Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 4-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 4-ՐԴ ԵՎ 426.4-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԲ-04/12

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Հ. Ղուկասյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    մասնակցությամբ ներկայացուցիչ              Կ. Մեժլումյանի

 

    2012 թվականի մարտի 30-ին                            ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 30-ի որոշման դեմ Սիլվա Վարազդատի Ասատրյանի և նրա պաշտպան Կ.Մեժլումյանի վճռաբեկ բողոքի հիման վրա` նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2001 թվականի դեկտեմբերի 29-ին ավտոմեքենան պայթեցնելու միջոցով Մելիք Գասպարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

2005 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ Սիլվա Ասատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով:

2006 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ Ս.Ասատրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ կետերով և 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

2. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2007 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճռով Ս.Ասատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով և 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով Ս.Ասատրյանը դատապարտվել է ազատազրկման 8 (ութ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով` ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ս.Ասատրյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման 9 (ինը) տարի ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Յուրի Գրիգորիի Վոլֆսոնը:

3. Ամբաստանյալ Ս.Ասատրյանի և նրա պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2008 թվականի հունիսի 18-ի դատավճռով Ս.Ասատրյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ պաշտպանի բողոքը` առանց բավարարման:

4. 2008 թվականի նոյեմբերի 21-ին Ս.Ասատրյանը հավատարմագրված փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ վերադարձվել է:

5. Ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի հուլիսի 28-ի որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը նոր հանգամանքներով վերանայելու համար, Ս.Ասատրյանը և նրա պաշտպանը 2009 թվականի օգոստոսի 11-ին բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան, որով խնդրել են հարուցել վերանայման վարույթ, նոր հանգամանքի հիմքով վերանայել Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը, փոփոխել այն և Վերաքննիչ դատարանի 2008 թվականի հունիսի 18-ի դատավճռի դեմ բերված վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ:

2009 թվականի սեպտեմբերի 25-ին Վճռաբեկ դատարանը կայացրել է «Նոր հանգամանքով վերանայելու և վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում:

6. 2010 թվականի մարտի 22-ին Ս.Ասատրյանը և նրա պաշտպանը կրկին նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք են ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ վերադարձվել է:

7. 2011 թվականի մայիսի 24-ին Ս.Ասատրյանը և նրա պաշտպանը նոր հանգամանքի հիմքով կրկին վճռաբեկ բողոք են բերել, որը Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հունիսի 30-ի որոշմամբ վերադարձվել է:

8. Քաղաքացիներ Ս.Ասատրյանի և Ա.Մանուկյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը 2011 թվականի փետրվարի 25-ին որոշում է կայացրել, որի համաձայն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 18-րդ, 19-րդ և 93-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հունիսի 7-ի որոշումը նոր հանգամանքով վերանայելու համար, Ս.Ասատրյանը և նրա պաշտպանը 2012 թվականի փետրվարի 1-ին բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան, որով խնդրել են հարուցել վերանայման վարույթ, նոր հանգամանքի հիմքով վերանայել Վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 30-ի որոշումը, փոփոխել այն, 2009 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ և բավարարել: Արդյունքում` վարույթ ընդունել Վերաքննիչ դատարանի 2008 թվականի հունիսի 18-ի դատավճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը:

2012 թվականի մարտի 6-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

9. ՀՀ սահմանադրական դատարանը 2009 թվականի հուլիսի 28-ի ՍԴՈ-818 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2.1-րդ մասի դրույթները ճանաչել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

10. ՀՀ սահմանադրական դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-849 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն այդ որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:

11. Վճռաբեկ դատարանը 2010 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքը հակասահմանադրական է ճանաչել: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման համաձայն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչվել` Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ սույն գործով հիմնավորված չէ նոր հանգամանքի առկայությունը (տե՛ս քրեական գործ, հատոր 16, 516-517 էջեր):

12. ՀՀ սահմանադրական դատարանը 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, իսկ 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն իրավակիրառական պրակտիկայում դրան տրված բովանդակության մասով, համաձայն որի` ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից տարբերվող մեկնաբանությամբ օրենքի (իրավական այլ նորմի) կիրառման արդյունքում անձանց խախտված իրավունքները դատական բողոքարկման շրջանակներում, նոր հանգամանքներով գործը վերանայելու միջոցով վերականգնելու հնարավորություն չի ընձեռում, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 18-րդ 19-րդ և 93-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ)` որոշման հրապարակման պահին ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի անբարենպաստ հետևանքներ անձանց իրավունքների պաշտպանության հարցի համալիր լուծման ու անհրաժեշտ իրավական անվտանգության երաշխավորման առումով, ՀՀ սահմանադրական դատարանն այդ դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2011 թվականի նոյեմբերի 1-ը:

 

Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Գտնելով, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի իմաստով նոր հանգամանք է` բողոք բերած անձինք խնդրել են հարուցել վերանայման վարույթ, նոր հանգամանքի հիմքով վերանայել Վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 30-ի որոշումը, փոփոխել այն, 2009 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ և բավարարել: Արդյունքում` վարույթ ընդունել Վերաքննիչ դատարանի 2008 թվականի հունիսի 18-ի դատավճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հետևյալն է` ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշումն արդյո՞ք Վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 30-ի դատական ակտը վերանայելու հիմք է:

i

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարական այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ»:

Մեջբերված քրեադատավարական դրույթի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել Ա.Հարությունյանի վերաբերյալ որոշման մեջ: Նշված որոշման համաձայն` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական նորմի կառուցվածքից բխում է, որ ժամանակի մեջ քրեական դատավարական օրենքի ներգործությունը սահմանող կանոնը տարածվում է այն իրավահարաբերությունների վրա, որոնք ընթանում են հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ և կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:

(...)

Իսկ դատարանում գործի քննությունը սկսում է այն պահից, երբ անձը համապատասխան դատավարական փաստաթուղթը (բողոքը, միջնորդագիրը) ներկայացնում է դատարան (տե՛ս Աշոտ Հարությունյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-111/07 որոշումը):

i

16. ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ 943 որոշման հիման վրա` 2011 թվականի նոյեմբերի 21-ին փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում: Փոփոխության արդյունքում վերոնշյալ դրույթը շարադրվել է հետևյալ կերպ. «Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են [այն դեպքում, երբ] Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ»:

Սույն գործով Ս.Ասատրյանը և նրա պաշտպանը 2012 թվականի փետրվարի 1-ին նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը 2012 թվականի մարտի 6-ին որոշում է կայացրել նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին:

17. Սույն որոշման նախորդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ակտը Վճռաբեկ դատարանում վերանայելու ժամանակ Վճռաբեկ դատարանը պետք է ղեկավարվի 2011 թվականի նոյեմբերի 21-ին փոփոխված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, քանի որ Վճռաբեկ բողոքը ներկայացնելու ժամանակ արդեն իսկ գործում էր հիշյալ նորմը:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վճռաբեկ դատարանը 2010 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ արձանագրել է, որ բողոքում հիմնավորված չէ գործով նոր հանգամանքի առկայությունը, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասը, հակասահմանադրական չի ճանաչել (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, իսկ 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 18-րդ, 19-րդ և 93-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Վերոնշյալ որոշումից երևում է, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2011 թվականի նոյեմբերի 1-ը (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հունիսի 7-ի որոշումը նոր հանգամանքով վերանայելու համար` Վճռաբեկ դատարանը 2012 թվականի մարտի 6-ին որոշում է կայացրել նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

19. ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-849 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն այդ որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-849 որոշման եզրափակիչ մասի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը դրանում չի բացահայտել ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը և չի գտել, որ այդ դրույթները կիրառվել են այլ մեկնաբանությամբ:

20. Սույն որման 15-17-րդ և 19-րդ կետերում շարադրված վերլուծության և համապատասխանաբար նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 18-րդ կետում մեջբերված հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը բավարարման ենթակա չէ:

Ինչ վերաբերում է 2009 թվականի մայիսի 29-ի որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով (քաղաքացի Սիլվա Ասատրյանի դիմումի հիման վրա 2009 թվականի հուլիսի 28-ի ՍԴՈ-818 որոշում) բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու և բավարարելու վերաբերյալ բողոքաբերների պահանջին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը 2009 թվականի սեպտեմբերի 25-ին կայացրել է «Նոր հանգամանքով վերանայելու և վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» պատճառաբանված որոշում (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

21. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ, 426.1 -րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 30-ի որոշման դեմ Սիլվա Վարազդատի Ասատրյանի և նրա պաշտպան Կ.Մեժլումյանի վճռաբեկ բողոքի հիման վրա` նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով վճռաբեկ բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ղուկասյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2012
N ՎԲ-04/12
Որոշում