ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵՄԴ/3297/02/14
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/3297/02/14 2016թ.
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ` Ա. Խառատյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ռ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի
2016 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2015 թվականի որոշման դեմ` ըստ Նախարարության Մաշտոցի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ Գագիկ Խաչատրյանի, երրորդ անձինք Հռիփսիկ, Հրաչյա, Աննա, Արմեն և Արսեն Խաչատրյանների` ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Երևանի Օհանովի փողոցի 76-րդ շենքի թիվ 10 բնակարանի` ընդհանուր սեփականության իրավունքով պարտապան Գագիկ Խաչատրյանին պատկանող բաժնեմասի վրա բռնագանձում տարածել, ինչպես նաև վճիռ կայացնել բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համապատասխան:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Կարապետյան) (այսուհետ` Դատարան) 10.04.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.09.2015 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.04.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ սույն գործով ընդհանուր սեփականության մասնակիցները պատասխանողի կողմում ներգրավված են եղել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք և պատշաճ ծանուցված լինելու պայմաններում զրկված չեն եղել ընդհանուր սեփականության` Գագիկ Խաչատրյանին պատկանող բաժնեմասի գնման իրենց իրավունքն իրացնելուց: Հետևաբար բաժնային սեփականատերերի կողմից իրենց իրավունքը չիրացնելը դիտվում է որպես ձեռքբերման իրավունքից հրաժարում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.09.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ վարչական դատարանի 26.04.2010 թվականի թիվ ՎԴ/15016/03/10 օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ ստացած վճարման կարգադրության համաձայն` Գագիկ Խաչատրյանից հօգուտ Տեսչության ենթակա է բռնագանձման 720.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 8):
2) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձման բաժնի (այսուհետ` Ծառայություն) հարկադիր կատարող Էդ. Զորօղլյանի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 08.02.2012 թվականի որոշման համաձայն` ՀՀ վարչական դատարանի կողմից 28.10.2011 թվականին տրված թիվ ՎԴ/15016/03/10 կատարողական թերթով Գագիկ Խաչատրյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 720.000 ՀՀ դրամ: Կատարողական գործողությունների ընթացքում Տեսչությանն առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան` պարտապան Գագիկ Խաչատրյանին պատկանող բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով: Թիվ ՎԴ/15016/03/10 կատարողական թերթը կատարելու վերաբերյալ 24.11.2011 թվականին հարուցված թիվ 01/11-2348/11 կատարողական վարույթն ավարտվել է (հատոր 1-ին, գ.թ. 9):
3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման 26.03.2012 թվականի թիվ ԿԽ-1/844 գրության համաձայն` Երևանի Օհանովի փողոցի 76-րդ շենքի թիվ 10 բնակարանը բաժնային սեփականության իրավունքով գրանցված է Հռիփսիկ, Հրաչյա, Աննա, Արմեն, Արսեն, Գագիկ Խաչատրյանների անվամբ` Հռիփսիկ, Հրաչյա, Աննա, Արմեն, Արսեն, Գագիկ Խաչատրյանների` բոլորը 6/7 բաժնեմասով, Հռիփսիկ, Հրաչյա Խաչատրյանների` 1/7 բաժնեմասով (հատոր 1-ին, գ.թ. 10):
4) Սույն գործով երրորդ անձինք Հռիփսիկ, Հրաչյա, Աննա, Արմեն և Արսեն Խաչատրյանները պատշաճ կերպով ծանուցվել են դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, սակայն չեն ներկայացել դատարան (հատոր 1-ին, գ.թ. 45-58):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցապահանջի քննության ընթացքում ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից բաժնեմասի գնման իրենց իրավունքի իրացման հարցին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
i
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:
Այսինքն` ընդհանուր սեփականության մասնակիցների մոտ պարտապանի մասը գնելու իրավունքի ծագման համար անհրաժեշտ է երկու նախապայմանի առկայություն. երբ պարտապանի բաժինը բնեղենով անհնար է առանձնացնել կամ դրա դեմ կա առարկություն:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված նյութական նորմի վերլուծությանը, արձանագրել է, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգը զուգակցում է ինչպես ընդհանուր սեփականության մեջ պարտապան մասնակցի, պարտատիրոջ, այնպես էլ մյուս սեփականատերերի շահերը: Մասնավորապես` վերջիններիս շահերից ելնելով` սահմանված է, որ բաժնի վրա բռնագանձում տարածելը հնարավոր է միայն պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում: Ընդհանուր սեփականության մասնակիցներն իրավունք ունեն շուկայական գնով գնելու գույքի այն բաժինը, որի վրա բռնագանձում է տարածվում: Ընդ որում, վաճառքից ստացված գումարը կուղղվի պարտքի մարմանը: Իսկ պարտատիրոջ շահերի պաշտպանության համար սահմանված է, որ վերջինս իրավունք ունի պահանջելու ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել պարտապանի բաժինը` դրա վրա բռնագանձում տարածելու համար, ինչպես նաև իրավունք ունի առաջարկելու ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին գնել պարտապանի բաժինը, իսկ վերջիններիս կողմից հրաժարվելու դեպքում` պահանջել ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը վաճառել հրապարակային սակարկություններով (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դերենիկ, Վոլոդյա, Դեղձուհի, Էմմա, Արմինե, Հարություն, Տաթևիկ Մարգարյանների թիվ ԳԴ4/0306/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը նպատակ է հետապնդում ապահովելու ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների իրավունքների առավելագույն պաշտպանությունն իրենց հետ ընդհանուր գույքում բաժին ունեցող պարտապանի ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում: Օրենսդիրը, ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների համար իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ սահմանելով հանդերձ, որոշակի հանգամանքների առկայության պայմաններում, այն է` ընդհանուր գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության, ինչպես նաև ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից պարտապանի բաժինը գնելուց հրաժարվելու պարագայում, նախատեսել է այդ իրավունքների սահմանափակման հնարավորություն, որի նպատակն է ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների և պարտատիրոջ իրավունքների միջև անհրաժեշտ հավասարակշռություն ապահովելը: Նման իրավիճակում օրենսդիրը պարտատիրոջ իրավունքների պաշտպանության միակ հնարավոր միջոց է համարել պարտատիրոջ իրավունքը` պահանջելու ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառել` դրանից ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելով և բռնագանձումը պարտապանի բաժին գումարի վրա տարածելով:
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է վաճառվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`
1. ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար,
2. բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները,
3. պարտատերն ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը,
i
4. ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը (տե՛ս, Լաուրա Դավթյանն ընդդեմ Արսեն Մակարյանի, Լիաննա Ղազարյանի և Ալլա Մակարյանի թիվ ԼԴ4/0280/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի` պարտապանի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ բաժնեմասը բնեղենով առանձնացնելու պահանջի դեմ առարկելու դեպքում ընդհանուր սեփականության մասնակիցներն իրավունք են ստանում գնելու ընդհանուր սեփականության մեջ պարտապանի բաժինը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցապահանջի քննության պայմաններում ընդհանուր սեփականության մասնակիցներից պահանջվում է կոնկրետ և համարժեք գործողությունների կատարում, որոնք ուղղված են ընդհանուր սեփականության մեջ պարտապանի բաժնի գնմանը` օրենքով սահմանված կարգով: Հակառակ դեպքում օրենսդիրը նախատեսել է ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժնի առանձնացման և/կամ դրա իրացման կարգ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանված կարգով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված գործողությունները լիարժեք կարող են իրականացվել` ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության մասնակիցներին գործին մասնակից դարձնելով, նրանց ներկայությունը դատական քննությանը պատշաճ ապահովելով, նրանց կողմից իրենց դատավարական իրավունքները և պարտականությունները բարեխիղճ իրականացվելու միջոցով:
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վարչական դատարանի 26.04.2010 թվականի թիվ ՎԴ/15016/03/10 օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ ստացած վճարման կարգադրության համաձայն` Գագիկ Խաչատրյանից հօգուտ Տեսչության ենթակա է բռնագանձման 720.000 ՀՀ դրամ: Ծառայության 08.02.2012 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշմամբ արձանագրվել է, որ 28.10.2011 թվականին տրված թիվ ՎԴ/15016/03/10 կատարողական թերթով պետք է Գագիկ Խաչատրյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 720.000 ՀՀ դրամ: Միաժամանակ կատարողական գործողությունների ընթացքում Տեսչությանն առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան` պարտապան Գագիկ Խաչատրյանին պատկանող բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով:
Գործում առկա` Կադաստրի 26.03.2012 թվականի թիվ ԿԽ-1/844 գրությամբ նշվել է, որ Երևանի Օհանովի փողոցի 76-րդ շենքի թիվ 10 բնակարանը բաժնային սեփականության իրավունքով գրանցված է Հռիփսիկ, Հրաչյա, Աննա, Արմեն, Արսեն, Գագիկ Խաչատրյանների անվամբ: Ընդ որում, Հռիփսիկ, Հրաչյա, Աննա, Արմեն, Արսեն, Գագիկ Խաչատրյանների` բոլորը 6/7 բաժնեմասով, իսկ Հռիփսիկ, Հրաչյա Խաչատրյանների` 1/7 բաժնեմասով:
Սույն գործով երրորդ անձինք Հռիփսիկ, Հրաչյա, Աննա, Արմեն և Արսեն Խաչատրյանները պատշաճ կերպով ծանուցվել են դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, սակայն չեն ներկայացել դատարան:
Դատարանը, արձանագրելով, որ պարտատերը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ առաջարկել է երրորդ անձանց գնել պարտապանի բաժնեմասը, պատճառաբանել է, որ «հիմք ընդունելով ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների իրավունքների առավելագույն պաշտպանության` ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կարևորված անհրաժեշտությունը, ինչպես նաև հաշվի առնելով բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու համար անհրաժեշտ ոչ բոլոր պայմանների առկայությունը, գտնում է, որ առկա է արգելք` բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու համար», ուստիև հայցը մերժել է:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, իր որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց, որով ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչությունն ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին առաջարկել է գնել պարտապանին պատկանող բաժնեմասը, իսկ նրանք հրաժարվել կամ չարձագանքելով իրենց կատարված առաջարկին` այդպիսով հրաժարվել են պարտապանի բաժինը գնելուց: Նման պայմաններում, երբ առաջարկ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին չի ուղարկվել, վերջիններս այդպիսին չեն ստացել, չի կարող հաստատված համարվել այն, որ վերջիններս հրաժարվել են պարտապանի բաժինը ձեռք բերելուց»:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների իրավաչափությանը, գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Երևանի Օհանովի փողոցի 76-րդ շենքի թիվ 10 բնակարանի` ընդհանուր սեփականության իրավունքով պարտապան Գագիկ Խաչատրյանին պատկանող բաժնեմասի վրա բռնագանձում տարածել, ինչպես նաև վճիռ կայացնել բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համապատասխան: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջ Դատարանին ներկայացնելով` Տեսչությունը, ըստ էության, կամահայտնություն է դրսևորել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի կանոնների պահպանմամբ հասնել գույքի վաճառքին` ստացված գումարից իր պարտքը ստանալու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարան արձանագրում է, որ սույն գործով ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները, ներգրավված լինելով որպես դատավարության կողմ և պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, չեն իրացրել պարտապանին ընդհանուր սեփականությունում պատկանող բաժնեմասի գնման` օրենքով իրենց վերապահված իրավունքը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ գործի քննության վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված ընդհանուր սեփականության մասնակիցների կողմից իրենց սուբյեկտիվ իրավունքների իրացման ուղղությամբ անգործության դրսևորման պայմաններում պարտատիրոջ իրավունքները չեն կարող անտեսվել, հետևաբար սույն գործի քննության ընթացքում ընդհանուր սեփականության մասնակիցների` որպես դատավարության կողմ ներգրավված լինելու պայմաններում արդեն իսկ գործել է այն կանխավարկածը, որ պարտատերն ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին առաջարկել է գնել պարտապանին պատկանող բաժնեմասը, հետևաբար պարտատերն իր շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից բաժնեմասի գնման իրենց իրավունքի չիրացման պայմաններում պետք է ապահովվեր պարտատիրոջ իրավունքների պաշտպանությունը, ինչը գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննություն չկատարելու պայմաններում, չի ապահովվել:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան