Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                Վարչական գործ                  

    դատարանի որոշում                     թիվ ՎԴ/8894/05/18

    Վարչական գործ թիվ ՎԴ/8894/05/18      2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով,

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի փետրվարի 27-ին

քննելով Արայիկ Մկրտչյանի ներկայացուցիչ Սուրեն Բաղրամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արայիկ Մկրտչյանի ընդդեմ Երևան համայնքի (այսուհետ` Համայնք)` Համայնքին` 18.12.2014 թվականին դատարան ներկայացված պահանջում, հայցվորի` 18.10.2014 թվականի դրությամբ նշված պարտավորությունը` 9.711.677 ՀՀ դրամը, վերահաշվարկելուն և վերահաշվարկված պահանջը դատարանի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արայիկ Մկրտչյանը պահանջել է պարտավորեցնել Համայնքին` վերջինիս կողմից 18.12.2014 թվականին դատարան ներկայացված պահանջում, հայցվորի` 18.10.2014 թվականի դրությամբ նշված պարտավորությունը` 9.711.677 ՀՀ դրամը, վերահաշվարկել և վերահաշվարկված պահանջը ներկայացնել դատարանի հաստատմանը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 27.08.2018 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.10.2018 թվականի որոշմամբ Արայիկ Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.08.2018 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արայիկ Մկրտչյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 68-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքում հստակ և մի շարք փաստերի վկայակոչման արդյունքում հիմնավոր ներկայացվել է թիվ ՎԴ/8894/05/18 և թիվ ՎԴ/3979/05/16 վարչական գործերի փաստական և իրավական հիմքերի տարբերությունը, ինչն անտեսվել է Դատարանի կողմից: Մասնավորապես` թիվ ՎԴ/3979/05/16 վարչական գործով հայցվորը պահանջել է Համայնքի հանդեպ ունեցած գույքահարկի պարտավորության 3.589.184 ՀՀ դրամից պակասեցնել 2.000.000 ՀՀ դրամը, որը 12.09.2013 թվականին հայցվորը վճարել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը և հայցվորին տրվել է թիվ 128631 կտրոնը:

Սույն գործով հայցվորը պահանջել է պարտավորեցնել Համայնքին 18.12.2014 թվականին դատարան ներկայացված պահանջում հայցվորի` 18.10.2014 թվականի դրությամբ նշված պարտավորությունը` 9.711.677 ՀՀ դրամը, վերահաշվարկել և վերահաշվարկված պահանջը ներկայացնել դատարանի հաստատմանը, այսինքն` հայցի փաստական և իրավական հիմքերը տարբեր են, մինչդեռ Դատարանը և Վերաքննիչ դատարանը գտել են, որ դրանք նույնն են:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 15.10.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` գործի հարուցումը մերժելուց նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով կրկին վարչական դատարան դիմելու իրավական հնարավորության հարցի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ կիրառման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման պայմաններին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձը գործի հարուցումը մերժելուց հետո չի կարող նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով կրկին դիմել վարչական դատարան, բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է:

Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) տեսանկյունից` դատարան դիմելու մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է հայց հարուցելու իրավունքի այն բացասական նախադրյալի հետ, ըստ որի` հայցադիմումի ընդունումը մերժվելու դեպքում չի թույլատրվում նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով կրկին դիմել դատարան, բացառությամբ երկու դեպքի. երբ նախկինում հայցադիմումի ընդունումը մերժվել է այլ դատարանի վարույթում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործի առկայության դեպքում (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ) կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորի կողմից հայցադիմումի այնպիսի սխալները չվերացնելու դեպքում, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ): ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով հայցի հիմքերին և առարկային, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում: Ընդ որում, հայցի առարկայից պետք է տարբերել հայցի օբյեկտը, այսինքն` այն առարկան, որին ուղղված է հայցի առարկայի բովանդակությունը կազմող պահանջը: Հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքը, ըստ էության, իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե՛ս, Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների Գորիսի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Արսեն Եսայանի թիվ ՎԴ1/0223/05/13 վարչական գործով 22.07.2016 թվականի որոշմամբ ընդգծել է, որ հայցի առարկայի և հիմքի վերաբերյալ վերը նշված դիրքորոշումը կիրառելի է թե՛ քաղաքացիական դատավարության և թե՛ վարչական դատավարության կանոններով ներկայացված հայցերի նկատմամբ:

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, եթե առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ: Փաստորեն, նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությունը հանգեցնում է հայց հարուցելու իրավունքի բացակայության: Վերոգրյալ դատավարական կարգավորումը բխում է դատական ակտերի պարտադիրության res judicata հանրաճանաչ իրավական սկզբունքի էությունից, որը համարվում է իրավունքի գերակայության անկյունաքարային սկզբունքի` իրավական որոշակիության կարևորագույն բաղադրիչներից մեկը (տե՛ս, Վարազդատ Մկրտչյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման թիվ ՎԴ/4502/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել հետևյալը. նույն կողմերի միջև վեճի դեպքում հայցի առարկայի և հիմքի նույնության հարցն էական նշանակություն է ձեռք բերում հայցադիմում ներկայացնելիս դրա ընդունելության հարցը լուծելիս, քանի որ օրենսդիրը, դատական խնայողության, իրավական որոշակիության ապահովման նպատակով սահմանել է այնպիսի իրավակարգավորումներ, որպեսզի նույն կողմերի միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով հայցադիմումի ընդունումը մերժելու դեպքում բացառվի նույն գործի կրկին հարուցումը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ հայցադիմումի ընդունումը կարող է մերժվել, եթե նույնն են նախկինում հայցադիմումի ընդունումը մերժված և տվյալ վարչական գործերի`

1. կողմերը, այսինքն` վարչական դատարանի վարույթում հակադիր շահերով օժտված անձինք,

2. հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը,

3. հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները:

Հետևաբար անձանց իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է ամենայն մանրամասնությամբ պարզի վերը նշված պայմաններից յուրաքանչյուրի առկայությունը, քանի որ դրանցից որևէ մեկի բացակայությունը բացառում է քննարկվող հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու հնարավորությունը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Համայնքին ներկայացված 10.06.2016 թվականի դիմումի համաձայն` Արայիկ Մկրտչյանը պահանջել է վարչական վարույթ հարուցել և վերանայել Համայնքի` 18.11.2014 թվականի դրությամբ իրեն ներկայացված 9.711.677 ՀՀ դրամի գույքահարկի պարտավորության չափը և վերանայված պահանջը ներկայացնել դատարանի հաստատմանը, քանի որ իր պարտավորության չափը նշված է 3.589.184 ՀՀ դրամ, որից 2.000.000 ՀՀ դրամը 12.09.2013 թվականին վերջինս վճարել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, որի համար տրվել է թիվ 128631 կտրոնը (հատոր 1-ին, գ.թ. 88-89, 92): Համայնքի 16.06.2016 թվականի գրությամբ Արայիկ Մկրտչյանի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ թիվ ԵԱՆԴ/0088/04/14 գործով Համայնքի կողմից ներկայացված պահանջը վերանայելու հիմքեր առկա չեն (հատոր 1-ին, գ.թ. 90): Համայնքին ներկայացված 17.07.2018 թվականի դիմումի համաձայն` Արայիկ Մկրտչյանը պահանջել է վերահաշվարկել Համայնքի` 18.11.2014 թվականի դրությամբ իրեն ներկայացված 9.711.677 ՀՀ դրամի գույքահարկի պարտավորության չափը և վերանայված պահանջը ներկայացնել դատարանի հաստատմանը, քանի որ գույքի կադաստրային արժեքի սխալ հաշվարկի հետևանքով իր գույքահարկի պարտավորությունն ավել է հաշվարկվել 965.348,78 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 68-70): Համայնքի 26.07.2018 թվականի պատասխան գրությամբ Արայիկ Մկրտչյանի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ թիվ ԵԱՆԴ/0088/04/14 գործի շրջանակներում արդեն իսկ առկա են բարձրացված հարցի կարգավորման վերաբերյալ դատական ակտեր, որոնց հետ համաձայն չլինելու դեպքում դիմողը դրանք կարող է բողոքարկել քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով (հատոր 1-ին, գ.թ. 71):

Արայիկ Մկրտչյանը թիվ ՎԴ/3979/05/16 վարչական գործի շրջանակներում հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Համայնքի` խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել Համայնքի թիվ ԵԱՆԴ/0088/04/14 սնանկության վարույթով Արայիկ Մկրտչյանի դեմ 9.711.677 ՀՀ դրամի չափով պահանջը կազմելու, այն 18.12.2014 թվականին դատարան ներկայացնելու գործողությունները և պարտավորեցնել Համայնքին վերահաշվարկել 18.12.2014 թվականին դատարան թիվ ԵԱՆԴ/0088/04/14 սնանկության վարույթով Արայիկ Մկրտչյանի դեմ ներկայացված 9.711.677 ՀՀ դրամի չափով պահանջը և այդ վերահաշվարկված պահանջը թիվ ԵԱՆԴ/0088/04/14 սնանկության վարույթով ներկայացնել դատարան` հաստատման համար: ՀՀ վարչական դատարանի 14.07.2016 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 1-2):

Սույն գործով Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով այն պատճառաբանությամբ, որ թիվ ՎԴ/3979/05/16 վարչական գործով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 14.07.2016 թվականի որոշմամբ գործի հարուցումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (հայցը ենթակա չէ դատարանում քննության) մերժելուց հետո, Արայիկ Մկրտչյանը չի կարող նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով կրկին դիմել դատարան:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս արձանագրել է, որ Արայիկ Մկրտչյանը թիվ ՎԴ/3979/05/16 վարչական գործի շրջանակներում նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով հայցադիմում է ներկայացրել դատարան, որի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով 14.07.2016 թվականի որոշմամբ մերժվել է, հետևաբար գտել է, որ սույն գործով հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով իրավաչափորեն է մերժվել Դատարանի կողմից, քանի որ թիվ ՎԴ/3979/05/16 վարչական գործով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 14.07.2016 թվականի որոշմամբ գործի հարուցումը հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) մերժելուց հետո Արայիկ Մկրտչյանը չի կարող նույն առարկայի և միևնույն հիմքերով կրկին դիմել դատարան:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը սույն գործով հայցադիմումին կից ներկայացված ապացույցների հիման վրա փաստում է, որ սույն գործով և թիվ ՎԴ/3979/05/16 վարչական գործով դատավարության մասնակիցների կազմը նույնն է. երկու վարչական գործերով էլ հայցվորն Արայիկ Մկրտչյանն է, պատասխանողը` միևնույն վարչական մարմինը` Համայնքը: Սակայն գործում առկա հայցադիմումների ուսումնասիրությունից հետևում է, որ նախկինում և սույն գործով ներկայացված հայցերի հիմքերը տարբեր են: Այսպես, թիվ ՎԴ/3979/05/16 վարչական գործի շրջանակներում ներկայացված հայցի հիմքում հայցվորը դրել է այն փաստը, որ թիվ ՎԴ/3517/05/11 վճռով հայցվորի` ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի հանդեպ ունեցած գույքահարկի պարտավորության 3.589.184 ՀՀ դրամից 2.000.000 ՀՀ դրամը 12.09.2013 թվականին վճարվել է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` հայցադիմումին կից ներկայացնելով «Պարտապանից բռնագանձված գումարի և կատարողական ծախսերի գանձման» թիվ 128631 անդորրագիրը (հատոր 1-ին, գ.թ. 86, 92): Մինչդեռ սույն գործի շրջանակներում ներկայացված հայցադիմումում, ի թիվս այլնի, նշել է, որ իր համար առաջացել է 965.348,78 ՀՀ դրամի չափով ավել պարտավորության հաշվեգրում` ներկայացնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 10.08.2016 թվականի և 17.10.2017 թվականի գրություններով հայտնված` Շահումյան թիվ 32/1 հասցեի շինության կադաստրային արժեքի վերաբերյալ տեղեկությունները (հատոր 1-ին, գ.թ. 6, 7, 33, 36): Ավելին, հայցվորը սույն գործով ներկայացված հայցը հիմնավորել է նաև իր լսված լինելու իրավունքի ենթադրյալ խախտմամբ (հատոր 1-ին, գ.թ. 8), ինչը բացակայում է ՎԴ/3979/05/16 վարչական գործի շրջանակներում ներկայացված հայցադիմումում:

Այսպիսով, ակնհայտ է, որ թիվ ՎԴ/3979/05/16 վարչական գործով և սույն վարչական գործով դատարան ներկայացված հայցադիմումներում հայցվորը վկայակոչել է տարբեր փաստեր (ներկայացրել է դրանք հաստատող տարբեր ապացույցներ), ուստի թեև հայցվորի գործողությունները երկու դեպքում էլ ուղղված են եղել գույքահարկի միևնույն պարտավորության չափի վերանայմանը, սակայն յուրաքանչյուր դեպքում ակնհայտորեն տարբեր հիմքերով: Այսպիսով, ստորադաս դատարանների եզրահանգումն այն մասին, որ միևնույն հիմքով ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժելուց հետո հայցվորը չի կարող նույն առարկայի և միևնույն հիմքերով կրկին դիմել դատարան, անհիմն է:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատարանի 27.08.2018 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» և Վերաքննիչ դատարանի 15.10.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումներով Արայիկ Մկրտչյանը զրկվել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքները դատական կարգով պաշտպանելու իրավունքից:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու` Դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

i

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.10.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 27.08.2018 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

27.02.2020 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/8894/05/18 վարչական գործով 27.02.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 27.02.2020 թվականին քննելով Արայիկ Մկրտչյանի ներկայացուցիչ Սուրեն Բաղրամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արայիկ Մկրտչյանի ընդդեմ Երևան համայնքի (այսուհետ`` Համայնք)` Համայնքին` 18.12.2014 թվականին դատարան ներկայացված պահանջում, հայցվորի` 18.10.2014 թվականի դրությամբ նշված պարտավորությունը` 9.711.677 ՀՀ դրամը, վերահաշվարկելուն և վերահաշվարկված պահանջը դատարանի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է` վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.10.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 27.08.2018 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, Գոռ Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղ եկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վկայակոչված մասի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արայիկ Մկրտչյանը պահանջել է պարտավորեցնել Համայնքին` վերջինիս կողմից 18.12.2014 թվականին դատարան ներկայացված պահանջում, հայցվորի` 18.10.2014 թվականի դրությամբ նշված պարտավորությունը` 9.711.677 ՀՀ դրամը, վերահաշվարկել և վերահաշվարկված պահանջը ներկայացնել դատարանի հաստատմանը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 27.08.2018 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.10.2018 թվականի որոշմամբ Արայիկ Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.08.2018 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արայիկ Մկրտչյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 68-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքում հստակ և մի շարք փաստերի վկայակոչման արդյունքում հիմնավոր ներկայացվել է թիվ ՎԴ/8894/05/18 և թիվ ՎԴ/3979/05/16 վարչական գործերի փաստական և իրավական հիմքերի տարբերությունը, ինչն անտեսվել է Դատարանի կողմից: Մասնավորապես, թիվ ՎԴ/3979/05/16 վարչական գործով հայցվորը պահանջել է Համայնքի հանդեպ ունեցած գույքահարկի պարտավորության 3.589.184 ՀՀ դրամից պակասեցնել 2.000.000 ՀՀ դրամը, որը 12.09.2013 թվականին հայցվորը վճարել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը և հայցվորին տրվել է թիվ 128631 կտրոնը:

Սույն գործով հայցվորը պահանջել է պարտավորեցնել Համայնքին 18.12.2014 թվականին դատարան ներկայացված պահանջում հայցվորի` 18.10.2014 թվականի դրությամբ նշված պարտավորությունը` 9.711.677 ՀՀ դրամը, վերահաշվարկել և վերահաշվարկված պահանջը ներկայացնել դատարանի հաստատմանը, այսինքն` հայցի փաստական և իրավական հիմքերը տարբեր են, մինչդեռ Դատարանը և Վերաքննիչ դատարանը գտել են, որ դրանք նույնն են:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 15.10.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Գտնում ենք, որ թեև դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է, այդուհանդերձ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Գտնում ենք, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է հայց հարուցելու իրավունքի այն ընդհանուր բացասական նախադրյալի հետ, որը վերաբերում է գործի հարուցումը մերժելուց հետո նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով կրկին վարչական դատարան դիմելու իրավունքի սահմանափակմանը:

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձը գործի հարուցումը մերժելուց հետո չի կարող նույն առարկայի և միևնույն հիմքերով կրկին դիմել վարչական դատարան, բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերի:

i

Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ հայցադիմումի ընդունումը մերժվելու դեպքում չի թույլատրվում նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով կրկին դիմել դատարան, բացառությամբ երկու դեպքի. երբ նախկինում հայցադիմումի ընդունումը մերժվել է այլ դատարանի վարույթում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործի առկայության դեպքում (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ) կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորի կողմից հայցադիմումի այնպիսի սխալները չվերացնելու դեպքում, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ):

Փաստորեն, նույն առարկայի և միևնույն հիմքերով գործի հարուցումը մերժելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշման առկայությունը հանգեցնում է հայց հարուցելու իրավունքի բացառման:

Վերոգրյալ դատավարական կարգավորումները բխում են դատական ակտերի պարտադիրության res judicata հանրաճանաչ իրավական սկզբունքի էությունից, որը համարվում է իրավունքի գերակայության անկյունաքարային սկզբունքի` իրավական որոշակիության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է այն կայուն իրավական դիրքորոշումը, որի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որը Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս է հռչակում, ի թիվս այլնի, նաև իրավունքի գերակայությունը: Ըստ Եվրոպական դատարանի` իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որը, inter alia, պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը չպետք է կասկածի տակ դրվի: Եվրոպական դատարանը միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիությունը ենթադրում է res judicata (դատական ակտերի վերջնական լինելու) սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքն ընդգծում է, որ կողմերից ոչ մեկը իրավունք չունի պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` միայն գործի կրկնակի քննության և գործով նոր որոշման կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա արդեն իսկ լուծված գործի կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքների ուժով (տե՛ս, Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի (22343/08) գործով Եվրոպական դատարանի 03.12.2015 թվականի վճիռը, 33-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են, ի թիվս այլնի, նաև հետևյալ դրույթները.

- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած որոշումները ենթակա չեն վերանայման,

- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,

- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով,

- վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

i

Վերոգրյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Դատական ակտի պարտադիրության հատկանիշը նշանակում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս, Լուսինե Խլղաթյանն ընդդեմ Վահան Խլղաթյանի և մյուսների թիվ ԼԴ/0916/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերոգրյալ իրավական դիրքորոշումները վկայում են այն մասին, որ նույն առարկայի և միևնույն հիմքերով գործի հարուցումը մերժելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշման առկայության պայմաններում անձը չի կարող ունենալ դատարանի մատչելիության իրավունք, քանի որ այդ պարագայում դատական գործի հարուցումն ըստ էության վերածվում է նախկինում հարուցումը մերժված գործի քողարկված վերաբացման, ինչն անթույլատրելի է արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից: Այդ իսկ պատճառով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանել է, որ անձը կարող է իրացնել դատարանի մատչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ առկա չէ նույն առարկայի և միևնույն հիմքերով գործի հարուցումը մերժելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշում` սահմանելով միայն երկու բացառություն:

Ընդ որում, գտնում ենք, որ նշված կանոնի սահմանումն ուղղակիորեն բխում է հայցվորի կողմից իր դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու և այդ իրավունքները չչարաշահելու օրենսդրական կարգավորումից:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով հայցի հիմքերին և առարկային, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում: Ընդ որում, հայցի առարկայից պետք է տարբերել հայցի օբյեկտը, այսինքն` այն առարկան, որին ուղղված է հայցի առարկայի բովանդակությունը կազմող պահանջը: Հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքը, ըստ էության, իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե՛ս, Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների Գորիսի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Արսեն Եսայանի թիվ ՎԴ1/0223/05/13 գործով 22.07.2016 թվականի որոշմամբ ընդգծել է, որ հայցի առարկայի և հիմքի վերաբերյալ վերը նշված դիրքորոշումը կիրառելի է թե՛ քաղաքացիական դատավարության և թե՛ վարչական դատավարության կանոններով ներկայացված հայցերի նկատմամբ:

Սույն գործի փաստերի համաձայն` Համայնքին ներկայացված 10.06.2016 թվականի դիմումի համաձայն` Արայիկ Մկրտչյանը պահանջել է վարչական վարույթ հարուցել և վերանայել Համայնքի` 18.11.2014 թվականի դրությամբ իրեն ներկայացված 9.711.677 ՀՀ դրամի գույքահարկի պարտավորության չափը և վերանայված պահանջը ներկայացնել դատարանի հաստատմանը, քանի որ իր պարտավորության չափը նշված է 3.589.184 ՀՀ դրամ, որից 2.000.000 ՀՀ դրամը 12.09.2013 թվականին վերջինս վճարել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, որի համար տրվել է թիվ 128631 կտրոնը (հատոր 1-ին, գ.թ. 88-89, 92): Համայնքի 16.06.2016 թվականի գրությամբ Արայիկ Մկրտչյանի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ թիվ ԵԱՆԴ/0088/04/14 գործով Համայնքի կողմից ներկայացված պահանջը վերանայելու հիմքեր առկա չեն (հատոր 1-ին, գ.թ. 90): Համայնքին ներկայացված 17.07.2018 թվականի դիմումի համաձայն` Արայիկ Մկրտչյանը պահանջել է վերահաշվարկել Համայնքի` 18.11.2014 թվականի դրությամբ իրեն ներկայացված 9.711.677 ՀՀ դրամի գույքահարկի պարտավորության չափը և վերանայված պահանջը ներկայացնել դատարանի հաստատմանը, քանի որ գույքի կադաստրային արժեքի սխալ հաշվարկի հետևանքով իր գույքահարկի պարտավորությունն ավել է հաշվարկվել 965.348,78 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 68-70): Համայնքի 26.07.2018 թվականի պատասխան գրությամբ Արայիկ Մկրտչյանի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ թիվ ԵԱՆԴ/0088/04/14 գործի շրջանակներում արդեն իսկ առկա են բարձրացված հարցի կարգավորման վերաբերյալ դատական ակտեր, որոնց հետ համաձայն չլինելու դեպքում դիմողը դրանք կարող է բողոքարկել քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով (հատոր 1-ին, գ.թ. 71):

Արայիկ Մկրտչյանը թիվ ՎԴ/3979/05/16 վարչական գործի շրջանակներում հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Համայնքի` պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Համայնքի թիվ ԵԱՆԴ/0088/04/14 սնանկության վարույթով Արայիկ Մկրտչյանի դեմ 9.711.677 ՀՀ դրամի չափով պահանջը կազմելու, այն 18.12.2014 թվականին դատարան ներկայացնելու գործողությունները և պարտավորեցնել Համայնքին վերահաշվարկել 18.12.2014 թվականին դատարան թիվ ԵԱՆԴ/0088/04/14 սնանկության վարույթով Արայիկ Մկրտչյանի դեմ ներկայացված 9.711.677 ՀՀ դրամի չափով պահանջը և այդ վերահաշվարկված պահանջը թիվ ԵԱՆԴ/0088/04/14 սնանկության վարույթով ներկայացնել դատարան` հաստատման համար:

ՀՀ վարչական դատարանի` «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 14.07.2016 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 1-2):

Սույն գործով Արայիկ Մկրտչյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Համայնքի` պահանջելով պարտավորեցնել Երևան համայնքին` վերահաշվարկել վերջինիս կողմից 18.12.2014 թվականին դատարան ներկայացված պահանջում հայցվորի` 18.10.2014 թվականի դրությամբ նշված պարտավորությունը` 9.711.677 ՀՀ դրամը, և վերահաշվարկված պահանջը ներկայացնել դատարանի հաստատմանը:

Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասը, 27.08.2018 թվականի որոշմամբ մերժել է հայցադիմումի ընդունումն այն պատճառաբանությամբ, որ թիվ ՎԴ/3979/05/16 վարչական գործով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 14.07.2016 թվականի որոշմամբ գործի հարուցումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (հայցը ենթակա չէ դատարանում քննության) մերժելուց հետո, Արայիկ Մկրտչյանը չի կարող նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով կրկին դիմել դատարան:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս արձանագրել է, որ Արայիկ Մկրտչյանը թիվ ՎԴ/3979/05/16 վարչական գործի շրջանակներում նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով հայցադիմում է ներկայացրել դատարան, որի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով 14.07.2016 թվականի որոշմամբ մերժվել է, հետևաբար գտել է, որ սույն գործով հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով իրավաչափորեն է մերժվել Դատարանի կողմից, քանի որ թիվ ՎԴ/3979/05/16 վարչական գործով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 14.07.2016 թվականի որոշմամբ գործի հարուցումը հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) մերժելուց հետո Արայիկ Մկրտչյանը չի կարող նույն առարկայի և միևնույն հիմքերով կրկին դիմել դատարան:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` գտնում ենք, որ Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով մերժելով սույն գործով ներկայացված հայցադիմումի ընդունումը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի որոշումը, կայացրել են օրինական և հիմնավորված դատական ակտ, ուստի Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու հիմքերը տվյալ դեպքում բացակայում են:

Այսպես.

 

._____________________________________________________________________.

|              |գործ թիվ ՎԴ/3979/05/16     |գործ թիվ ՎԴ/8894/05/18    |

|______________|___________________________|__________________________|

|Հայցվոր       |Արայիկ Ավետիքի Մկրտչյան    |Արայիկ Ավետիքի Մկրտչյան   |

|______________|___________________________|__________________________|

|Պատասխանող    |Երևան  համայնք             |Երևան  համայնք            |

|______________|___________________________|__________________________|

|Հայցադիմումում|Հայցվորը 10.06.2016        |Հայցվորը 17.07.2018       |

|նշված հիմքերը |թվականին Պատասխանողին      |թվականին դիմումն ուղարկել |

|              |հասցեագրված դիմում է       |է Պատասխանողին, որով      |

|              |ներկայացրել, որով խնդրել է |խնդրել է վերահաշվարկ      |

|              |վարչական վարույթ հարուցել, |կատարել Պատասխանողի որպես |

|              |Պատասխանողի որպես Հայցվորի |Հայցվորի 18.11.2014       |

|              |18.11.2014 թվականի         |թվականի դրությամբ         |

|              |դրությամբ պարտավորություն  |պարտավորություն 18.12.2014|

|              |Պահանջում նշված 9.711.677  |թվականին դատարան          |

|              |ՀՀ դրամի պարտավորության    |ներկայացրած Պահանջում     |

|              |չափը վերանայել և           |նշված 9.711.677 ՀՀ դրամի  |

|              |վերանայված պահանջը         |պարտավորության չափը և     |

|              |ներկայացնել դատարան        |վերանայված պահանջը        |

|              |հաստատման:                 |ներկայացնել Դատարան       |

|              |                           |հաստատման:                |

|______________|___________________________|__________________________|

|Հայցվորի      |Պատասխանողին պարտավորեցնել |Պատասխանողին պարտավորեցնել|

|պահանջը       |վերահաշվարկել 18.12.2014   |Պատասխանողի որպես Հայցվորի|

|              |թվականին դատարան           |18.11.2014 թվականի        |

|              |թիվ ԵԱՆԴ/0088/01/14        |դրությամբ պարտավորություն |

|              |սնանկության վարույթով      |18.12.2014 թվականին       |

|              |հայցվորի դեմ ներկայացված   |դատարան ներկայացրած       |

|              |9.711.677 ՀՀ դրամի չափով   |Պահանջում նշված 9.711.677 |

|              |պահանջը և  այդ             |ՀՀ դրամի պարտավորության   |

|              |վերահաշվարկված պահանջը     |չափը վերահաշվարկ կատարել  |

|              |թիվ ԵԱՆԴ/0088/04/14        |և  վերանայված պահանջը     |

|              |սնանկության վարույթով      |ներկայացնել դատարան       |

|              |ներկայացնել դատարան        |հաստատման:                |

|              |հաստատման համար:           |                          |

._____________________________________________________________________.

 

Վերը նշված տարբեր ժամանակահատվածներում ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումների ուսումնասիրությունից հետևում է, որ Արայիկ Մկրտչյանը, միևնույն պատասխանողի դեմ միևնույն պահանջով հայցադիմում ներկայացնելիս, դրանց հիմքում դրել է մի դեպքում 10.06.2016 թվականին պատասխանող Երևան համայնքին հասցեագրված դիմումը, իսկ մյուս դեպքում` 17.07.2018 թվականի դիմումը: Ընդ որում, նշված երկու դիմումներով Արայիկ Մկրտչյանը հայցել է միևնույն գործողությունը, այն է` պատասխանողի պահանջում նշված 9.711.677 ՀՀ դրամի պարտավորության չափը վերանայել և վերանայված պահանջը ներկայացնել դատարան:

Այսինքն` հայցվորը, առաջին անգամ դիմելով դատական պաշտպանության, ակնկալել է ստանալ դատական կարգով պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող դատական ակտ, ըստ որի` պատասխանողը պարտավորված կլինի վերահաշվարկել 18.12.2014 թվականին դատարան թիվ ԵԱՆԴ/0088/01/14 սնանկության վարույթով հայցվորի դեմ ներկայացված 9.711.677 ՀՀ դրամի չափով պահանջը և այդ վերահաշվարկված պահանջը թիվ ԵԱՆԴ/0088/04/14 սնանկության վարույթով ներկայացնել դատարան հաստատման համար: Նշված պահանջը պարունակող հայցադիմումի ընդունումը, սակայն, ՀՀ վարչական դատարանի 14.07.2016 թվականի որոշմամբ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի հիմքով, մերժվել է: Սույն հայցադիմումը դատարան ներկայացնելով` հայցվորը կրկին ակնկալել է ստանալ դատական կարգով պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող դատական ակտ, ըստ որի` պատասխանողը պարտավորված կլինի վերահաշվարկել 18.12.2014 թվականին դատարան թիվ ԵԱՆԴ/0088/01/14 սնանկության վարույթով հայցվորի դեմ ներկայացված 9.711.677 ՀՀ դրամի չափով պահանջը և այդ վերահաշվարկված պահանջը թիվ ԵԱՆԴ/0088/04/14 սնանկության վարույթով ներկայացնել դատարան հաստատման համար:

Գտնում ենք, որ նկարագրված իրավիճակում առկա է եղել հայցադիմումը վարույթ ընդունելու օրենսդրական արգելք, այն է` գործի հարուցումը մերժելուց հետո Արայիկ Մկրտչյանը նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով կրկին դիմել վարչական դատարան, ուստի հայցադիմումի ընդունումն իրավացիորեն է մերժվել Դատարանի կողմից, որպիսի իրավաչափ հետևության հանգել է նաև Վերաքննիչ դատարանը:

Ինչ վերաբերում է թիվ ՎԴ/3979/05/16 գործով և սույն գործով ներկայացված հայցադիմումներում առկա որոշ տարբերություններին, ապա դրանք բովանդակային առումով էական չեն և հայցվորի վերջնական պահանջի ու դրա հիմքերի իրավական տարբերակման համար որոշիչ չեն:

i

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում անդրադառնալ սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ նշված այն փաստարկին, թե հայցվորը սույն գործով ներկայացված հայցը հիմնավորել է նաև իր լսված լինելու իրավունքի ենթադրյալ խախտմամբ (հատոր 1-ին, գ.թ. 8), ինչը բացակայում է ՎԴ/3979/05/16 վարչական գործի շրջանակներում ներկայացված հայցադիմումում: Փաստորեն Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` նշված փաստարկը բավարար է եզրահանգելու, որ թիվ ՎԴ/3979/05/16 գործով և սույն գործով ներկայացված հայցադիմումները հիմքերի առումով միմյանցից տարբեր են: Մինչդեռ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ինչպես առաջին հայցադիմումը, այնպես էլ սույն հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված գործողության կատարման հայցատեսակով, ինչը նշանակում է, որ մինչև ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելը հայցվորը հայցել է գործողության կատարում, այսինքն` ռեալ ակտի ընդունում, որի պարագայում լսումներ անցկացնելու կանոն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում: Հարկ ենք համարում նշել նաև, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն` լսումներն անց են կացվում միայն վարչական ակտի ընդունմամբ եզրափակվող վարչական վարույթի ընթացքում, հետևաբար այդ փաստարկը որևէ նշանակություն չի կարող ունենալ թիվ ՎԴ/3979/05/16 գործով և սույն գործով ներկայացված հայցադիմումները հիմքերի առումով միմյանցից տարբեր լինելու հետևության հանգելու համար:

Ամփոփելով վերոգրյալը` անհիմն ենք համարում թիվ ՎԴ/3979/05/16 և թիվ ՎԴ/8894/05/18 վարչական գործերով ներկայացված հայցադիմումների հիմքերը տարբեր լինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներն ու դրանց արդյունքում արված եզրահանգումները, ուստի գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Դատավոր Ռ. Հակոբյան

Դատավոր Գ. Հակոբյան

Դատավոր Ստ. Միքայելյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.02.2020
N ՎԴ/8894/05/18
Որոշում