ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ
դատարանի որոշում թիվ ՍնԴ/0904/04/19
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0904/04/19 2021 թ.
Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
2021 թվականի հոկտեմբերի 28-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՍԱԴԵ» ԲԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2019 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Ընկերության ընդդեմ «Հատուկէլեկտրամոնտաժ» ԲԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` Կազմակերպությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է սնանկ ճանաչել Կազմակերպությանը:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Աթաբեկյան) (այսուհետ` Դատարան) 20.06.2019 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է սնանկության ժամանակավոր կառավարիչ:
Դատարանի 20.06.2019 թվականի որոշմամբ Ընկերության` պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ անհրաժեշտ սահմանափակում կիրառելու մասին միջնորդությունը, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.09.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 20.06.2019 թվականի «Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի` ներառյալ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Նարինե Բեգլարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը, կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը, 39-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
i
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ չնայած «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը և մորատորիումը հետապնդում են միևնույն նպատակը, սակայն դրանք պարտատերերի համար ապահովում են պաշտպանության էապես տարբեր մակարդակներ` մորատորիումը կիրառվում է օրենքի ուժով, այն ուղղված է ձեռնարկելու այն նվազագույն միջոցները, որոնք կպաշտպանեն պարտատերերի իրավունքները, կխոչընդոտեն պարտապանի կողմից գույքի վատնմանը, մորատորիումը չի կարող ապահովել պարտատերերի շահերի լիարժեք պաշտպանություն, այն դնում է որոշակի սահմանափակումներ, միևնույն ժամանակ տալիս մի շարք բացառություններ դրանց կիրառման համար: Սակայն արդեն այն դեպքերում, երբ առավել խիստ սահմանափակումների չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է 13-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումները, այս պարագայում արդեն սահմանափակումները կիրառվում են ոչ միայն պարտապանին պատկանող, այլ նաև նրա տիրապետման, օգտագործման ներքո գտնվող գույքի նկատմամբ, նրան կարող է արգելվել ոչ միայն այդ գույքի տնօրինումը, այլ նաև տիրապետումն ու օգտագործումը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով պարտապանը տևական ժամանակ դրսևորել է անգործություն և պատշաճ կերպով չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, նրա պարտքի չափը կազմում է բավականին մեծ գումար` 23.526.511 ՀՀ դրամ, դատաքննության ընթացքում, չնայած նախորդ երկու փաստերի վերաբերյալ միանշանակ ապացույցների առկայությանը, ժխտել է թե պարտքի և թե կետանցի գոյությունը` դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նմանատիպ ոչ պարտաճանաչ, ոչ հետևողական և ոչ լրջամիտ վարքագծի դրսևորումն էլ հիմք է ծառայել նրա համար, որ պարտատերը ողջամիտ հետևության է եկել այն մասին, որ սահմանափակումների չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը և սա ապացուցման այն մաքսիմալ շեմն է, որ կարող էր ապահովել պարտատերը, որևէ այլ ապացույցներ այն մասին, որ սահմանափակումների չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը, չէր կարող բերվել, քանի որ այդ ենթադրությանը կարելի է հանգել` բացառապես դիտարկելով պարտապանի վարքագիծը:
i
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ՍնԴ/0857/04/19 գործով պարտատերը ներկայացրել էր միջնորդություն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումներ կիրառելու համար, որը դատարանի 13.06.2019 թվականի որոշմամբ բավարարվել էր, այս պարագայում դատարանը բավարար էր համարել միայն պարտատիրոջ կողմից համապատասխան միջնորդություն ներկայացնելը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ՏԴ/0001/02/19 գործով 29.03.2019 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ միջնորդությունը բավարարելու համար բավական է համարել հայցվորի ողջամիտ մտավախությունն այն մասին, որ հնարավոր է վճռի հետագա կատարումն անհնարին դառնա:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 24.09.2019 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է` բավարարել Ընկերության միջնորդությունը` պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
i
սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք պարտատերը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ միջնորդությամբ պարտավոր է ներկայացնել հիմնավորումներ գույքի էապես նվազելու փաստը հաստատելու համար:
i
Իրավահարաբերության ծագման պահին` մինչև 15.04.2020 թվականը, գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են (...) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն` այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը (տե՛ս, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Ամալյա Բեգլարյանի թիվ ՍնԴ/0104/04/19 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ժամանակավոր կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ դատարանի որոշմամբ կարող է կիրառվել պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում, եթե դրանց չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը:
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից`
ա) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների.
i
բ) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի գույքի, ինչպես նաև նրա մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը, բացառությամբ նույն օրենքի 55-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի.
գ) կասեցվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները.
դ) արգելվում է պարտատիրոջ` մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը` պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ, բացառությամբ նույն օրենքի 40.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է պարտատերերի պահանջների բավարարման սառեցման կամ այլ կերպ ասած` մորատորիումի ինստիտուտը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Այն առաջնահերթ ուղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն (տե՛ս, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի և մյուսների թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով, սնանկության նպատակներով պայմանավորված` պարտապանի նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ` սկսած պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից: Մասնավորապես` արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և 2-րդ մասի 2-րդ կետեր), պարտապանի գույքը տնօրինելը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ), պարտատիրոջն արգելվում է մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ) և այլն: Նշված սահմանափակումներն ինքնանպատակ չեն, այլ ուղղված են սնանկության գործընթացում պարտապանի գույքի ամբողջականության ապահովմանը` նպատակ ունենալով ապահովելու պարտատերերի պահանջների` օրենքով սահմանված հերթականությամբ համաչափ բավարարումը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը միաժամանակ ուղղված է նաև պարտապանի շահերի բավարարմանը` նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է դատարանի հսկողությամբ (...): Հետևաբար պարտատերերի պահանջների բավարարման սառեցման նպատակը մի կողմից բոլոր պարտատերերի շահերի ապահովումն է, որպեսզի որևէ պարտատեր օրենքով սահմանված առաջնահերթության խախտմամբ բավարարում չստանա, մյուս կողմից պարտապանի շահերի ապահովումն է` նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգի հստակ պահպանմամբ` նպատակ ունենալով հնարավորինս ապահովելու նաև պարտապանի գործունեությունը (տե՛ս, «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
i
ՀՀ սահմանադրական դատարանը, 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը»:
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները, արձանագրել է, որ սնանկության գործընթացի նպատակն է երաշխիքներ ստեղծել մի կողմից` պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից` հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը) և նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու համար: Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել, որ կիրառված սահմանափակումները չսահմանափակեն անձի սեփականության իրավունքի իրացման հնարավորությունն այն աստիճանի, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը: Այսինքն` յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն բոլոր շահագրգիռ կողմերի շահերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սնանկության վարույթում օրենքով սահմանված կարգով պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից սկսած պարտապանի նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ, որոնց նպատակը պարտատերերի իրավունքների օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է: Այսինքն` դատավարական այս եղանակով պարտատերերն ապահովում են իրենց` պարտապանի գույքից բավարարում ստանալու իրավունքն այն դեպքում, երբ պարտապանը կփորձի լինել անբարեխիղճ:
i
Նշվածի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը չի կարող կիրառվել ցանկացած դեպքում, երբ ժամանակավոր կառավարիչը կամ պարտատերերից մեկը կներկայացնի նման միջնորդություն, քանի որ հակառակ դեպքում կիմաստազրկվի պարտատերերի պահանջների բավարարման սառեցման կամ այլ կերպ ասած` մորատորիումի ինստիտուտը: Հետևաբար սնանկության վարույթում պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում կարող է կիրառվել բացառիկ դեպքերում, երբ կհիմնավորվի, որ դրա չկիրառման արդյունքում պարտապանի կողմից անբարեխիղճ վարքագիծ դրսևորելու դեպքում կարող է էապես նվազել պարտապանի կամ վերջինիս տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի արժեքը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է նաև, որ ինչպես ցանկացած միջնորդություն, այնպես էլ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի բավարար հիմնավորումներ, ինչով կապահովվի ողջամիտ հավասարակշռություն միջնորդողի և պարտապանի հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության պահանջների միջև և կպահպանվի ողջամիտ համաչափություն օգտագործված միջոցների և հետապնդվող նպատակի միջև:
Ամփոփելով վերոշարադրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության վարույթում պարտապանի գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու միջնորդություն ներկայացրած պարտատերը կամ ժամանակավոր կառավարիչը պարտավոր է ներկայացնել տվյալ միջնորդությունը հիմնավորող այնպիսի ողջամիտ և հավանական փաստեր, որոնցով կհաստատվի պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի նկատմամբ որևէ սահմանափակում կիրառելու անհրաժեշտությունը: Հակառակ պարագայում` պարզապես վկայակոչելով նշված իրավանորմը և որևէ հիմնավորում չնշելով տվյալ սահմանափակումը կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ, կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ պարտապանն ուղղակիորեն կզրկվի իր բնականոն գործունեությունը շարունակելու, ինչպես նաև հնարավոր դեպքերում գույքային դրությունը կայունացնելու հնարավորությունից (տե՛ս, «ՍԱԴԵ» ԲԸ-ն ընդդեմ «Սպիտակ-1» ԲԲԸ-ի թիվ ՍնԴ/0837/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2021 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը մերժել է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ անհրաժեշտ սահմանափակում կիրառելու մասին Ընկերության միջնորդությունը` նշելով, որ Ընկերությունը միջնորդել է Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի` ներառյալ դրամական միջոցների վրա դնել արգելանք, սակայն չի ներկայացրել նման սահմանափակում չկիրառելու դեպքում պարտապանի գույքն էապես նվազելու այն ապացույցը, ինչը հիմք կհանդիսանա նման սահմանափակում կիրառելու համար: Բացի այդ, միջնորդությունում բացակայում է որոշակիությունը, այսինքն չկա պարտապանի տնօրինման կամ օգտագործման ներքո գտնվող կոնկրետ գույքի անվանումը, որն ըստ միջնորդողի ենթադրության պարտապանը կարող է քանդել, ոչնչացնել և այլն:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակման կիրառման վերաբերյալ դիմողի հիմնավորումները բավարար չեն պարտապանի գույքի նկատմամբ ակնկալվող սահմանափակումները կիրառելու համար, բացակայում է հայցվող միջոցների և դրանցով հետապնդվող նպատակի միջև ողջամիտ համաչափությունը:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սնանկության վարույթում պարտապանի կամ վերջինիս տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու հնարավորությունը չի կարող գործել յուրաքանչյուր դեպքում նման միջնորդություն ներկայացվելու պայմաններում: Դրա համար պետք է առկա լինեն պարտապանի կողմից իր սեփականության կամ տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի էական նվազեցմանն ուղղված անբարեխիղճ վարքագիծ դրսևորելու հիմքեր:
Սույն գործով Ընկերությունը ներկայացրել է Կազմակերպությանը պատկանող կամ վերջինիս տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում կիրառելու մասին միջնորդություն` նշելով, որ պարտապանը տևական ժամանակ է, որ չի մարում պարտատիրոջ նկատմամբ իր պարտավորությունները, հետևաբար առկա է վտանգ, որ սնանկության դիմումը վարույթ ընդունվելու որոշումը ստանալուց հետո կկատարի գույքի էական նվազեցումներ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը չի պարունակում պարտապանի կողմից` իրեն պատկանող կամ իր տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի էական նվազեցմանն ուղղված որևէ գործողության կամ անգործություն կատարելու կամ դրա իրական վտանգի առկայության վերաբերյալ որևէ հիմնավորում, հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պարտատիրոջ կողմից ընդամենը պարտապանի գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու վերաբերյալ իրավական նորմը վկայակոչելով` առանց նշելու կոնկրետ փաստեր և դրանց վերաբերյալ հիմնավորումներ, չի կարող համարվել բավարար պարտապանի գույքի նկատմամբ տնօրինման, տիրապետման և օգտագործման լիազորությունների անհրաժեշտ սահմանափակումներ կիրառելու համար:
Իսկ ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն հիմնավորմանը, որ ստորադաս ատյաններում վկայակոչված գործերով տվյալ իրավական նորմի կապակցությամբ առկա են տարբեր մեկնաբանություններ, ապա Վճռաբեկ դատարանը նշում է, որ վճռաբեկ բողոքում վկայակոչված թիվ ՏԴ/0001/02/19 քաղաքացիական գործով ստորադաս ատյանի վերլուծությունները վերաբերում են հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու հիմնավորումներին, իսկ թիվ ՍնԴ/0857/04/19 սնանկության գործով` ոչ թե «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասն է կիրառվել հակասող մեկնաբանությամբ, այլ վերոնշյալ գործով միջնորդությունը հիմնավորող փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում Դատարանը հանգել է այլ եզրակացության, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի վերոնշյալ հիմնավորումը նույնպես հիմնավոր չէ:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտատիրոջ միջնորդությամբ դատարանի որոշմամբ կարող է կիրառվել պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում, եթե հիմնավորվում է, որ դրանց չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը, քանի որ սնանկության վարույթում հավասարապես պետք է պաշտպանվեն և պարտատիրոջ, և պարտապանի շահերը, իսկ սույն սնանկության գործով Ընկերության կողմից ներկայացված միջնորդությամբ չի հիմնավորվել գույքի նկատմամբ որևէ սահմանափակում կիրառելու անհրաժեշտությունը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 24.09.2019 թվականի որոշումը հիմնավոր է և Ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ենթակա էր մերժման, քանի որ Դատարանի 20.06.2019 թվականի «Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի` ներառյալ դրամական միջոցների վրա արգելք դնելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշումը հիմնավոր է, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել է Վերաքննիչ դատարանը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 24.09.2019 թվականի որոշումը բեկանելու համար, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2019 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Հրապարակվել է www.datalex.am` կայքէջում 28 հոկտեմբերի 2021 թվական: