ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-599 (ՎԴ)
դատարանի որոշում 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 08-962
Նախագահող դատավոր` Գ. Մատինյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Ե. Խունդկարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի նոյեմբերի 28-ին
քննարկելով Սուսաննա Սարդարյանի և Սուրեն Սահակյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուսաննա Սարդարյանի ընդդեմ Գագիկ և Հռիփսիկ Խաչատրյանների` բաժնային սեփականության ներքո գտնվող հողամասից բաժինն առանձնացնելու պահանջի մասին, և ըստ Գագիկ Խաչատրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սուսաննա Սարդարյանի` ինքնակամ շինությունը քանդելուն, տան ծածկը կրող առանձին պատ կառուցելուն և պատուհանը փակելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը.
Դիմելով դատարան` Սուսաննա Սարդարյանը պահանջել է բաժնային սեփականության ներքո գտնվող 500 քմ մակերեսով հողամասից առանձնացնել իր բաժինը:
Հակընդդեմ հայցով Գագիկ Խաչատրյանը պահանջել է պարտավորեցնել քանդել ինքնակամ շինությունը, կառուցել տան ծածկը կրող առանձին պատ և փակել պատուհանը:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 24.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.07.2008 թվականի որոշմամբ Դատարանի 24.10.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սուսաննա Սարդարյանը և Սուրեն Սահակյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գագիկ Խաչատրյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
i
Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, որի հետևանքով խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ 1987 թվականին առուվաճառքի պայմանագրով բնակելի տունը ձեռք բերելուց հետո մինչև այժմ հայցվորը փաստացի տիրապետում է հողամասի ցանկապատով առանձնացված իր մասը, որն ըստ փորձաքննության եզրակացությունների կազմում է 220 քմ:
Վերոգրյալի հիման վրա` վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.07.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկը.
Վերաքննիչ դատարանը, կատարելով գործում առկա բոլոր ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն և վերլուծություն, հանգել է ճիշտ հետևության, քանի որ գործի քննությամբ հիմնավորվել է, որ Սուսաննա Սարդարյանին պատկանում է 500 քմ մակերեսով հողամասի 2/5 մասը` 200 քմ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 16.10.1987 թվականի բնակելի տան առուվաճառքի պայմանագրով Սուսաննա Սարդարյանը վիճելի հասցեում գնել է 500 քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի տարածություն: Հողամասից առանձնացվել է երկու հողակտոր:
2. Սուսաննա Սարդարյանը մինչ օրս տիրապետում և օգտագործում է հողամասից առանձնացված իր մասը (Ըստ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 06.07.2007 թվականի, 23.08.2007 թվականի և 16.04.2008 թվականի փորձաքննությունների եզրակացությունների` 220 քմ):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1991 թվականի դրությամբ վեճի առարկա 500 քմ հողամասից արդեն իսկ առանձնացված էր 220 քմ հողամասը, որը փաստացի տիրապետել և մինչ օրս տիրապետում է Սուսաննա Սարդարյանը, հետևաբար 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով Սուսաննա Սարդարյանը դարձել է իր կողմից զբաղեցված 220 քմ հողամասի սեփականատեր:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վերոնշյալ իրավական խնդրին (տե՛ս Համեստ Վիրաբյան ընդդեմ Լիլյա Սահրադյան` հողամասն առանձնացնելու, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Լիլյա Սահրադյան ընդդեմ Համեստ Վիրաբյան, Լիլյա Մկրտչյան` հողամասն առանձնացնելու, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.02.2006 թվականի որոշումը, թիվ 3-204 (ՎԴ)):
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2008 թվականի որոշումը բեկանել և այն փոփոխել.
- Ճանաչել Սուսաննա Սարդարյանի սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 113 տան փաստացի առանձնացված և Սուսաննա Սարդարյանի կողմից տիրապետվող 220 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
- Գագիկ և Հռիփսիկ Խաչատրյանների հակընդդեմ հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան