Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական           Քաղաքացիական գործ թիվ 3-41 (ՎԴ)

    դատարանի որոշում                                            2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-479

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

Դատավորներ` Կ. Չիլինգարյան

Վ. Ավանեսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի մայիսի 27-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Վերգուշ Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2008 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շենգավիթի բաժնի (այսուհետ` Ծառայություն) հարկադիր կատարող Վ. Մանուկյանի դիմումի` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից 18.06.2007 թվականի թիվ 07-479 վճիռը պարզաբանելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)` օրինական ուժի մեջ մտած 18.06.2007 թվականի վճռով Վերգուշ Վարդանյանի հայցը բավարարվել է և վճռվել է «համատեղ սեփականության իրավունքով Վերգուշ Վարդանյանին, Միշա Գրիգորյանին Արամայիս Օհանջանյանի իրավահաջորդներին պատկանող` Երևան քաղաքի Վ. Շենգավիթ 1-ին փողոցի 27 հասցեում գտնվող 770,3 քմ մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից առանձնացնել և որպես սեփականություն Վերգուշ Վարդանյանին հանձնել վերջինիս կողմից փաստացի օգտագործվող և տիրապետվող 192 քմ հողամասը, որի վրա գտնվում է նաև Եղիշ Թորոսյանի նկուղի 11.7 քմ մակերեսով տանիքը` ճանաչելով նաև վերջինիս սեփականության իրավունքը նշված 192 քմ հողատարածքի վրա առկա 67,7 քմ ներքին չափերով շենք-շինությունների նկատմամբ: 16,5 քմ մակերեսով տարածքը թողնել Վերգուշ Վարդանյանին` մյուս սեփականատերերի հետ համատեղ օգտագործման իրավունքով: Նշված վճռի հիման վրա 28.06.2007 թվականին տրվել է 07-479 կատարողական թերթ:

Դիմելով դատարան` Ծառայության պետ Մ. Գրիգորյանը 18.09.2007 թվականին խնդրել է պարզաբանել թիվ 07-479 կատարողական թերթը, մասնավորապես` «11.7 քմ հողատարածքը համարվում է Վերգուշ Վարդանյանի և Եղիշ Թորոսյանի ընդհանուր սեփականությունը, թե ոչ: 05.09.05 թ. թիվ 2-4637 վճռի համաձայն Եղիշ Թորոսյանի անվամբ 09.11.2008 թ. թիվ 1515088 սեփականության վկայականով գրանցված իրավունքները անվավեր ճանաչվել են, թե ոչ»:

Վերաքննիչ դատարանի 19.10.2007 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

Դիմելով դատարան` Ծառայության հարկադիր կատարող Վ. Մանուկյանը 24.10.2008 թվականին մեկ այլ դիմումով խնդրել է պարզաբանել Վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի թիվ 07-479 վճիռը, մասնավորապես` «11.7 քմ հողատարածքի նկատմամբ ճանաչել Վերգուշ Վարդանյանի և Եղիշ Թորոսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, թե 11.7 քմ մակերեսի մասով անվավեր ճանաչել 05.09.2005 թ. թիվ 2-4637 վճռի համաձայն Եղիշ Թորոսյանի անվամբ 09.11.2005 թ. թիվ 1515088 սեփականության վկայականով գրանցված իրավունքը»:

Վերաքննիչ դատարանի 20.11.2008 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է, և 18.06.2007 թ. թիվ 07-479 վճիռը պարզաբանվել է հետևյալ կերպ. «Երևան, Վ. Շենգավիթ 27ա հասցեում գտնվող` 11.7 քմ մակերեսով տարածքը հանդիսանում է Վերգուշ Վարդանյանի և Եղիշ Թորոսյանի ընդհանուր սեփականությունը»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերգուշ Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի, 143-րդ հոդվածի 1-ին կետի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի 19.10.2007 թվականի որոշմամբ արդեն իսկ մերժվել էր «նշված վճիռը նույն հարցերի վերաբերյալ պարզաբանելու մասին հարկադիր կատարողի դիմումը»:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, 20.11.2008 թվականի որոշմամբ կրկին պարզաբանելով արդեն իսկ պարզաբանված վճիռը, խախտել է մինչ այդ կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը և նույն հարցադրման վերաբերյալ կայացրել է կրկնակի դատական ակտ, այն էլ` իրարամերժ:

Վերաքննիչ դատարանի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտման հետևանքով թույլ տրված դատական սխալի արդյունքում Վերգուշ Վարդանյանը մասնակիորեն զրկվել է նույն դատարանի 18.06.2007 թվականի թիվ 07-479 վճռով ճանաչված անշարժ գույքի սեփականության իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.11.2008 թվականի որոշումը և այն փոփոխել` ՀՀ ԱՆ ԴԱՀԿԱ Ծառայության հարկադիր կատարող Վ. Մանուկյանի դիմումը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 18.09.2007 թվականին Ծառայության պետ Մ. Գրիգորյանը խնդրել է պարզաբանել Վերաքննիչ դատարանի կողմից տրված 26.06.2007 թվականին թիվ 07-479 կատարողական թերթը, մասնավորապես` «1) 11,7 քմ հողատարածքը համարվում է Վերգուշ Վարդանյանի և Եղիշ Թորոսյանի ընդհանուր սեփականությունը, թե ոչ: 2) 05.09.05 թ. թիվ 2-4637 վճռի համաձայն Եղիշ Թորոսյանի անվամբ 09.11.2005 թ. թիվ 1515088 սեփականության վկայականով գրանցված իրավունքները անվավեր ճանաչվել են, թե ոչ» (գ.թ.275):

2) Վերաքննիչ դատարանի 19.10.2007 թվականի որոշմամբ մերժվել է Ծառայության պետ Մ. Գրիգորյանի դիմումը կատարողական թերթը պարզաբանելու մասին հետևյալ հիմնավորմամբ. «Կատարողական թերթի բովանդակությունից հստակ երևում է կատարման ենթակա այն բոլոր գործողությունները, որոնք պետք է կատարվեն դատական ակտի համաձայն: Դիմումում մատնանշված հարցերի շուրջ դատարանը քննություն չի կատարել և վճռի եզրափակիչ մասում դրանց վերաբերյալ լուծումը բացակայում է» (գ.թ.211):

3) 24.10.2008 թվականին Ծառայության հարկադիր կատարող Վ. Մանուկյանը դիմումով խնդրել է «տալ պարզաբանում` 11.7 քմ հողատարածքի նկատմամբ ճանաչել Վերգուշ Վարդանյանի և Եղիշ Թորոսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, թե 11.7 քմ մակերեսի մասով անվավեր ճանաչել 05.09.2005 թ. թիվ 2-4637 վճռի համաձայն Եղիշ Թորոսյանի անվամբ 09.11.2005 թ. թիվ 1515088 սեփականության վկայականով գրանցված իրավունքը» (գ.թ.275):

4) Վերաքննիչ դատարանի 20.11.2008 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է և վճիռը պարզաբանվել է հետևյալ կերպ. «Երևան, Վ. Շենգավիթ 27ա հասցեում գտնվող` 11.7 քմ մակերեսով տարածքը հանդիսանում է Վերգուշ Վարդանյանի և Եղիշ Թորոսյանի ընդհանուր սեփականությունը» (գ.թ.297):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը, իսկ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի դիմել կատարողական թերթ տված դատարան այն պարզաբանելու համար:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը 19.10.2007 թվականի որոշմամբ մերժել է կատարողական թերթը պարզաբանելու մասին Ծառայության պետի դիմումը կատարողական թերթի հստակության և վճռով պարզաբանման ենթակա հարցերի շուրջ դատարանի կողմից քննություն չկատարվելու պատճառաբանությամբ:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, 20.11.2008 թվականի որոշմամբ բավարարելով նույն կատարողական թերթը պարզաբանելու մասին Ծառայության հարկադիր կատարողի դիմումը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի 19.10.2007 թվականի որոշմամբ արդեն իսկ մերժվել է Ծառայության պետի դիմումը նույն հարցի վերաբերյալ կատարողական թերթը պարզաբանելու մասին, և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` 20.11.2008 թվականի որոշմամբ պարզաբանել է վճիռը` ըստ էության փոփոխելով վճռի բովանդակությունն ու էությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի բաժնի Շենգավիթ բաժանմունքի հարկադիր կատարող Վ. Մանուկյանի դիմումը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2009
N 3-41(ՎԴ)
Որոշում