i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ3/0186/05/16
Վարչական գործ թիվ ՎԴ3/0186/05/16 2018 թ.
Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ` Տ. Պետրոսյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Ս. Միքայելյանի
Ն. Տավարացյանի
2018 թվականի սեպտեմբերի 12-ին
քննարկելով ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Արկադի Բարսեղյանի` 14.04.2016 թվականի թիվ 33/12305 փոխադրման ամփոփագրով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքներից 26 կիլոգրամի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.11.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Կոմիտեի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է պարտավորեցնել Արկադի Բարսեղյանին ներկայացնելու 14.04.2016 թվականի թիվ 33/12305 փոխադրման ամփոփագրով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքներից 26 կիլոգրամի վերաբերյալ հայտարարագիր:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Պողոսյան) (այսուհետ` Դատարան) 10.10.2016 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.11.2016 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.10.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 10-րդ հոդվածը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մաքսային իրավունքի ոլորտում ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա դրված պարտականությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջն ակնհայտորեն բխում է հանրային իրավահարաբերություններից և ընդդատյա է վարչական դատարանին: Փաստորեն, սույն գործի հիմքում ընկած վեճն ունի հանրային բնույթ և բացի վարչական դատարանից որևէ այլ դատարանի ենթակա լինել չի կարող: Հետևաբար Կոմիտեի հայցադիմումի ընդունումը ենթակա չէր մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 28.11.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու վերաբերյալ վարչական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայցերի դատական ենթակայության հարցի մասին, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. ֆիզիկական անձին մաքսային հայտարարագիր ներկայացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ վարչական մարմնի կողմից ներկայացված հայցը ենթակա է արդյո՞ք դատարանի քննությանը:
21.02.2007 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ դատական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` ցանկացած հարցի` դատարանի իրավասությանը ենթակա լինելը որոշում է դատարանը` օրենքի հիման վրա:
Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:
09.04.2018 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (...), Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում (...) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (...) ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը` որպես իրավաբանական գործեր քննող և լուծող մարմին, օժտված չէ համընդհանուր իրավազորությամբ և իր գործառույթներին ու խնդիրներին համապատասխան կարող է քննել և լուծել միայն իր իրավասությանը հանձնված գործերը: Այս հանգամանքն առաջացնում է, մի կողմից, դատարանի, իսկ մյուս կողմից, իրավաբանական գործեր քննելու և լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների (օրինակ` վարչական մարմիններ, առևտրային արբիտրաժ և այլն) իրավասությունը հստակորեն սահմանազատելու անհրաժեշտություն: Դատարանի և իրավաբանական գործեր քննելու ու լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների իրավասությունը տարանջատելիս կիրառվում է «ենթակայություն» իրավաբանական եզրույթը. ենթակայությունն իրավաբանական գործերի այնպիսի հատկանիշ է, որը ցույց է տալիս տվյալ գործը քննելու և լուծելու իրավասություն ունեցող կոնկրետ մարմնին (սուբյեկտին): Ըստ այդմ, այն գործերը, որոնց քննությունն ու լուծումն օրենքով հանձնված է դատարանի իրավասությանը, համարվում են դատական ենթակայության գործեր:
Փաստորեն, իրավունքի սուբյեկտները կարող են դատարան դիմել միայն այն դեպքում, երբ դատարանի առջև վերջիններիս բարձրացրած հարցը (որպես կանոն իրավունքի մասին վեճը) ենթակա է քննության և լուծման դատարանի կողմից: Այդ իսկ պատճառով օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված` «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայտության նշանակությունը հանգում է հետևյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Այլ կերպ ասած` նշված իրավադրույթով սահմանված հիմքով հայցադիմումի ընդունումը մերժվում է այն դեպքում, երբ դատարան դիմող սուբյեկտը հայց հարուցելու իրավունք առհասարակ չունի, իսկ դատարանն իրավասու չէ լուծել իր առջև բարձրացված տվյալ վեճը: Եթե գործը ենթակա չէ դատարանին, ապա դատարան դիմող անձը հայց հարուցելու իրավունք չունի, իսկ դատարանն իրավասու չէ խախտել այլ մարմինների իրավասությունը և լուծել նրանց վերապահված գործերը: Նման իրավակարգավորումը կոչված է բացառելու դատարանների իրավասությանը չհանձնված վեճերի քննությունը և լուծումը դատարանների կողմից:
i
Այսպիսով, անձի կողմից դատարանի առջև բարձրացված հարցի` դատարանի քննությանը ենթակա լինելու հանգամանքը հանդիսանում է հայց հարուցելու իրավունքի ընդհանուր դրական նախադրյալ, որի առկայության դեպքում միայն իրավունքի սուբյեկտը կարող է դիմել դատարան: Հակառակ դեպքում, այսինքն` գործը դատարանին ենթակա չլինելու դեպքում, այդ սուբյեկտը չի կարող հայց հարուցել դատարանում, և դատարանը պարտավոր է վարույթ չընդունել ներկայացված հայցադիմումը (տե՛ս, Գագիկ Մաթևոսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության թիվ ՎԴ/0229/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության վարչադատավարական կարգը սահմանվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, որի 3-րդ հոդվածն ամրագրում է այն հարցերի շրջանակը, որոնցով վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք կարող են դիմել վարչական դատարան: Այդ դեպքերից մեկը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և հանգում է հետևյալին. վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք կարող են դիմել վարչական դատարան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին: Նշված օրենսդրական կարգավորումը սահմանում է վարչական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հայցի` դատական ենթակայության հատուկ կանոն, որի համաձայն` այդ հայցը կարող է ենթակա լինել դատարանում քննության հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) վարչական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայցի առարկան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջն է,
2) վարչական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայցով պահանջվող իրավունքներից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց զրկելու կամ նրանց վրա վարչական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայցով պահանջվող պարտականությունները դնելու իրավասությունն օրենքով վերապահված է դատարանին:
Փաստորեն, վարչական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու հայցը ենթակա է դատարանում քննության միայն այն դեպքում, երբ օրենքով դատարանն օժտված է այդ հայցով պահանջվող իրավունքներից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց զրկելու կամ այդ հայցով պահանջվող պարտականությունները նրանց վրա դնելու իրավասությամբ: Հակառակ պարագայում, այսինքն` այն դեպքում, երբ որևէ օրենքով դատարանին հատուկ վերապահված չէ վարչական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայցով պահանջվող իրավունքներից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց զրկելու կամ այդ հայցով պահանջվող պարտականությունները ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա դնելու իրավասություն, ապա վարչական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու հայցը ենթակա չէ դատարանում քննության:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու հայցը դատարանում քննության ենթակա լինելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով օրենսդիրը սահմանել է պարտադիր պայման, այն է` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներից զրկելու կամ նրանց վրա պարտականություններ դնելու իրավասությունն օրենքով դատարանին վերապահված լինելը: Ուստի վարչական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից նման հայց ներկայացնելիս պետք է առկա լինի նաև այն իրավական հիմքը, որի համաձայն` այդ հայցով պահանջվող իրավունքներից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց զրկելու կամ այդ հայցով պահանջվող պարտականությունները ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա դնելու իրավասությունն օրենքով վերապահված է դատարանին: Հակառակ պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով վարչական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված` հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
Սույն գործի փաստերի համաձայն` Արկադի Բարսեղյանը 14.04.2016 թվականի թիվ 33/12305 փոխադրման ամփոփագրով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 800 կիլոգրամ բեռ (ներմուծված բեռի քաշը փոխադրման ամփոփագրում նշված է 500 կիլոգրամ, սակայն ըստ Կոմիտեի` այն փաստացի կազմել է 800 կիլոգրամ), որը հանձնվել է ժամանակավոր պահպանության 2 ամիս ժամկետով: Այդ բեռից 774 կիլոգրամի համար սահմանված ժամկետում ներկայացվել է մաքսային հայտարարագիր, իսկ մնացած 26 կիլոգրամ ապրանքի համար սահմանված ժամկետում մաքսային հայտարարագիր չի ներկայացվել: Նշված փաստի առթիվ 23.06.2016 թվականին կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և Կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալի 13.07.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 80/10 որոշմամբ Արկադի Բարսեղյանը տուգանվել է 50.000 ՀՀ դրամով` ՀՀ մաքսային օրենսգրքի 194-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման (սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը) կատարման համար (հատոր 1-ին, գ.թ. 10-16):
Այնուհետև Կոմիտեն դիմել է վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել Արկադի Բարսեղյանին ներկայացնելու 14.04.2016 թվականի թիվ 33/12305 փոխադրման ամփոփագրով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքներից 26 կիլոգրամի վերաբերյալ մաքսային հայտարարագիր (հատոր 1-ին, գ.թ. 4-6):
Դատարանը 10.10.2016 թվականի որոշմամբ մերժել է Կոմիտեի հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով: Դատարանը որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Արկադի Բարսեղյանը 14.04.2016 թվականի Հայաստանի Հանրապետություն ներմուծված 26 կիլոգրամ ապրանքի համար սահմանված ժամկետում մաքսային հայտարարագիր չներկայացնելու համար ենթարկվել է վարչական տույժի և օրենքի ուժով շարունակում է կրել մաքսային հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը: Մինչդեռ օրենքով վարչական դատարանին վերապահված չէ Արկադի Բարսեղյանի վրա մաքսային հայտարարագիր ներկայացնելու լրացուցիչ պարտականություն դնելու իրավազորություն, հետևաբար Կոմիտեի հայցը ենթակա չէ դատարանում քննության (հատոր 1-ին, գ.թ. 20-21):
Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի 10.10.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողել է անփոփոխ` ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի վերոգրյալ պատճառաբանությունը (հատոր 2-րդ, գ.թ. 35-39):
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
i
Նախ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արկադի Բարսեղյանի կողմից խնդրո առարկա ապրանքների ներմուծման պահին Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մաքսային հայտարարագրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում էին «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով, որի 157-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրվում են միության մաքսային օրենսգրքի 27-րդ և 47-50-րդ գլուխներին, Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և նույն օրենքին համապատասխան: Արկադի Բարսեղյանի կողմից խնդրո առարկա ապրանքների ներմուծման պահին գործում էր Մաքսային միության մաքսային օրենսգիրքը, որն ընդունվել է 27.11.2009 թվականին, Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 02.01.2015 թվականին և ուժը կորցրել է 01.01.2018 թվականին: Ներկայումս այդ օրենսգրքին փոխարինելու է եկել 11.04.2017 թվականին ընդունված Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 01.01.2018 թվականին: Այդ իսկ պատճառով սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ միայն իրավահարաբերության ծագման պահին գործող` Մաքսային միության մաքսային օրենսգրքի` մաքսային հայտարարագրմանն առնչվող վերաբերելի դրույթների վերլուծությանը` նպատակ ունենալով պարզել այն հարցը, թե ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասը կազմող այդ միջազգային պայմանագրով կամ այլ իրավական ակտերով դատարանին վերապահված է արդյո՞ք մաքսային հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա դնելու իրավասություն:
Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող` Մաքսային միության մաքսային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն` մաքսային հայտարարագիրը սահմանված ձևով կազմված փաստաթուղթ է, որը պարունակում է ապրանքների, ընտրված մաքսային ընթացակարգի վերաբերյալ տվյալներ և այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են ապրանքների բացթողման համար:
Իրավահարաբերության ծագման պահին գործող` Մաքսային միության մաքսային օրենսգրքի` «Ապրանքների մաքսային հայտարարագրումը» վերտառությամբ 27-րդ գլխի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքները ենթակա են մաքսային հայտարարագրման` մաքսային ընթացակարգով ձևակերպման կամ նույն օրենսգրքին համապատասխան սահմանված այլ դեպքերում:
Իրավահարաբերության ծագման պահին գործող` Մաքսային միության մաքսային օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը ներկայացվում է մինչև ապրանքների ժամանակավոր պահպանության ժամկետը լրանալը, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող` Մաքսային միության մաքսային օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն` ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար անհրաժեշտ ապրանքների մաքսային հայտարարագրման և մաքսային այլ գործառնություններ իրականացնելու ժամանակ հայտարարատուն պարտավոր է` (1) կատարել ապրանքների մաքսային հայտարարագրում (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող` Մաքսային միության մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածի համաձայն` հայտարարատուն, Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն է կրում նույն օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները չկատարելու (...) համար (...):
Վերոգրյալ իրավադրույթների համակարգային վերլուծությունից բխում է, որ ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար հայտարարատուն պարտավոր է ներկայացնել այդ ապրանքների մաքսային հայտարարագիր, որը պարունակում է ապրանքների ու ընտրված մաքսային ընթացակարգի վերաբերյալ տվյալներ և այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են ապրանքների բացթողման համար: Ընդ որում, որպես կանոն, Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչև ապրանքների ժամանակավոր պահպանության ժամկետը լրանալը:
i
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մաքսային սահմանը հատող անձանց համար ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման պարտականության նախատեսումն ինքնանպատակ չէ: Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումը, ըստ էության, մաքսային սահմանը հատող անձի կողմից մաքսային մարմիններին որոշակի տեղեկատվություն տրամադրելու օրենսդրորեն սահմանված եղանակ է: Նման իրավակարգավորման նպատակը հարկեր, տուրքեր վճարելու, պարտադիր այլ վճարումներ կատարելու անձի սահմանադրաիրավական պարտականության պատշաճ կատարման համար անհրաժեշտ իրավական երաշխիքների ապահովումն է, քանի որ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրելու միջոցով լուծվում է տվյալ ապրանքի կամ տրանսպորտային միջոցի ներմուծման կամ արտահանման համար գանձվող մաքսատուրքի վճարման հարցը, ինչպես նաև պարզվում է գանձման ենթակա մաքսատուրքի չափը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Վահե Հարությունյանի և Վահե Հարությունյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/5170/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապրանքների մաքսային հայտարարագիրը ներկայացնելու պարտականությունը հայտարարատուի վրա դրվում է իրավահարաբերության ծագման պահին գործող` Մաքսային միության մաքսային օրենսգրքի ուժով, և դրա համար որևէ մարմնի կողմից հատուկ որոշում կայացնելու անհրաժեշտությունը բացակայում է: Այլ կերպ ասած` ապրանքների մաքսային ընթացակարգով ձևակերպման կամ իրավահարաբերության ծագման պահին գործող` Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխան սահմանված այլ դեպքերում հայտարարատուն կրում է այդ ապրանքների մաքսային հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, որը վերջինիս վրա ինքնըստինքյան դրվում է այդ միջազգային պայմանագրի ուժով` առանց որևէ հանրային-իշխանական մարմնի, այդ թվում նաև` դատարանի կողմից հատուկ անհատական իրավական ակտ ընդունելու անհրաժեշտության: Ընդ որում, իրավահարաբերության ծագման պահին գործող` Մաքսային միության մաքսային օրենսգիրքը սահմանել է, որ այդ պարտականությունը չկատարելու համար հայտարարատուն կրում է Մաքսային միության անդամ երկրների ազգային օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող պատասխանատվությունը սահմանված է ՀՀ մաքսային օրենսգրքով (194-րդ և 203-րդ հոդվածներ): Մաքսային կանոնների վերոգրյալ խախտման համար ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցը հանդիսանում է վարչական տույժի տարատեսակ, իսկ նույն օրենսգրքի 38-րդ գլխի 205-րդ հոդվածի համաձայն` մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է նույն գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի` նույն գլխին չհակասող մասով: Իր հերթին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է, որ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ: Վերոգրյալից հետևում է, որ սահմանված ժամկետում հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագիր չներկայացնելու համար վարչական տույժի ենթարկվելը հայտարարատուին չի ազատում իրավահարաբերության ծագման պահին գործող` Մաքսային միության մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածով սահմանված` ապրանքների մաքսային հայտարարագիրը ներկայացնելու պարտականությունից:
Փաստորեն, իրավահարաբերության ծագման պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգիրքը, սահմանելով հայտարարատուի` ապրանքների մաքսային հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը, չի նախատեսել որևէ կարգավորում դատական կարգով այդ պարտականությունը կատարելուն անձին հարկադրելու վերաբերյալ: Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապրանքների մաքսային հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը հայտարարատուի վրա դատական կարգով դնելու վերաբերյալ որևէ իրավակարգավորում նախատեսված չէ նաև «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով կամ այլ միջազգային պայմանագրերով: Փոխարենը` իրավահարաբերության ծագման պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգիրքը սահմանել է, որ այդ պարտականությունը չկատարելու համար հայտարարատուն կրում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում իրավահարաբերության ծագման պահին մաքսային հայտարարագրման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքներում և միջազգային պայմանագրերում (մասնավորապես` Մաքսային միության մաքսային օրենսգրքում) գոյություն չունի այնպիսի իրավակարգավորում, որի համաձայն` ապրանքների մաքսային հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը հայտարարատուի վրա դնելու իրավասությունը վերապահված է դատարանին: Այսինքն` Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում դատարանն իրավահարաբերության ծագման պահին մաքսային հայտարարագրման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքներով և միջազգային պայմանագրերով (մասնավորապես` Մաքսային միության մաքսային օրենսգրքով) օժտված չէ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա մաքսային հայտարարագիր ներկայացնելու պարտականություն դնելու իրավասությամբ: Հետևաբար ապրանքների մաքսային հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը հայտարարատուի վրա դնելու իրավասությունն օրենքով դատարանին վերապահված լինելու իրավական հիմք գոյություն չունի: Ասվածն էլ իր հերթին նշանակում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա ապրանքների մաքսային հայտարարագիր ներկայացնելու պարտականություն դնելու վերաբերյալ վարչական մարմինների կողմից ներկայացված հայցը ենթակա չէ քննության դատարանում:
Վերոգրյալ իրավական վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ 14.04.2016 թվականի թիվ 33/12305 փոխադրման ամփոփագրով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքներից 26 կիլոգրամի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելուն Արկադի Բարսեղյանին պարտավորեցնելու պահանջի մասին Կոմիտեի կողմից ներկայացված հայցը ենթակա չէ քննության դատարանում, քանի որ սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համաձայն` Արկադի Բարսեղյանի վրա նման պարտականություն դնելու իրավասությունն իրավահարաբերության ծագման պահին մաքսային հայտարարագրման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքներով և միջազգային պայմանագրերով (մասնավորապես` Մաքսային միության մաքսային օրենսգրքով) վերապահված չէ դատարանին: Հետևաբար սույն գործով Կոմիտեի կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը ենթակա էր մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված` հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, ինչն էլ իրավացիորեն արձանագրվել է ստորադաս դատարանների կողմից:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ սույն գործով Դատարանը, մերժելով 14.04.2016 թվականի թիվ 33/12305 փոխադրման ամփոփագրով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքներից 26 կիլոգրամի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելուն Արկադի Բարսեղյանին պարտավորեցնելու պահանջի մասին Կոմիտեի հայցադիմումի ընդունումը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի այդ որոշումը, կայացրել են ըստ էության ճիշտ դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` ստորադաս դատարանի միջանկյալ դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.11.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ն. Տավարացյան