ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0789/02/11
դատարանի որոշում 2013 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0789/02/11
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ` Տ. Սահակյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2013 թվականի ապրիլի 05-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.05.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) ընդդեմ Վարդան Հարությունյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` պետությանը պատճառված 1.810.600 ՀՀ դրամ վնասը բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Վարդան Հարությունյանից բռնագանձել 1.810.600 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի գումար:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 12.03.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.05.2012 թվականի որոշմամբ Վարդան Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 12.03.2012 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատախազությունը Վարդան Հարությունյանից գումար բռնագանձելու պահանջով հայց հարուցելիս ղեկավարվել է ոչ թե «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, այլ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն` դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը, ինչը բխում է ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով սահմանված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դատախազության լիազորությունից: Դատախազը կարող է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել, եթե քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների շրջանակներում տեղի է ունեցել պետության գույքային շահերի խախտում, անկախ այն հանգամանքից, թե պետության գույքային շահերը խախտվել են հանցագործության, թե որևէ այլ ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում: Ընդ որում, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատախազը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան, ինչը Վերաքննիչ դատարանն անտեսել է: Դատախազությունը, որպես գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող գրավոր ապացույցներ Դատարան է ներկայացրել Կոմիտեի հետաքննության վարչությունում Վարդան Հարությունյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերում առկա փաստաթղթերի` Վարդան Հարությունյանի բացատրության, փորձագետի եզրակացության և քրեական գործի հարուցումը մերժելու մասին չբողոքարկված որոշման պատճենները, որոնցով հիմնավորվում է Վարդան Հարությունյանի անօրինական գործողությունների և պետությանը պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.05.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. 23.01.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` «Ավատ» ՍՊԸ-ն (այսուհետ` Ընկերություն), ի դեմս տնօրեն Վարդան Հարությունյանի, Վահագն Ասատրյանին 1.200.000 ՀՀ դրամով օտարել է Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Գ. Զոհրապի փողոցի թիվ 124 ա հասցեում գտնվող արտադրական տարածքը (հատոր 1, գ.թ. 13):
2. Հարկային ստուգումների բաժնի ավագ հ/տ Ա. Գինոսյանի կողմից կազմված տեղեկանքի համաձայն` 12.02.2010 թվականի դրությամբ Ընկերության հարկային պարտավորությունը կազմել է 1.996.600 ՀՀ դրամ(հատոր 1, գ.թ. 5):
3. Կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչի 24.03.2010 թվականի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման համաձայն` Ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (հատոր 1, գ.թ. 17,18):
4. ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 09.03.2010 թվականի թիվ 10-0361 փորձագիտական եզրակացության համաձայն` Ընկերության պարտավորությունները տույժ և տուգանքներով հանդերձ 12.02.2010 թվականի դրությամբ կազմում են ընդամենը 4.689.000 ՀՀ դրամ, այդ թվում շահութահարկ` 805.300 ՀՀ դրամ, ԱԱՀ` 1.005.300 ՀՀ դրամ, ընդամենը հարկեր` 1.810.600 ՀՀ դրամ (հատոր 1, գ.թ. 6-12):
5. Ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանի կողմից 10.12.2009 թվականին Կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ Ա. Տոնոյանին տրված բացատրության համաձայն` 2004 թվականի 2-րդ եռամսյակից Արաբկիրի հարկային տեսչություն հաշվետվություններ չի ներկայացրել, ինչպես նաև Ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ նույնպես Արաբկիրի հարկային տեսչություն դիմում չի ներկայացրել (հատոր 1, գ.թ. 15-16):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկային պարտավորությունները տնտեսվարող սուբյեկտի տնօրենից (գործադիր մարմնի ղեկավարից) բռնագանձելու պահանջի իրավաչափության հարցին` հաշվի առնելով նման գործերով դատական պրակտիկայի միասնականության ապահովումը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին: Մասնավորապես վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը(ի թիվս այլոց տե՛ս` Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Վերը նշված դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում նշել, որ պատճառված վնասի հատուցմանը վերաբերող գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասնավորապես, դատարանները նախ և առաջ պետք է որոշեն այն իրավական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը և դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը:
Վնասի հատուցման գործերով փաստերի իրավական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական, ինչպես նաև դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի և 1058-րդ հոդվածի 1-ին կետի կանոնակարգումներից հետևում է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.
- ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),
- վնաս պատճառող անձի առկայությունը,
- պատճառված վնասի առկայությունը,
- վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը,
- պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև:
Պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելը
ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն`դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:
i
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե`
1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ
2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ
3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ
4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ
5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:
ՀՀ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված պետական շահերի պաշտպանության իրավասությունը կոնկրետացվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածում, որտեղ ամրագրված են դատախազության այն լիազորությունները, որոնցով իրականացվելու է պետական շահերի պաշտպանությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական շահերի պաշտպանության իրականացումը կախված լիազորությունների բովանդակությունից, ունի իրականացման տարբեր մեխանիզմներ: Այսպես, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազությունն օգտվում է դատավարական այն իրավունքներից և կրում է այն պարտականությունները, որոնք ունենալու էր պետական այն մարմինը ով հայց ներկայացնելու պարտականություն ուներ: Հետևաբար դատախազությունը զրկված չէ վարչական դատավարության կարգով տնտեսվարող սուբյեկտի դեմ հարկային պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու հայց ներկայացնելու հնարավորությունից, եթե պետական իրավասու մարմինը ցուցաբերում է անգործություն կամ դիմել է դատախազությանը նման հայց ներկայացնելու միջնորդությամբ:
Վերը հիշատակված հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում ամրագրված դատախազության լիազորությունը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ հայց հարուցելու լիազորությամբ օժտված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին: Նշված դրույթի օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ դատախազության` հայց հարուցելու դատավարական պարտականության իրացման նախապայման է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` հայց հարուցելու լիազորության բացակայությունը: Նշված կանոնակարգումը քննարկելով չվճարված հարկային պարտավորությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը բռնագանձելու հարցի համատեքստում, նախ անհրաժեշտ է որոշել, թե արդյոք կոնկրետ վիճելի իրավահարաբերության առկայության պարագայում բացակայում է որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` հայց հարուցելու լիազորությունը:
Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում նշել, որ տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հիման վրա հարուցված քրեական գործի կարճման պարագայում, արարքի` որպես հանցագործության վերաբերյալ խոսք լինել չի կարող, մինչդեռ քաղաքացիաիրավական հարաբերությունը (վնաս պատճառելու հիմքով ծագող հարաբերությունը), որի ծագման պայմանները կարող են համընկնել քրեական պատասխանատվության ծագման պայմանների հետ, շարունակում է գոյություն ունենալ: Նման իրավիճակում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի (կամ պատասխանատու պաշտոնատար անձի) կատարած գործողությունների (անգործության) հետևանքով հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասը տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից բռնագանձելու պահանջ ներկայացնելու լիազորությամբ որևէ պետական մարմին օժտված չէ:
Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված է դատախազության լիազորությունը հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելու հայց ներկայացնելու մասին, որպիսի լիազորության իրականացումը պայմանավորված է երկու փաստերի առկայությամբ`
1) հանցանքի կատարում, որը կարող է հաստատվել միակ թույլատրելի ապացույցով, այն է` օրինական ուժի մեջ մտած դատավճռով և
2) հանցանքի արդյունքում պետությանը պատճառված գույքային վնաս:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ հարկերի և(կամ) տուրքերի չվճարման կամ պակաս վճարման համար դատախազությունը գործում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված լիազորությունների շրջանակում, ապա հայցապահանջը պետք է վերաբերի կոնկրետ տնտեսվարող սուբյեկտին հարկային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելուն: Մինչդեռ չվճարված հարկերը կամ տուրքերը, որպես պետությանը պատճառված վնաս գանձելու համար կարող է առկա լինել ինչպես հանցագործություն կատարելու փաստը և վնաս պատճառելը («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), այնպես էլ առանց հանցագործության փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցի առկայության վնաս պատճառելը և համապատասխան լիազոր մարմնի բացակայությունը կամ այդպիսի մարմնի մոտ համապատասխան լիազորության բացակայությունը: Ընդ որում, նշված դեպքում որպես պատասխանող հանդես է գալիս այն անձը, ում լիազորությունների շրջանակում է եղել հարկային հաշվետվությունների ներկայացումը, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելու արդյունքում պետությունը կրել է գույքային կորուստ:
Համադրելով վերոնշյալ հոդվածները չվճարված հարկերը կամ տուրքերը, որպես պետությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ մեկնաբանության հետ` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու հայցը դատախազությունը կարող է ներկայացնել քրեական գործի դատավարության ընթացքում քաղաքացիական հայցի ձևով կամ քաղաքացիական դատավարության կարգով:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այն դեպքերում, երբ պետությանը պատճառված վնասի հատուցման հայցը ներկայացվել է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի դեմ, ում լիազորությունն է հարկային հաշվետվությունների ներկայացումը, անհրաժեշտ է ապացուցել տվյալ անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության կատարած լինելու փաստի առկայությունը, որպիսին հիմնավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված ապացույցներով:
Վերոնշյալ եզրահանգումների համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Մասնավորապես, Եվրոպական դատարանը նշել է, որ չնայած քաղաքացիական պատասխանատվության ծագման պայմանները հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմանների հետ, այդուհանդերձ քաղաքացիաիրավական հայցը պետք է լուծվի քաղաքացիական պարտավորական իրավունքի սկզբունքների հիման վրա: Քրեական գործով իրականացված դատավարության արդյունքը որոշիչ չէ վնասի հատուցման վերաբերյալ գործով: Տուժողն իրավունք ունի պահանջել վնասների հատուցում անկախ այն հանգամանքից պատասխանողը դատապարտվել է, թե` արդարացվել, և փոխհատուցման հարցը պետք է դառնա իրավական ինքնուրույն գնահատման առարկա, որի պարագայում ապացուցման չափորոշիչները էականորեն տարբերվում են քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքերից: Դատարանի կարծիքով այն, որ միևնույն արարքը կարող է առաջացնել քրեական գործի հետ նույնական (ընդհանուր) հանգամանքներից (փաստերից) բխող վնասը հատուցելու քաղաքացիաիրավական պարտականություն, բավարար հիմքեր չի ստեղծում անձի նկատմամբ կիրառված քաղաքացիաիրավական պատասխանատվությունը դիտել նաև «քրեական պատիժ»(տե՛ս Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի գործով Եվրոպական դատարանի 11.02.2003 թվականի վճիռը, պարբ. 38):
Միաժամանակ, հաշվի առնելով նմանատիպ գործերի քննության ընթացքում առկա իրավակարգավորման առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ համաներում կիրառելու, ինչպես նաև քրեական պատասխանատվությունից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հիմքով ազատելու պարագայում, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-145-Ն և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ ՀՕ-214-Ն օրենքով կատարված փոփոխություններից հետո նշված գումարների վճարված լինելը պարզելու հարցը քրեական վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն է:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից` օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով հատկապես նախատեսված դեպքերում ազատվելու պայմանը կոնկրետացված է նույն օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասում, որի համաձայն (մինչև 2013 թվականի փետրվարի 5-ի դրությամբ գործող ինկորպորացիայով)` սույն օրենսգրքի 188-րդ, 189-րդ, 193-րդ, 194-րդ, 205-րդ և 206-րդ հոդվածներով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները:
Օրենսդրական գործող կարգավորումը հնարավոր է համարում նաև չվճարված կամ պակաս վճարված հարկերն ու տուրքերը գանձելու հարցին անդրադառնալու հնարավորություն մինչև համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդումը չիրականացնելու, կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն`քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե ընդունվել է համաներման ակտ:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: Սույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:
Վերոգրյալը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի (կամ պատասխանատու պաշտոնատար անձի) կատարած գործողությունների (անգործության) հետևանքով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում դրանք տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից որպես պետությանը պատճառված վնաս քաղաքացիական հայց հարուցելու միջոցով կարող են գանձվել մինչև ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում վերը նշված փոփոխությունների կատարումը իրականացված հակաիրավական արարքների արդյունքում պատճառված վնասի համար, քանի որ նշված փոփոխություններից հետո համաներման ակտերի ընդունման և համաներում կիրառելու մասին որոշման առկայության կամ անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ որոշման առկայության պարագայում գործում է պատճառված վնասի հատուցված լինելու կամ վնասի հետ կապված վեճի բացակայության կանխավարկածը: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև Գարիկ Ղազարյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը (տե՛ս Գարիկ Ղազարյանի վերաբերյալ թիվ ՏԴ/0088/01/11 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 30.03.2012 թվականի որոշումը):
Սույն հարցի համատեքստում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ իրավակիրառ պրակտիկայում քաղաքացիական գործերով տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձանցից չվճարված կամ պակաս վճարված հարկերը և տուրքերը որպես պետությանը պատճառված վնաս քաղաքացիական հայց հարուցելու դատախազության լիազորությանը տրվող ոչ միանշանակ մեկնաբանություններին:
Դատախազության կողմից ներկայացված հայցերում և բողոքներում հիշատակվում են «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն դրույթները, որոնցում ամրագրված են դատախազական մարմինների լիազորությունները պետական շահերի պաշտպանության հարցում: Նշված լիազորություններից յուրաքանչյուրը պայմանավորում է դատախազության` քրեական, քաղաքացիական կամ վարչական դատավարության կարգով հայց հարուցելու իրավասությունը: Այս առումով լիազորություններն ամրագրող կոնկրետ դրույթների հիշատակումը հայցում կամ բողոքում չեն կարող դիտվել որպես հայցի հիմք (իրավական հիմք), քանի որ հայցի հիմքը նյութական իրավունքի այն նորմն է, որի վրա հիմնվում է ներկայացված պահանջը: Հաշվի առնելով նմանատիպ գործերի առանձնահատկությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիշատակված հոդվածի դրույթների գնահատումը կարող է տեղի ունենալ պատշաճ հայցվորի հարցը քննարկելու համատեքստում: Հետևաբար, դատարանը պարտավոր է ստուգել դատախազության` պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իրավասության առկայությունը, անկախ նրանից նշվել է լիազորություններից մեկը, թե մյուսը կամ էլ որևէ մեկը չի նշվել:
Միաժամանակ, վերը նշված պատճառաբանությունները հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հնարավոր են դեպքեր, երբ միևնույն գումարը, տույժերի հետ միասին, բռնագանձվի նաև տնտեսվարող սուբյեկտից: Այդ նկատառումից ելնելով` Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով կրկնակի բռնագանձումը բացառելու համար հարկ է համարում արձանագրել, որ այդ գործերի քննության ընթացքում անհրաժեշտ է գնահատել այն հանգամանքը, թե արդյոք վեճի առարկա` պետությանը վճարման ենթակա հարկային պարտավորությունների, ինչպես նաև տույժերի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է բռնագանձման վճիռ, որը փաստացի կատարվել է (գումարը բռնագանձվել է տնտեսվարող սուբյեկտից): Նման դատական ակտի առկայությունը և այն կատարված լինելու հանգամանքը արգելք կհանդիսանա քաղաքացիական գործով հայցի բավարարման համար` անկախ կողմերի տարբերությունից, քանի որ սույն գործով վեճի առարկա` պետությանը պատճառված վնասները վարչական դատավարության կարգով քննվող գործի արդյունքում հատուցված լինելու պայմաններում սույն գործով ներկայացված պահանջը կդիտվի առարկայազուրկ, քանի որ կբացակայի պետությանը որևէ կերպ վնաս պատճառելու փաստը: Այսինքն` երկու տարբեր հայցերի դեպքում էլ նույն հիմքով առաջացած գումարները պետության օգտին կրկնակի բռնագանձելն ուղղակիորեն կենթադրի կրկնակի պատասխանատվություն կատարված արարքի համար: Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված ապացուցման և ապացույցները գնահատելու կանոններին համապատասխան դատարանները պետք է հաշվի առնեն հարուցված քաղաքացիական գործերին զուգահեռ քննվող վարչական գործերի առկայության կամ բացակայության փաստը, գումարի բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայությունը, ինչպես նաև այդ ակտերի փաստացի կատարված լինելը: Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ այն դեպքերին, երբ տնտեսվարող սուբյեկտի կողմից վիճարկվել է հարկային մարմնի կողմից կազմված վարչական ակտի (ստուգման ակտի) իրավաչափությունը: Այս դեպքում ևս վարչական ակտի վիճարկման վերաբերյալ գործով հայցը բավարարելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը, որպես կանոն, արգելք է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից գումարի բռնագանձման վերաբերյալ գործի քննության համար: Ընդ որում, նման դեպքում էլ անհրաժեշտ է գնահատել այն, թե արդյոք հայցի փաստական հիմքում դրվել է միայն ստուգման ակտը:
Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը
Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման հիմք կարող է հանդիսանալ հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից ոչ միայն չի ներկայացվել պատասխանող ֆիզիկական անձ Վարդան Հարությունյանի կողմից հանցագործություն կատարելու փաստը հավաստող որևէ ապացույց, այլև գործում առկա ապացույցներով հիմնավորվել է ճիշտ հակառակը, այն է` բացակայում է հանցագործությունը: Ընդ որում, հանցագործության բացակայության պայմաններում բնականաբար խոսք չի կարող լինել այդ հանցագործությամբ պետությանն ուղղակիորեն գույքային վնաս պատճառված լինելու վերաբերյալ: ՈՒստիև առկա չեն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիման վրա դատախազի կողմից հայցի հարուցման նախապայմանները:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունն անհիմն է, քանի որ անկախ դատախազության կողմից «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքի կամ հիմքերի վկայակոչումից, դրանք պետք է գնահատվեին դատախազության` պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասության համատեքստում:
Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է նաև այն պատճառաբանությունը, որ Դատախազության կողմից հայցապահանջը ներկայացվել է ֆիզիկական անձ Վարդան Հարությունյանի դեմ, մինչդեռ հայցապահանջի հիմքում դրված և հայցադիմումին կցված փաստաթղթերը վերաբերում են Ընկերության պարտավորություններին, իսկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները, տվյալ դեպքում նրա անունից հանդես եկող տնօրենը, պատասխանատու չեն նրա պարտավորությունների համար, որպիսի պարագայում Վարդան Հարությունյանի կողմից իր մեղքով պետությանն ուղղակիորեն գույքային վնաս պատճառած հանցագործության բացակայության պայմաններում Վարդան Հարությունյան ֆիզիկական անձը չի կարող կրել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանի նման եզրահանգումը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով վնասների հատուցումը կարգավորող իրավական դրույթներից, քանի որ վնասի առկայությունը կախվածության մեջ է դնում հանցագործության կատարումից, մինչդեռ վերը նշված պատճառաբանություններից հետևում է, որ քաղաքացիական պատասխանատվության ծագման պայմանները հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմաններին: Այն, որ Ընկերության տնօրենի արարքում բացակայել է հանցակազմը, չի բացառում ինքնուրույն ոչ օրինաչափ վարքագծի առկայությունը, որը առաջացնում է քաղաքացիաիրավական պատասխանատվություն:
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 09.03.2010 թվականի թիվ 10-0361 փորձագիտական եզրակացությամբ հաստատվում է, որ Ընկերության պարտավորությունները` տույժ և տուգանքներով հանդերձ, 12.02.2010 թվականի դրությամբ կազմում են ընդամենը 4.689.000 ՀՀ դրամ, այդ թվում շահութահարկ` 805.300 ՀՀ դրամ, ԱԱՀ` 1.005.300 ՀՀ դրամ, ընդամենը հարկեր` 1.810.600 ՀՀ դրամ:
Միաժամանակ, Կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչի 24.03.2010 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմամբ հաստատվում է, որ Ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը 26.01.2007 թվականին 1.200.000 ՀՀ դրամով օտարել է Երևանի Գ. Զոհրապի փողոցի թիվ 124ա հասցեում գտնվող արտադրական նշանակության շինությունը, չնայած որ նշված գույքի կադաստրային արժեքը կազմել է 5.026.500 ՀՀ դրամ: Միաժամանակ պարզվել է, որ Ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը 2004 թվականի 2-րդ եռամսյակից Արաբկիրի հարկային տեսչություն հաշվետվություններ չի ներկայացրել, և արդյունքում Ընկերության հարկային պարտավորությունները կազմել են 4.689.000 ՀՀ դրամ, այդ թվում շահութահարկ` 805.300 ՀՀ դրամ, ԱԱՀ` 1.005.300 ՀՀ դրամ, ընդամենը հարկեր` 1.810.600 ՀՀ դրամ, ինչը հիմնավորվել է փորձագետի թիվ 10-0361 եզրակացությամբ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա նշված ապացույցներով կարող է հաստատվել Վարդան Հարությունյանի կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, որի դեպքում Դատախազությունն օրենքի ուժով իրավասու էր պետական շահերի պաշտպանության հայց հարուցել: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության և գործի նոր քննության ընթացքում, սույն որոշման պատճառաբանությունների համատեքստում գնահատման ենթարկել այն հանգամանքը, թե արդյոք վարչադատավարական կարգով հայց ներկայացվել է Ընկերությունից ստուգման ակտով հաշվարկված գումարները բռնագանձելու մասին, եթե այո, ապա հայցի բավարարման դեպքում արդյոք վճիռը փաստացի կատարվել է կամ Ընկերությունը վիճարկել է նշված ակտի իրավաչափությունը և արդյոք առկա է ակտն անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.05.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան