկվող օբյեկտի գոյությունը և հաստատագրված վճարի գծով պարտավորությունների ծագումը»:
Նման եզրակացությունը չի բխում «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջներից:
2) Տնտեսական դատարանը չի կիրառել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Տնտեսական դատարանը հաշվի չի առել օրենքի այն պահանջը, որ հարկի փաստացի գումարի վերջնական հաշվարկումը կատարում է հարկատուն ինքնուրույնաբար և սահմանված կարգով արտացոլում է տարեկան եկամուտների մասին հայտարարագրում:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերող անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 24.03.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
ա/ ձեռնարկատիրոջ 28.09.2000 թվականի դիմում-հայտարարության համաձայն` 01.10.2000 թվականից մինչև 31.12.2000 թվականը դադարեցվել է Երևանի Հ.Էմինի թիվ 58 հասցեում իրականացվող ավտոտեխսպասարկման գործունեությունը (գ.թ.7): Գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում կրկին ձեռնարկատերը տեսչությանը ներկայացել է 01.11.2002 թվականին (տես` հայցադիմումը):
բ/ ձեռնարկատերը տեսչությանը ավտոտեխսպասարկման կայանի գործունեությունը 01.01.2001 թվականից մինչև 31.10.2002 թվականը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել:
գ/ տեսչությունը «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի հիմքով նախկին ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների կիրառմամբ հաշվարկել է 01.01.2001 թվականից մինչև 31.10.2002 թվականը գոյացած հաստատագրված վճար:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «Է» ենթակետի համաձայն` հաստատագրված վճարի հարկվող օբյեկտ են համարվում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը, 12-րդ հոդվածի համաձայն` հարկային տեսչության մարմնին նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է հարկային տեսչության մարմնի կողմից` նախորդ ամսվա հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների կիրառմամբ: Նույն օրենքի 98-րդ հոդվածի համաձայն` սույն օրենքի 7-րդ հոդվածի «Է» ենթակետով նախատեսված գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկը կասեցվում է վճարողի կողմից հարկային տեսչության մարմնին գործունեության դադարեցման (կասեցման) մասին դիմում-հայտարարություն ներկայացնելու դեպքում` հայտարարության մեջ նշված օրվանից, որը չի կարող հայտարարության ներկայացման հաջորդ օրվանից ավելի շուտ լինել:
Ձեռնարկատիրոջ 28.09.2000 թվականի դիմում-հայտարարության համաձայն` 01.10.2000 թվականից մինչև 31.12.2000 թվականը դադարեցվել է Երևանի Հ.Էմինի թիվ 58 հասցեում իրականացվող ավտոտեխսպասարկման գործունեությունը (գ.թ.7), որից հետո մինչև 01.11.2002 թվականը չի ներկայացվել ոչ դիմում-հայտարարություն գործունեությունը դադարեցնելու և ոչ էլ ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ, հետևաբար, տեսչությունը, հիմք ընդունելով «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, նախկին ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների կիրառմամբ հաշվարկել է 01.01.2001 թվականից մինչև 31.10.2002 թվականը հաստատագրված վճարը, որը ենթակա է բռնագանձման:
i
Ինչ վերաբերում է տնտեսական դատարանի այն պատճառաբանությանը, որ հայցի առարկան կազմող պարտավորությունների հաշվեգրման ժամանակահատվածում (2001-2004 թվականներին) պատասխանողի կողմից ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) փաստացի գործունեություն չի իրականացվել և հարկվող եկամուտ` որպես այդպիսի գործունեության արդյունք, չի առաջացել, ապա այդ փաստը սույն վեճի լուծման համար չունի էական նշանակություն: ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Սույն գործով հաստատագրված վճարի չափը հաշվարկվել է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
1) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
Թեև տնտեսական դատարանը վճռի պատճառաբանական մասում վերլուծել է «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջն այն մասին, որ հարկի փաստացի գումարի վերջնական հաշվարկումը կատարում է հարկատուն ինքնուրույնաբար և սահմանված կարգով արտացոլում է տարեկան եկամուտների մասին հայտարարագրում, սակայն օրենքի նշված դրույթը վերլուծելիս համադրում չի կատարել սույն գործի փաստական հանգամանքների հետ, ինչի հետևանքով պարզ չի դառնում, թե օրենքի նշված դրույթը կիրառելի՞ է արդյոք սույն վեճի նկատմամբ, թե՞ ոչ:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանելու հիմք են:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել:
2. Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 24.03.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ