ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ ՎԴ/0393/05/10
դատարանի որոշում 2011 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0393/05/10
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան
Դատավորներ` Ա. Առաքելյան
Ա. Աբովյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի
2011 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ալինա Չոբանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.03.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մանուկ Ղազանչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի հարկադիր կատարողի (այսուհետ` Հարկադիր կատարող), երրորդ անձ Ալինա Չոբանյանի` գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ որոշումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մանուկ Ղազանչյանը պահանջել է անվավեր ճանաչել Հարկադիր կատարողի` «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» 16.02.2009 թվականի որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 20.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Հարկադիր կատարողի 16.02.2009 թվականի որոշումն անվավեր է ճանաչվել Մանուկ Ղազանչյանին պատկանող Երևանի Մոլդովական փողոցի 25/4-րդ շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքի մասով:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.03.2011 թվականի որոշմամբ Ալինա Չոբանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.10.2010 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալինա Չոբանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մանուկ Ղազանչյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Ոչ բողոք բերած անձը, ոչ էլ նրա ներկայացուցիչը պատշաճ կերպով չեն ծանուցվել Վերաքննիչ դատարանի 18.02.2011 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, որով խախտվել են բողոք բերած անձի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված իրավունքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանը սույն գործով կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում, իսկ վճռաբեկ բողոքում շարադրված հիմքերն ու փաստարկները կրում են խիստ ձևական բնույթ և նպատակ են հետապնդում խոչընդոտել հայցվորի իրավունքների իրականացմանը: Մինչդեռ, ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Գործում առկա 18.10.1999 թվականի թիվ 0103536 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Մոլդովական փողոցի 25/4-րդ շենքի թիվ 13 բնակարանն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է Անահիտ Մելքոնյանին, Մանուկ Ղազանչյանին և Ջեմմա Մելքոնյանին (հատոր 1-ին, գ.թ. 27-28):
2) Հարկադիր կատարողի 16.02.2009 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշման համաձայն` Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 20.01.2009 թվականին տրված թիվ ԵԱՆԴ/2317/02/08 կատարողական թերթում նշված բռնագանձման ենթակա գումարի չափով արգելանք է դրվել Մանուկ Ղազանչյանին պատկանող գույքի վրա: Պարտապանին արգելվել է գույքի տնօրինումը (հատոր 1-ին, գ.թ. 61):
3) Սույն գործում առկա չէ որևէ ապացույց Վերաքննիչ դատարանի 18.02.2011 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Ալինա Չոբանյանին պատշաճ կերպով ծանուցելու վերաբերյալ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
i
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` Վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունն իրականացվում է վարչական դատարանում դատաքննության իրականացման կանոններին համապատասխան` նույն հոդվածի առանձնահատկությունների հաշվառմամբ, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի համաձայն` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված Հայաստանի հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածներով սահմանված հիմքերով և կարգով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է վարչական դատավարությունում պատշաճ ծանուցման իրավական խնդրին:
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն: Դա ենթադրում է վարչական դատավարության մասնակիցներին դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ ՀՀ վարչական դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն օրենքով սահմանված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե'ս ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Մկրտիչ Մանգասարյանի` գումար բռնագանձելու և մաքսային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ՎԴ/6418/05/08 որոշումը):
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև դատավարության մասնակիցների պատշաճ ծանուցման դեպքերին, մասնավորապես այն դեպքին, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ:
Այսպես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (տե՛ս ըստ հայցի «Արմենմոտոր» ՓԲԸ-ի ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության` «Արմենմոտոր» ՓԲԸ-ի` Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող 2,430 հա հողատարածքի` ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն և 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշումներով սեփականաշնորհման համար սահմանված գներով վճարման իրավունքը (վճարումը վերոհիշյալ որոշումներով սահմանված գներով իրականացնելու պայմանով) ճանաչելու պահանջի մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ՎԴ/1043/05/09 որոշումը):
Սույն գործում առկա չէ Վերաքննիչ դատարանի 18.02.2011 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին վերաքննիչ բողոք ներկայացրած անձ Ալինա Չոբանյանին պատշաճ կերպով ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված` գործի քննության ընթացքում կողմերին քննվող գործի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորությունների ընձեռման անհրաժեշտության սկզբունքի հետ:
Նշված սկզբունքն ամբողջ ծավալով կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ վարչական դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրի համար ապահովված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի իմաստով դատավարական իրավունքի նորմի էական խախտում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Ալինա Չոբանյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ չծանուցելով, վերջինիս զրկել է գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից, ինչի հետևանքով խախտվել է նրա` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության հիմնարար իրավունքը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան