Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 111-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 111-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/0186/02/08   

    դատարանի որոշում                                             2009 թ.    

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/0186/02/08

Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սյունիքի մարզի Շինուհայր գյուղապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.02.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անուշ Մկրտչյանի ընդդեմ Սյունիքի մարզի Շինուհայրի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան)` Սյունիքի մարզի Շինուհայր գյուղական համայնքի ղեկավարի 27.08.2008 թվականի թիվ 8 կարգադրությունն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդը վճարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անուշ Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Սյունիքի մարզի Շինուհայրի գյուղական համայնքի ղեկավարի 27.08.2008 թվականի թիվ 8 կարգադրությունը, վերականգնել նախկին աշխատանքում և 27.08.2008 թվականից սկսած վճարել հարկադիր պարապուրդը:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 06.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.02.2009 թվականի որոշմամբ Դատարանի 06.11.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյուղապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ մասը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ժամկետային աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գործատուն չի լուծել աշխատանքային պայմանագիրը, աշխատանքային հարաբերությունները շարունակվել են և պայմանագիրը համարվել է կնքված անորոշ ժամկետով:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Անուշ Մկրտչյանը պայմանագրի ժամկետը լրանալու հաջորդ օրվանից գտնվել է 48 օր օրացուցային արձակուրդի մեջ և նման պարագայում հնարավոր չէր լուծել աշխատանքային պայմանագիրը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.02.2009 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 01.09.2007 թվականին Անուշ Մկրտչյանի և Գյուղապետարանի միջև տասն ամիս ժամկետով կնքվել է աշխատանքային պայմանագիր, որով նա նշանակվել է երաժշտական դպրոցի տնօրեն (գ.թ. 6-7):

2. Սյունիքի մարզի Շինուհայր գյուղական համայնքի ղեկավարի 12.03.2008 թվականի թիվ 1 կարգադրությամբ` Անուշ Մկրտչյանին տրվել է գրավոր նկատողություն աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և անհարգելի պատճառներով աշխատանքի չներկայանալու համար (գ.թ. 8):

3. 26.08.2008 թվականի գրությամբ Անուշ Մկրտչյանին հայտնվել է, որ հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ կետի և 111-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները` աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով Անուշ Մկրտչյանի հետ նոր աշխատանքային պայմանագիր չի կնքվում (գ.թ. 9):

4. Սյունիքի մարզի Շինուհայր գյուղական համայնքի ղեկավարի 27.08.2008 թվականի թիվ 8 կարգադրության համաձայն` Գյուղապետարանի ենթակայության տակ գտնվող երաժշտական դպրոցի տնօրեն Անուշ Մկրտչյանն ազատվել է տնօրենի պարտականություններից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ կետի և 113-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքերով (գ.թ. 10):

5. 26.09.2009 թվականի հայցադիմումով, ինչպես նաև գործի քննության ընթացքում տրված ցուցմունքով Անուշ Մկրտչյանն ընդունել է, որ արձակուրդի ավարտից անմիջապես հետո` մինչ աշխատանքի գնալը, այցելել է Գյուղապետարան, որտեղ գյուղապետը նրան հայտնել է, որ նոր աշխատանքային պայմանագիր իր հետ չի կնքելու (գ.թ. 2, 26):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի: Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ:

Նույն օրենսգրքի նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում սույն հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

Նշված հոդվածից հետևում է, որ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը համարվում է անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր, եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը օրենքով սահմանված կարգով չի լուծվում, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ ժամկետային աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գործատուն չի լուծել աշխատանքային պայմանագիրը, հետևաբար աշխատանքային հարաբերությունները շարունակվել են, և պայմանագիրը համարվել է կնքված անորոշ ժամկետով:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Անուշ Մկրտչյանն ընդունել է փաստն այն մասին, որ արձակուրդի ավարտից անմիջապես հետո` մինչ աշխատանքի գնալը գյուղապետը նրան հայտնել է, որ նոր աշխատանքային պայմանագիր իր հետ չի կնքելու:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անուշ Մկրտչյանի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվել, հետևաբար պայմանագիրը լուծվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ: Ինչ վերաբերում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ հոդվածի հիմքով Անուշ Մկրտչյանին աշխատանքից ազատման հիմքին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է և համապատասխան մասով 27.08.2008 թվականի թիվ 8 կարգադրությունը ենթակա է անվավեր ճանաչման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել միայն այն դեպքում, երբ աշխատողը վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ ենթարկվել է անհատական կարգապահական պատասխանատվության:

Մինչդեռ սույն գործով Անուշ Մկրտչյանը 12.03.2008 թվականին տրված գրավոր նկատողությամբ միայն մեկ անգամ է ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղական համայնքի ղեկավարի 27.08.2008 թվականի թիվ 8 կարգադրությունն Անուշ Մկրտչյանին 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով աշխատանքից ազատելու մասով անհիմն է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.02.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. Անուշ Մկրտչյանի հայցը բավարարել մասնակիորեն` անվավեր ճանաչել Սյունիքի մարզի Շինուհայր գյուղական համայնքի ղեկավարի 27.08.2008 թվականի թիվ 8 կարգադրությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի մասով, հայցը մնացած մասով մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.11.2009
N ՍԴ1/0186/02/08
Որոշում