Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/11082/05/20

    դատարանի որոշում                      2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/11082/05/20

Նախագահող դատավոր` Կ. Մաթևոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Էյ Քեյ Էյ Ջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանի ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ` նաև Տեսչական մարմին)` Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը, 08.12.2020 թվականի թիվ 04/-07-Ա որոշումը և 08.12.2020 թվականի թիվ 04/-72-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը, 08.12.2020 թվականի թիվ 04/-07-Ա և թիվ 04/-72-Ա որոշումները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 08.01.2021 թվականի որոշմամբ հայցադիմումը` Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 08.12.2020 թվականի թիվ 04/-07-Ա և թիվ 04/-72-Ա որոշումները վիճարկելու պահանջների մասով ընդունվել է վարույթ, իսկ Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը վիճարկելու պահանջի մասով հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.03.2021 թվականի որոշմամբ Ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 08.01.2021 թվականի որոշումը հայցադիմումի ընդունումը մերժելու մասով թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ, տնօրեն Արբեն Ղուլյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածը, որը չպիտի կիրառեր, չի կիրառել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքարկվող որոշումը վերացնելու պահանջի հիմնավորվածությանը վերաքննիչ բողոքում նշված` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածին վերաբերող հիմնավորումների սահմաններում:

i

Վերաքննիչ դատարանի դատողությունները չեն բխում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից, որը, ըստ էության, ստուգման ակտի հասցեատիրոջ համար (կամ այն անձանց համար, ում իրավունքները և օրինական շահերը կարող են շոշափվել ստուգման ակտով) սահմանում է դատական կարգով ստուգման ակտը վիճարկելու երաշխիք: Վերաքննիչ դատարանը քննարկվող օրենքի համեմատ սահմանափակել է բողոքարկվող ակտերի շրջանակը օրենքից չբխող հանգամանքներով և պայմաններով` ստուգման ակտերի մի մասի հասցեատերերին զրկելով ստուգման ակտը բողոքարկելու հնարավորությունից, իսկ գործնականում զրկելով օրենքով սահմանված երաշխիքից:

i

Վարչական դատարան դիմելու փուլում իր իրավունքների խախտման փաստը կամ անմիջական խախտման հնարավորությունը որոշում է հայցվորը` իր սուբյեկտիվ գնահատմամբ: Տվյալ դեպքում հայցվորը համարել է, որ վիճարկվող ստուգման ակտով անմիջականորեն կարող էին խախտվել իր իրավունքները և օրինական շահերը, որովհետև ակտով արձանագրվել են իրավախախտման մասին վկայող, հայցվորի գնահատմամբ իրականությանը չհամապատասխանող փաստեր, արձանագրվել է ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջի խախտում, որը կարող էր հետագայում հիմք հանդիսանալ հայցադիմումով վիճարկվող մյուս երկու վարչական ակտերի կայացման համար, որոնցով Հայցվորի նկատմամբ նշանակվել է տուգանք` 200.000 ՀՀ դրամի չափով, և իրեն ներկայացվել է պատճառված 1.135.642 ՀՀ դրամի չափով վնասը հատուցելու պահանջ:

Ստուգման ակտի իրավաչափության վիճարկումը ընդգրկում է նաև վարչական կարգով բողոքարկման ընթացքում պատասխանողի ոչ իրավաչափ գործողությունների վիճարկումը: Ստուգման ակտն այնքանով, որքանով դրանով արձանագրված են իրավաբանական պատասխանատվության հիմքեր, արդեն իսկ միջամտում է հայցվորի իրավունքներին:

i

Նշվածից հետևում է, որ Դատարանը սխալ է կիրառել և մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և փոփոխել այն, կայացնել նոր դատական ակտ` Ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանի ներկայացրած հայցադիմումը Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասով վարույթ ընդունելու մասին:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 80-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, որում արձանագրվել են կոնկրետ ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումներ, Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում կարող է որակվել վարչական ակտ և ըստ այդմ վիճարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայցով:

 

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վկայակոչված իրավանորմերը սահմանում են, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի դիմելու վարչական դատարան: Այսինքն` սկզբունքորեն ենթադրվում է, որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ունի և իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու վարչական դատարան:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որ որպես ընդհանուր կանոն` դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե՛ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

Մեկ այլ` 17.04.2012 թվականի թիվ ՍԴՈ-1022 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, նախատեսելով վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը, նրանց` դատարան դիմելու իրավունքի իրականացումը յուրաքանչյուր դեպքում պայմանավորել է որոշակի իրավական նախադրյալների, այն է` «իրավական շահի» առկայությամբ: Ընդ որում, յուրաքանչյուր դատավարական սուբյեկտի պարագայում այն կրում է իրեն ներհատուկ բնույթ: Նրանց «իրավական շահը», կախված գործի փաստական հանգամանքներից, ինչպես նաև կոնկրետ սուբյեկտի իրավական կարգավիճակից, կրում է անհատականացված, կոնկրետ հասցեավորված բնույթ, և դրա առկայությունը յուրաքանչյուր դեպքում ենթակա է պարտադիր բացահայտման վարչական դատավարության` հայցադիմումի ընդունելիության փուլում: Արդյունքում սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու նկատմամբ իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և, պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե ոչ (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով խնդրո առարկա հարցի վերաբերյալ իր ձևավորած իրավական դիրքորոշումը, ևս մեկ անգամ փաստում է, որ անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը վարչական դատավարության կարգով վիճարկելու դեպքում անձը պետք է հիմնավորի, որ այդ վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը: Եթե գործի քննության ընթացքում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` վարչական դատարանը հանգում է այն եզրակացության, որ վիճարկվող վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ հայցով դատարան դիմած անձի որևէ իրավունք չի խախտվել, կամ վիճարկվող վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը որևէ կերպ չեն առնչվում տվյալ անձի ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, ապա գործի քննության պահին գործող` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն պետք է վճիռ կայացնի վերջինիս հայցը մերժելու վերաբերյալ:

Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, նույն օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից են նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է` հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե՛ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի, դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

i

Այսպես. ՀՀ վարչական դատավարության գործող օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից անձին իրավունք է վերապահվել հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտով խախտվում են կամ կարող են խախտվել իր իրավունքները: Այսինքն` դատարան վիճարկման հայց ներկայացնելու համար պարտադիր պայման է հանդիսանում վարչական ակտի առկայությունը, որն այն վիճարկող անձի համար պետք է ունենա միջամտող ազդեցություն: Այլ կերպ ասած` գործող վարչադատավարական կանոնների համաձայն` վիճարկման հայցի առարկա կարող է հանդիսանալ բացառապես միջամտող վարչական ակտը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսդրությամբ սահմանված վիճարկման հայցատեսակով որևէ փաստաթուղթ անվավեր ճանաչելու պահանջի քննությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք այդ փաստաթուղթը ՀՀ իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ, թե ոչ, հետևաբար վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերի քննության ընթացքում առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե արդյոք ներկայացված հայցապահանջի նյութական օբյեկտը վարչական ակտ է, թե ոչ:

i

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի  իմաստով վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնի արտաքին ներգործություն ունեցող որևէ գործունեություն բնավ ինքնանպատակ չէ և պետք է հետապնդի նպատակներ, որոնց հասնելով էլ` այդ գործունեությունը պետք է եզրափակվի: Վարչական մարմինը չի կարող գործունեություն ծավալել լոկ գործելու պատրանք առաջացնելու համար: Դա էական չափով հարկատուների միջոցների հաշվին գոյացող պետական բյուջեի միջոցների վատնում կլինի:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմինների արտաքին ներգործությանն ուղղված գործունեությունը պետք է իր տրամաբանական ավարտին հասնի, արտահայտվելով որոշակի վարչական (իրավական) ակտի կամ փաստացի ներգործության տեսքով: Այդ գործունեությունը, ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի, եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտի ընդունմամբ, ինչպես նաև գործողությամբ կամ անգործությամբ, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ: Այլ կերպ ասած վարչարարության արդյունքը վրա է հասնում հետևյալ եղանակներով.

- վարչական կամ նորմատիվ ակտի ընդունում,

- ռեալ ակտի ընդունում (գործողության կամ անգործության կատարում):

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի բովանդակությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով վարչական ակտի հատկանիշների պարզաբանման համար դատարանը պետք է գնահատի վիճարկվող ակտի անհատական ակտ լինելու, վարչական մարմնի կողմից ընդունված լինելու, արտաքին ներգործություն ունենալու, հանրային իրավունքի բնագավառում ընդունված լինելու, կոնկրետ գործի կարգավորման նպատակ հետապնդելու, անձի համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու հանգամանքների միաժամանակյա առկայությունը (տե՛ս «Օլիմպ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4538/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի որոշումը):

Ընդհանրացնելով վարչական ակտի հասկացության մեջ մտնող տարրերը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ գտել է, որ վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

i

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն` ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների` ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի` համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար:

Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը` բավարար` գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտին բնորոշ կարևորագույն հատկանիշն այն է, որ վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար (տե՛ս Վարդիթեր Ավոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նույնանման դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների ստուգման ակտերի կապակցությամբ` դրանք չհամարելով վարչական ակտ (տե՛ս, օրինակ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության թիվ 3-1655(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/0155/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

Անդրադառնալով վարչական ակտի բնորոշման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումներին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վկայակոչված իրավական դիրքորոշումները վերաբերում են միայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությանը, այսինքն` վարչական ակտի ընդհանուր բնորոշմանը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասում նշված բարենպաստ և միջամտող վարչական ակտերին ներկայացվող կոնկրետացված պահանջների վերաբերյալ որևէ վերլուծություն ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից չի արվել:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքի իմաստով.

ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.

բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Վերահաստատելով վարչական ակտի բնորոշմանը վերաբերող վեց հատկանիշներից առաջին հինգի, մասնավորապես` վարչական ակտն անհատական իրավական ակտ հանդիսանալու, վարչական մարմինների կողմից հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով ընդունված լինելու և արտաքին ներգործություն ունենալու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները և անհրաժեշտ համարելով անդրադառնալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար վարչական ակտով ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու, դրանով վերջիններիս համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու մասով վարչական ակտի բնորոշմանը վերաբերող հատկանիշին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Ինչպես վերն արդեն նշվել է` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական ակտի ընդհանուր բնորոշմանը` նշված իրավանորմի վերլուծությամբ հանգելով նաև այն հետևության, որ վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար:

i

Անհրաժեշտ համարելով զարգացնել վերոգրյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի բովանդակությանը:

i

Այսպես. Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական ակտի հասկացությունը և տեսակները սահմանող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի` հաշվի առնելով նշված նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդունումը նպատակ է հետապնդել պատշաճ երաշխիք ապահովելու ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության վարչական մարմինների հետ հարաբերություններում: Ընդ որում, նշված օրենքի 2-րդ գլխում, որպես իրավաչափ վարչարարության իրականացման լրացուցիչ երաշխիքներ, ամրագրվել են նաև վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնցից ամենակարևորը թերևս վարչարարության օրինականության սկզբունքն է, որն անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում նաև մյուս բոլոր սկզբունքները պահպանելու համար: Ըստ այդմ, օրենսդրի նպատակը միտված է եղել նրան, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունենան արդյունավետ կերպով պաշտպանվել վարչական մարմինների միջամտող վարչական ակտերից, գործողություններից և անգործությունից: Օրենսդիրն անձանց իրավունքների և օրինական շահերի վարչական կամ դատական կարգով պաշտպանության միջոցները պայմանավորել է վարչական մարմնի գործունեության եզրափակման եղանակով: Մասնավորապես, վարչական կամ նորմատիվ ակտերից իրավական պաշտպանությունն այդ ակտերի իրավաչափության վիճարկումն է վարչադատավարական կարգով` անվավերության կամ առոչնչության հիմքերով, ինչպես նաև պարտավորեցման հայցը, եթե ոչ իրավաչափ կերպով մերժվել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը, իսկ ռեալ ակտից, այսինքն` վարչական մարմնի դրսևորած ոչ իրավաչափ գործողությունից կամ անգործությունից իրավական պաշտպանությունը գործողության կատարման հայցն է, եթե ոչ իրավաչափ կերպով մերժվել է հայցվող գործողության կատարումը կամ դրսևորվել է անգործություն: Ընդ որում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վիճարկման հայցի առարկա կարող է լինել միայն միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները), կարևորվում է վիճարկվող փաստաթուղթը վարչական ակտ որակելու հարցը:

i

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում առանձնահատուկ ուշադրության արժանացնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավակարգավորումը, ըստ որի`

ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.

բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, նշված հոդվածի 1-ին մասով, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտը սահմանել է որպես արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Այսինքն` վարչական ակտի որակումն օրենսդիրը պայմանավորել է ոչ թե դրանով ուղղակի իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հանգամանքով, այլ միայն նշված իրավական հետևանքների առաջացմանն ուղղված լինելու հանգամանքով: Այլ կերպ ասած, բնավ պարտադիր չէ, որ վարչական ակտը անպայմանորեն անձանց համար ուղղակիորեն սահմանի, փոփոխի, վերացնի կամ ճանաչի իրավունքներ և պարտականություններ, բավարար է միայն այն, որ այդ վարչական ակտն ուղղված լինի այդ իրավունքների և պարտականությունների սահմանմանը, փոփոխմանը, վերացմանը կամ ճանաչմանը:

Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը կոնկրետացրել է բարենպաստ և միջամտող վարչական ակտերին ներկայացվող պահանջները, ի թիվս այլնի, ամրագրելով նաև վարչական ակտի միջոցով անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող կամ վատթարացնող պայմանը: Այսինքն` վարչական վարույթը եզրափակող իրավական ակտի բնորոշումն օրենսդիրը պայմանավորել է նաև վարչական ակտի միջոցով անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող կամ վատթարացնող հետևանքի առաջացմամբ: Այլ կերպ ասած, եթե վարչական վարույթը եզրափակվել է այնպիսի վարչական ակտի ընդունմամբ, որի միջոցով ցանկացած եղանակով բարելավել կամ վատթարացել է անձանց իրավական կամ փաստացի դրությունը, ապա իրավական համակարգում այդ ակտը չի կարող բնորոշվել այլ կերպ, քան համապատասխանաբար որպես բարենպաստ կամ միջամտող վարչական ակտ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումը, սակայն, չի բացառում վարչական ակտով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի հետևանքներ առաջացնելը, հետևաբար վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է որակվի որպես վարչական ակտ ինչպես այն դեպքում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար առաջանում են ուղղակի հետևանքներ, այնպես էլ այն դեպքում, երբ ուղղված (միտված) են այդ հետևանքների առաջացմանը և ակներև է, որ դրանում արձանագրված խախտումներն ինքնին վատթարացնում են վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը:

i

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` օրենքի միատեսակ կիրառության ապահովման Վճռաբեկ դատարանի գործառույթը ենթադրում է ոչ միայն միասնական դիրքորոշման ձևավորում` իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլև` ձևավորված դիրքորոշման հետագա զարգացում: Նման իրավիճակներում իրավունքի զարգացման արդյունքում ձևավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ և հիմք ընդունվի Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը` ձևավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար:

i

Այսպիսով, զարգացնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետևյալները.

i

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն` ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների` ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի` համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետևանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետևանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

 

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, ի թիվս այլ հատկանիշների, վարչական ակտ պետք է որակվի ոչ միայն այն պարագայում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի իրավական հետևանքներ են առաջանում, այլ նաև այն դեպքում, երբ տվյալ վարչական ակտն ուղղված է իրավական հետևանքներ առաջացնելուն և ակներև է, որ դրանում արձանագրվածն ինքնին բավարար է վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը վատթարացնելու համար:

 

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վարչական դատարան ներկայացրած վիճարկման հայցով Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը, 08.12.2020 թվականի թիվ 04/-07-Ա և թիվ 04/-72-Ա որոշումները:

Դատարանը 08.01.2021 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումը` Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 08.12.2020 թվականի թիվ 04/-07-Ա և թիվ 04/-72-Ա որոշումները վիճարկելու պահանջների մասով ընդունել է վարույթ, իսկ Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը վիճարկելու պահանջի մասով հայցադիմումի ընդունումը մերժել է` գտնելով, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը որևէ միջամտող հետևանք չի առաջացրել հայցվորի համար, ինչն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ հայցվորի որևէ իրավունք վիճարկվող ստուգման ակտով չի խախտվել:

Վերաքննիչ դատարանը 03.03.2021 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 08.01.2021 թվականի որոշումը` հայցադիմումի ընդունումը մերժելու մասով թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ «վարչական մարմինների գործունեության ոչ բոլոր արդյունքներն են հանդիսանում վարչարարության արդյունք (վարչական կամ ռեալ ակտ) և, ըստ այդմ, դրանցից ոչ բոլորն են ինքնուրույն առաջացնում անձանց համար իրավական կամ փաստական հետևանքներ: Վարչական մարմիններն իրենց գործունեության ընթացքում կարող են ստեղծել մի շարք փաստաթղթեր, որոնք ինքնին չեն միջամտում անձանց իրավունքներին ու ազատություններին: Դրանք, թեև, կարող են հետագայում հիմք հանդիսանալ անձի համար հետևանքներ առաջացնելուն, սակայն քանի դեռ չեն դրվել որևէ վարչական կամ ռեալ ակտի հիմքում, չեն հանդիսանում իրավական հետևանքներ առաջացնող (օրինակ` վարչական վարույթի ապացույց հանդիսացող` վարչական մարմնի ստեղծած որևէ փաստաթուղթ կամ վարչական վարույթի վերաբերյալ ծանուցմանն ուղղված որևէ գործողություն): Ուստի նման փաստաթղթերը կամ գործողությունները ենթակա չեն ինքնուրույն վիճարկման: Դրանց իրավաչափության հարցը կարող է վարչադատական վերահսկողության առարկա դառնալ բացառապես վերջնական ակտի իրավաչափության ստուգման շրջանակներում:

Փաստորեն, վարչական մարմնի կողմից ստեղծված ոչ բոլոր փաստաթղթերն են միտված անձանց համար իրավունքներ և պարտավորություններ սահմանելուն: Դրանք թեև կրում են ապացուցողական բնույթ և հետագայում կարող են դրվել արդեն պարտավորություն առաջացնող վարչական ակտի հիմքում (օգտագործվել որպես ապացույց), սակայն վերջնական վարչական ակտի բացակայության պայմաններում դրանք առանձին վիճարկման առարկա չեն կարող դառնալ:

Տվյալ պարագայում հայցվորի կողմից վիճարկման առարկա է դարձվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը, որպիսի ակտով արձանագրվել է, որ տեղի է ունեցել ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի խախտում:

(...) այդ ստուգման ակտն ինքնին որևէ հետևանք չի առաջացնում որևէ սուբյեկտի, այդ թվում հայցվորի համար: Այն թեև հետագայում որպես ապացույց դրվել վիճարկվող ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 08.12.2020 թվականի թիվ 04/-07-Ա և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 08.12.2020 թվականի թիվ 04/-72-Ա որոշումների հիմքում, սակայն ինքնին այդ ստուգման ակտը որևէ հետևանք չի առաջացրել, որպիսի պայմաններում, հայցվորի մոտ չէր կարող առաջանալ դատական պաշտպանության դիմելու հնարավորություն:

Ի վերջո վիճարկվող ստուգման ակտն այս պահին կրում է բացառապես ապացուցողական փաստաթղթի բնույթ»:

 

Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 3.1-րդ մասի 2-րդ կետով, 08.06.2020 թվականին հրապարակել է թիվ 59-Ա հանձնարարագիրը (այսուհետ` թիվ 59-Ա հանձնարարագիր), որով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչներ Լևոն Թադևոսյանին և Հայկ Մանուկյանին հանձնարարել է Ընկերությունում իրականացնել ստուգում, որպես ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջան նշելով 13.07.2020 թվականից մինչև ստուգման ավարտը, ստուգման ժամկետ նշելով 5 աշխատանքային օր, իսկ ստուգման նպատակ նշելով բնապահպանության ոլորտը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ստուգվող սուբյեկտի ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը պարզելը: Թիվ 59-Ա հանձնարարագիրը, ըստ դրա դարձերեսին առկա գրառման, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավար Արբեն Ղուլյանին է հանձնվել 08.06.2020 թվականին (գ.թ. 20):

Ստուգումն իրականացրած պաշտոնատար անձանց` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչներ Լևոն Թադևոսյանի և Հայկ Մանուկյանի կողմից 18.06.2020 թվականին կազմվել է թիվ 59 ստուգման ակտի նախագիծը, որը նույն օրը հանձնվել է ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավար Արբեն Ղուլյանին` վերջինիս նաև ծանուցելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության պահանջների համաձայն 5 աշխատանքային օրվա ընթացքում ակտի նախագծում նշված խախտումների վերաբերյալ առարկություններ ներկայացնելու իրավունքի մասին (գ.թ. 21)::

Ընկերության տնօրենի կողմից ներկայացվել են առարկություններ (գ.թ. 22-23):

Ստուգումն իրականացրած պաշտոնատար անձանց` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչներ Լևոն Թադևոսյանի և Հայկ Մանուկյանի կողմից 26.06.2020 թվականին կազմվել է թիվ 59 ստուգման ակտը, որով, որպես ստուգմամբ բացահայտված խախտում, արձանագրվել է, որ Ընկերությունն իր գործունեության ընթացքում 2019 թվականի հոկտեմբեր ամսին թիվ 000143 առ 11.09.2013 թվականին տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված նորմերից ավել ջուր է վերցրել, որպես խախտված իրավական նորմ է նշվել ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածը, իսկ որպես պատասխանատվություն առաջացնող իրավանորմ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը (գ.թ. 27-28):

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ Լևոն Թադևոսյանի կողմից 26.06.2020 թվականին կազմվել է ««Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի կողմից ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման» Հաշվարկ (գ.թ. 29), ըստ որի` վճարման ենթակա գումար է հաշվարկվել 1.135.642 ՀՀ դրամ և որը կցվել է ստուգման ակտին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ 26.06.2020 թվականին կազմված թիվ 59 ստուգման ակտը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է վարչական ակտ, որպիսի եզրահանգումը հիմնավորվում է ներքոշարադրյալով.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` նույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ): Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):

Սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի եզրափակմանը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթ հարուցելու հիմքերն են`

(...)

բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթը հարուցվում է այն գործողության (գործողությունների) սկսման օրվանից, որը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտի ընդունմանը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկով գտել է, որ վարչական վարույթը մի գործընթաց է, որը կարող է բաղկացած լինել մի քանի փուլերից, և այդ բոլոր փուլերը հետապնդում են միասնական նպատակ, այն է` վարչական ակտի ընդունումը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչությունն ընդդեմ «Գևորգ-Ա» ՍՊԸ-ի թիվ 3-918(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտն ընդունվում է վարչական մարմնի հատուկ գործունեության արդյունքում, որը կոչվում է վարչական վարույթ: Օրենսդիրը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում սպառիչ կերպով թվարկել է վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող հանգամանքները. դրանք են` (1) ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումը կամ բողոքը և (2) վարչական մարմնի նախաձեռնությունը: Ընդ որում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցումը կարող է տեղի ունենալ միայն օրենքով վարչական մարմնին համապատասխան վարչական ակտ ընդունելու իմպերատիվ կամ հայեցողական լիազորություն վերապահված լինելու դեպքում: Իրացնելով իր այդ լիազորությունը` վարչական մարմինը հարուցում է վարչական վարույթ, որը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Էդ-Վան» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/0883/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

i

Հիմք ընդունելով նաև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումը, համաձայն որի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական մարմինն իրավասու է իր նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթ միայն վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջի, դրանից բխող անհրաժեշտության կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորության առկայության դեպքում, քանի որ վարչական մարմինների հիմնական գործառութային նպատակը Սահմանադրության և օրենքների իրականացումն է (կատարումը) իրավական պետության սկզբունքներին և կանոններին համապատասխան:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ օրենսդիրը վարչական մարմնին իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու իրավասություն է տվել միայն այն դեպքում, երբ առկա է վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջ, դրանից բխող անհրաժեշտություն կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորություն: Ընդ որում, որպես վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու օր, օրենսդիրը դիտարկել է վարչական ակտի ընդունմանը նպատակամղված գործողությունն (գործողությունները) սկսելու օրը, որին փաստորեն հաջորդում է գործի քննարկման հետ կապված` օրենքով նախատեսված գործառույթների իրականացումը (ընթացիկ փուլ) և վարչական ակտի ընդունումը (եզրափակիչ փուլ): Այսինքն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը չի կարող եզրափակվել այլ կերպ, քան վարչական ակտի ընդունմամբ:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի մեկնաբանությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դրանում ամրագրված իրավակարգավորումը բնավ չի բացառում առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում (տե՛ս, Սարգիս Խարիկյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/12466/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով կարգավորվող վարույթի առանձնահատկությունները սահմանվում են նշված օրենքով, հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդհանուր դրույթները կիրառելի են վեճի առարկա իրավահարաբերությունների նկատմամբ միայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ, այլ խոսքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացված վարչական վարույթի ընթացքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է միայն այն հարաբերությունների մասով, որոնք «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով կամ կարգավորված են մասամբ կամ առհասարակ կարգավորված չեն:

i

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

i

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ի թիվս այլ մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքում իր լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են նաև Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինները:

i

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգաթերթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ ստուգման ընթացքում (Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության դեպքերում ստուգման հարցերը), ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը, նույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում` նաև ստուգումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները, իսկ նույն մասով նախատեսված դիմում կամ տեղեկատվություն ստանալու դեպքերում` նաև դրանք տրամադրողի տվյալները: Հրամանում կամ հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը: Ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին այլ անձով փոխարինելու դեպքում փոփոխությունը կատարվում է հրամանով, որի մասին տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգումն իրականացնող անձը (...) հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա ամփոփում է ստուգման արդյունքները` խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ: Տեղեկանքը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ակտի նախագիծը ստուգում իրականացնող անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` առարկություններ ներկայացնելու նպատակով:

 

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ակտի նախագիծը:

Սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից առարկություններ չներկայացվելու դեպքում ստուգող մարմինը կազմում է ակտը և դրա մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, ժամկետի ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետում ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու դեպքում ստուգող մարմինը ուսումնասիրում է դրանք և առարկություններ ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ակտի մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունները կցվում են ակտին և կազմում դրա անբաժանելի մասը:

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի` ակտը ստորագրելուց հրաժարվելու դեպքում ակտում այդ մասին կատարվում է համապատասխան գրառում:

(...)

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` խախտումներ չհայտնաբերվելու դեպքում կազմված տեղեկանքում արձանագրվում են այն կազմելու ամսաթիվն ու վայրը, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները:

Ակտում նշվում են`

1) ակտի անվանումը, համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) ստուգում իրականացնող պետական մարմնի անվանումը.

3) ստուգում նշանակելու մասին հրամանի կամ հանձնարարագրի ամսաթիվն ու համարը.

4) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.

5) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ինչպես նաև վերջինիս պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի անունը, ազգանունը.

6) ստուգում անցկացնելու ամսաթիվը, վայրը և ժամանակահատվածը.

7) փորձագիտական եզրակացությունը` ստուգման ընթացքում փորձաքննություն անցկացնելու դեպքում: Փորձագիտական եզրակացությունը կցվում է ակտին և կազմում է դրա անբաժանելի մասը.

8) ստուգաթերթի անվանումը, ընդունման ամսաթիվը, հերթական համարը, որում ընդգրկված հարցերի շրջանակներում իրականացվել է ստուգումը, ինչպես նաև ստուգաթերթի այն հարցերը, որոնց պատասխանները հիմք են հանդիսացել խախտումն արձանագրելու համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության դեպքերի.

9) ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.

10) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը.

11) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների ընդունման վերաբերյալ նշումները:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստուգման արդյունքներն ամփոփվում են տեղեկանքում (խախտումներ չհայտնաբերելու դեպքում) կամ ստուգման ակտում (խախտումներ հայտնաբերելու դեպքում), ստուգման ակտը` որպես վարչական ակտ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ է մտնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) հանձնելուն հաջորդող օրվանից, իսկ նույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ստուգման ակտը դառնում է բողոքարկման ոչ ենթակա (անբողոքարկելի), եթե բաց է թողնված դրա ուժի մեջ մտնելուն հաջորդող` վարչական կարգով բողոքարկման համար սահմանված վեցամսյա ժամկետը:

Վերոհիշյալ նորմերի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ստուգման վարչական վարույթն սկսվում է ստուգումն իրականացնող մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) կողմից ստուգում իրականացնելու մասին հրաման կամ հանձնարարագիր հրապարակելու միջոցով ստուգումն իրականացնող մարմնի նախաձեռնության դրսևորմամբ և ավարտվում ստուգման ակտի կազմմամբ (տե՛ս, «Ռուբեն Գևորգյան» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ2/0302/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տնտեսավարող սուբյեկտների գործունեության ստուգում իրականացնելու վարույթը հարուցվում է համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) ստուգում իրականացնելու մասին հրամանի կամ հանձնարարագրի հրապարակմամբ, որին հաջորդում է այդ վարույթի ընթացիկ փուլը` հանձնարարագրում նշված պաշտոնատար անձանց կողմից փաստացի ստուգողական գործողությունների իրականացումը սահմանված ժամկետներում և ստուգման նպատակների շրջանակներում, որը եզրափակվում է տեղեկանքի կազմմամբ, եթե խախտումներ չեն հայտնաբերվում և ակտի կազմմամբ, եթե հայտնաբերվում են խախտումներ: Այսինքն` տնտեսավարող սուբյեկտների գործունեության ստուգում իրականացնելու վարույթի եզրափակման հնարավոր եղանակները երկուսն են.

. տեղեկանքի կազմումը,

. ակտի կազմումը:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարչական վարույթը եզրափակող նշված երկու փաստաթուղթը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով հանդիսանում են համապատասխանաբար բարենպաստ և միջամտող վարչական ակտեր, քանի որ տեղեկանքի կազմումը հաստատում է խախտումների բացակայությունը, ինչը տվյալ տնտեսավարող սուբյեկտի համար ունի նրա իրավական և փաստացի դրությունը բարելավող ազդեցություն, իսկ ակտի կազմումը հաստատում է խախտումների առկայությունը` վատթարացնելով տնտեսավարող սուբյեկտի իրավական և փաստացի դրությունը: Այլ կերպ ասած, եթե տնտեսավարող սուբյեկտների գործունեության ստուգում իրականացնելու վարույթը եզրափակվում է տեղեկանք կազմելով, այսինքն` նրա գործունեությունը գնահատվում է օրենքի պահանջներին համահունչ, ապա այդ վարույթում քննարկված հարցերով պայմանավորված այլևս բացառվում է նշված սուբյեկտի գործունեությանը հետագա միջամտությունը, մինչդեռ ստուգման վարույթն ակտի կազմմամբ եզրափակվելու պարագայում տվյալ տնտեսավարող սուբյեկտի ծավալած գործունեությունը գնահատվում է օրենքի պահանջների խախտմամբ իրականացված` դրանից բխող բացասական հետևանքներով:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ` նաև Օրենսգիրք) 3-րդ հոդվածում ամրագրվել են Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ` հիմնված հետևյալ սկզբունքների վրա.

(...)

7) ինքնահայտարարագրում և հարկային կարգապահություն` հարկ վճարողները պետք է Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ինքնուրույն հաշվարկեն ու վճարեն հարկերը, վճարները:

ՀՀ հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձը պարտավոր է Օրենսգրքով այլ բան սահմանված չլինելու դեպքում Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում ինքնուրույն հաշվարկել և կատարել իր հարկային պարտավորությունները` Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով կատարելով նաև հարկի և (կամ) վճարի կանխավճարներ:

ՀՀ հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են`

1) պետական վճարներ, որոնց տեսակներն են`

(...)

բ. բնօգտագործման վճարը:

ՀՀ հարկային օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բնօգտագործման վճարը պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ և համալիր օգտագործման, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման համար սույն բաժնին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:

ՀՀ հարկային օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` բնօգտագործման վճար վճարող են համարվում Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնող` նույն հոդվածում նշված կազմակերպությունները և ֆիզիկական անձինք`

1) մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրային ռեսուրսների (գետեր, լճեր) ջրօգտագործողները:

ՀՀ հարկային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` բնօգտագործման վճարի օբյեկտներ են համարվում մակերևութային ջրերի օգտագործումը:

ՀՀ հարկային օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` բնօգտագործման վճարի բազա է համարվում բնօգտագործման վճարի օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա նույն բաժնով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է բնօգտագործման վճարի գումարը:

Մասնավորապես`

1) մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի բազա է համարվում մակերևութային ջրային ռեսուրսներից ջրառի` բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով վերցրված ջրի փաստացի ծավալը:

ՀՀ հարկային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` բնօգտագործման վճարի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար սահմանվում են բնօգտագործման վճարի բազայի հետևյալ չափաքանակները.

1) մակերևութային ջրերի օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (մակերևութային ջրերի ջրառի) ծավալները:

ՀՀ հարկային օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակը, (...):

ՀՀ հարկային օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մակերևութային ջրերի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով անմիջապես վերցրած ջրի ծավալի հիման վրա` հաշվի առնելով բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունները:

ՀՀ հարկային օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բնօգտագործման վճար վճարողները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան, կազմում և Կառավարության սահմանած կարգով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բնօգտագործման վճար վճարողները ներկայացված բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, Օրենսգրքի 52-54-րդ հոդվածներին համապատասխան, կարող են կազմել և բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների ճշտված միասնական հարկային հաշվարկները Կառավարության սահմանած կարգով ներկայացնել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին:

ՀՀ հարկային օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Օրենսգրքի 213-219-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Վերոգրյալ իրավակարգավորումները կառուցված են կարգապահ և օրինապահ հարկատուի կանխավարկածով, որը պարտավոր է ինքնուրույն հաշվարկել ու վճարել օրենքով նախատեսված հարկերն ու վճարները: Այսինքն` կարգապահ և օրինապաշտ հարկատուն, համապատասխան ելակետների առկայության պարագայում, հիմք ընդունելով այդ ելակետներում պարունակվող տվյալներն ու տեղեկությունները, պետք է ինքնուրույն հաշվարկի վճարման ենթակա հարկերն ու վճարները և կատարի համապատասխան վճարումները: Հետևաբար, եթե վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտով արձանագրվում են խախտումներ, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել հարկային կամ այլ պարտավորությունների առաջացմանը, ապա կարգապահ և օրինապահ հարկատուն, հիմք ընդունելով արձանագրված տվյալներն ու տեղեկությունները, եթե չի վիճարկում դրանց առկայությունը, պարտավոր է ինքնուրույն հաշվարկել ու վճարել օրենքով նախատեսված հարկերն ու վճարները: Հակառակ պարագայում հարկային կամ այլ պարտավորությունների հաշվարկը կկատարի հարկային կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ վարչական մարմինը: Այլ կերպ ասած` տնտեսավարող սուբյեկտի գործունեության ստուգմամբ խախտումներ հայտնաբերելու և արձանագրելու պարագայում բնավ պարտադիր չէ, որ դրանցում ներառված տվյալների և տեղեկությունների հիման վրա հնարավոր հարկային կամ այլ պարտավորությունների առաջացման հարցը քննարկվի ու լուծվի հարկային կամ այլ մարմնի կողմից, այլ դա կարող է և նույնիսկ պարտավոր է կատարել հարկատուն` հիմք ընդունելով արձանագրված ելակետները:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից 11.09.2013 թվականին Ընկերությանը տրամադրվել է թիվ 000143 ջրօգտագործման թույլտվությունը, որի 5-րդ կետով մակերևութային ջրային ռեսուրսների ջրօգտագործման ծավալ է սահմանվել. IV-0.327 մ/վրկ, V-2.5 մ/վրկ, VI-2.245 մ/վրկ, VII-1.68 մ/վրկ, VIII-1.657 մ/վրկ, IX-0.727 մ/վրկ, X-0.292 մ/վրկ:

Տվյալ դեպքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, հիմք ընդունելով վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը և դրանից բխող անհրաժեշտությունը, 08.06.2020 թվականին հրապարակած թիվ 59-Ա հանձնարարագրով հարուցել է վարչական վարույթ, որն ուղղված է եղել բնապահպանության ոլորտը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին Ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը պարզելուն: Վարչական վարույթի ընթացիկ փուլում պարզվել է, որ Ընկերությունն իր գործունեության ընթացքում 2019 թվականի հոկտեմբեր ամսին թիվ 000143 առ 11.09.2013 թվականին տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված նորմերից ավել ջուր է վերցրել:

Վերոգրյալ վարչական վարույթը եզրափակվել է թիվ 59 ստուգման ակտի կազմմամբ, որում արձանագրվել է բացահայտված խախտումն ու խախտված իրավական նորմը` ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածը: Միևնույն ժամանակ ակտին կցված` ««Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի կողմից ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման» Հաշվարկով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ Լևոն Թադևոսյանը ՀՀ կառավարության 03.04.2003 թվականի «Ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը հաստատելու մասին» թիվ 499-Ն որոշմամբ սահմանված բանաձևով հաշվարկել է ջրի ծավալը և, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակից ավել օգտագործված ջրի քանակը 567821 խմ է, արձանագրել է վճարման ենթակա 1.135.642 ՀՀ դրամ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ 08.06.2020 թվականին հրապարակած թիվ 59-Ա հանձնարարագրով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը եզրափակվել է թիվ 59 ստուգման ակտի ընդունմամբ, որով Ընկերությանը վերագրվել են ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի խախտումներ այն բանի համար, որ Ընկերությունն իր գործունեության ընթացքում 2019 թվականի հոկտեմբեր ամսին թիվ 000143 առ 11.09.2013 թվականին տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված նորմերից ավել ջուր է վերցրել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի վերոգրյալ իրավակարգավորումների հաշվառմամբ Ընկերությունը պարտավոր է թիվ 000143 ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ծավալներով ջրօգտագործման համար ինքնուրույն հաշվարկել և բյուջե վճարել բնապահպանական վճար: Ընդ որում, նշված ծավալներից ավելի չափով ջրօգտագործման փաստն արձանագրելու պարագայում ևս Ընկերությունը պարտավոր է ինքնուրույն հաշվարկել և բյուջե վճարել այդ ծավալին համապատասխան բնօգտագործման վճարներ: Ավելին, նշված ստուգման ակտն ուժի մեջ մնալու պարագայում այն մեկ այլ վարչական վարույթ հարուցելու և ստուգման ակտով արձանագրված խախտումների համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտ ընդունելու նախադրյալ է հանդիսանալու:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ 59 ստուգման ակտը համապատասխանում է վարչական ակտի բնորոշմանը, մասնավորապես, այն ընդունվել է վարչական մարմնի` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից, հանրային իրավունքի, այն է` պետական վճարների վերահսկողության իրականացման բնագավառում, կոնկրետ գործի կարգավորման, այն է` բնապահպանության ոլորտը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին Ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով, իրավական ակտ է և ունի հստակորեն որոշված հասցեատեր` Ընկերությունը, ունի արտաքին ներգործություն, մասնավորապես, նշված ակտն ուղղված (միտված) է որոշակի հետևանքների առաջացմանը և ակնհայտ է, որ դրանով վատթարանում է Ընկերության իրավական կամ փաստացի դրությունը, քանի որ նախ` ակտին կցված ««Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի կողմից ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման» Հաշվարկի համաձայն` ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակից ավել օգտագործված 567821 խմ ջրի քանակի համար հաշվարկվել է վճարման ենթակա 1.135.642 ՀՀ դրամ, երկրորդ` այն նախադրյալ է հանդիսանում վարչական իրավախախտման վարույթ հարուցելու և վարչական պատասխանատվություն կիրառելու համար:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը վիճարկելու պահանջի մասով հայցադիմումի ընդունումը չէր կարող մերժվել, մինչդեռ նշված պահանջի մասով Դատարանը մերժել է Ընկերության հայցադիմումի ընդունումը` վերջինիս զրկվելով դատական կարգով իր խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից: Ընդ որում, Դատարանն իր որոշմամբ չի վկայակոչել հայցադիմումի ընդունումը մասով մերժման ենթակա լինելու իր եզրահանգման իրավական հիմքը: Մասնավորապես, հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը նախատեսված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածով, սակայն Դատարանն իր որոշմամբ չի արձանագրել, թե նշված իրավանորմում թվարկված` հայցադիմումի ընդունումը մերժելու յոթ հիմքերից որն է կիրառել: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածում թվարկված հիմքերից կոնկրետ հիմքին անդրադարձ չի կատարել նաև ՀՀ վերաքննիչ դատարանը:

Ամփոփելով վերոգրյալ փաստական և իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման հաշվառմամբ Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումը` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը վիճարկելու պահանջի մասով ևս պետք է ընդունվեր վարույթ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. մասնակի` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը վիճարկելու պահանջի մասով հայցադիմումի ընդունումը մերժելու մասով, վերացնել ՀՀ վարչական դատարանի 08.01.2021 թվականի որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով 17.12.2021 թվականին

կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

17.12.2021 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով «Էյ Քեյ Էյ Ջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանի ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ` նաև Տեսչական մարմին)` Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը, 08.12.2020 թվականի թիվ 04/-07-Ա որոշումը և 08.12.2020 թվականի թիվ 04/-72-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 17.12.2021 թվականին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. մասնակի` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը վիճարկելու պահանջի մասով հայցադիմումի ընդունումը մերժելու մասով, վերացնել ՀՀ վարչական դատարանի 08.01.2021 թվականի որոշումը»:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Ս. Անտոնյանս, Էդ. Սեդրակյանս, Ա. Բարսեղյանս, Տ. Պետրոսյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը որոշման այդ մասերի վերաբերյալ:

 

Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը, 08.12.2020 թվականի թիվ 04/-07-Ա և թիվ 04/-72-Ա որոշումները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 08.01.2021 թվականի որոշմամբ հայցադիմումը` Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 08.12.2020 թվականի թիվ 04/-07-Ա և թիվ 04/-72-Ա որոշումները վիճարկելու պահանջների մասով ընդունվել է վարույթ, իսկ Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը վիճարկելու պահանջի մասով հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.03.2021 թվականի որոշմամբ Ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 08.01.2021 թվականի որոշումը հայցադիմումի ընդունումը մերժելու մասով թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ, տնօրեն Արբեն Ղուլյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածը, որը չպիտի կիրառեր, չի կիրառել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքարկվող որոշումը վերացնելու պահանջի հիմնավորվածությանը վերաքննիչ բողոքում նշված` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածին վերաբերող հիմնավորումների սահմաններում:

Վերաքննիչ դատարանի դատողությունները չեն բխում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից, որը, ըստ էության, ստուգման ակտի հասցեատիրոջ համար (կամ այն անձանց համար, ում իրավունքները և օրինական շահերը կարող են շոշափվել ստուգման ակտով) սահմանում է դատական կարգով ստուգման ակտը վիճարկելու երաշխիք: Վերաքննիչ դատարանը քննարկվող օրենքի համեմատ սահմանափակել է բողոքարկվող ակտերի շրջանակը օրենքից չբխող հանգամանքներով և պայմաններով` ստուգման ակտերի մի մասի հասցեատերերին զրկելով ստուգման ակտը բողոքարկելու հնարավորությունից, իսկ գործնականում զրկելով օրենքով սահմանված երաշխիքից:

Վարչական դատարան դիմելու փուլում իր իրավունքների խախտման փաստը կամ անմիջական խախտման հնարավորությունը որոշում է հայցվորը` իր սուբյեկտիվ գնահատմամբ: Տվյալ դեպքում Հայցվորը համարել է, որ վիճարկվող ստուգման ակտով անմիջականորեն կարող էին խախտվել իր իրավունքները և օրինական շահերը, որովհետև ակտով արձանագրվել են իրավախախտման մասին վկայող, Հայցվորի գնահատմամբ իրականությանը չհամապատասխանող փաստեր, արձանագրվել է ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջի խախտում, որը կարող էր հետագայում հիմք հանդիսանալ հայցադիմումով վիճարկվող մյուս երկու վարչական ակտերի կայացման համար, որոնցով Հայցվորի նկատմամբ նշանակվել է տուգանք` 200.000 ՀՀ դրամի չափով, և իրեն ներկայացվել է պատճառված 1.135.642 ՀՀ դրամի չափով վնասը հատուցելու պահանջ:

Ստուգման ակտի իրավաչափության վիճարկումը ընդգրկում է նաև վարչական կարգով բողոքարկման ընթացքում Պատասխանողի ոչ իրավաչափ գործողությունների վիճարկումը: Ստուգման ակտն այնքանով, որքանով դրանով արձանագրված են իրավաբանական պատասխանատվության հիմքեր, արդեն իսկ միջամտում է Հայցվորի իրավունքները:

Նշվածից հետևում է, որ Դատարանը սխալ է կիրառել և մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և փոփոխել այն, կայացնել նոր դատական ակտ` Ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանի ներկայացրած հայցադիմումը Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասով վարույթ ընդունելու մասին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 80-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, որում արձանագրվել են կոնկրետ ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումներ, Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում կարող է որակվել վարչական ակտ և ըստ այդմ վիճարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայց:

(...) Անդրադառնալով վարչական ակտի բնորոշման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումներին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել հետևյալը.

Վկայակոչված իրավական դիրքորոշումները վերաբերում են միայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությանը, այսինքն` վարչական ակտի ընդհանուր բնորոշմանը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասում նշված բարենպաստ և միջամտող վարչական ակտերին ներկայացվող կոնկրետացված պահանջների վերաբերյալ որևէ վերլուծություն ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից չի արվել:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքի իմաստով.

ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.

բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Վերահաստատելով վարչական ակտի բնորոշմանը վերաբերվող վեց հատկանիշներից առաջին հինգի, մասնավորապես` վարչական ակտն անհատական իրավական ակտ հանդիսանալու, վարչական մարմինների կողմից հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով ընդունված լինելու և արտաքին ներգործություն ունենալու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները և անհրաժեշտ համարելով անդրադառնալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար վարչական ակտով ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու, դրանով վերջիններիս համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու մասով վարչական ակտի բնորոշմանը վերաբերող հատկանիշին, Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Ինչպես վերն արդեն նշվել է` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական ակտի ընդհանուր բնորոշմանը` նշված իրավանորմի վերլուծությամբ հանգելով նաև այն հետևության, որ վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար:

Անհրաժեշտ համարելով զարգացնել վերոգրյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարել կրկին անդրադառնալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի բովանդակությանը:

Այսպես. Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական ակտի հասկացությունը և տեսակները սահմանող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի` հաշվի առնելով նշված նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդունումը նպատակ է հետապնդել պատշաճ երաշխիք ապահովելու ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության վարչական մարմինների հետ հարաբերություններում: Ընդ որում, նշված օրենքի 2-րդ գլխում, որպես իրավաչափ վարչարարության իրականացման լրացուցիչ երաշխիքներ, ամրագրվել են նաև վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնցից ամենակարևորը թերևս վարչարարության օրինականության սկզբունքն է, որն անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում նաև մյուս բոլոր սկզբունքները պահպանելու համար: Ըստ այդմ, օրենսդրի նպատակը միտված է եղել նրան, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունենան արդյունավետ կերպով պաշտպանվել վարչական մարմինների վարչական ակտերից, գործողություններից և անգործությունից: Օրենսդիրն անձանց իրավունքների և օրինական շահերի վարչական կամ դատական կարգով պաշտպանության միջոցները պայմանավորել է վարչական մարմնի գործունեության եզրափակման եղանակով: Մասնավորապես, վարչական կամ նորմատիվ ակտերից իրավական պաշտպանությունն այդ ակտերի իրավաչափության վիճարկումն է վարչադատավարական կարգով` անվավերության կամ առոչնչության հիմքերով, ինչպես նաև պարտավորեցման հայցը, եթե ոչ իրավաչափ կերպով մերժվել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը, իսկ ռեալ ակտից, այսինքն` վարչական մարմնի դրսևորած ոչ իրավաչափ գործողությունից կամ անգործությունից իրավական պաշտպանությունը գործողության կատարման հայցն է, եթե ոչ իրավաչափ կերպով մերժվել է հայցվող գործողության կատարումը կամ դրսևորվել է անգործություն: Ընդ որում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վիճարկման հայցի առարկա կարող է լինել միայն միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները), կարևորվում է վիճարկվող փաստաթուղթը վարչական ակտ որակելու հարցը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարել առանձնահատուկ ուշադրության արժանացնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավակարգավորմանը, ըստ որի`

ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.

բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, նշված հոդվածի 1-ին մասով, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտը սահմանել է որպես արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Այսինքն` վարչական ակտի որակումն օրենսդիրը պայմանավորել է ոչ թե դրանով ուղղակի իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հանգամանքով, այլ միայն նշված իրավական հետևանքների առաջացմանն ուղղված լինելու հանգամանքով: Այլ կերպ ասած, բնավ պարտադիր չէ, որ վարչական ակտն անպայմանորեն անձանց համար ուղղակի սահմանի, փոփոխի, վերացնի կամ ճանաչի իրավունքներ և պարտականություններ, բավարար է միայն այն, որ այդ վարչական ակտն ուղղված լինի այդ իրավունքների և պարտականությունների սահմանմանը, փոփոխմանը, վերացմանը կամ ճանաչմանը:

Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը կոնկրետացրել է բարենպաստ և միջամտող վարչական ակտերին ներկայացվող պահանջները, ի թիվս այլնի, ամրագրելով նաև վարչական ակտի միջոցով անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող կամ վատթարացնող պայմանը: Այսինքն` վարչական վարույթը եզրափակող իրավական ակտի բնորոշումն օրենսդիրը պայմանավորել է նաև վարչական ակտի միջոցով անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող կամ վատթարացնող հետևանքի առաջացմամբ: Այլ կերպ ասած, եթե վարչական վարույթը եզրափակվել է այնպիսի վարչական ակտի ընդունմամբ, որի միջոցով ցանկացած եղանակով բարելավել կամ վատթարացել է անձանց իրավական կամ փաստացի դրությունը, ապա իրավական համակարգում այդ ակտը չի կարող բնորոշվել այլ կերպ, քան համապատասխանաբար որպես բարենպաստ կամ միջամտող վարչական ակտ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումը, սակայն, չի բացառում վարչական ակտով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի հետևանքներ առաջացնելը, հետևաբար վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է որակվի որպես վարչական ակտ ինչպես այն դեպքում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար առաջանում են ուղղակի հետևանքներ, այնպես էլ այն դեպքում, երբ ուղղակի հետևանքներ թեև չեն առաջանում, սակայն ուղղված (միտված) են այդ հետևանքների առաջացմանը և ակներև է, որ դրանում արձանագրված խախտումներն ինքնին վատթարացնում են կամ կարող են վատթարացնել վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը:

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` օրենքի միատեսակ կիրառության ապահովման Վճռաբեկ դատարանի գործառույթը ենթադրում է ոչ միայն միասնական դիրքորոշման ձևավորում` իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլև` ձևավորված դիրքորոշման հետագա զարգացում: Նման իրավիճակներում իրավունքի զարգացման արդյունքում ձևավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ և հիմք ընդունվի Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը` ձևավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար:

Այսպիսով, զարգացնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետևյալները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն` ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների` ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի` համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետևանքներ կամ թեև չի առաջացնում ուղղակի իրավական հետևանքներ, սակայն ուղղված (միտված) է այդ հետևանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, ի թիվս այլ հատկանիշների, վարչական ակտ պետք է որակվի ոչ միայն այն պարագայում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի իրավական հետևանքներ են առաջանում, այլ նաև այն դեպքում, երբ տվյալ վարչական ակտն ուղղված է իրավական հետևանքներ առաջացնելուն և ակներև է, որ դրանում արձանագրվածն ինքնին վատթարացնում է վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը:

(...) Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 3.1-րդ մասի 2-րդ կետով, 08.06.2020 թվականին հրապարակել է թիվ 59-Ա հանձնարարագիրը (այսուհետ` թիվ 59-Ա հանձնարարագիր), որով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչներ Լևոն Թադևոսյանին և Հայկ Մանուկյանին հանձնարարել է Ընկերությունում իրականացնել ստուգում, որպես ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջան նշելով 13.07.2020 թվականից մինչև ստուգման ավարտը, ստուգման ժամկետ նշելով 5 աշխատանքային օր, իսկ ստուգման նպատակ նշելով բնապահպանության ոլորտը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ստուգվող սուբյեկտի ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը պարզելը: Թիվ 59-Ա հանձնարարագիրը, ըստ դրա դարձերեսին առկա գրառման, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավար Արբեն Ղուլյանին է հանձնվել 08.06.2020 թվականին (գ.թ. 20):

Ստուգումն իրականացրած պաշտոնատար անձանց` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչներ Լևոն Թադևոսյանի և Հայկ Մանուկյանի կողմից 18.06.2020 թվականին կազմվել է թիվ 59 ստուգման ակտի նախագիծը, որը նույն օրը հանձնվել է ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավար Արբեն Ղուլյանին` վերջինիս նաև ծանուցելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության պահանջների համաձայն 5 աշխատանքային օրվա ընթացքում ակտի նախագծում նշված խախտումների վերաբերյալ առարկություններ ներկայացնելու իրավունքի մասին (գ.թ. 21):

Ընկերության տնօրենի կողմից ներկայացվել են առարկություններ (գ.թ. 22-23):

Ստուգումն իրականացրած պաշտոնատար անձանց` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչներ Լևոն Թադևոսյանի և Հայկ Մանուկյանի կողմից 26.06.2020 թվականին կազմվել է թիվ 59 ստուգման ակտը, որով, որպես ստուգմամբ բացահայտված խախտում, արձանագրվել է, որ Ընկերությունն իր գործունեության ընթացքում 2019 թվականի հոկտեմբեր ամսին թիվ 000143 առ 11.09.2013 թվականին տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված նորմերից ավել ջուր է վերցրել, որպես խախտված իրավական նորմ է նշվել ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածը, իսկ որպես պատասխանատվություն առաջացնող իրավանորմ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը (գ.թ. 27-28):

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ Լևոն Թադևոսյանի կողմից 26.06.2020 թվականին կազմվել է ««Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի կողմից ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման» Հաշվարկ (գ.թ. 29), ըստ որի` վճարման ենթակա գումար է հաշվարկվել 1.135.642 ՀՀ դրամ և որը կցվել է ստուգման ակտին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ 26.06.2020 թվականին կազմված թիվ 59 ստուգման ակտը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է վարչական ակտ, որպիսի եզրահանգումը հիմնավորել է ներքոշարադրյալով.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` նույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ): Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):

Սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի եզրափակմանը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթ հարուցելու հիմքերն են`

(...)

բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթը հարուցվում է այն գործողության (գործողությունների) սկսման օրվանից, որը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտի ընդունմանը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկով գտել է, որ վարչական վարույթը մի գործընթաց է, որը կարող է բաղկացած լինել մի քանի փուլերից, և այդ բոլոր փուլերը հետապնդում են միասնական նպատակ, այն է` վարչական ակտի ընդունումը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչությունն ընդդեմ «Գևորգ-Ա» ՍՊԸ-ի թիվ 3-918(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտն ընդունվում է վարչական մարմնի հատուկ գործունեության արդյունքում, որը կոչվում է վարչական վարույթ: Օրենսդիրը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում սպառիչ կերպով թվարկել է վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող հանգամանքները. դրանք են` (1) ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումը կամ բողոքը և (2) վարչական մարմնի նախաձեռնությունը: Ընդ որում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցումը կարող է տեղի ունենալ միայն օրենքով վարչական մարմնին համապատասխան վարչական ակտ ընդունելու իմպերատիվ կամ հայեցողական լիազորություն վերապահված լինելու դեպքում: Իրացնելով իր այդ լիազորությունը` վարչական մարմինը հարուցում է վարչական վարույթ, որը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Էդ-Վան» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/0883/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով նաև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումը, համաձայն որի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական մարմինն իրավասու է իր նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթ միայն վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջի, դրանից բխող անհրաժեշտության կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորության առկայության դեպքում, քանի որ վարչական մարմինների հիմնական գործառութային նպատակը Սահմանադրության և օրենքների իրականացումն է (կատարումը) իրավական պետության սկզբունքներին և կանոններին համապատասխան:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ օրենսդիրը վարչական մարմնին իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու իրավասություն է տվել միայն այն դեպքում, երբ առկա է վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջ, դրանից բխող անհրաժեշտություն կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորություն: Ընդ որում, որպես վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու օր, օրենսդիրը դիտարկել է վարչական ակտի ընդունմանը նպատակամղված գործողությունն (գործողությունները) սկսելու օրը, որին փաստորեն հաջորդում է գործի քննարկման հետ կապված` օրենքով նախատեսված գործառույթների իրականացումը (ընթացիկ փուլ) և վարչական ակտի ընդունումը (եզրափակիչ փուլ): Այսինքն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը չի կարող եզրափակվել այլ կերպ, քան վարչական ակտի ընդունմամբ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի մեկնաբանությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դրանում ամրագրված իրավակարգավորումը բնավ չի բացառում առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում (տե՛ս, Սարգիս Խարիկյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/12466/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով կարգավորվող վարույթի առանձնահատկությունները սահմանվում են նշված օրենքով, հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդհանուր դրույթները կիրառելի են վեճի առարկա իրավահարաբերությունների նկատմամբ միայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ, այլ խոսքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացված վարչական վարույթի ընթացքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է միայն այն հարաբերությունների մասով, որոնք «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով կամ կարգավորված են մասամբ կամ առհասարակ կարգավորված չեն:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ի թիվս այլ մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքում իր լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են նաև Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինները:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգաթերթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ ստուգման ընթացքում (Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության դեպքերում ստուգման հարցերը), ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը, նույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում` նաև ստուգումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները, իսկ նույն մասով նախատեսված դիմում կամ տեղեկատվություն ստանալու դեպքերում` նաև դրանք տրամադրողի տվյալները: Հրամանում կամ հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը: Ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին այլ անձով փոխարինելու դեպքում փոփոխությունը կատարվում է հրամանով, որի մասին տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգումն իրականացնող անձը (...) հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա ամփոփում է ստուգման արդյունքները` խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ: Տեղեկանքը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ակտի նախագիծը ստուգում իրականացնող անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` առարկություններ ներկայացնելու նպատակով:

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ակտի նախագիծը:

Սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից առարկություններ չներկայացվելու դեպքում ստուգող մարմինը կազմում է ակտը և դրա մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, ժամկետի ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետում ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու դեպքում ստուգող մարմինը ուսումնասիրում է դրանք և առարկություններ ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ակտի մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունները կցվում են ակտին և կազմում դրա անբաժանելի մասը:

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի` ակտը ստորագրելուց հրաժարվելու դեպքում ակտում այդ մասին կատարվում է համապատասխան գրառում:

(...)

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` խախտումներ չհայտնաբերվելու դեպքում կազմված տեղեկանքում արձանագրվում են այն կազմելու ամսաթիվն ու վայրը, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները:

Ակտում նշվում են`

1) ակտի անվանումը, համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) ստուգում իրականացնող պետական մարմնի անվանումը.

3) ստուգում նշանակելու մասին հրամանի կամ հանձնարարագրի ամսաթիվն ու համարը.

4) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.

5) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ինչպես նաև վերջինիս պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի անունը, ազգանունը.

6) ստուգում անցկացնելու ամսաթիվը, վայրը և ժամանակահատվածը.

7) փորձագիտական եզրակացությունը` ստուգման ընթացքում փորձաքննություն անցկացնելու դեպքում: Փորձագիտական եզրակացությունը կցվում է ակտին և կազմում է դրա անբաժանելի մասը.

8) ստուգաթերթի անվանումը, ընդունման ամսաթիվը, հերթական համարը, որում ընդգրկված հարցերի շրջանակներում իրականացվել է ստուգումը, ինչպես նաև ստուգաթերթի այն հարցերը, որոնց պատասխանները հիմք են հանդիսացել խախտումն արձանագրելու համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության դեպքերի.

9) ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.

10) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը.

11) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների ընդունման վերաբերյալ նշումները:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստուգման արդյունքներն ամփոփվում են տեղեկանքում (խախտումներ չհայտնաբերելու դեպքում) կամ ստուգման ակտում (խախտումներ հայտնաբերելու դեպքում), ստուգման ակտը` որպես վարչական ակտ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ է մտնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) հանձնելուն հաջորդող օրվանից, իսկ նույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ստուգման ակտը դառնում է բողոքարկման ոչ ենթակա (անբողոքարկելի), եթե բաց է թողնված դրա ուժի մեջ մտնելուն հաջորդող` վարչական կարգով բողոքարկման համար սահմանված վեցամսյա ժամկետը:

Վերոհիշյալ նորմերի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ստուգման վարչական վարույթն սկսվում է ստուգումն իրականացնող մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) կողմից ստուգում իրականացնելու մասին հրաման կամ հանձնարարագիր հրապարակելու միջոցով ստուգումն իրականացնող մարմնի նախաձեռնության դրսևորմամբ և ավարտվում ստուգման ակտի կազմմամբ (տե՛ս, «Ռուբեն Գևորգյան» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ2/0302/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տնտեսավարող սուբյեկտների գործունեության ստուգում իրականացնելու վարույթը հարուցվում է համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) ստուգում իրականացնելու մասին հրամանի կամ հանձնարարագրի հրապարակմամբ, որին հաջորդում է այդ վարույթի ընթացիկ փուլը` հանձնարարագրում նշված պաշտոնատար անձանց կողմից փաստացի ստուգողական գործողությունների իրականացումը սահմանված ժամկետներում և ստուգման նպատակների շրջանակներում, որը եզրափակվում է տեղեկանքի կազմմամբ, եթե խախտումներ չեն հայտնաբերվում և ակտի կազմմամբ, եթե հայտնաբերվում են խախտումներ: Այսինքն` տնտեսավարող սուբյեկտների գործունեության ստուգում իրականացնելու վարույթի եզրափակման հնարավոր եղանակները երկուսն են.

- տեղեկանքի կազմումը,

- ակտի կազմումը:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ վարչական վարույթը եզրափակող նշված երկու փաստաթուղթը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով հանդիսանում են համապատասխանաբար բարենպաստ և միջամտող վարչական ակտեր, քանի որ տեղեկանքի կազմումը հաստատում է խախտումների բացակայությունը, ինչը տվյալ տնտեսավարող սուբյեկտի համար ունի նրա իրավական և փաստացի դրությունը բարելավող ազդեցություն, իսկ ակտի կազմումը հաստատում է խախտումների առկայությունը` վատթարացնելով տնտեսավարող սուբյեկտի իրավական և փաստացի դրությունը: Այլ կերպ ասած, եթե տնտեսավարող սուբյեկտների գործունեության ստուգում իրականացնելու վարույթը եզրափակվում է տեղեկանք կազմելով, այսինքն` նրա գործունեությունը գնահատվում է օրենքի պահանջներին համահունչ, ապա այդ վարույթում քննարկված հարցերով պայմանավորված այլևս բացառվում է նշված սուբյեկտի գործունեությանը հետագա միջամտությունը, մինչդեռ ստուգման վարույթն ակտի կազմմամբ եզրափակվելու պարագայում տվյալ տնտեսավարող սուբյեկտի ծավալած գործունեությունը գնահատվում է օրենքի պահանջների խախտմամբ իրականացված` դրանից բխող բացասական հետևանքներով:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ` նաև Օրենսգիրք) 3-րդ հոդվածում ամրագրվել են Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ` հիմնված հետևյալ սկզբունքների վրա.

(...)

7) ինքնահայտարարագրում և հարկային կարգապահություն` հարկ վճարողները պետք է Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ինքնուրույն հաշվարկեն ու վճարեն հարկերը, վճարները:

ՀՀ հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձը պարտավոր է Օրենսգրքով այլ բան սահմանված չլինելու դեպքում Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում ինքնուրույն հաշվարկել և կատարել իր հարկային պարտավորությունները` Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով կատարելով նաև հարկի և (կամ) վճարի կանխավճարներ:

ՀՀ հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են`

1) պետական վճարներ, որոնց տեսակներն են`

(...)

բ. բնօգտագործման վճարը:

ՀՀ հարկային օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բնօգտագործման վճարը պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ և համալիր օգտագործման, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման համար սույն բաժնին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:

ՀՀ հարկային օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` բնօգտագործման վճար վճարող են համարվում Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնող` նույն հոդվածում նշված կազմակերպությունները և ֆիզիկական անձինք`

1) մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրային ռեսուրսների (գետեր, լճեր) ջրօգտագործողները:

ՀՀ հարկային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` բնօգտագործման վճարի օբյեկտներ են համարվում մակերևութային ջրերի օգտագործումը:

ՀՀ հարկային օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` բնօգտագործման վճարի բազա է համարվում բնօգտագործման վճարի օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա նույն բաժնով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է բնօգտագործման վճարի գումարը:

Մասնավորապես`

1) մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի բազա է համարվում մակերևութային ջրային ռեսուրսներից ջրառի` բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով վերցրված ջրի փաստացի ծավալը:

ՀՀ հարկային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` բնօգտագործման վճարի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար սահմանվում են բնօգտագործման վճարի բազայի հետևյալ չափաքանակները.

1) մակերևութային ջրերի օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (մակերևութային ջրերի ջրառի) ծավալները:

ՀՀ հարկային օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակը, (...):

ՀՀ հարկային օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մակերևութային ջրերի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով անմիջապես վերցրած ջրի ծավալի հիման վրա` հաշվի առնելով բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունները:

ՀՀ հարկային օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բնօգտագործման վճար վճարողները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան, կազմում և Կառավարության սահմանած կարգով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բնօգտագործման վճար վճարողները ներկայացված բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, Օրենսգրքի 52-54-րդ հոդվածներին համապատասխան, կարող են կազմել և բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների ճշտված միասնական հարկային հաշվարկները Կառավարության սահմանած կարգով ներկայացնել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին:

ՀՀ հարկային օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Օրենսգրքի 213-219-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Վերոգրյալ իրավակարգավորումները կառուցված են կարգապահ և օրինապաշտ հարկատուի կանխավարկածով, որը պարտավոր է ինքնուրույն հաշվարկել ու վճարել օրենքով նախատեսված հարկերն ու վճարները: Այսինքն` կարգապահ և օրինապաշտ հարկատուն, համապատասխան ելակետների առկայության պարագայում, հիմք ընդունելով այդ ելակետներում պարունակվող տվյալներն ու տեղեկությունները, պետք է ինքնուրույն հաշվարկի վճարման ենթակա հարկերն ու վճարները և կատարի համապատասխան վճարումները: Հետևաբար, եթե վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտով արձանագրվում են խախտումներ, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել հարկային կամ այլ պարտավորությունների առաջացմանը, ապա կարգապահ և օրինապաշտ հարկատուն, հիմք ընդունելով արձանագրված տվյալներն ու տեղեկությունները, եթե չի վիճարկում դրանց առկայությունը, պարտավոր է ինքնուրույն հաշվարկել ու վճարել օրենքով նախատեսված հարկերն ու վճարները: Հակառակ պարագայում հարկային կամ այլ պարտավորությունների հաշվարկը կկատարի հարկային կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ վարչական մարմինը: Այլ կերպ ասած` տնտեսավարող սուբյեկտի գործունեության ստուգմամբ խախտումներ հայտնաբերելու և արձանագրելու պարագայում բնավ պարտադիր չէ, որ դրանցում ներառված տվյալների և տեղեկությունների հիման վրա հնարավոր հարկային կամ այլ պարտավորությունների առաջացման հարցը քննարկվի ու լուծվի հարկային կամ այլ մարմնի կողմից, այլ դա կարող է և նույնիսկ պարտավոր է կատարել հարկատուն` հիմք ընդունելով արձանագրված ելակետները:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից 11.09.2013 թվականին Ընկերությանը տրամադրվել է թիվ 000143 ջրօգտագործման թույլտվությունը, որի 5-րդ կետով մակերևութային ջրային ռեսուրսների ջրօգտագործման ծավալ է սահմանվել. IV-0.327 մ/վրկ, V-2.5 մ/վրկ, VI-2.245 մ/վրկ, VII-1.68 մ/վրկ, VIII-1.657 մ/վրկ, IX-0.727 մ/վրկ, X-0.292 մ/վրկ:

Տվյալ դեպքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, հիմք ընդունելով վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը և դրանից բխող անհրաժեշտությունը, 08.06.2020 թվականին հրապարակած թիվ 59-Ա հանձնարարագրով հարուցել է վարչական վարույթ, որն ուղղված է եղել բնապահպանության ոլորտը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին Ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը պարզելուն: Վարչական վարույթի ընթացիկ փուլում պարզվել է, որ Ընկերությունն իր գործունեության ընթացքում 2019 թվականի հոկտեմբեր ամսին թիվ 000143 առ 11.09.2013 թվականին տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված նորմերից ավել ջուր է վերցրել:

Վերոգրյալ վարչական վարույթը եզրափակվել է թիվ 59 ստուգման ակտի կազմմամբ, որում արձանագրվել է բացահայտված խախտումն ու խախտված իրավական նորմը` ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածը: Միևնույն ժամանակ ակտին կցված` ««Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի կողմից ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման» Հաշվարկով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ Լևոն Թադևոսյանը ՀՀ կառավարության 03.04.2003 թվականի «Ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը հաստատելու մասին» թիվ 499-Ն որոշմամբ սահմանված բանաձևով հաշվարկել է ջրի ծավալը և, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակից ավել օգտագործված ջրի քանակը 567821 խմ է, արձանագրել է վճարման ենթակա 1.135.642 ՀՀ դրամ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ 08.06.2020 թվականին հրապարակած թիվ 59-Ա հանձնարարագրով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը եզրափակվել է թիվ 59 ստուգման ակտի ընդունմամբ, որով Ընկերությանը վերագրվել են ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի խախտումներ այն բանի համար, որ Ընկերությունն իր գործունեության ընթացքում 2019 թվականի հոկտեմբեր ամսին թիվ 000143 առ 11.09.2013 թվականին տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված նորմերից ավել ջուր է վերցրել:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ հարկային օրենսգրքի վերոգրյալ իրավակարգավորումների հաշվառմամբ Ընկերություն պարտավոր է թիվ 000143 ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ծավալներով ջրօգտագործման համար ինքնուրույն հաշվարկել և բյուջե վճարել բնապահպանական վճար: Ընդ որում, նշված ծավալներից ավելի չափով ջրօգտագործման փաստն արձանագրելու պարագայում ևս Ընկերությունը պարտավոր է ինքնուրույն հաշվարկել և բյուջե վճարել այդ ծավալին համապատասխան բնօգտագործման վճարներ: Ավելին, նշված ստուգման ակտն ուժի մեջ մնալու պարագայում այն մեկ այլ վարչական վարույթ հարուցելու և ստուգման ակտով արձանագրված խախտումների համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտ ընդունելու նախադրյալ է հանդիսանալու:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտել է, որ թիվ 59 ստուգման ակտը համապատասխանում է վարչական ակտի բնորոշմանը, մասնավորապես, այն ընդունվել է վարչական մարմնի` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից, հանրային իրավունքի, այն է` պետական վճարների վերահսկողության իրականացման բնագավառում, կոնկրետ գործի կարգավորման, այն է` բնապահպանության ոլորտը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին Ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով, իրավական ակտ է և ունի հստակորեն որոշված հասցեատեր` Ընկերությունը, ունի արտաքին ներգործություն, մասնավորապես, նշված ակտը թեև չի առաջացնում ուղղակի իրավական հետևանքներ, այդուհանդերձ ուղղված (միտված) է այդ հետևանքների առաջացմանը և ակնհայտ է, որ դրանով վատթարանում է Ընկերության իրավական կամ փաստացի դրությունը, քանի որ նախ` ակտին կցված ««Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի կողմից ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման» Հաշվարկի համաձայն` ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակից ավել օգտագործված 567821 խմ ջրի քանակի համար հաշվարկվել է վճարման ենթակա 1.135.642 ՀՀ դրամ, երկրորդ` այն նախադրյալ է հանդիսանում վարչական իրավախախտման վարույթ հարուցելու և վարչական պատասխանատվություն կիրառելու համար:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը վիճարկելու պահանջի մասով հայցադիմումի ընդունումը չէր կարող մերժվել, մինչդեռ նշված պահանջի մասով Դատարանը մերժել է Ընկերության հայցադիմումի ընդունումը` վերջինիս զրկվելով դատական կարգով իր խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից: Ընդ որում, Դատարանն իր որոշմամբ չի վկայակոչել հայցադիմումի ընդունումը մասով մերժման ենթակա լինելու իր եզրահանգման իրավական հիմքը: Մասնավորապես, հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը նախատեսված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածով, սակայն Դատարանն իր որոշմամբ չի արձանագրել, թե նշված իրավանորմում թվարկված` հայցադիմումի ընդունումը մերժելու յոթ հիմքերից որն է կիրառել: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածում թվարկված հիմքերից կոնկրետ հիմքին անդրադարձ չի կատարել նաև ՀՀ վերաքննիչ դատարանը:

Ամփոփելով վերոգրյալ փաստական և իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման հաշվառմամբ Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումը` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը վիճարկելու պահանջի մասով ևս պետք է ընդունվեր վարույթ:

 

Հատուկ կարծիքը հիմնավորող պատճառաբանությունները.

Գտնում ենք, որ սույն գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը ուղղակի հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 20.05.2021 թվականի թիվ ՎԴ/4610/05/19 վարչական գործով նույնանման հարցով արտահայտված իրավական դիրքորոշմանը և բացակայում են այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնք թույլ կտային հիմնավորել այդպիսի շեղումը:

Հատկանշական է, որ քննարկվող որոշման բովանդակությունը կազմում է նույն իրավական հարցի վերաբերյալ նախկինում վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի երեք դատավորի կողմից ներկայացված հատուկ կարծիքը:

Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների կտրուկ փոփոխությունն առանց դրա խորը և համակողմանի հիմնավորման բերում է ոչ թե իրավունքի զարգացման, այլ իրավական անվտանգության հիմնախնդրի, քանի որ խաթարում է կայուն դատական պրակտիկան:

Մասնավորապես` որոշման իրավական վերլուծություններում նշված է, որ Վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադարձել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասին, չբացահայտելով նույն հոդվածի 2-րդ մասի «բարենպաստ» և «միջամտող» վարչական ակտերի բովանդակությունը և քննարկվող որոշման պատճառաբանական մասում վերլուծություններ են արված բարենպաստ և միջամտող վարչական ակտերի մասին` արդյունքում եզրահանգելով, որ այս դեպքում կիրառելի է վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վիճարկման հայցատեսակը:

Վճռաբեկ դատարանի որոշումը կառուցելով իրավունքի զարգացման համատեքստում և պարզաբանելով միջամտող և բարենպաստ վարչական ակտերի բովանդակությունը, պետք է նշել, որ այդպես էլ չեն հերքվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից այս հարցի կապակցությամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հիմքում դրված այն փաստարկները, որոնք թույլ կտային կայացնելու դրան տրամագծորեն հակառակ այս որոշումը: Այսինքն` չհերքելով կամ զարգացնելով վարչական ակտին տրված ընդհանուր նկարագիրը, անհնար է մասնավոր բնորոշումով որոշել դրա վարչական ակտ լինելը և վերագրել իրավական հետևանքներ:

Գտնում ենք, որ այդ եզրահանգման արդյունքում չի կարող վերանայվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծության արդյունքում անմիջական ազդեցություն չունեցող ստուգման ակտը վարչական ակտ չհամարելու և վիճարկման հայց ներկայացնելը բացառելու պայմաններում իմաստազուրկ է դառնում նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բարենպաստ և միջամտող վարչական ակտի բովանդակության իրավական վերլուծությամբ որոշել, որ կարող է ներկայացվել վիճարկման հայց:

Դիմելով դատարան` Ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը, 08.12.2020 թվականի թիվ 04/-07-Ա և թիվ 04/-72-Ա որոշումները:

Սույն գործի փաստերից հետևում է, որ հայցվորի կողմից վիճարկման առարկա է դարձվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը, որպիսի ակտով արձանագրվել է, որ տեղի է ունեցել ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի խախտում:

Այն որպես ապացույց դրվել է վիճարկվող ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 08.12.2020 թվականի թիվ 04/-07-Ա և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 08.12.2020 թվականի թիվ 04/-72-Ա որոշումների հիմքում:

Պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև իրավահարաբերություններ են առաջացել ջրօգտագործման պայմանագրի առնչությամբ, և ստուգվել է ջրօգտագործողի կողմից ստացված ջրի փաստացի և պայմանագրով որոշված ծավալների համապատասխանությունը, որը չէր կարող իրականացվել առանց «Ստուգումների կազմակերպման և իրականացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտից անհրաժեշտ տեղեկությունները ստանալու, քանի որ ՀՀ իրավական համակարգում առկա է ձեռնարկատիրական գործունեությանը միջամտելու արգելք:

Ստուգման ակտով արձանագրված տեղեկությունները վերաբերում են ջրառի թույլտվությանը և դրա հիման վրա կնքված պայմանագրով պարտավորությունների պատշաճ կատարմանը: Եթե ստուգման ակտի արդյունքը պետք է լիներ վարչական տույժ կիրառելը և պատճառված վնասը գանձելը, ապա այդ մասին պետք է հստակ ամրագրվեր ստուգման ակտի եզրափակիչ մասում` հստակ սահմանելով դրա կատարման ժամկետը, վարչական հարկադրանք կիրառելու հնարավորությունը` կամավոր չկատարելու դեպքում: Պետական մարմնի կազմած ստուգման ակտն ինքնին տնտեսավարող կազմակերպության համար կատարման ենթակա պարտականություններ և անմիջական իրավական հետևանքներ չի սահմանել, որպեսզի հնարավոր լինի վիճարկման հայց ներկայացնել: Ստուգման ակտում ամրագրված փաստական տեղեկություններն իրավական գնահատական են ստացել համապատասխանաբար վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի և վնասի հատուցման վերաբերյալ դատարան ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Ընդ որում հատկանշական է, որ այս հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման լույսի ներքո տվյալ ստուգման ակտը չի կարող ունենալ նաև պարտադիր լինելու հատկանիշ, որը հատուկ է վարչական ակտին:

Ի վերջո, հնարավոր չէ հավասարության նշան դնել անձի համար ուղղակի իրավական հետևանքներ առաջացնող վարչական ակտի և այն ակտի միջև, որից անձի համար ուղղակի իրավական հետևանքներ չեն բխում: Դա էլ հանգեցնում է նրան, որ նման տարբեր ակտերից անձը կարող է պաշտպանվել իրավական պաշտպանության տարբեր եղանակներով ուղղակի իրավական հետևանքներ առաջացնող ակտը անմիջականորեն կարող է դատական կարգով վիճարկվել վիճարկման հայցի միջոցով, իսկ ուղղակի իրավական հետևանքներ չառաջացնող ակտից նման եղանակով իրավական պաշտպանությունը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ արձանագրված փաստերի հիման վրա իրողություն դառնա անձի իրավական դրության վատթարացումը, այն է` նրան առաջադրվեն կոնկրետ պարտավորություններ: Քանի դեռ անձի նկատմամբ ակտի հիման վրա իրավական հետևանքներ չեն կիրառվել, նա իր փաստական դրությունը վատթարացնող ակտից կարող է պաշտպանվել նման փաստերի արձանագրումը ոչ իրավաչափ չճանաչելու միջոցով և այս դեպքում էլ էական չէ որ դա կարող է արվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հինգ տարվա ժամկետում: Այդ ժամկետը կարող է կրճատվել ցանկացած ժամանակ, երբ վարչական մարմինը վարչական ակտով անձին կառաջադրի կոնկրետ պարտավորություններ:

Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասում մեջբերումներ են արված վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներից, որոնք, սակայն, ունեն բոլորովին այլ փաստական հանգամանքներ` մասնավորապես կասկած չի հարուցել փաստաթղթի վարչական ակտ լինելու և հետևաբար վիճարկման հայց ներկայացնելու իրավունքը:

Անթույլատրելի ենք համարում քննարկվող որոշման պատճառաբանական մասում արված ցուցումը` այլևս կիրառելու սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների փոխարեն: Գտնում ենք, որ վճռաբեկ դատարանը չունի նման լիազորություն ինչպես սահմանադրական առաքելության իրականացման, այնպես էլ դատական օրենսգրքով վերապահված իրավասությունների շրջանակում: Ընդունելով այն անվիճելի իրողությունը, որ հասարակական հարաբերությունների զարգացումը բերում է նաև դրանց իրավակարգավորումների փոփոխության և զարգացման, պետք է նկատել, որ օրենքի միատեսակ կիրառումն ապահովող դատական ատյանում հատկապես կարևորվում «ինստիտուցիոնալ հիշողության» սկզբունքի պահպանումը և հարգանքը նախկինում կայացված որոշումների նկատմամբ, որպիսի սկզբունքով է գործում նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Գտնում ենք նաև, որ վճռաբեկ դատարանը դուրս է եկել վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից և ըստ էության վճռաբեկ բողոքի փաստարկները գնահատելիս հիմք է ընդունել ոչ թե վճռաբեկ դատարանի կողմից այս հարցին առնչվող իրավական դիրքորոշումը, այլ այդ կապակցությամբ ներկայացված հատուկ կարծիքը:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման:

 

Դատավորներ` Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 17 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.12.2021
N ՎԴ/11082/05/20
Որոշում