Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1131/02/10  

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1131/02/10

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան   

                       Ս. Միքայելյան    

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 01-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մայրան Շահբազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.03.2011 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Մայրան Շահբազյանի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մայրան Շահբազյանը պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ ինքը 1976 թվականից մինչ 1988 թվականն աշխատել է Երևանի 5-րդ մանկական պոլիկլինիկայում:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.12.2010 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.03.2011 թվականի որոշմամբ Մայրան Շահբազյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.12.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մայրան Շահբազյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 47-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-49-րդ հոդվածները, 51-րդ, 53-րդ, 130-րդ, 132-րդ և 192-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է Նվարդ Զոբյանի և Նվարդ Գոմիկյանի ցուցմունքներն այն մասին, որ Մայրան Շահբազյանը 1976 թվականից մինչև 1988 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատել է Երևանի 5-րդ մանկական պոլիկլինիկայում (ներկայիս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն):

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել նաև այն հանգամանքը, որ Դատարանը վճռի իրավական վերլուծության մասում նշել է, որ Մայրան Շահբազյանը չի հիմնավորել իր կողմից վկայակոչած փաստերը, սակայն վճիռ կայացնելիս որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու է վերջինիս կողմից ներկայացրած ապացույցները, մասնավորապես` վկաների ցուցմունքները, պոլիկլինիկայում աշխատած տարիներին աշխատավարձի հաշվարկման անձնական քարտը, մերժել: Ավելին` Դատարանը վճռի իրավական վերլուծության մասում ընդհանրապես որևէ գնահատական չի տվել և որևէ կերպ չի անդրադարձել վերը նշված ապացույցներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. ՀՀ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի 24.06.2010 թվականի թիվ 01-14/1296 գրության համաձայն` Մայրան Շահբազյանը 1993 թվականին ընդունվել է աշխատանքի նախկին N 5 մանկական պոլիկլինիկայում` որպես մատենագիր, ապա 14.08.1997 թվականի N 100 հրամանի համաձայն` մատենագրի պաշտոնից տեղափոխվել է գանձապահի և պահեստապետի պաշտոնին: 19.09.2003 թվականի թիվ 98 հրամանի համաձայն` իր անձնական դիմումի հիմքով Մայրան Շահբազյանն ազատվել է աշխատանքից, իսկ 1976 թվականից մինչև 1988 թվականն ընկած ժամանակաշրջանում Մայրան Շահբազյանի ընդունման և ազատման մասին գրառումներ հրամանագրքերում չկան: Հիվանդանոցի արխիվային գործերում տվյալներ նույնպես չեն պահպանվել (գ. թ. 6)

2. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի 13.07.2010 թվականի թիվ Գ-2906 գրության համաձայն` նախկին 5-րդ մանկական պոլիկլինիկան, ներկայումս գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կազմում, իր գործունեությամբ առաջացած փաստաթղթերը երբևէ պետական արխիվ չի հանձնել (գ. թ. 7):

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալի 08.11.2010 թվականի թիվ 04/11422 գրության համաձայն` ՀՀ կառավարության 12.05.2005 թվականի թիվ 938-Ն որոշումով անհատական (անձնավորված) հաշվառման համակարգը ներդրվել է 2004 թվականից, հետևաբար 1976 թվականից մինչև 1988 թվականն ընկած ժամանակահատվածի համար 5-րդ մանկական պոլիկլինիկայում գործունեության և Մայրան Շահբազյանի վերաբերյալ տեղեկություն չեն կարող տրամադրել (գ. թ. 42):

4. ՀՀ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի 17.11.2010 թվականի թիվ 01-14/2348 գրության համաձայն` ներկայացրել են 1976 թվականից մինչև 1983 թվականն ընկած ժամանակահատվածում 5-րդ մանկական պոլիկլինիկայում (ներկայումս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն) աշխատողների թիվը` ըստ տարեթվերի` 1977 թվականին-232, 1978 թվականին-255, 1979 թվականին-235, 1980 թվականին-252, 1981 թվականին-221, 1982 թվականին-230, 1983 թվականին-240: Միաժամանակ հայտնել են, որ 1984 թվականից մինչև 1988 թվականը գրառումները չեն պահպանվել (գ. թ. 43):

5. ՀՀ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի 18.11.2010 թվականի թիվ 01-14/2362 գրության համաձայն` ներկայացրել են Մայրան Շահբազյանի 1982-1983 թվականների, 1985-1987 թվականների աշխատավարձի հաշվարկման անձնական քարտերի պատճենները, իսկ 1984 թվականի և 1988 թվականի գրառումները չեն պահպանվել (գ. թ. 44):

6. Նվարդ Զոբյանի, Էլզիկ Ասլիկյանի և Նվարդ Գոմիկյանի հայտարարության, Նվարդ Զոբյանի և Նվարդ Գոմիկյանի ցուցմունքների համաձայն` Մայրան Շահբազյանը 1976 թվականին ընդունվել է աշխատանքի Երևանի 5-րդ մանկական պոլիկլինիկայում` որպես մատենագիր, և մինչև 1988 թվականն աշխատել է այնտեղ (գ. թ. 14):

7. ՀՀ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի 18.11.2010 թվականի թիվ 01-14/1688 գրության և դրան կից ներկայացված աշխատավարձի անձնական քարտերի պատճենների համաձայն` Մայրան Շահբազյանը 1982-1983, 1985-1987 թվականներին ստացել է աշխատավարձ, իսկ 1984 և 1988 թվականների գրառումները չեն պահպանվել (գ. թ. 44-46):

8. Մայրան Շահբազյանի աշխատավարձի հաշվարկման անձնական քարտում առկա է գրառում այն մասին, որ Մայրան Շահբազյանն աշխատանքի է ընդունվել 23.08.1976 թվականին (գ. թ. 45-46):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործն առաջին ատյանի դատարանում քննության պահին գործող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն` մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը և անհատական հաշվառման բազայի ձևավորումն ապահովագրված անձի ունեցած աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ եթե նշված փաստաթղթերը բացակայում են, ապա` դատական կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն` գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով. փորձագետների եզրակացություններով. վկաների ցուցմունքներով. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Սույն գործում առկա ՀՀ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի 18.11.2010 թվականի թիվ 01-14/1688 գրության և դրան կից ներկայացված աշխատավարձի անձնական քարտերի պատճենների համաձայն` Մայրան Շահբազյանը 1982-1983, 1985-1987 թվականներին ստացել է աշխատավարձ, Նվարդ Զոբյանի, Էլզիկ Ասլիկյանի և Նվարդ Գոմիկյանի հայտարարության, Նվարդ Զոբյանի և Նվարդ Գոմիկյանի ցուցմունքների համաձայն` Մայրան Շահբազյանը 1976 թվականին ընդունվել է աշխատանքի Երևանի 5-րդ մանկական պոլիկլինիկայում` որպես մատենագիր և մինչև 1988 թվականն աշխատել է այնտեղ, ինչպես նաև Մայրան Շահբազյանի աշխատավարձի հաշվարկման անձնական քարտում առկա է գրառում այն մասին, որ Մայրան Շահբազյանն աշխատանքի է ընդունվել 23.08.1976 թվականին:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ Մայրան Շահբազյանի` 1976 թվականից մինչ 1988 թվականը Երևանի 5-րդ մանկական պոլիկլինիկայում որպես մատենագիր աշխատելու փաստը հավաստող որևէ պատշաճ ապացույց գործում առկա չէ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ Դատարանը կատարել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, անտեսել է Դատարանի կողմից ՀՀ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի 18.11.2010 թվականի թիվ 01-14/1688 գրությունը, Մայրան Շահբազյանի աշխատավարձի հաշվարկման անձնական քարտը, Նվարդ Զոբյանի, Էլզիկ Ասլիկյանի և Նվարդ Գոմիկյանի հայտարարությունը, Նվարդ Զոբյանի և Նվարդ Գոմիկյանի ցուցմունքները և չի նշել այդ ապացույցների մերժման հիմքերը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): ՈՒստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 01.03.2011 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.07.2011
N ԵԱՆԴ/1131/02/10
Որոշում