050.0301.281213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 12 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013516
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2013 թվականի թիվ 301-Ն
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԵՎ ԻՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՁԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/03-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
89. Թիվ 16 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կանոններին համապատասխան.
i
1) Աղյուսակ 1-ում «Արժեթղթի տեսակը» սյունակում նշվում է ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթի տեսակը` «բաժնետոմս», «պարտատոմս», «ներդրումային ֆոնդի փայ», «այլ բաժնային արժեթուղթ», «այլ պարտքային արժեթուղթ»:
2) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է արժեթղթի դասը` «հասարակ բաժնետոմս», «արտոնյալ բաժնետոմս», «արժեկտրոնային պարտատոմս», «զեղչատոկոսային պարտատոմս», «փոխարկելի պարտատոմս», «այլ»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի դեպքում պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից` արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե` ոչ:
3) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից այդ արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում):
4) «Թողարկողի անվանումը» սյունակում լրացվում է թողարկողի լրիվ անվանումը: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի թողարկողների դեպքում պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից` արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե` ոչ:
5) «Թողարկողի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է թողարկողի գտնվելու երկրի ISO կոդը: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի թողարկողների դեպքում պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից` արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե` ոչ:
6) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է տվյալ արժեթուղթը:
7) «Արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է արժեթղթերի քանակը: Ծավալային արժեթղթերի դեպքում սյունակը չի լրացվում:
8) «Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը» սյունակում լրացվում է արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը:
9) «Արժեթղթերի ընդհանուր հաշվեկշռային արժեքը» սյունակում լրացվում է արժեթղթերի ընդհանուր հաշվեկշռային արժեքը, ներառյալ այդ արժեթղթերի գծով հաշվարկված տոկոսները:
10) «Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է արժեթղթերի ընդհանուր հաշվեկշռային արժեքի տեսակարար կշիռը ֆոնդի ընդհանուր ակտիվներում` տոկոսով:
11) Աղյուսակ 2-ում «Փոխառուի անունը, ազգանունը (անվանումը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ փոխառուի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը:
12) «Իրավաբանական անձ փոխառուի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է իրավաբանական անձ փոխառուի գտնվելու երկրի ISO կոդը:
13) «Սկզբնական պարտատիրոջ անվանումը» սյունակը լրացվում է միայն այն դեպքում, երբ ֆոնդը ձեռք է բերել սկզբնական պարտատիրոջ կողմից տրված փոխառությունը (վարկը)` վերջինիս կողմից փոխառուի (վարկառուի) նկատմամբ պահանջի իրավունքը ֆոնդին փոխանցելով: Սյունակում լրացվում է սկզբնական պարտատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը): Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում լրացվում է անձին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը: Ընդ որում, վարկի դեպքում սույն կետի 11-18-րդ ենթակետերով սահմանված փոխառության վերաբերյալ սյունակներում լրացվում են վարկի վերաբերյալ տեղեկությունները:
14) «Փոխառության ժամկետը» սյունակում լրացվում է փոխառության ընդհանուր ժամկետը` օրերով:
15) «Փոխառության տոկոսը» սյունակի «Ֆիքսված» ենթասյունակում լրացվում է փոխառության անվանական տարեկան ֆիքսված տոկոսադրույքը: Անտոկոս փոխառությունների դեպքում տոկոսադրույքը լրացվում է «0»: «Լողացող» ենթասյունակում նկարագրվում է տոկոսադրույքի հաշվարկման կարգը լողացող տոկոսադրույքի դեպքում:
16) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է փոխառությունը:
17) «Փոխառության ծավալը» սյունակում լրացվում է փոխառության հաշվեկշռային մնացորդը:
18) «Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է փոխառության ծավալի տեսակարար կշիռը ֆոնդի ընդհանուր ակտիվներում` տոկոսով:
19) Աղյուսակ 3-ում ներկայացվում են ֆոնդի հաշվին ներդրված ավանդների, ինչպես նաև ֆոնդի ցպահանջ դրամական միջոցների վերաբերյալ տեղեկությունները:
20) «Բանկի անվանումը» սյունակում լրացվում է այն բանկի լրիվ անվանումը, որտեղ ընթացիկ հաշվում կամ որպես ավանդ ներդրված են ներդրումային ֆոնդի դրամական միջոցները: Հայաստանի Հանրապետության բանկերի համար անհրաժեշտ է լրացնել Կենտրոնական բանկի կողմից տրամադրած կոդը:
21) «Բանկի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է բանկի գտնվելու երկրի ISO կոդը: Հայաստանի Հանրապետության բանկերի դեպքում սյունակը չի լրացվում:
22) «Ավանդ» սյունակի «Տեսակը» ենթասյունակում լրացվում է ավանդի տեսակը` «Ժամկետային» կամ «Ցպահանջ»: «ժամկետը» ենթասյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ներդրված ավանդի ընդհանուր ժամկետը` օրերով: Անժամկետ ցպահանջ ավանդների դեպքում լրացվում է «անժամկետ» բառը: «Տոկոսադրույքը» ենթասյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ներդրված ավանդի տարեկան անվանական ֆիքսված տոկոսադրույքը: Լողացող տոկոսադրույքի դեպքում «լողացող» ենթասյունակում նկարագրվում է տոկոսադրույքի հաշվարկման կարգը: «Անվանական արժեքը» ենթասյունակում լրացվում է ավանդի մայր գումարը: «Համախառն գումարը» ենթասյունակում լրացվում է ներդրված ավանդի մնացորդային մայր գումարի և հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսների հանրագումարը:
23) «Ընթացիկ հաշվի դրամական միջոցների արժեքը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի` բանկում բացված ընթացիկ հաշվում առկա դրամական միջոցների արժեքը:
24) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված են ներդրված ավանդի մայր գումարը կամ ընթացիկ հաշվում առկա դրամական միջոցները:
25) «Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է ներդրված ավանդի համախառն գումարի կամ ընթացիկ հաշվում առկա դրամական միջոցների արժեքի տեսակարար կշիռը ֆոնդի ընդհանուր ակտիվներում` տոկոսով:
26) Աղյուսակ 4-ում «Անշարժ գույքի տեսակը» սյունակում լրացվում է անշարժ գույքի տեսակն ըստ օգտագործման նպատակի` «հող», «ծառայողական տարածքներ», «բնակելի տարածքներ», «գրասենյակային տարածքներ», «արտադրամասային տարածքներ» կամ «այլ անշարժ գույք»:
27) «Անշարժ գույքի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է անշարժ գույքի գտնվելու երկրի ISO կոդը:
28) «Համախառն գնման գինը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ձեռքբերված անշարժ գույքի ձեռքբերման գնի և ձեռքբերման հետ կապված ծախսերի հանրագումարը:
29) «Իրական արժեքը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ձեռքբերված անշարժ գույքի իրական արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
30) «Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է ձեռքբերված անշարժ գույքի (իրական արժեքով) տեսակարար կշիռը ֆոնդի ընդհանուր ակտիվներում` տոկոսով:
31) Աղյուսակ 5-ում 1-8-րդ սյունակները լրացվում են համաձայն սույն կետի 1-8-րդ ենթակետերի:
32) «Հակադարձ ռեպո գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով իրականացվում է հակադարձ ռեպո գործարքը:
33) «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է հակադարձ ռեպո գործարքի մյուս կողմի անվանումը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում լրացվում է անձին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:
34) «Ռեպո տոկոսադրույքը» սյունակում լրացվում է տարեկան ռեպո անվանական տոկոսադրույքը:
35) «Ժամկետը» սյունակում լրացվում է հակադարձ ռեպո գործարքի ընդհանուր ժամկետը` օրերով:
36) «Հակադարձ ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի ընթացիկ արժեքը» սյունակում լրացվում է հակադարձ ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի ընդհանուր հաշվեկշռային արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
37) «Հակադարձ ռեպո գործարքի գծով ստացվելիք գումարի ընդհանուր արժեքը» սյունակում լրացվում է հակադարձ ռեպո գործարքի առաջնային առքի ընդհանուր արժեքի և հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսների հանրագումարը:
38) «Հարաբերակցությունը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է հակադարձ ռեպո գործարքի գծով ստացվելիք գումարի ընդհանուր արժեքի հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր ակտիվների նկատմամբ` տոկոսով:
39) Աղյուսակ 6-ում ներկայացվում են բոլոր այն ակտիվները, որոնք չեն ներկայացվել 1-5-րդ աղյուսակներում:
(89-րդ կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
90. Թիվ 17 հաշվետվությունում ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի պարտավորությունների կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը` համաձայն Հավելված 17-ի:
(90-րդ կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
i
91. Թիվ 17 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կանոններին համապատասխան.
1) Աղյուսակ 1-ում «Փոխատուի (վարկատուի) անունը, ազգանունը (անվանումը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ փոխատուի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում լրացվում է անձին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:
2) «Փոխատուի անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը (պետական գրանցման համարը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ փոխատուի անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման համարը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում սյունակը չի լրացվում:
3) «Փոխատուի նույնականացման և ինքնության ստուգման եղանակը» սյունակում լրացվում է փոխատուի (նրա անունից հանդես եկող անձի) նույնականացման և ինքնության ստուգման եղանակը` «առերես շփմամբ», «առանց առերես շփման` տեսազանգ», «առանց առերես շփման` հեռախոսազանգ», «առանց առերես շփման` նամակագրություն», «առանց առերես շփման` այլ եղանակ»: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում սյունակը չի լրացվում:
4) «Իրավաբանական անձ փոխատուի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է իրավաբանական անձ փոխատուի գտնվելու երկրի ISO կոդը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում սյունակը չի լրացվում:
5) «Փոխառության (վարկի) ժամկետը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի անունից ներգրավված փոխառության (վարկի) ընդհանուր ժամկետը` օրերով:
6) «Փոխառության (վարկի) տոկոսը» սյունակի «Ֆիքսված» ենթասյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի անունից ներգրավված փոխառության (վարկի) անվանական տարեկան տոկոսադրույքը: Անտոկոս փոխառությունների (վարկերի) դեպքում տոկոսադրույքը լրացվում է «0»: «Լողացող» ենթասյունակում նկարագրվում է տոկոսադրույքի հաշվարկման կարգը լողացող տոկոսադրույքի դեպքում:
7) «Փոխառության առարկան» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի անունից ներգրավված փոխառության առարկան: Եթե փոխառության առարկան դրամական միջոցներ են, ապա այս սյունակում լրացվում է համապատասխան արժույթի ISO կոդը: Վարկի դեպքում լրացվում է համապատասխան արժույթի ISO կոդը:
8) «Փոխառության (վարկի) ծավալը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի անունից ներգրավված փոխառության (վարկի) հաշվեկշռային մնացորդը:
9) «Հարաբերակցությունը ֆոնդի պարտավորությունների նկատմամբ» սյունակում լրացվում է փոխառության (վարկի) ծավալի հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր պարտավորությունների նկատմամբ` տոկոսով:
10) «Հարաբերակցությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ» սյունակում լրացվում է փոխառության (վարկի) ծավալի հարաբերակցությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ` տոկոսով:
11) Աղյուսակ 2-ում 1-8-րդ սյունակները լրացվում են համաձայն սույն կանոնակարգի 89-րդ կետի 1-8-րդ ենթակետերի:
12) «Ռեպո գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով իրականացվում է ռեպո գործարքը:
13) «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի մյուս կողմի անվանումը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում լրացվում է անձին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:
14) «Ռեպո տոկոսադրույքը» սյունակում լրացվում է տարեկան ռեպո անվանական տոկոսադրույքը:
15) «Ժամկետը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի ընդհանուր ժամկետը` օրերով:
16) «Ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի ընթացիկ արժեքը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի ընդհանուր հաշվեկշռային արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
17) «Ռեպո գործարքի գծով վճարվելիք գումարը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի առաջնային վաճառքի ընդհանուր արժեքի և հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսների հանրագումարը:
18) «Հարաբերակցությունը ֆոնդի պարտավորությունների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է ռեպո գործարքի գծով վճարվելիք գումարի հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր պարտավորությունների նկատմամբ` տոկոսով:
19) «Հարաբերակցությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ (%)» սյունակում լրացվում է ռեպո գործարքի գծով վճարվելիք գումարի հարաբերակցությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ` տոկոսով:
20) Աղյուսակ 3-ում 1-8-րդ սյունակները լրացվում են համաձայն սույն կանոնակարգի 89-րդ կետի 1-8-րդ ենթակետերի:
21) «Կարճ վաճառքից ստացված գումարի ընդհանուր արժեքը» սյունակում լրացվում է կարճ վաճառված արժեթղթերից ստացված գումարը:
22) «Արժեթղթերի ընդհանուր շուկայական արժեքը» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ կարճ վաճառված արժեթղթերի ընդհանուր շուկայական արժեքը:
23) «Տեսակարար կշիռը ֆոնդի պարտավորությունների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է կարճ վաճառված արժեթղթերի ընդհանուր շուկայական արժեքի հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր պարտավորությունների նկատմամբ` տոկոսով:
24) «Տեսակարար կշիռը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ (%)» սյունակում լրացվում է կարճ վաճառված արժեթղթերի ընդհանուր շուկայական արժեքի հարաբերակցությունը զուտ ակտիվների արժեքի նկատմամբ` տոկոսով:
25) Աղյուսակ 4-ում ներկայացվում են բոլոր այն պարտավորությունները, որոնք չեն ներկայացվել 1-3-րդ աղյուսակներում:
(91-րդ կետը լրաց. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
92. Թիվ 18 հաշվետվությունում ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կողմից ածանցյալ ֆինանսական գործիքներում կատարված ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը` համաձայն Հավելված 18-ի:
(92-րդ կետը լրաց. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
93. Թիվ 18 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կանոնների համապատասխան.
1) Աղյուսակ 1-ի «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «ֆորվարդ առք», «ֆորվարդ վաճառք», «ֆյուչերս առք» կամ «ֆյուչերս վաճառք» բառերը:
2) «Գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է գործարքով վճարման միջոց հանդիսացող արժույթի կոդը:
3) «Ֆյուչերսների քանակը» սյունակում լրացվում է գործարքի առարկա ֆյուչերսների քանակը:
i
4) «Ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվը» սյունակի «Տեսակը» ենթասյունակում լրացվում է «բաժնային արժեթուղթ», «պարտքային արժեթուղթ» «արժույթ», «ինդեքս», «տոկոսադրույք», «ապրանք/հումք», «այլ ակտիվ»: «Արժույթի ISO կոդը» ենթասյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է հիմքում ընկած ակտիվը: Արժույթի դեպքում ածանցյալ գործիքի հիմքում ընկած արժույթը որոշվում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի թիվ 140-Ն որոշմամբ սահմանված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի 69-րդ կետի: «Միավոր ակտիվի գինը» ենթասյունակում լրացվում է ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվի առքի կամ վաճառքի նախապես սահմանված գինը, արժույթի դեպքում լրացվում է փոխարժեքը, տոկոսադրույքի դեպքում` տոկոսադրուքը: «Քանակը» ենթասյունակում լրացվում է ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվի քանակը: Եթե ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվը արժույթ է, ապա լրացվում է արժույթի ծավալը` արտահայտված ածանցյալ գործիքի հիմքում ընկած արժույթով` հազարներով:
5) «Ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է ֆորվարդի հիմքում ընկած ակտիվի քանակի և միավոր ակտիվի գնի արտադրյալը: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ծավալային արժեթղթերով կնքված գործարքի ընդհանուր գինը: Ֆյուչերսի դեպքում լրացվում է ֆյուչերսների քանակի, յուրաքանչյուր ֆյուչերսի հիմքում ընկած ակտիվի քանակի և միավոր ակտիվի գնի արտադրյալը:
6) «Վճարված/ստացված նախնական գումարը» սյունակում լրացվում է գործարքի կնքման պահին վճարված կամ ստացված նախնական գումարը:
7) «Գործարքի ժամկետը» սյունակում լրացվում է գործարքի` պայմանագրում նշված ժամկետը` օրերով:
8) «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է այն անձի անվանումը, որի հետ կնքվել է ածանցյալ գործիքով գործարքը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում լրացվում է անձին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:
9) «Գործիքի վերագնահատված արժեքը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքի վերագնահատված արժեքը հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ:
10) «Վերագնահատումից շահույթը (վնասը)» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքի վերագնահատումից շահույթը կամ վնասը (վնասը` բացասական նշանով):
11) «Տեսակարար կշիռը» սյունակի «Ակտիվների նկատմամբ (%)» ենթասյունակում լրացվում է ածանցյալ գործիքի վերագնահատումից շահույթի հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր ակտիվների նկատմամբ` տոկոսով: «Պարտավորությունների նկատմամբ (%)» ենթասյունակում լրացվում է ածանցյալ գործիքի վերագնահատումից վնասի (բացարձակ արժեքով) հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր պարտավորությունների նկատմամբ` տոկոսով:
12) Աղյուսակ 2-ի «Օպցիոնի տեսակը» սյունակում լրացվում են «գնման օպցիոն» կամ «վաճառքի օպցիոն» բառերը:
13) «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «առք» կամ «վաճառք» բառերը:
14) «Օպցիոնների քանակը» սյունակում լրացվում է գործարքի առարկա օպցիոնների քանակը, եթե դրանք բորսայում ցուցակված ստանդարտ պայմաններով օպցիոններ են:
15) «Ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է օպցիոնի հիմքում ընկած ակտիվի քանակի և ակտիվի միավոր գնի արտադրյալը, իսկ բորսայում ցուցակված օպցիոնների համար` օպցիոնների քանակի, օպցիոնի հիմքում ընկած ակտիվի քանակի և ակտիվի միավոր գնի արտադրյալը:
16) «Վճարված/ստացված պարգևավճարի մեծությունը» սյունակում լրացվում է վճարված (օպցիոնը գնելիս) կամ ստացված (օպցիոնը վաճառելիս) օպցիոնի պարգևավճարի ընդհանուր մեծությունը:
17) Աղյուսակ 3-ի «Սվոփի տեսակը» սյունակում լրացվում են «արժութային սվոփ», «փոխարժեքային սվոփ» կամ «տոկոսադրույքային սվոփ» բառերը:
18) «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «ներգրավման» բառը` արժութային կամ փոխարժեքային սվոփի հիմքում ընկած արժույթի ներգրավման դեպքում, կամ «տրամադրման» բառը` արժութային կամ փոխարժեքային սվոփի հիմքում ընկած արժույթի տրամադրման դեպքում: Տոկոսադրույքային սվոփի դեպքում սյունակը չի լրացվում:
19) «Սվոփի հիմքում ընկած արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է սվոփի հիմքում ընկած արժույթի ISO կոդը:
20) «Սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների ծավալը» սյունակի «Սվոփի հիմքում ընկած արժույթի ծավալը» ենթասյունակում լրացվում է արժութային կամ փոխարժեքային սվոփի սփոթ գործարքի ընթացքում սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված սվոփի հիմքում ընկած արժույթով` հազարներով), իսկ «Գործարքի արժույթի ծավալը» ենթասյունակում` սվոփի հիմքում ընկած արժույթի դիմաց տրամադրվող (ստացվող) արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված գործարքի արժույթով` հազարներով):
21) «Ֆորվարդ փոխարժեքը» սյունակում լրացվում է արժութային կամ փոխարժեքային սվոփի ժամկետի ավարտին արժույթների փոխանակման ֆորվարդ փոխարժեքը, եթե նախապես պայմանագրով սահմանված է:
22) «Ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է ֆորվարդ գործարքի ընթացքում արժութային կամ փոխարժեքային սվոփի հիմքում ընկած արժույթի դիմաց տրամադրվող (ստացվող) արժույթի ընդհանուր մայր գումարը: Տոկոսադրույքային սվոփի դեպքում լրացվում է այն գումարը, որի հիման վրա հաշվարկվում են վճարվող և ստացվող տոկոսադրույքները:
23) «Ստացվող տոկոսադրույքը» սյունակի «Ֆիքսված» ենթասյունակում լրացվում է ստացվող տարեկան անվանական տոկոսադրույքը արժութային կամ տոկոսադրույքային սվոփի դեպքում: «Լողացող» ենթասյունակում նկարագրվում է տոկոսադրույքի հաշվարկման կարգը լողացող տոկոսադրույքի դեպքում:
24) «Վճարվող տոկոսադրույքը» սյունակի «Ֆիքսված» ենթասյունակում լրացվում է վճարվող տարեկան անվանական տոկոսադրույքը արժութային կամ տոկոսադրույքային սվոփի դեպքում: «Լողացող» ենթասյունակում նկարագրվում է տոկոսադրույքի հաշվարկման կարգը լողացող տոկոսադրույքի դեպքում:
25) Աղյուսակ 2-ի և 3-ի մյուս սյունակները լրացվում են ըստ աղյուսակ 1-ի համար սահմանված կանոնների:
26) Աղյուսակ 4-ը լրացվում է այն ածանցյալ գործիքների մասին, որոնք ներկայացված չեն 1-3 աղյուսակներում:
(93-րդ կետը լրաց. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում